
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Եու.Էս.Սի.» համալսարանում Ապրիլի 4ը պատմական էր` կրթական այս հաստատութիւնում առաջին անգամ նշուեց Հայոց Պատմութեան ամիսը:
Համալսարանի կենտրոնական հատուածներից մէկում կայացաւ տօնական ձեռնարկ, որ նաեւ ազդարարեց ամսուայ ընթացքում մի շարք միջոցառումների մեկնարկը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ համալսարանի նախագահ դոկտոր Քերըլ Ֆոլթը: «Վերջին մի քանի տարիները հայերի համար շատ դժուար էին` աղէտալի իրադարձութիւնների շարքով, երբ Արցախի հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ լքել հայրենիքը, երբ աւերուեց հայ մշակութային ժառանգութիւնը: Կարծում եմ, այս իրադարձութիւններն առաւել կարեւոր են դարձնում այս միջոցառումը, եւ այսօր մենք՝ համալսարանի անձնակազմն ու ուսանողները հաւաքուել ենք, որպէս մէկ միասնական ընտանիք նշելու ամերիկահայերի ժառանգութիւնը»: Քերըլ Ֆոլթն իր խօսքում ողջունեց համալսարանի հայ ուսանողների, անձնակազմի եւ գործող հայկական բաժանմունքների գործունէութիւը` ընդգծելով Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկութեան եւ «Շօա» հիմնարկի կարեւոր առաքելութիւնն ու դերը ոչ միայն համահայկական տիրոյթում, նաեւ` կրթօջախի համար: Նա խօսեց համալսարանում հայազգի ներկայացուցիչների ներդրումների մասին` նշելով ճարտարագիտութեան կաճառի նախկին ուսուցչապետ դոկտոր Զոհրապ Գաբրիէլեանին, ում անունով նաեւ անուանակոչուած է «Գաբրիելեան» սրահը:

Քերըլ Ֆոլթն իր ելոյթն եզրափակեց Վիլեամ Սարոյեանի խօսքերով. «Իւրաքանչիւր հայի բնոյթն է` սովորել, հարցնել, կրթուել, խորհրդածել, բացայայտել, յայտնագործել, վերանայել, վերականգնել, պահպանել, ստեղծել եւ տալ»:
Միջոցառման բանախօսն էր «Եու.Էս.Սի.» համալսարանի «Դորնսիֆ» Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկութեան տնօրէն դոկտոր Շուշան Կարապետեանը: Նա համառօտ ներկայացրեց հայոց պատմութեան փառահեղ էջերն ու հազարամեակների ընթացքում Հայկական Սփիւռքի ներդրումը: «Հայոց պատմութեան մասին իմ ուսանողներին պատմելիս միշտ ընդգծում եմ, որ որտեղ էլ հայերը յայտնուեն` կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ, հիւանդանոցներ եւ աջակցել են կրթութեանն ու մշակութային գործունէութեանը: Ամերիկահայերն էլ մշտապէս ձգտել են պահպանել իրենց ազգային ժառանգութիւնը` հայրենիքն ու արժէքները, եւ միաժամանակ ամերիկեան հասարակութեան անբաժանելի մաս են կազմել իրենց մեծ աւանդով»: Կարապետեանը ներկայացրեց «Եու.Էս.Սի.» համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկութեան հիմնադրման պատմութիւնը, որ շուրջ քսան տարի առաջ ստեղծուել է Չարլի Գալեանի տեսլականով ու նախաձեռնութեամբ եւ Սալբի Թուֆէնքեանի եւ Լոս Անջելեսի մի խումբ հայ մտաւորականների յանձնառութեամբ, որը կը լինի «ակադեմիական միաւոր, որ համալսարանի միջոցների եւ մտաւոր ուժի կիրառմամբ կ՛իմաստաւորի հայկական պատմութեան ժամանակակից զարգացումներն ու կնպաստի հայկական ապագայի ձեւաւորմանը»:

Ձեռնարկի մշակութային յայտագրում ելոյթ ունեցաւ «Լեռնազանգ» համոյթը` հայկական ազգագրական երգի, ժողգործիքների նուագակցութեամբ ներկայացնելով աւանդական հայ պարը` հայկական բազմագոյն եւ բազմաձեւ գորգերի ու կարպետների միջավայրում, որ տրամադրել էր Silk Road Rug կազմակերպութիւնը:
Ձեռնարկը իրականութիւն դարձաւ «Եու.Էս.Սի.»ի Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկութեան եւ համալսարանի Հայ ուսանողական միութեան համատեղ ջանքերով: «Այսօր մենք կերտեցինք պատմութիւն` նշելով Հայոց Պատմութեան ամիսը «Եու.Էս.Սի.»ում, որ այսուհետ կը դառնայ ամէնամեայ, եւ ինչպէս այլ մշակոյթների դէպքում` կը նշուի համալսարանի նախաձեռնութեամբ», իր խօսքում նշեց միութեան փոխնախագահ Մանէ Բերիկեանը, ով ձեռնարկի գլխաւոր նախաձեռնողներից է: Նա ներկայացրեց ամսուայ ընթացքում սպասուող միջոցառումները, որոնց շարքում են` Հայոց Ցեղասպանութեան մասին բանախօսութիւնը Մանուկ Աւետիքեանի կողմից, «Աւրորայի Լուսաբացը» շարժապատկերի ցուցադրութիւնը` բեմադրիչ Իննա Սահակեանի հետ հարցուպատասխանի հնարաւորութեամբ, հայոց լեզուի մասին դոկտոր Շուշան Կարապետեանի դասախօսութիւնն ու «Եու.Էս.Սի.» համալսարանի ուսանողների հետ համատեղ մոմավառութիւնը:

Ուրախութեամբ պէտք է նշել, որ «Եու.Էս.Սի.» համալսարանում անցկացուած տօնական ձեռնարկը մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել այս կրթօջախի նաեւ օտարազգի ուսանողների եւ անձնակազմի շրջանում, ովքեր սիրով ունկնդրեցին եւ ուրախութեամբ մասնակցեցին ձեռնարկին:

