Նոյեմբերի 20ին, օրհնութեամբ թեմակալ առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի, Նժդեհ քահանայ Քէշիշեանն այցելեց Փասադինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Յովսէփեան դպրոց:
Հանդիպելով դպրոցի աշակերտական կազմին՝ տէր հայրը ներկայացրեց Գոհաբանական տօնի սկզբնաւորումը, խորհուրդը, տօնական ուտեստները եւ այլն: Տէր հայրը պատուիրեց երեխաներին ամէն օր գոհունակ սրտով սկսել իրենց օրը, շնորհակալ լինելով նախ եւ առաջ Աստծուն, իրենց ծնողներին եւ ուսուցիչներին, այն ամէնի համար, ինչ որ ունեն: Ապա, միասնական աղօթք բարձրացուեց աշակերտների, նրանց ընտանիքների եւ ուսուցիչների համար: Ուղեկցութեամբ դպրոցի տնօրէն Շահէ Մանկրեանի՝ տէր հայրը հանդիպում ունեցաւ առանձին դասարանների հետ:
Տէր հայրը հաճելիօրէն զարմացաւ՝ տեղեկանալով, որ աշակերտները դրամահաւաք են կազմակերպել Արցախից բռնի տեղահանուած իրենց քոյրերի եւ եղբայրների համար: Հերթական դասարանն այցի ժամանակ, տէր հայրը նկատեց, որ աշակերտները շնորհակալական նամակներ են գրում իրենց ծնողներին, ուսուցիչներին, հայ զինուորին եւ այլոց: Տպաւորուելով աշակերտներից՝ տէր հայրն իր ձեռքը վերցրեց գրիչը եւ գրեց. «Շնորհակալ ենք աշակերտներ ձեր նուիրատուութեան համար: Եւ նկարելով մի տուն՝ աշակերտներին վստահեցրեց որ իրենց նուիրատուութիւնը պէտք է մաս կազմի Արցախի հայերի համար բնակարաններ ձեռք բերելու եկեղեցու նախաձեռնութեան մէջ:
Եթէ մինչ այդ աշակերտները սովոր էին Գոհաբանական տօնին այլոց ասելու շնորհակալութիւն, ապա այս անգամ տէր հայրն ինքն անձամբ նրանց շնորհակալութիւն յայտնեց այդ մարդասիրական նախաձեռնութեան համար:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