

Դեկտեմբերի 1ին, ծնողների, ուսուցիչների, հոգաբարձութեան եւ տեսչութեան միացեալ աշխատանքով եւ մեծ թուով թաւրիզահայերի մասնակցութեամբ նշուել է ձմեռնամուտը, խանդավառելով մեծերին ու փոքրերին:
Առաւօտեան ժամը 11ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 4 տեւած ձմեռնամուտի ծրագրի հովանաւորն էր Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանը Թեմական խորհրդի հետ միասին:
Ճաշկերոյթին ներկայ են եղել նաեւ Պատգամաւորական ժողովի անդամներ, գլխաւորութեամբ ատենապետուհի Արմինէ Վահրամեանի եւ ատենադպրուհի Անահիտ Յակոբեանի: Ծրագիրը տեղի է ունեցել Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, խանդավառ մթնոլորտում, որը առաջին ազդանշանն է եղել թեմում տեղի ունենալիք ամանորեայ հաւաքոյթների:
Կէսօրից յետոյ ժամը 1ին սրահ ժամանելով, սրբազան հայրը օրհնել է սեղանը եւ իր գնահատական խօսքն ուղղել տեսչութեանը եւ բոլոր օժանդակողներին:
Ծնողական խորհրդի ժրաջան անդամների եւ բոլոր ծնողների կողմից պատրաստուած համադամ կերակրատեսակների վաճառք է տեղի ունեցել, որին ընդառաջել են թաւրիզահայերը՝ իրենց առատաձեռնութեամբ, քաջալեր հանդիսանալու համար քաղաքի հայոց հնադարեայ կրթարանին եւ այնտեղ ջամբուող հայեցի դաստիարակութեանը:

«Համազասպ Ոսկանեան» սրահի տնօրէնութիւնը, գլխաւորութեամբ տէր եւ տիկին Գրիգոր եւ Սօսէ Բահադորեանների, երաժշտական յարմարութիւն է դասաւորել, որը ե՛ւ ճաշի, ե՛ւ խանդավառ պահերին մնայուն ներկայութիւն է եղել սրահում:
Սեղաննեը յարդարուել են գունագեղ փուչիկներով, տօնական յաւելեալ մթնոլորտ ստեղծելով:
Յատուկ դասաւորում է կատարուել նաեւ խաղանկիւններ ստեղծելու սրահում, որտեղ տարբեր տարիքի անհատներ, իրենց յարմար խաղերը ունէին սեղանների վրայ դրուած՝ ճատրակ, նարդի, նետախաղ, օձախաղ եւ այլ սեղանախաղեր, որոնցից իւրաքանչիւրը իր շուրջ համախմբել է իր տարիքի յարմար խաղացողներին:
Տեսչուհի Սիլվա Աշըղեանը ողջունել է սրբազան հօրը եւ նրա ընկերակիցներին, յայտնելով, որ սոյն ծրագիրը նախասկիզբն է Թաւրիզի հայոց «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» Ազգային դպրոցի ամանորեայ հաւաքոյթների, որոնք հերթաբար տեղի են ունենալու Դեկտեմբեր եւ Յունուար ամիսներին:
Թաւրիզի հայոց Ազգային դպրոցում երեւացող աշխուժութիւնը եւ դրա մեծ ընտանիքի աշխատունակ ոգին բացայայտ էր սրահում, որի մասին իրենց գնահատական վկայութիւնն են տուել բոլոր մասնակիցները: Սա առիթ է հանդիսացել նաեւ նւիրատուութիւնների, Թեմական խորհրդից սկսեալ մինչեւ մասնակիցներից շատեր: Տեղի է ունեցել նաեւ վիճակախաղ, որի բախտաւոր է հանդիսացել Քեւին Սաֆարեանը:
«ԱԼԻՔ»