ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի կանանց կողովագնդակի ազգային հաւաքականը 14 տարի անց վերսկսում է գործունէութիւնը: Այս մասին Մայիսի 16ին, Գլենդելում տեղեկացրեցին Հայաստանի կողովագնդակի դաշնակցութեան գլխաւոր քարտուղար Արթուր Նազարեանն ու կանանց հաւաքականի գլխաւոր մարզիչ Թադէ Մարտիրոսեանը՝ Phonexa ընկերութեան կազմակերպած միջոցառման ժամանակ: Հաւաքականի առաջին խոշոր ստուգատեսը կը լինի այս տարուայ Յուլիսին նախատեսուած FIBAի Եւրոպայի փոքր երկրների առաջնութիւնը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մրցութեանը նախապատրաստութեան շրջանակներում, հաւաքականը Մայիսի 18ին Գլենդելում ընկերական հանդիպում անցկացրեց «Ռեդմոնթոն» խումբի հետ: Ըստ գլխաւոր մարզչի, մարզուհիները գտնւում են լաւագոյն մարզավիճակում, եւ մարտական են տրամադրուած Եւրոպայում նուաճելու գլխաւոր մրցանակը:


Ի աջակցութիւն հաւաքականի, Phonexa ընկերութիւնն իր գրասենեակում համախմբել էր համայնքի մարզական, հասարակական գործիչների՝ ծանօթացնելու հաւաքականի մարզիչներին ու մարզիկներին, եւ առիթ ընձեռելու Նազարեանին ներկայացնելու հաւաքականի ծրագրերը, խօսելու մարտահրաւէրներից եւ Սփիւռքի աջակցութեան կարեւորութիւնից:
«Շատ կարեւոր է, որ աջակցենք, թիկունք լինենք մեր կանանց հաւաքականին: Կանանց մարզաձեւերն այսօր աշխարհում շատ մեծ հեղինակութիւն ունեն եւ զարգացում են ապրում, եւ մեր հաւաքականի միջոցով է նաեւ, որ կարող ենք Հայաստանը լաւագոյնս ներկայացնել աշխարհին», «Ասպարէզի» հետ զրոյցում նշեց Մարտիրոսեանը: Երկար տարիներ հանդիսանալով Գլենդելի աւագ դպրոցի կանանց կողովագնդակի գլխաւոր մարզիչ, Մարտիրոսեանը 2003ից մշտապէս կապի մէջ է եղել եւ աջակցել է Հայաստանի կողովագնդակի դաշնակցութեան, նրա սաները մասնակցել են 16 եւ 18 տարեկան աղջիկների հաւաքականների խաղերին: «2023ի Յունիսին Արթուր Նազարեանը առաջարկեց հանդիպել եւ խօսել կանանց հաւաքականի մասին, ինչի արդիւնքում որոշուեց, որ 14 տարի անց նորից հաւաքական կը ձեւաւորուի: Ես քսան տարի է, որ Լոս Անջելեսի կողովագնդակի մեծ ընտանիքի անդամ եմ, եւ ճանաչում եմ շատ հայ մարզիկների, ովքեր այստեղ խաղում են տարբեր համալսարաններում, դպրոցներում, ակումբներում, եւ ես պէտք է ընտրէի հաւաքականի անդամներին այն չափանիշներով, որ կարողանանք Հայաստանը ճիշդ ներկայացնել միջազգային հարթակներում», պատմում է Մարտիրոսեանը: Հայաստանի կանանց կողովագնդակի ազգային հաւաքականը կազմով միջազգային է՝ մարզուհիների մեծ մասը ներկայում բնակւում է Միացեալ Նահանգներում: Յունիսի 9ից, հաւաքականը մարզումները կը սկսի Հայաստանում, որտեղ խումբի ամերիկահայ անդամներին կը միանան հայաստանցի մարզուհիները:
Հաւաքականի կազմում են տարբեր տարիքի եւ փորձառութեան աղջիկներ՝ ներառեալ մարզուհիներ, ովքեր առիթ են ունեցել խաղալու 2010ի հաւաքականում: «Ես անչափ ուրախ եւ ոգեւորուած եմ վերադառնալու հաւաքական: Երբ տեղեկացայ, որ խումբը նորից հաւաքւում է՝ չէի կարող չմասնակցել: Մենք տարիներ առաջ շահել էինք արծաթէ մեդալ, եւ այս անգամ պէտք է աւարտենք գործը՝ նուաճելով ոսկին: Այս անգամ ես մասնակցում եմ որպէս վետերան խաղացող, եւ նպատակս է փորձս փոխանցել աւելի երիտասարդ խաղացողներին եւ համարձակութիւն ներշնչել ու ոգեւորել խաղի ժամանակ», նշում է Արփինէ Ամիրխանեանը: Նա բարձր է գնահատում մարզուհիների պատրաստուածութիւնը, գլխաւոր մարզչի ընտրութիւնն ու ընդգծում է երիտասարդների նպատակասլացութիւնը, կամքը եւ յաղթանակի հասնելու վճռականութիւնը: Ամիրխանեանը յոյս ունի, որ ազգային հաւաքականն այսուհետ իր հաստատուն տեղը կ՛ունենայ Հայաստանի մարզաշխարհում, քանի որ կայ մեծ ներուժ:



Ներկայի եւ մարտահրաւէրների մասին «Ասպարէզի» հետ կիսուեց Նազարեանը: Ըստ նրան, հասունացել էր ազգային հաւաքական ձեւաւորելու պահը: «Մեր 16-18 տարեկան աղջիկների հաւաքականները մեծ յաջողութեամբ ելոյթ են ունենում Եւրոպայում, եւ այդ աղջիկներից շատերը, որ արդէն քսան տարեկան են, նոր ձեւաւորուող հաւաքականի կորիզն են կազմելու», տեղեկացրեց Նազարեանը: Ըստ նրա, կողովագնդակի տղամարդկանց ազգային հաւաքականը բաւական զարգացել է, եւ աւելի աշխոյժ է, եւ այսօր առաջնային է կանանց հաւաքականի զարգացումը, որը գոյութիւն է ունեցել 2010ին եւ հասել մեծ արդիւնքների, սակայն տարբեր խնդիրների պատճառով գործունէութիւնն ընդհատուել է: «Հայաստանում շատ անմխիթար վիճակում է կանանց սպորտը (մարզանքը), եւ մենք պէտք է մշակոյթ ձեւաւորենք, որ մանկուց աղջիկները զբաղուեն տարբեր մարզաձեւերով նաեւ առողջ լինելու համար, եւ կողովագնդակն էլ զանգուածային մարզաձեւ է, որ այդ հնարաւորութիւնն ընձեռում է: Կանանց հաւաքականը վերաձեւաւորելու գլխաւոր նպատակներից է, որ ոգեւորենք թէ՛ ծնողներին, թէ՛ երեխաներին, որ զբաղուեն կողովագնդակով եւ մի օր էլ խաղան հաւաքականում: Հայաստանում կանանց կողովագնդակը լաւ աւանդոյթներ ունի, դեռ խորհրդային տարիներին «Հատիս»ը դարձել է Խորհրդային Միութեան գաւաթակիր, եւ մենք պէտք է զարգացնենք մեր աւանդոյթներն ու հետեւողական լինենք», ասաց նա:
Նազարեանը հաւաստիացրեց, որ ներկայում մարտունակ հաւաքական է ձեւաւորուել, եւ լաւագոյն արդիւնք են ակնկալում առաջիկայ մրցաշարում: Անդրադառնալով հաւաքականի կազմին, Նազարեանը նշեց, որ աշխարհի որ երկրում էլ ապրի՝ հայ մարզիկն իրաւունք ունի հանդէս գալու Հայաստանի հաւաքականում, եւ այս հարցում սահմանափակումներ չկան, «ովքեր համապատասխանում են, ուժեղ են, կը լինեն հաւաքականում», վստահեցրեց նա:
Նազարեանը ընդգծում է, որ հաւաքականի կայացումը հնարաւոր է հայրենիքի եւ Սփիւռքի համատեղ ջանքերով: «Մենք միայնակ ոչինչ չենք կարող անել, ուստի պէտք է միաւորենք մեր ուժերը՝ լաւ արդիւնքի հասնելու համար: Առաջին հերթին, պէտք է շատ ամուր կապ ունենանք Սփիւռքի հետ, եւ Լոս Անջելեսում հաւաքականի մասնակցութեամբ աւելի շատ միջոցառումներ լինեն, որ մարդիկ զգան, որ հաւաքականի մի մասն են, քանի որ հեռուստացոյցով, համացանցով դժուար է նոյն զգացողութիւններն ունենալ, ինչ դահլիճում՝ խաղին հետեւելիս: Այդ պատճառով է, որ փորձում ենք հաւաքականի խաղեր կազմակերպել նաեւ Լոս Անջելեսում: Մեր նպատակն է ամուր հիմքեր եւ երկարաժամկէտ ծրագիր ստեղծել հաւաքականի համար, եւ այս առումով եւս ակնկալում ենք մեր հայրենակիցների ներդրումն ու աջակցութիւնը», նշեց Նազարեանը:
Phonexa ընկերութեան ներկայացուցիչները նոյնպէս ընդգծեցին հաւաքականին օժանդակելու անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ իրենց կազմակերպած ձեռնարկն հէնց այդ նպատակին է ուղղուած: Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրեանը յուշագրեր յանձնեց հաւաքականի ներկայ մարզուհիներին՝ յաջողութիւն մաղթելով նրանց առաջիկայ մրցաշարում: