ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կարող էինք գոնէ Նոր Տարուայ խրախճանք-ճաշկերոյթին մի քանի ժամով հեռանալ մեր գործերից, մշակոյթի նկատմամբ մեր նախանձախնդիր մօտեցումից:
Սակայն… ո՛չ եւ ո՛չ։
Այդ օրը ե՛ւս պիտի ներկայանայինք մեր առաքելութեամբ՝ մեր աշակերտների խմբային ելոյթներով, հիւր երաժիշտ կատարողի մասնակցութեամբ, համաշխարհային ճանաչում ունեցող արուեստագէտի նկարչական կտաւների ցուցադրութեամբ։
3 Դեկտեմբեր 2023ին, Գլենդելի «սրտում» գտնուող Brandview Ballroom ճոխ սրահում տիկին Թագուհի Արզումանեանը, ով երաժշտանոցի Տիկնանց յանձնախմբի օժանդակութեամբ կազմակերպել էր սոյն ցերեկոյթը, վարում էր «Լարք» երաժշտական ընկերակցութեան Ամանորի հանդիսութիւնը: Կարծում ենք աւելորդ է խօսել այն ճարտար հանդիսավարութեան մասին, որ տարիներ ի վեր կատարում է փորձառու արուեստագիտուհին: Երբեմն վաստակաշատ մարդկանց անունն իսկ նշելը միայն բաւարար է այդ անձի հմտութիւնը ներկայացնելու համար։
Բացման խօսքից յետոյ աւանդական դհոլ զուռնան բեմ էր հանել «Տաւիղ» պարախմբի մեծ ու փոքր աշակերտներին: Հիւրերով բեռնաւորուած սրահը, ուր ներկաներին արդէն մատուցւում էին համադամ կերակուրները, տօնական տրամադրութեան մէջ էր։
Յաջորդաբար ելոյթ էին ունենում կատարողական համոյթները. ձեռնազանգակների եւ հարուածային գործիքների խմբերը (ղեկ. Լ. Տէմիրճեան, Ալ. Յարութիւնեան), «Ծիածան» երգչախմբի երեք կարգերը (ղեկ. Ա. Եղնազար, Ջ. Միրզոյեան), «Տաւիղ» պարախմբի տարիքային երեք բաժանումները (ղեկ. Լ. Խաչատրեան)։
Այս կատարումները «Լարք» երաժշտանոցի ուսուցման ծրագրի մաս են կազմում, իսկ համարների մի մասը յատուկ պատրաստուած էր Նոր Տարուայ հանդէսի համար։
Հիւրաբար Լոս Անջելեսում է գտնւում սաքսոֆոնահար Գոռ Կասաբեանը եւ նա ելոյթ ունեցաւ երկու համարով: Այս գործիքի մենակատարութիւնը իւրայատուկ երանգ տուեց օրուայ ծրագրին։
Վերջապէս հասանք մեր խօսքի հիմնական բաժնին: Սրահում էր գտնուում հռչակաւոր քանդակագործ եւ նկարիչ Էմիլ Գազազը: Ի՞նչ կապ ունէր նա «Լարք»ի հետ. Էմիլի եւ Մանէի որդի Էմմանուէլը սովորում է Լարք երաժշտանոցում: Սա շատ բնական եւ պարզ բացատրութիւն է նրա ներկայութեան համար: Սակայն կար աւելին. արուեստագէտը ներկայ էր իր աշխատանքներով. նրա վրձնով Գազազեան կերպարներ էին դարձել Էմանուէլի դաշնամուրի ուսուցչուհի Սուսաննա Աթասունցը, երաժշտութեան տեսութեան ուսուցչուհի Նունէ Քարթալեանը, «Լարք» ընկերակցութեան հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեանը եւ հաստատութեան փոխտնօրէնուհի Թագուհի Արզումանեանը։ Ի միջի այլոց, Թագուհու դիմանկարը օրուայ անակնկալն էր, որն առաջին անգամ ցուցադրուեց այդ օրը: Նաեւ՝ նկարիչը Լարքին նուիրել էր իր որդու հաւաքածոյից մի կտաւ՝ «Սուրբը բարձի վրայ», ուր կերպարանաւորուել էին Գազազ ընտանիքի անդամները, նաեւ՝ Վաչէն, տեղադրուած իր արուեստի բարձրութեան վրայ։


Պահանջ ունէինք աւելի մանրամասնելու այս երեւոյթը, զգալու այն ներշնչումը, որով ստեղծուել էին այդ կտաւները: Պէտք է խօսէինք նկարչի հետ, սակայն նրան համարելով անհասանելի, աւելի ճիշդ՝ տիկին Գազազին ընդունելով որպէս իր ամուսնու արուեստի բացառիկ ներկայացուցիչը, յարմար տեսանք զրուցել Մանէի հետ։
Իսկ այդ զրոյցը՝ ուղիղ երեք ժամ տեւած, շարժապատկերի մի սիւժէ (նիւթ) էր, ուր կար արուեստ, նուիրում, սէր, կախարդանք, այս փոքրիկ գրութեան մէջ չպարփակուող անսահման զգացմունքներ եւ երեւոյթներ: Մենք վերցրինք մեր հաստատութեան հետ առնչուող մասերը եւ ներկայացնում ենք մշակութաբան, գրող, արձակագիր, գրականագէտ Մանէ Գազազի կողմից ստացած բացատրութիւնները, ինչպէս Վաչէն է ասում՝ «Խոշոր արտիստի մը ինքնաբուխ գծագրութիւններու մասին».
«Էմիլ Գազազի այս շարքը սկսուեց տիկին Սուսաննայից: Այն նուիրումը, զգացական աշխարհը, սէրը, որ նա փոխանցում էր մեր որդուն, մղում էր մեզ ինչ որ ձեւով շնորհակալութիւն յայտնելու: Ուզում էր նկարել, բայց նա չէր գալիս արուեստանոց: Նկար էլ չէր տալիս: Յետոյ Էմիլը որոշեց նկարել յիշողութեամբ. չէ՞ որ հայրը բաց չէր թողնում «Լարք»ի որեւէ համերգ, ուր մասնակցութիւն ունէր իր որդին։ Մեր տղան այստեղ նուագում է դաշնամուր, թաւջութակ, հարուածային գործիքներ, ստանում է երաժշտութեան տեսական գիտելիքներ, երգում է երգչախմբում: Շաբաթ օրերին՝ առաւօտեան 9ից մինչեւ 5 Էմմանուէլը լինում է «Լարք»ում: Մասնակցում է նաեւ թատրոնի փորձերին: Մենք գիտակցում ենք, թէ ի՛նչ է տալիս «Լարք»ը: Այն փարոս է ամբողջ Սփիւռքում, եւ ոչ մի տեղ չենք կարող գտնել նման ուսուցում։ Իսկ հայր Էմիլը միշտ ներկայ է այս դասընթացների ելոյթներին, չնայած որ նա շատ սակաւ է լինում այլ հաւաքական վայրերում: Համերգներին գալով՝ յիշելով, պատկերացնելով, խօսելով այս անձանց հետ, խոհեր փոխանակելով տնօրէն Վաչէ Պարսումեանի հետ, լսելով տիկին Թագուհու ոսկեղենիկ հայերէնը, պատկերացնելով իւրաքանչիւր երաժշտի ներաշխարհը, իր երեւակայութեամբ Գազազ արուեստագէտը ստեղծեց այս դիմանկարների շարքը՝ որպէս երախտագիտութիւն տարուած աշխատանքներին: Ծրագիր ունենք շարունակելու, որպէսզի «Լարք»ի գրադարանում ստեղծուի մանկավարժների դիմանկարների ուրոյն անկիւն՝ Գազազ ստորագրութեամբ»։
Պարզւում է, որ Մանէն դեռ վաղուց «սիրահետել է» «Լարք»ին: 2006 թուականին, երբ «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը բեմադրութեան էր պատրաստում Տ. Չուխաճեանի «Զեմիրէ» օպերետը, նա ամէն օր ներկայ է եղել փորձերին, եւ այդ ժամանակից, հիացած, ներքին ցանկութիւն է ունեցել կապուելու այս հաստատութեան հետ, ուր մի տանիքի համախմբուած են այսքան բացառիկ երաժիշտներ: Միացումը ստացուել էր որդի Էմմանուէլի միջոցով: Այժմ ողջ ընտանիքը «Լարք»ի հետ է, եւ նրանք պատրաստել են շնորհակալագիր՝ ուղղուած Վաչէ Պարսումեանին եւ իրենց ուսուցիչներին։
Բոլորովին շեղուեցինք Նոր Տարուայ հանդէսի տրամադրութիւններից, մուտք գործեցինք արուեստի մի մեծ աշխարհ: Թէ որքանով է այն առնչւում տօնական օրերի հետ, կարեւոր չէ: Հսկայ արուեստագէտին հանդիպելը ինքնին տօն է, թէկուզ եւ առանց իր հետ խօսելու, մանաւանդ, երբ Էմիլ Գազազն ասում է. «Չեմ սիրում խօսել, հարցազրոյցներ ունենալ: Իմ գործերը խօսում են, եւ ես խօսում եմ իմ գործերի միջոցով»։
Այս անգամ այսքանը՝ մեծ արուեստագէտի մասին։
Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ: