
Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի Կենտրոն նստավայրին մէջ տեղի ունեցաւ Գերասիմ Վարդանեանի վերաբերեալ քրէական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին՝ յետաձգելու դատավարութիւնը, որպէսզի պաշտպան կողմը կարենայ ծանօթանալ գործի մանրամասնութիւններուն։ Դատարանը որոշեց յաջորդ նիստը գումարել 6 Օգոստոսին։
«Երեք անգամ այս իշխանութիւնների դէմ փողոցում ընդվզում է եղել, երեք անգամ ես ենթարկուել եմ հետապնդման: Այս ամէնն արւում է նրա համար, որ ինձ լռեցնեն: Ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարաւոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատութեամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի Հայաստանն ամէն օր շղթայւում է, չեմ լռելու: Պայքարը շարունակուելու է», դատարանի դահլիճին մէջ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Գերասիմ Վարդանեան:
Դատարանի բակին մէջ լրագրողներու հետ ունեցած զրոյցին ընթացքին, ՀՅԴի անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեան ըսաւ հետեւեալը. «Այս գործն ի սկզբանէ յստակ քաղաքական ուղղորդում է ունեցել։ Ամենաակտիւ (ամէնէն աշխոյժ) հականիկոլական եւ ազգային ուժերից մէկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանեանի նկատմամբ իրականացւում է ակնյայտ քաղաքական հետապնդում, եւ սա այդ դրուագներից մէկն է։ Պատահական չէ, որ Գերասիմին արդէն 3րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը (վարչակարգը) հասկանում է, որ միայն նման ձեւով է հնարաւոր որոշակի ժամանակահատուածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդիւնք չունի։ Այս գործն ի սկզբանէ ամբողջութեամբ սնանկ է, իրաւական հեռանկար չունեցող մի գործ, որտեղ փորձ է արւում Գերասիմ Վարդանեանի եւ միւս պայքարողներին վերագրել մի բան, որն իրականութեան հետ առնչութիւն չունի»։
Ըստ Մինասեանի՝ Գերասիմ Վարդանեանի նկատմամբ առաւել դաժան իրաւական գործիքակազմ մը կը գործադրուի: «Մէկ այլ գործող տեսակցութիւնն արգելել, 2 ամիս խիստ կալանաւորման պայմաններում պահել. էս մարդիկ չեն հասկանում, որ դրանով հնարաւոր չէ պայքարող տեսակին ընկճել: Քանի որ նիկոլական արդարադատութեան վրայ յոյս դնել չարժէ, մենք մտածում ենք, որ այս պայքարը մինչեւ վերջ գնալու է: Ինչքան շուտ էս մարդիկ հասկանան, որ հնարաւոր չէ էս մեթոդներով լռեցնել եւ յետ կանգնեն իրենց ապօրինի, հակաիրաւական, հակաազգային վարքագծից, այնքան աւելի շուտ երկրում կը հաստատուի խաղաղութիւն, համերաշխութիւն եւ հնարաւորութիւն կ՛ունենանք մեր կորցրած հայրենիքի վերազատագրումն իրականացնել մեր իսկ ժողովրդի անվտանգութեան ապահովման համատեքստում», ընդգծեց Մինասեան: