3 Մայիսին, Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը հաղորդեց, որ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը հաղորդագրութեան մը միջոցաւ խստօրէն դատապարտեց Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ատրպէյճանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը, մասնաւորաբար` ներկայիս Տաւուշի մարզին նկատմամբ:
Ստորեւ՝ նշեալ հաղորդագրութիւնը.
«Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թւում` Հայաստանի Տաւուշի մարզի եւ, այսպէս կոչուած, «անկլաւների» (միջերկիրներու) նկատմամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզով արտատարածքային տրանսպորտային (փոխադրութեան) կապի վերաբերեալ, բացարձակապէս անընդունելի են:
«Ադրբեջանը, հրաժարուելով դուրս բերել իր զինուած ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի աւելի քան 200 քառ․ կմ. տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետութեան վրայ` իր վերահսկողութեան տակ առնելու ՀՀ Տաւուշի մարզի ռազմավարական տարածքները: Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման եւ սահմանագծման» քօղի տակ իրականացնում է հողազաւթում, ինչն էլ աւելի կը խորացնի Հայաստանի խոցելիութիւնը:
«Եթէ Ադրբեջանը վերահսկողութեան տակ վերցնի Հայաստանի Տաւուշի մարզի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքները, դա մեծապէս կը վտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող գազատարը եւ կը շրջափակի մի շարք հայկական գիւղեր, ինչն անխուսափելիօրէն կը յանգեցնի նրանց հայաթափմանը: Բացի այդ, նոր իրավիճակը նաեւ կը վտանգի Լոռու մարզի անվտանգութիւնը:
«Չնայած գործընթացում ներգրաւումանը` Հայաստանի վարչապետը յայտարարել է, որ սա անվտանգութեան ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարաւոր ապագայ ագրեսիայի (յարձակումին) դէմ: Այսպիսով` Հայաստանի իշխանութեան ներկայիս գործողութիւնները, որոնք իրականացւում են առանց տեւական եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու երաշխիքի, հետագայ կապիտուլեացիա (անձնատուութիւն) են եւ հակասում են Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը: Աւելին` դա թոյլ կը տայ Ադրբեջանին աւելի լաւ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել:
«Մենք խորապէս համոզուած ենք` Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողապաշտ) կեցուածքը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատուութեան չի ենթարկուել Արցախում իր ցեղասպան քաղաքականութեան, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ (ցեղային) զտումների համար:
«Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը կոչ է անում ներգրաւուած բոլոր հիմնական դերակատարներին` ներառեալ ԵՄին (Եւրոպական Միութեան), ԱՄՆին (Ամերիկայի Միացեալ Նահանգներուն) եւ Ռուսաստանին, պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանի նաւթային բռնապետութեանը` Հայաստանի եւ հայութեան նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականութեան համար: Որպէս եւրոպական քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւն` Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանութեան կողմից Ադրբեջանի բռնապետութեան նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների (չափանիշներուն) համար: Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը համոզուած է` Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը: Վերջինս շարունակում է քարոզել այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետութեան գրեթէ ողջ տարածքի իւրացում:
«Ադրբեջանի համար շօշափելի ուժի եւ հետեւանքների վրայ հիմնուած միասնական եւ ամուր դիմադրութիւնը ներկայումս միակ գործօնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետութիւնը եւ նրա ծաւալապաշտական օրակարգը»։