
ԳԱՅԵԱՆԷ ԱԿՈՋԵԱՆ
Փետրուարի 13ին, Ջաւախքի բոլոր եկեղեցիներում եւ գիւղերում, մասնաւորապէս Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում առանձնակի շուքով նշուեց Տեառնընդառաջի տօնը, ինչպէս նաեւ կատարուեց նորապսակների օրհնութեան կարգ: Եկեղեցու բակում խարոյկ վառուեց եւ երիտասարդ զոյգերը ցատկեցին խարոյկի վրայից:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հանդիսաւորութեամբ Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Նշան վրդ. Հմայակեանի վառուեց խարոյկ:
Հայ առաքելական եկեղեցին ամէն տարի Փետրուարի 14ին` Քրիստոսի Սուրբ Ծննդեան օրուանից 40 օր յետոյ, նշում է քառասուն օրական մանուկ Յիսուսին տաճարին ընծայաբերելու տօնը` Տեառնընդառաջը: Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ եւ բազմաթիւ այլ անուններով յայտնի տօնը հայ ժողովուրդը նշում է հազարամեակներ շարունակ:
Այս տօնի ամենասիրելի պահը խարոյկի վրայով ցատկելն է: Նորապսակները, ձեռք ձեռքի բռնած, ցատկում են կրակի վրայով` պահելով երազանք:



ՏՕՆԻ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին: «Տեառնընդառաջ» անուանումը ստուգաբանւում է քրիստոնէական աւանդութեամբ:
Համաձայն նախնեաց օրէնքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զաւակին պիտի տանէր տաճար, Աստծուն ընծաներ մատուցէր եւ օրհնութիւն ստանար: Հայ առաքելական եկեղեցու հաստատած կանոնների համաձայն` ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մօրը` մաքրագործում:
Մարիամը քառասուն օրական Յիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմէոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչեւ տեսնէր աշխարհի ու մարդկութեան Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդուելով` նա ճանաչում է Փրկչին եւ ընդառաջ է գալիս Յիսուս մանուկին: Այստեղից էլ «տիրոջն ընդառաջ» արտայայտութիւնը:
ՏՕՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ
Ըստ ժողովրդական աւանդութեան` Տեառնընդառաջի հիմնական ծէսը խարոյկ վառելն էր եւ այդ խարոյկի շուրջ տօնակատարութիւնը: Խարոյկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառուելու ընթացքում կանայք սկուտեղի վրայ բերում էին Տեառնընդառաջի տօնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկոյզը, բոված սիսեռը եւ պտըտեցնում կրակի շուրջ, մի մասը բաժանում էին, միւս մասը ներս տանում` երեկոյեան խնջոյքի համար: Նրանք պտըտւում էին խարոյկի շուրջը, եւ երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթէ կրակի վրայով ցատկելիս վառւում է հարսի զգեստի փէշը`ընդամէնն անզգուշութիւն է, իսկ եթէ ընդհանրապէս չէք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պէտք չէ նեղսրտել եւ սնոտիապաշտութեամբ տառապել մինչեւ յաջորդ Տեառնընդառաջի տօնը:
Այս տարուայ եկեղեցու Խաչ քաւոր Արթուր Պետրոսեանը նուէրներ յանձնեց նորապսակ զոյգերին:
Աղբիւր՝ jnews.ge