
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՀՅԴ երկարամեայ առաջնորդ, Բիւրոյի ակնառու անդամ եւ ներկայացուցիչ, Հայ Դատի պայքարի առաջամարտիկ, քաղաքական, հասարակական գործիչ, մտաւորական, մեծ հայ Հրայր Մարուխեանի մահուան 25ամեայ տարելիցի ոգեկոչման երեկոն Գլենդելում մի պահ անէացրել էր ժամանակն ու տարածութիւնը: Տեսանիւթում, տասնամեակների խորքից հնչող Հրայր Մարուխեանը մարգարէանում էր` իր ազգի ու հայրենիքի մասին, զգուշացնում էր, յորդորում էր, քաջալերում էր, խորհուրդ էր տալիս իր սիրելի ազգին` գոյատեւման համար անհրաժեշտ զգօնութեան ու միասնութեան ուղերձներ յղելով: Նրա խօսքն ազնիւ էր, անկեղծ, իրական ու այնքան արդիական: Մարուխեանը գործունէութիւն ծաւալեց հայ ժողովրդի նորագոյն պատմութեան փոթորկալի ժամանակներում` դառնալով փոփոխութեան առաջամարտիկ ու պատասխանատուութիւն ստանձնեց առաջնորդելու համաշխարհային ծաւալներ ունեցող պայքարը` հայապահպանութիւնն ու հայրենիքի զարգացումը: Եւ նա յաջողեց, որովհետեւ հաւատում էր իր ազգի յարատեւութեանն ու այդ հաւատը վառեց հազարաւորների սրտերում: Հրայր Մարուխեանն էր, որ տասնամեակներ առաջ առաջադրեց «դէպի երկիր» կարգախօսը որպէս կենսական անհրաժեշտութիւն` կոչ ուղղելով բոլորին «վերադառնալ հայրենիք, երթալ հայրենիք, ծառայել հայ ժողովրդին, մեռնել հայ ժողովրդի համար, ապրեցնելու համար հայ ժողովուրդը»: Նրա այս յորդորն արձագանգ գտաւ բիւրաւոր հայորդիների սրտերում, ովքեր վերադարձան`շատերը նուիրելով իրենց ամենաթանկը, որ ապրեցնեն հային ու հայրենիքը: Մարուխեանը նաեւ հայրենիք-Սփիւռք միասնութեան ջահակիրը դարձաւ` այս հարցում եւս պատմութեան նոր էջ բացելով:

Դեկտեմբերի 15ին, Գլենդելի ՀՅԴ «Ահարոնեան» կոմիտէն, հովանաւորութեամբ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի՝ կազմակերպել էր հոգեպարար ձեռնարկ՝ նուիրուած Հրայր Մարուխեանի յիշատակին, որ տեղի ունեցաւ Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու «Տէր Պետրոսեան» սրահում:
Ձեռնարկի յայտագիրը ներառում էր բանախօսութիւն` ի դէմս դոկտոր Ռուբինա Փիրումեանի, գեղարուեստական բաժնում հանդէս եկան ասմունքող Նունէ Աւետիսեանը, երգիչներ Յովհաննէս Պալեանն ու Յովսէփ Կոմիտասը, ցուցադրուեց Հրայր Մարուխեանի մասին պատմող ամփոփ վաւերագրական շարժապատկեր:
«1998ի Դեկտեմբերի 21ին վախճանուեց Դաշնակցական «անկեղծ զինուորը», ում անունն էր Հրայր Մարուխեան: Նրա մահը խորը սգի մէջ դրեց ոչ միայն ՀՅԴ ողջ ընտանիքը, այլ` աշխարհասփիւռ հայ ժողովրդին, թէ՛ Սփիւռքում եւ թէ հայրենի ոստաններում: Հրայր Մարուխեանն ամբողջ կէս դար անսպառ եռանդով եւ յանդուգն կամքով պայքար կազմակերպեց եւ մշակեց համայն հայ երիտասարդութեան հաւաքական կամքը: Իր գաղափարական հաւատարմութեան եւ մարտունակ նկարագրի պատճառով, նա արժանացաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ լինելու պատասխանատուութեանն աւելի քան 25 տարի: Ոչ միայն Դաշնակցական ընտանիքը, այլ համայն հայ ժողովուրդն ընդունեց նրան որպէս ազգային ղեկավար», ձեռնարկի բացման իր խօսքում նշեց երեկոյի հանդիսավար Մարալ Տէմիրճեանը: Նա այնուհետեւ համառօտ ներկայացրեց Մարուխեանի կենսագրութիւնը` ընդգծելով գործունէութեան վճռորոշ հանգրուանները:
