ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Առաւօտեան ժամը 7ին սաստիկ ցուրտ է արմաւենիների քաղաք Լոս Անջելեսում: Ինքնաշարժի ապակիների վրայ կէս մատ սառոյց է պատել: Ընդամէնը մի քանի ժամ յետոյ արեւը կը շողայ ու ձմռան հետքն անգամ չի երեւայ՝ մինչեւ երեկոյեան ժամը 7ը: Իսկ գիշերուայ ընթացքում դարձեալ չոր ձմեռ:
Տնից դուրս եմ գալիս ու առաջինն ինձ ողջունում է անտուն մի մարդ: Լայն ժպտում է ողջունելիս: Անկեղծ է: Պատասխանում եմ: «Ձեզ բարի օր», որքան հնարաւոր է ջերմ եմ արտաբերում խօսքս:
Հարեւաններիցս մէկն էլ է դուրս գալիս փողոց, իր օրաթերթը վերցնելու: «Դրանց շատ երես մի տուր, հիմա քեզնից ինչ որ բան կը խնդրի, կարող է նոյնիսկ պահանջել»:
Չեմ պատասխանում: Անտուն մարդը չի լսում մեր խօսակցութիւնն ու առաջ շարժուելով իր սայլակի հետ, հարեւանիս էլ է ողջունում: Վերջինս չի պատասխանում ու շատ արագ ներս է մտնում իր ապարանքը: Աւելի քան 75 հազար անտուն մարդ կայ Լոս Անջելեսում, իսկ Կալիֆորնիայում նրանց թիւը կազմում է մօտաւորապէս 130 հազար մարդ:
Մի տեսակ տխրում եմ: Չէ՞ որ նրանք էլ իրենց կամքից անկախ յայտնուել են այս մոլորակում, փոքր են եղել, վազվզել են իրենց ծնողների կամ ծնողի առջեւ, դպրոց են գնացել, հասունացել են ու… Ու ինչ որ տեղ բախտը չար կատակ է խաղացել, երբեմն իրե՛նց իսկ մեղքով, իսկ յաճախ էլ անկախ հանգամանքներից:
Չէ՞ որ այս մարդիկ էլ են ցանկացել ուրախ ու երջանիկ ապրել, իսկ այժմ ստիպուած են մտածել թէ գալիք օրն ինչ կը բերի, որտեղ կը սնուեն, որտեղ կը գիշերեն:
Ասում են, նրանց մէջ շատ են թմրամոլները: Հաւանաբար ճիշդ են նման թէզ առաջ քաշողները:
Արդիւնքը դրանից չի փոխւում: Այս մարդկանց ճնշող մեծամասնութիւնն այլեւս «նորմալ» (բնական) կեանքի չի վերադառնայ մի քանի պատճառներով: Նախ՝ առողջական խնդիրները նրանց մշտական ուղեկիցներն են: Երկրորդը՝ նրանցից շատերը չեն կարողանայ աշխատանքի ընդունուել, թէկուզ ամենաչնչին աշխատավարձով: Եթէ երկար ժամանակ դրսում են ապրում, ամենայն հաւանականութեամբ հարազատները վաղուց երես են թեքել իրենցից:
Պետութիւնը որոշակի օգնութիւն է յատկացնում անտուն մարդկանց, ովքեր օրինական կեցութեան իրաւունք ունեն Միացեալ Նահանգներում: Բայց նման օգնութիւնը ծիծաղելի է, եթէ հաշուի առնենք որ մէկ սենեականոց բնակարանի վարձը ամենաանապահով շրջաններում անգամ գերազանցում է 1500 դոլարը, իսկ աւելի բարւոք մասերում այն նոյնիսկ 2000 դոլարից աւել կարող է լինել:
Իմ ապակենտրոն միտքն անմիջապէս թռչում է Հայաստան: Վառ երեւակայութեանս առջեւ են յառնում Արցախից բռնագաղթուած իմ հայրենակիցները: Ճիշդ է, նրանց մի զգալի մասին երկրի կառավարութիւնն ու հայաստանաբնակ հայերը անտուն չեն թողել, ասում են: Բայց իրականում նրա՛նք էլ են անտուն, երբ մի քանի օրուան ընթացքում կորցրել են տասնամեակների ստեղծածն ու աշխատածը, որպէսզի իրենց ու հարազատների կեանքը փրկեն: Ու մեղադրում եմ բոլորին, այդ թւում նաեւ ինձ: Գուցէ աւելի՞ն պիտի անէի, գուցէ քի՞չ էր հայ աշակերտների կրթական, ընկերային, հոգեբանական պատշաճ ընթացքն ապահովելը: Գուցէ քի՞չ էր կարիքաւորներին դրամ ուղարկելը: Ինձ ո՞վ կ՛ասի, ուրիշ ի՞նչ կարող էի անել: Ծանօթներիցս մէկը սիրում է կրկնել. «…ձեր ձայնը տաք տեղից է գալիս: Եթէ ուզում էք օգնել, Հայաստա՛ն եկէք»: Գուցէեւ ճիշդ է ասում: Բայց ինչպէ՞ս բացատրեմ, որ իւրաքանչիւրիս ճակատագիրը բազմաթիւ հանգամանքների խճուղիներում է, ու երբեմն (շատ յաճախ) անհնար է որոշում ընդունել ու կտրուկ քայլերի դիմել: Չխորանամ, հասկացողը կը հասկանայ:
«Յաղթելու ենք» կարգախօսը բոլորիս շուրթերին էր օրհասական պահերին, երբ 18-20 տարեկանները իրենց արիւնն էին թափում: Մինչդեռ բազմաթիւ սրիկաներ վաճառել էին իրենց սիրտն ու հոգին, թերի հրամաններ էին տալիս կամ կատարում, իմանալով հանդերձ որ մահուան ճիրանների մէջ էին դնում բազմաթիւ անմեղ հոգիների: Այս ընթացքում ճնշող մեծամասնութիւնը կենացներ էր յօրինում, երգեր երգում, լաւագոյն դէպքում դրամով օգնում: Այդքանը՛: Աւելի տգէտները ձեռ էին առնում փափախաւոր հարեւանին, ինչ անուն ասես չէին կպցնում, ծաղրելով նրան: Այնինչ այդ ընթացքում արեւելեան հարեւանը օրերով, ամիսներով, տարիներով պատրաստւում էր յարձակման, աջակիցներ փնտռում, կաշառում, գնում: Մե՞նք… Նախկին ու ներկայ կառավարութիւնները ո՞ւմ վրայ էին իրենց յոյսը դրել: Հիւսիսային «բարեկամի՞»: Տեսնում ենք թէ ինչպիսի դաւաճանական դիրք է բռնել նա, ինչպէս է փորձում իմ ու ձեր հայրենիքը ծնկի բերել, մաշեցնել: Քարը՛ նրանց գլուխը:
Ամենասարսափելին մեր միասնականութեան յանցաւոր բացակայութիւնն է: Թւում էր թէ պարտութիւնը խելքի կը բերէր, կը միաւորէր բոլորիս: Չի՛ լինում: Բոլորը բոլորին են մեղադրում: Սեփական բացթողումն չընդունելը, մեղադրանքը ուրիշի ուսերին թողնելը դարձել է համատարած երեւոյթ: Այսպէս ո՞ւր կը գնանք…
Երբ Երեւանում էի անցեալ տարի, ընկերներիցս մէկի հետ էի զրուցում պատերազմի մասին: Երկու պատերազմների մասնակից հերոս է նա, անունը չեմ բացայայտի: «Ինչպէ՞ս եղաւ», հարցրի: «Բացարձակ դաւաճանութիւն էր», պատասխանեց ու պատմեց, թէ ինչպիսի փնթի անտարբերութիւն էր բազմաթիւ մարդկանց, այդ թւում նաեւ այնպիսիների կողմից, ովքեր ի պաշտօնէ պարտաւոր էին հոգ տանել երկրի անվտանգութեան մասին: Սա վերաբերւում է բոլոր ժամանակներում գործող պատասխանատուներին, մէկ ուրիշն աւելացրեց: Իրականում, մեր գլխի տակ փափուկ բարձ դնողը ստորաբար լքեց մեզ ու մեն մենակ թողեց երկու, գուցէեւ աւելի թշնամիների առջեւ:
Խնդիրը պարտութեան հետեւանքները թօթափելու եւ առաջ շարժուելու մէջ է: Սփիւռքը չի կարող այդ առաքելութիւնն իր վրայ վերցնել: Կարող անհատներ շատ կան, բայց սա նախ եւ առաջ պետութեան ղեկավարների առաջադրանքը պիտի լինի: Ես երկար, շատ երկար սպասում էի թէ ինչ որ ծրագիր ի յայտ կը գայ, որի արդիւնքում յստակ մարտավարական քայլեր (մօտ եւ հեռահար) կը ծրագրուեն, ես ու իմ նմաններն էլ իրենց մասնակցութեամբ կը կարողանան է՛լ աւելի արժեւորել իրենց գոյութիւնն այս մոլորակի վրայ: Հորիզոնը դատարկ է… Ամէնուրեք գզվռտոց, փոխադարձ մեղադրանքներ, լուսանցքաւորում (սրանք մերոնք են, միւսները՝ օտար ու թշնամի)… Մինչեւ ե՞րբ: Չէ՞ որ այս ընթացքում փոքր ու մեծ խնդիրներ են ծառանում բոլորիս համար, բացի նրանցից ովքեր թքած ունեն Հայաստան ու հայրենիք գաղափարների վրայ: Սրանց նմանների՛ն էլ եմ հանդիպել: Ինձ համար հանելուկ է թէ նրանք ինչպէ՞ս են կարողանում գիշերը հանգիստ քնել, յաջորդ օրն արթնանալ ու ապրել, ասես ոչինչ էլ չի եղել:
Արցախահայերին պատշաճ ձեւով են ընդունել, ասում են: Փառք Աստծոյ, գոնէ այս մի առաքելութիւնը չձախողուեց: Մեր ժողովուրդը սրտի առումով երբեք էլ կծծի չի եղել, խելքի առումով՝ նոյնպէս: Աստուած շնորհել է բնածին շնորհք, ստեղծագործ ուղեղներ (որոնց ճնշող մեծամասնութիւնը օտարի տունն է ամրացրել): Ժամանակը չէ՞ անհատական, խմբային, հատուածական շահերից վերանալու եւ իրերին սթափ, առանց պաթոսի (գերզգացական, հոգեյոյզ) նայելու: Ա՜խ այդ պաթոսը, որքան մեծ վնասներ է բերել մեր ժողովրդի գլխին իւր պատմութեան ընթացքում… Անհամբեր, գրեթէ ամէն օր սպասում եմ յոյսով թէ ինչ որ հրաշքով ոտքի կը կանգնենք: Չե՛մ կարող չհաւատալ: