
ԳԱՅԻԱՆԷ ԱԿՈՋԵԱՆ
Յուլիսի 1ին, Ախալքալաքում հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ Աշուղ Ալիք Ջաւախքի «Ջաւախքի Կանչը» գրքի շնորհանդէսը: Երգարանը տպագրուել է աշխատասիրութեամբ Թովմաս Պօղոսեանի, հրատարակուել է հայ աշուղական երգերի «Գանձարան» մատենաշարի մէջ: Երգարանը տպագրուել է ֆինանսական աջակցութեամբ` մոսկուաբնակ, ծնունդով Ախալքալաքի Մերենիա գիւղից` Ռոբերտ, Մարտուն եւ Գէորգի Պապոյեան եղբայրների:
Աշուղ Ալիք Ջաւախքի գրքի շնորհանդէսին ներկայ էին ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի (երաժշտանոցի) պրոֆեսոր, «Սայաթ Նովա» Մշակութային միութեան նախագահ Թովմաս Պողոսեանը` «Սայաթ Նովա» աշուղական երգի համոյթով, Ախալքալաքի սակրեբուլոյի (քաղաքապետական խորհուրդի) նախագահ Նայիրի Իրիցեանը, սակրեբուլոյի պատգամաւոր Համլետ Մովսիսեանը, Ախալքալաքում մշակոյթի ասպարէզի տարբեր ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Ախալքալաքի «Ապագայի տան», Գեղարուեստական դպրոցի, Երիտասարդական կենտրոնի տնօրէնները եւ այլք:
Շնորհանդէսի բացման հանդիսաւոր արարողութիւնը վերապահուած էր ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսեանին, ով իր ելոյթի խօսքում ասաց․
«Հայ աշուղական արուեստը երկար տարիների պատմութիւն ունի եւ այս ասպարէզում տուել է բազմաթիւ մեծութիւններ: Այսօր «Սայաթ Նովա» Մշակոյթային միութեան աշուղագիտական կենտրոնը նախաձեռնել է 2012 թուականից սկսած «Գանձարան» հայ աշուղական երգերի մատենաշար, որի հերթական հատորը աշուղ Ալիք Ջաւախքի ժողովածուն էր: Ես այս քայլին դիմել եմ ոչ պատահականօրէն, Ալիք Ջաւախքից աւելի տաղանդաւոր աշուղներ ունենք, որոնք հատորներով չեն ընդգրկւում այս մատենաշարում, բայց Ալիք Ջաւախքը տարբերւում է այս բոլորից իր մեծ յատկանիշով` նա Ջաւախք աշխարհի մշակութային գործիչն է: Նրա շնորհիւ Ջաւախք աշխարհի մեր հայութիւնն ամուր կապուած է հայրենի հողի հետ եւ անսասան է երբեւէ իր դիրքերը զիջելու: Սա ինձ համար աւելի կարեւոր բնագիծ է, քան նրա աշուղ լինելու մեծ արժէքը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ Նովա» Մշակութային միութեան նախագահ Թովմաս Պօղոսեանը շնորհաւորելով Աշուղ Ալիքին նրան յուշանուէր փոխանցեց: Նա աշուղին մաղթեց առողջութիւն եւ երկար տարիների երջանիկ կեանք:
Միաժամանակ նշելով, որ հայ աշուղական արուեստում եղել են 2000ից աւելի աշուղներ, որոնցից միայն 16ն ունեն գրքեր, իսկ 17րդը եղաւ մերօրեայ Աշուղ Ալիք Ջաւախքինը:
«Սայաթ Նովա» անսամբլը շնորհանդէսին ներկայացաւ տարբեր ստեղծագործութիւններով, այդ թւում` Աշուղ Ալիք Ջաւախքի: Ինչպէս նաեւ աշուղի երգացանկից կատարումներով հանդէս եկան նրա աշակերտները:
Շնորհաւորական ելոյթներ ունեցան` Աշուղ Լէյլին, Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինէ Թադեւոսեանը եւ սակրեբուլոյի պատգամաւոր Համլետ Մովսիսեանը:
Մովսիսեանն իր խօսքում նշեց, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին է Աշուղ Ալիքը, պէտք է մեծարել նրա կենդանութեան օրօք, եւ սակրեբուլոյի նախագահի եւ հէնց իր աշուղի հետ քննարկելով ցանկանում են նշանակել աշուղի օր, որը աւանդոյթ կը դառայ եւ կը նշուի ամէն տարի:
Շնորհանդէսի վերջում խօսքով հանդէս եկաւ նաեւ Աշուղ Ալիք Ջաւախքը, շնորհակալութիւն յայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:
«Իմ խորին շնորհակալութիւնը բոլորին: Ես Թովմաս Պողոսեանին կարող եմ համարել իմ եղբայրը, իմ վարպետը: Մարդ, ով հայ ազգի համար կատարում է շատ մեծ գործ: Ոչ թէ կարելի է խօսել երգարանի մասին, այլ Թովմաս Պօղոսեանի մասին, որովհետեւ` եթէ ինքը չլինէր, ապա ես պէտք է խոստովանեմ, այս գիրքը լոյս չէր տեսնի: Նա վայելում է ժողովրդի սէրը, փառք ու պատիւ վարպետիս: Չգիտեմ ինչպէս կարող եմ իմ շնորհակալութիւնը յայտնել խօսքերով, յոյսով եմ ամէն ինչ լաւ կը լինի: Մենք պէտք է ծառայենք մեր ժողովրդին», ասաց Աշուղ Ալիք Ջաւախքը:
Քսպոյեանն իր խօսքում կարեւորեց նաեւ հայ-վրացական յարաբերութիւնները, նշելով, որ հայ եւ վրացի ազգերը միշտ պէտք է լինեն եղբայրական ազգեր: Նա շնորհակալութիւն յայտնեց շրջանի ղեկավարութեանը` նշելով, որ Աշուղական դպրոցի ստեղծման գործում Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նայիրի Իրիցեանի դերը շատ մեծ է եղել:
«Ջաւախքի Կանչը» գրքի շնորհանդէսն աւարտուեց «Սայաթ Նովա» անսամբլի, Աշուղ Ալիքի եւ նրա սաների միասնական ելոյթով: Որից յետոյ անցկացուեց ճաշկերոյթ:
Աղբիւր՝ jnews.ge