Հրայր Մարուխեանը ծնուել է 1928 թուականի Դեկտեմբերի 19ին, Իրանի Քերմանշահ քաղաքում: Նա աւարտել է Իրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան բաժինը: ՀՅԴ շարքերին Մարուխեանը միացել էր Իրանում` նախ անդամակցելով ՀՅԴ Պատանեկան միութեանը, ապա` անցել էր կուսակցութեան շարքերը: Ազգային գործիչը Թեհրանի «Արարատ» մարզական միութեան հիմնադիրներից է եւ տարիներ շարունակ նախագահել է այս կառոյցը: 1963 թուականին, Մարուխեանը մասնակցում է ՀՅԴ 18րդ ընդհանուր ժողովին` իբրեւ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, որտեղ եւ 35 տարեկանում ընտրւում է ՀՅԴ Բիւրոյի անդամ: Այս ժողովը յատկանշական էր Դաշնակցութեան ղեկավար մարմնում կատարուած հիմնական սերնդափոխութեամբ: 1964ին, Հրայր Մարուխեանը, ընտանիքով փոխադրւում է Լիբանան, որտեղ այդ ժամանակ Բիւրոյի նստավայրն էր: 1972 թուականին, նա վերընտրւում է Բիւրոյի անդամ եւ ստանձնում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պատասխանատուութիւնը մինչեւ մահ` վճռորոշ ներդրում ունենալով սփիւռքահայութեան քաղաքական ինքնակազմակերպման ու յեղափոխական զարթօնքի աշխուժացման հարցերում:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով Բիւրոյի կենտրոնական գրասենեակը փոխադրւում է Յունաստան: Աթէնքում ծաւալած իր գործունէութեան առաջին տասնամեակը յատկանշական է դառնում Հայ Դատի քաղաքական լոբբինգի աշխուժացման եւ կազմակերպական հզօրացման հարցերում: Մարուխեանը, գաղափարական, կազմակերպական եւ քաղաքական զարթօնքի երեք ուղղութիւններով առաջնորդողի դեր է ստանձնում: 1988 թ.ին, ՀՅԴ 24րդ Ընդհանուր ժողովի որոշմամբ, դաշնակցութիւնն իր գործունէութիւնն ուղղում է Դէպի Երկիր եւ ամբողջութեամբ նուիրւում Արցախեան շարժմանը: Հրայր Մարուխեանն էլ լինելով այս շարժման ռահվիրան, մնայուն ներկայութիւն է ունենում Հայաստանի քաղաքական բեմում: Դաշնակցութիւնն էլ վերածւում է վերանկախացած Հայաստանի` կազմակերպուածութեան առումով ամէնից կուռ, ազգային-քաղաքական ընդգրկումով` ամենահամահայկական, եւ ազատագրական շարժման հասկացողութեամբ` ամենամարտունակ կազմակերպութիւնը:


Հանդիսավարի խօսքը լրացուեց Հրայր Մարուխեանի մասին պատմող վաւերագրական ժապաւէնով, որտեղ նուիրեալ գործչին պատկերող բացառիկ կադրերն առաւել ամբողջական պատկերացում հաղորդեցին նրա մասին: Քաղաքական գործչի բացառիկ յատկութիւններով օժտուած Մարուխեանն անդադրում մասնակցում էր հայրենաշինութեան գործին, հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների կայացմանը: «Մենք անկախ լինելու համար ժամանակի պէտք ունենք, համազգային ճիգերի պէտք ունենք, միասնական ճիգերի պէտք ունենք, ազգովին աշխատելու պէտք ունենք, հատուածական տրամադրութիւններից ազատուելու պէտք ունենք: Տարակարծութիւններ, գաղափարական տարբերութիւններ, քաղաքական ճաշակի տարբերութիւն, կառուցողական քննադատութիւն, այո՛, բայց հատուածական տրամադրութիւնները պէտք է վերջ գտնեն», Մարուխեանն ասում է ելոյթներից մէկում, որ տարիների խորքից կոչ է նաեւ այսօր մեզ: Մարուխեանը չէր ընկրկում արտայայտելու մտահոգութիւնները, որոնք աւաղ այնքան արդիական են հնչում. «Հայրենիքը վտանգաւոր ճգնաժամի մէջ է, հայրենիքի ներկայի պայմաններում իշխանութիւնները իրենք իրենց մէջ կծկուած, եւ աթոռները ձեռքից չտալու տագնապի մէջ` չեն ցանկանում տեսնել, որ այս ընթացքում մի պահ կը գայ, որ ե՛ւ իրենք կը մխրճուեն, ե՛ւ մեր ժողովուրդը դժբախտաբար շատ բան ձեռքից պիտի տայ»: Յատկանշական է Հրայր Մարուխեանի խօսքը Արցախի մասին. «Հայաստանի պատասխանատուները պէտք է լաւ իմանան, որ Արցախը Հայաստանի տնտեսական, ռազմական եւ քաղաքական յաջողութիւնների հիմնական գրաւականներից է, եւ եթէ մենք Արցախում պարտուենք` ոչ միայն Հայաստանում իշխող իշխանութիւնն ու ժողովուրդն իր ապագան շատ փայլուն չպիտի տեսնի, այլ նաեւ`Արցախի ճակատում պարտութիւնը մէկ անգամ եւ ընդմիշտ, շատ երկար ժամանակի համար ամենալաւ պարագայում, խնդրոյ առարկայ կը դարձնի մեր ազգային իրաւունքների պահանջատիրութեան ապագան: Այդ պատճառով, Արցախը կենաց մահու հարցի պիտի վերածուի, պէտք է վերածուի մեր Ստալինգրադին, մենք պէտք է Արցախում կանգնենք, եւ մեռնենք մինչեւ վերջին մարդը` պահպանելով եւ փրկելով Արցախը»:
Հրայր Մարուխեան նուիրեալն իր աշխատանքի ու ՀՅԴի յաջողութեան համար ծանր գին վճարեց սակայն` նրա գործունէութիւնը Հայաստանում կասեցուեց. 1992 թուականի Յունիսին, գործող նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը նրան անբաղձալի անձ հռչակեց, եւ Հայաստանից արտաքսելու հրամանագիր հրապարակեց: «Հայ ժողովրդի համար վճռական այդ օրերին, երբ ադրբեջանցի հրոսակները սկսել էին գրաւել Շահումեանն ու Մարտակերտը, ընկեր Հրայր Մարուխեանը որոշեց ենթարկուել անարդար այդ հրամանագրին ու հեռանալ երկրից` առաջն առնելու համար հաւանական զինեալ բախումներին, որոնք իբրեւ թակարդ լարւում էին հակահայ ուժերի կողմից: Յաջորդ երկու տարիներին, Մարուխեանը քաղաքական գետնի վրայ ղեկավարեց Տէր Պետրոսեանի հայավնաս քաղաքականութեան դէմ ուղղուած դաշնակցութեան գաղափարական պայքարը», ասւում է տեսանիւթում:


1994 թուականի Յուլիսի 17ին էլ, Աթէնքի ծովափում լողալիս Մարուխեանը ուղեղային արիւնահոսութիւն է ստանում եւ ընկնում մահաքունի մէջ` մեծ կորուստ պատճառելով դաշնակցութեանն ու հայ քաղաքական մտքին: 1994 թուականի Դեկտեմբերին էլ պաշտօնապէս արգելւում է ՀՅԴ գործունէութիւնը Հայաստանում:
1998 թուականի Յունուարին, Տէր Պետրոսեանի` քաղաքական բեմից հեռանալուց յետոյ Ռոբերտ Քոչարեան-Վազգէն Սարգսեան երկեակը վերականգնում է Դաշնակցութեան ազատօրէն գործելու իրաւունքը Հայաստանում: Նոյն տարուայ Դեկտեմբերի 21ին էլ Հրայր Մարուխեանը մահանում է հայրենիքից հեռու` Աթէնքում: Դեկտեմբերի 24ին, ազգային բացառիկ գործչի մարմինը տեղափոխւում է հայրենիք, եւ բազմահազար մարդկանց ուղեկցութեամբ, որոնց թւում նաեւ ժամանակի ճանաչուած հայ մտաւորականներ, ամփոփւում է Երեւանում: Հայ ժողովուրդը գրկաբաց է ընդունում տունդարձն իր գաղափարապաշտ զաւակի եւ դաշնակցական ղեկավարի ոգեշնչող աւանդը պայծառակերպած նուիրեալի: «Հրայր Մարուխեանը մեր կուսակցութեան վերջին շրջանի ամենակարկառուն դէմքերից մէկն է, ով ՀՅԴ երիտասարդացման, վերաշխուժացման տեսակէտից նշանակալի դեր կատարեց, անուրանալի դեր` մեծ նպաստ բերելով նաեւ կուսակցութեան եւ Հայաստանի մեր ժողովրդին` մասնաւորապէս մտաւորականութեան հետ սերտ կապերի ստեղծմամբ», տեսանիւթում նշում է պատմաբան, մտաւորական Երուանդ Փամպուքեանը:
Շարժապատկերն աւարտուեց ամփոփմամբ առ այն, որ Հրայր Մարուխեանն ու իր սերնդակից ընկերներն եղան դրօշակակիրները ազատագրական պայքարի քաղաքական եւ կազմակերպական վերանորոգման, որ հաւաքական ղեկավարութեամբ առաջնորդելով յաջողեցին զարգացնել հաւաքական մտածողութիւն ոչ միայն դաշնակցութեան շարքերում, այլ նաեւ` համայն սփիւռքահայութեան շրջանում: Այս գործելաոճի արդիւնքը եղաւ ՀՅԴ Բիւրոյի հեղինակութեան բարձրացումն ու Դաշնակցութիւնը դարձաւ համայն հայ ժողովրդի վստահութիւնը վաստակած տարագիր հայի յենարանն ու թիկունքը, եւ Հրայր Մարուխեանն էր այն ղեկավարը, որ վճռորոշ դեր ունեցաւ այս հարցում:


«Ընկեր Հրայրին հսկայ դեր էր պահուած` «Դէպի Երկիր», 1988ի երկրաշարժից մինչեւ Ղարաբաղեան շարժում, Հայաստանի անկախացում, Արցախեան ինքնապաշտպանութիւն», Հրայր Մարուխեանի գործունէութիւնը բնութագրելիս իր խօսքում նշեց բանախօս, դոկտոր Ռուբինա Փիրումեանը: Նա փորձեց կարճ ժամանակում ներկայացնել Մարուխեանի կերպարն այնպէս, որ «օրինակ ծառայի կուսակցական, քաղաքական, կամ հասարակական գործունէութեան մէջ»: Բանախօսը յիշեց Մարուխեանի հետ Թեհրանում իր առաջին հանդիպումը, երբ երբ 9-10 տարեկան էր, երբ առիթ ունեցաւ ծանօթանալու տակաւին երիտասարդ Մարուխեանին: «Ընկեր Հրայրին ճանաչեցի նաեւ ՀՅԴ Պատանեկան միութիւնից, որի աշխատանքներին այնքան յուզումով ու ոգեւորութեամբ էի մասնակցում: Հրայրի ոգեշունչ խօսքերը, առինքնող ոճն ուղղակի կախարդում էր մեզ»: Բանախօսի խօսքով, միութեան փոխնախագահ 21ամեայ Հրայր Մարուխեանի յօդուածը` «Պահպանենք Հայեցի Ոգին Եւ Ազգային Նկարագիրը», ապացոյցն է այն ճանապարհի, որ նա պիտի անցնէր նպատակադրուած, անդրդուելի` հայ իրականութեան լիակատար ճանաչողութեան ու շարունակ փոփոխուող համաշխարհային քաղաքականութեան ու հայրենիքից կտրուած հայի համար ստեղծուած հանգամանքների խոր ըմբռնումով: «Հետաքրքիր է, որ հէնց այստեղից, հնարաւոր ճամբան գծելու համար Մարուխեանը յենւում էր հայ հասարակութեան երեք դասի վրայ: Առաջին հերթին երիտասարդութեան, որի ուժի, աւիւնի ու եռանդի մեծ հաւատացողն էր, եւ որի դաստիարակութիւնն իր հասարակական եւ կուսակցական գործունէութեան առանցքը դարձաւ իր ամբողջ գիտակից կեանքում: Երկրորդը` հասուն մտաւորականութիւնն էր, որին քաջալերեց ու արժեւորեց, եւ վերջում` հարուստ դասակարգը, առանց որի նիւթական օժանդակութեան, մեծածաւալ աշխատանքն անհնարին էր», Մարուխեանի գործելաոճի մանրամասները ներկայացրեց նրա պայքարի երկարամեայ ընկեր Փիրումեանը: Նա խօսքը վերջացրեց` դիմելով դաշնակցական երիտասարդութեանն ու կոչ անելով, ինչպէս Հրայր Մարուխեանն էր ասում, աւիւնով ու եռանդով, առաջ տանելու մեր արդար դատի` Հայ Դատի պայքարը (Ռուբինա Փիրումեանի ելոյթի ամբողջական խօսքը տեսնել՝ առանձին):
«Վէրքերով Լի» երգի կատարմամբ էլ միջոցառումն աւարտուեց, որին ներկայ էին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ Զարեհ վրդ. Սարգսեանը, համայնքի ներկայացուցիչներ: