ԼԻԴԱ ԱԼՄԱՍԵԱՆ
Ախալքալաքի շրջանի Կաջo գիւղի աշակերտները դպրոցական թերթ ու գրքեր են հրատարակել: Աշակերտները փորձում են սեփական ռեսուրսներով (միջոցներով) ու մտայղացումներով ոչ միայն օրինակ ծառայել հասակակիցների շրջանում, այլեւ հանրօգուտ աշխատանք անել: Բացի դպրոցական տեղեկագրից ու գրքերից նրանք նաեւ սոցիալական (ընկերային) հոլովակներ են նկարահանում, այդպիսով փորձելով բարձրացնել իրազեկութեան մակարդակը:
Կաջոյի հանրային դպրոցի 11րդ դասարանի աշակերտներն իրենց մաթեմատիկայի (ուսողութեան) ուսուցչուհու` Յասմիկ Խեչոյեանի ուղղորդմամբ բացառիկ աշխատանք են կատարել` ձեռագիր եւ նկարազարդ գրքեր են կազմել տարբեր թեմաներով եւ շնորհանդէս կազմակերպել:
Գրքերի հեղինակներ են դարձել`
Ելենա Ալեքսանեանը` «Մայրենի Լեզու», Վեներա Ալեքսանեանը` «Վիշապներ», Մինաս Ալեքսանեանը` «Ճանապարհային Նշաններ», Սուսաննա Բալասանեանը` «Հայոց Պատմութիւն», Արման Մարտիրոսեանը` «Մաթեմատիկա», Աղաւնի Միքայէլեանը` «Հայ Արուեստ», Սիրանուշ Պապիկեանը` «Խառը-խշտիկ»:
Վեներա Ալեքսանեանը, ով մտայղացման հեղինակներից է, պատմում է, որ իրենց մաթեմատիկայի գրքում ներառուած են եղել տարբեր հետաքրքիր նախագծեր եւ հերթական նախագիծը կարդալուց յետոյ նրանց մօտ հետաքրքիր մտքեր են ծագել, ինչի արդիւնքում աշակերտները գրքեր են ստեղծել:
Մեր այն հարցին, թէ աշխատանքային պրոցեսում (գործընթացին մէջ) ի՞նչ բարդութիւնների են հանդիպել, Վեներան պատասխանում է․ «Հիմնական խոչընդոտը ժամանակի ոչ ճիշդ պլանաւորումն (ծրագրումը) է եղել, որի արդիւնքում էլ միջոցառումն անընդհատ յետաձգւում էր, ինչպէս նաեւ աշխատանքի լիարժէք ծաւալը չգնահատելը: Բայց վերջնարդիւնքում բոլորը գոհ մնացին` ե՛ւ մասնակիցները, ե՛ւ ծնողները, եւ՛ ուսուցիչները, ե՛ւ կազմակերպիչները»:
Մասնակիցների խօսքով, գրքերի շնորհանդէսը Կաջօ գիւղում աւելին էր, քան պարզապէս դպրոցական միջոցառում:
«Այս միջոցառումը վառ օրինակ է այն բանի, թէ ինչի կարելի է հասնել համագործակցութեան, ստեղծարարութեան միջոցով: Այսպիսով, միջոցառումը կը կրի շարունակական բնոյթ` օգնելով գիւղի երիտասարդներին զարգացնել իրենց ստեղծարար միտքը»:
Գիւղի երիտասարդները, հեռու գտնուելով կենտրոնից ու կենտրոնի հնարաւորութիւններից, չեն վախենում ինքնուրոյն ստեղծել հնարաւորութիւններ` բոլոր արդարացումների փոխարէն:
Բացի գրքերից,Կաջոյի հանրային դպրոցի 11րդ դասարանցիները ստեղծել են նաեւ դպրոցական թերթ: Թերթը ամփոփ տեղեկագիր է դպրոցում վերջին ամիսներին իրականացուած ակտիւութիւնների (գործունէութիւններու) ու ձեռքբերումների:
Թերթի հեղինակներն են` Ելենա Ալեքսանեանը, Վեներա Ալեքսանեանը, Մինաս Ալեքսանեանը, Սուսաննա Բալասանեանը, Արման Մարտիրոսեանը, Աղաւնի Միքայէլեանը եւ Սիրանուշ Պապիկեանը:
Թերթ ստեղծելու գաղափարը համատեղ մշակուել է 11րդ դասարանի աշակերտների եւ նրանց անգլերէնի ուսուցիչ` Անի Չախալեանի կողմից:
«Մեր թերթի ստեղծումը եղել է կարեւոր ազդակ , որը բոլորին ապացուցում է այն , որ չնայած կարճ ժամանակին ու սահմանափակ ռեսուրսներին` դպրոցը մշտապէս ակտիւ (աշխուժ) է` հետաքրիր միջոցառումների, մրցոյթների եւ նախագծերի իրականացման գործում: Հաշուի առնելով յաջողութիւնը` մենք ոգեւորուած ենք, որոշել ենք թերթը դարձնել կանոնաւոր հրատարակութիւն` շարունակելով փաստագրել եւ կիսուել Կաջոյի հանրային դպրոցի աշխոյժ կեանքը», կիսւում է Վեներան:
Թերթը դրական ընդունելութեան է արժանացել աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների կողմից:
Աղբիւր` jnews.ge