
ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀՈՎԵԱՆ
«Աւաղ անցնում է կեանքը անդադրում,
Գարնան ցօղի պէս անցնում է անդարձ,
Յիշել ափսոսել արցունք ու զղջում,
Ի զուր է ի զուր, չկայ վերադարձ…
Կեանքը երազ է Տեսիլք վաղանցուկ,
Սահում են անցնում օրերը գարնան,
Երազ երեկոյ դառնում է դալուկ…
Ափսոս շատ ափսոս օրերը գարնան…»:
ՆԵՐՍԷՍ ԲԱԼԱՅԵԱՆ
Յարգանք Իրանահայ միութեան (ԻՀՄ), որ արժեւորում է ազգային գործիչներին ու գիր ու գրականութեան նուիրեալներին, որոնք անխոնջ աշխատանքով պահպանում են հայ մշակոյթը այս դարում։ Այս լոյսի ներքոյ, ներկայութեամբ գրասէր բազմութեան եւ յարգելի յոբելեար Ներսէս Բալայեանի, վայելեցինք մի իմաստալից երեկոյ, բանաստեղծական խորհուրդով…
Յուլիս 14ի երեկոյեան, Իրանահայ միութեան գրադարանում տեղի ունեցաւ բանաստեղծ, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսաթերթի խմբագիր Ներսէս Բալայեանի մեծարման հանդէսը։ Կազմուած էր մի իմաստալից յայտագիր, որով արտացոլուեց Ներսէս Բալայեանի կեանքը եւ ստեղծագործական ոլորտներում նուաճումները։ Նա համեստ է եւ աշխատունակ, կեանքի ելեւէջների ընթացքը նրան միշտ առաջնորդել է դէպի ստեղծագործական միտք եւ նուիրում։
Նրա գրական գործունէութիւնը ու մասնաւորաբար՝ 35տարուայ «Տեղեկատու» հանդէսը, որը լոյս է տեսնում ամէն ամիս՝ Լոս Անջելեսի Իրանահայ միութեան կեանքը դրսեւորող տեղեկութիւններով, լուրջ եւ անխոնջ աշխատանքի արդիւնք է։ Ներսէս Բալայեանը, իբրեւ թերթի խմբագիր, այդ գործը վարել է բծախնդրութեամբ։
Նախքան յայտագրի գործադրումը, մօտեցայ յոբելեարին, ողջունելու նրա ներկայութիւնը։ Նա ինձ նուիրեց «Տեղեկատու» ամսաթերթի Ապրիլ եւ Մայիս ամիսների համարները։ Ես նրանք կարդացի ծայրէ ի ծայր, բովանդակալից նկարներով եւ գրութիւններով, կարճ եւ իմաստալից տողեր քաղուած մեր բանաստեղծների գագաթներից ինչպէս՝ Պ. Սեւակ, Ա. Ահարոնեան, Ա. Իսահակեան, Եղիշէ Չարենց, «Անմահ Շարական Կոմիտասին»ը եւ այլ հետաքրքիր տողեր։ Իսկ ապա թիւ 363, Մայիս 2024ի թիւը աւետումն էր՝ «Գարնան Պայծառ Առաւօտ», Մայիս 1ի շարժումի, Մայրերի օրուան նուիրուած բանաստեղծական տողեր եւ նշելով. «Մայրերն են հայոց օջախի սիւնը», եւ այլն. կային նաեւ հետաքրքրական լուրեր օտար աղբիւրներից քաղուած, օրինակ՝ «Անմարդկային Մի Արարք» վերնագրի ներքոյ, ցաւալի դէպքեր. արտագրում եմ. «Այս օրերին, երբ Հայաստանը եւ համայն աշխարհի հայութիւնը նշում են Ապրիլեան Մեծ Եղեռնի 109ամեակը, Ֆրեզնոյում այրել են հայութեան առիւծասիրտ հերոս Սողոմոն Թեհլիրեանի եւ համաշխարհային գրող Վիլեամ Սարոյեանի սրբացած շիրիմները»։ Եւ այսպէս, ամէն մի էջում կարդում ես զանազան օտար թերթերից լուրերի մի ծաղկաքաղ, նկարներով եւ փաստացի տուեալներով։ Իսկապէս արժանի է գնահատականի։


Ապա սկսեց գործադրուել յայտագիրը։
Բացման խօսքով հանդէս եկաւ Կենդրոնական վարչութեան նախագահ Հրանդ Աւանէսեանը եւ գնահատական խօսքերի հետ յայտնեց, որ ԻՀՄ որոշել է այսուհետ գնահատել հայ գիր ու գրականութեան նուիրուած հայորդիներին։ Որից յետոյ, Զաւէն Գրիգորեանը ապրումներով հետաքրքիր յուշեր պատմեց բանաստեղծեց Ներսէս Բալայեանի մասին եւ ներկայացրեց «Յիշատակ Կնոջս», «Ուր Մնաց», «Ինչ Լաւ Է Ասել» եւ «Հայր Իմ» քերթուածները, ապա խնամակալ մարմնի նախագահ Վրէժ Աղաջանեանը իր կատակախառն խօսքի հետ մէկտեղ գնահատանքի յուշատախտակ նուիրեց յոբելեարին։
Սուրէն Մինասեանը մեկնաբանեց Ներսէս Բալայեանի բանաստեղծած «Երգ Ուխտաւորի»ն, ապա Վահան Լաքսը կատարեց Ներսէս Բալայեանի «Երգ Ուխտաւորի» քերթուածին վրայ յօրինած երգը։ Այնուհետեւ, Խնամակալ մարմնի Անդամ եւ Գլենդել քաղաքի խորհուրդի անդամ Վարդան Կարապետեանը իր ջերմ ողջոյններով գնահատեց Ներսէս Բալայեանի երկար տարիների ազգանուէր աշխատանքը եւ հայ գիր ու գրականութեան նուիրումը եւ յայտնեց, որ Գլենդելի քաղաքապետարանը յանձնելու է իրեն արժանի մի գնահատագիր: Նաեւ, Սուրէն Մինասեանը մեկնաբանեց Գէորգ Էմինի «Մենք»ը։
Քաջալերանքի, գնահատանքի խօսքերով յարգանքի իր վերաբերմունքը ցուցաբերեց Խնամակալ մարմնի գործադիր պատասխանատու Թոմիկ Ալեքսանեանը։
Ապա, Օննիկ Սիմոնեանը հնչեղ ձայնով երգեց Ներսէս Բալայեանի «Երեւանեան Գիշերներ»ը բանաստեղծութեան վրայ յօրինուած Ալէք Բազուկեանի ստեղծագործութիւնը ու նաեւ կատարեց մի նոր երգ՝ Օննիկ Սիմոնեանի եւ Հովիկ Ոսկանեանի երաժշտութեամբ։
Զաւէն Գրիգորեանը, որ վարում ու մէջընդմէջ արտասանելով նաեւ պատմում էր Ներսէս Տէր Մեսրոպեան Բալայեանի Իրանի Թաւրիզ ու Թեհրան քաղաքներում ծաւալած աշխատանքներից, արտասանեց Պարոյր Սեւակի «Յարգ Հոգեկան» բանաստեղծութիւնը:
Ելոյթ ունեցան նաեւ ներկայ միութեան անդամներից Շաքէն ու Հնչակեան կուսակցութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը՝ գնահատական ջերմ խօսքերով։
Վերջում, ներկաների բուռն ծափահարութեան ներքոյ, հանդէս եկաւ յոբելեար Ներսէս Բալաեանը. նա իր համեստ նկարագրի դրսեւորումով շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչ եւ մասնակից բոլոր անդամներից ու ամփոփեց երեկոն, մի բանաստեղծութեամբ, որը արտայայտում էր իր ծերութեան ապրումները։ Խորիմաստ էր եւ յուզումնալից։
Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ ներկաները առիթ ունեցան շփուելու եւ արտայայտուելու։

Հարկ է նշել, որ երեկոյի ընթացքում ներկայացւում էր յոբելեարի կենսագրականը ըստ հետեւեալի.
Ներսէս Տէր Մեսրոպեան (Յարութիւնի Բալայեան) ծնուել է 1928ին Երեւանում։ Փոխադրուելով Իրան, նախնական եւ միջնակարգ ուսումը ստացել է Ղազուինում։ Առաջին գրուածը լոյս է տեսիլ 1936ին։ Աշխատակցել է իրանահայ եւ սփիւռքահայ ութը տասնեակ թերթերի եւ հանդէսների։ Մի քանի տարի ուսուցչական պաշտօն է վարել հայկական դպրոցներում։ Իր բանաստեղծութիւնների մի մասը թարգմանուել ու տպագրուել է պարսիկ մամուլում։ Ունի երգիծական գրուածքներ, որոնք լոյս են տեսել զանազան թերթերում՝ Խարտոց Հարթոցեան եւ Մատլի Բաջի ստորագրութիւններով։ Յայտնի է դարձել իր «Թեհրանեան Նամականի» շարքը, որ լոյս էր տեսնում Լոս Անջելեսի «Քաջ Նազար» երգիծաթերթում։ Գրել է նաեւ Վահագն, Վանիկ Վանենց, Ն. Տէրեան ծածկանուններով։ 1965ից, անդամ է Իրանահայ գրողների միութեան։
Ցարդ հրատարակել է «Հայրենական», «Երեւանեան Գիշերներ», «Աշնանային», «Ձմրան Շեմին» քերթուածների ժողովածուները։ 2011ին, Լոս Անջելեսում արժանացել է «Հրանդ եւ Մանուխ Սիմոնեաններ» գրական մրցանակին։1998ից խմբագրում է տեղիս Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսաթերթը։ 2012ից անդամ է Հայաստանի գրողների միութեան։ Ունի երգիծական 3 անտիպ ժողովածուներ։
Խրախուսելի եւ բանաստեղծական երեկոյ ապրեցենք. ողջունելի է Լոս Անջելեսի Իրանահայ միութեան մտայղացումը։ Յարգանք ԻՀՄին եւ վարձքդ կատար սիրելի Ներսէս Բալայեան։