ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Ազգիս բախտի անիւը չի բանում,
Չխկչխկում է
Ջրաղացի չախչախի նման
Կեանքի ջրաղացքարի ժէռուտին…
Տրտում ամայութիւն է,
Երեխաներ չկան փողոցում,
Որ չարաճճիութիւններ անեն,
Մայթից իջնեն ճանապարհի մէջ,
Աւտոներից խոյս տան, սլքտան…
Զոհերին ենք յանձնում պատմութեանը,
Տեղաւորում ենք
Մեր սրտի խոցուածքներում,
Յօշոտուած հայրենիքի գրկում,
Որի պաշտպանութեան համար
Դարձան նահատակ:
Դաւաճան նու փիւրը դաւել է…
Երկնում է երկինքը, երկնում է երկիրը,
Ծիրանի ծովը չի երկնում,
Եղէգան փողից ծուխ չի բարձրանում…
Ոչ մի բոց,
Հուրհերաւոր խարտեաշ պատանեկիկը,
Աչքունքն… արեգազուրկ,
Անմօրուս, անբոց…
Չի վազվզում,
Չի երիվարում դաշտերում,
Ուր ցրտաշունչ դաւն է աւաղում
Սեզոնային սեւ ագռաւների կռաւոցով,
Առանց որեւէ զգացումի…
Վաղուց հետէ
Առաքեալները չեն խոյանում սխրագործութեան:
Բազմահոյլ դարերի սուր ու հուրը
Իջել է ազգիս ճակատին…
Հզօր հորդաները խուժեցին մեր հայրենիքը,
Անագորոյն վարձկանները արիւնովս արբեցին,
Բանակները որոտացին,
Զրահները մահ փսխեցին…
Ողորմի մեր անցաւորաց…
Տիեզերական սեւ խոռոչի դիմաց,
Մշուշի պղտոր քօղով
Պատում եմ գլուխս եւ ուսերս…