Վերջին 10 օրերի դաւը ինչպէս Ղարաբաղեան հիմնահարցում, այնպէս էլ նախընտրական Հայաստանի ներքաղաքական կեանքում դարձան Ռուսաստանի եւ Ֆրանսայի արտգործնախարարներ Սերկէյ Լաւրովի, Պեռնար Քուշների եւ ԱՄՆ պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիքոլըս Պըրնզի, նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հանդիպումները Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարների հետ Մատրիտում կայացած՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Այնտեղ Հայաստանի եւ Ատրպէյճանի ԱԳ նախարարներին յանձնուեց հակամարտութեան կարգաւորման, այսպէս կոչուած՝ նոր ծրագիրը։ Հանդիպումների արդիւնքներով՝ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները հանդէս եկան յայտարարութեամբ, որով կոչ արեցին կողմերին՝ «անյապաղ դադարեցնել հանդէս գալը ցանկացած յայտարարութեամբ, ըստ որի՝ պատերազմը կարող է հակամարտութեան լուծման միջոց լինել»։
Համարելով, որ բանակցութիւնների վերջին երեք տարում կողմերին յաջողուել է զգալիօրէն մերձեցնել դիրքերը, միջնորդները կարծում են, որ եկել է մնացած վերջին տարաձայնութիւնները յաղթահարելու ժամանակը։
«Դրա համար համանախագահներն առաջարկեցին փոխադարձաբար ընդունելի եւ անաչառ լուծումներ։ Կողմերին յանձնուող հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը քննարկուել է Մոսկուայում, Փարիզում եւ Ուաշինկթընում, ինչպէս նաեւ ԵԱՀԿում՝ իբրեւ ապագայ կարգաւորման առաւել կենսունակ հիմք»։ Միջնորդները հակամարտութեան կողմերին առաջարկեցին բանակցութիւնների ներկայ փուլն աւարտել հիմնական սկզբունքներին հաւանութիւն տալով եւ անյապաղ անցնել նոր փուլի՝ համընդգրկուն խաղաղ համաձայնութեան նախագծի մշակմանը»։
Կարող է թուալ, թէ դաւադիր ի՞նչ կայ այստեղ։ Առաջին անգամ չեն փորձում նորի տեղ մատուցել լաւ մոռացուած հինը։ Բացի դրանից, չէ՞ որ ԵԱՀԿին ու համանախագահներին հարկաւոր է անցնող տարին եզրափակել եթէ ոչ մեծ ձեռքբերումների, ապա, ծայրայեղ դէպքում, բուռն գործունէութեան ցուցադրութեամբ։ Գոնէ թէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչութեամբ։
Միւս կողմից՝ դատապարտելի ոչինչ չկայ, որ միջնորդները հակամարտութեան կողմերին կոչ են անում հրաժարուել զինապաշտական նկրտումներից (չնայած կարող էին նաեւ մասնայատուկ նշել, որ նմանատիպ տրամադրութիւններով տառապում է հէնց Ատրպէյճանը), ինչպէս նաեւ՝ որ համանախագահները ձգտում են բանակցութիւնների շարունակականութիւնն ապահովել ապագայում՝ Հայաստանում եւ Ատրպէյճանում նախագահական ընտրութիւնների անցկացումից յետոյ։ Սակայն հէնց այստեղ էլ սկսւում է ամենահետաքրքիրը։
Համանախագահները յատուկ նշեցին, որ յուսով են, թէ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները կարող են այդ հարցերը լուծել մինչեւ նախագահական ընտրութիւնները։ «Մենք ցանկանում ենք, որ մինչ ընտրարշաւների սկիզբը նրանք համաձայնութեան գան հիմնարար սկզբունքների շուրջ», յայտարարեց ՄԽում ԱՄՆ նախագահ Մէթիու Պրայզան։
Հաշուի առնելով այն հանգամանքը, որ նախագահական ընտրութիւնները Հայաստանում տեղի են ունենալու Փետրուարի 19ին, իսկ Ատրպէյճանում՝ միայն եկող տարուայ աշնանը, այդ յայտարարութիւնը բաւական տարօրինակ հնչեց։ Բայց մի քանի օր անց զրուցասէր Պրայզան փակագծերը բացեց է՛լ աւելի տարօրինակ արտայայտութեամբ. «Ղեկավարի փոփոխութիւնը աշխարհի ցանկացած երկրում, բնականաբար, ունի կամ կարող է ազդեցութիւն ունենալ բանակցութիւնների վրայ։
«Միւս կողմից, մենք ակնկալում ենք, որ մեծ փոփոխութիւն չի լինի Ատրպէյճանի առումով։ Հնարաւոր է՝ լինեն ինչինչ թեկնածուներ, բայց իրավիճակն այստեղ պարզ է, կարելի է ասել՝ արդէն յայտնի է, թէ ով է լինելու նախագահը։ Հայաստանում արդէն կան մի քանի թեկնածուներ, բայց նրանք բոլորը, որքան գիտեմ, պաշտպանում են այդ գործընթացը», ասաց նա Dey.az-ին տուած հարցազրոյցում։
Ուշիմ ընթերցողն անմիջապէս կը նկատի տրամաբանական անհամապատասխանութիւնը այդ արտայայտութեան կառուցման մէջ եւ ճիշդ կը լինի։ Ամերիկացի դիւանագէտի խօսքի վերջին նախադասութիւնն ակնյայտօրէն հակադրւում է երկու նախորդներին։ Բանն այն է, որ ատրպեճանական գործակալութեան կայքէջում տեղակայուած հարցազրոյցի առաջին տարբերակում վերջին նախադասութիւնը հնչում էր այսպէս. «Հայաստանում կան որոշ թեկնածուներ, բայց նրանք բոլորը չէ, որ, որքան ես գիտեմ, պաշտպանում են այդ գործընթացը»։
«Չէ» մասնիկը հանուեց հարցազրոյցի հրատարակումից մի քանի ժամ անց։ Դատելով այն բանից, որ դրանից յետոյ արտայայտութիւնը դարձաւ անտրամաբանական, դա ոչ թէ լրագրողի վրիպակն էր, այլ կողքից եկած (աւելի շուտ՝ Պաքւում ԱՄՆ դեսպանատնից) արժէքաւոր ցուցմունք էր արտայայտութիւնը սրբագրելու մասին։
Մեծ վստահութեամբ կարելի է ասել, որ պրն. Պրայզան եւ ի դէմս նրա՝ միջնորդները ուշի-ուշով հետեւում են Հայաստանի նախընտրական գործընթացներին, եւ նրանց ուշադրութիւնից չի վրիպել ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արմէն Մելիքեանի այն յայտարարութիւնը, որով նա ասում էր, թէ ինքը մտադիր է առաջադրուել Հայաստանի նախագահի պաշտօնում, եւ հանդէս եկաւ Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԼՂՀ Պաշտպանութեան բանակի վերահսկողութեան տակ անցած տարածքները յանձնելու դէմ։ Ա. Մելիքեանը համարում է, որ այդ տարածքները պէտք է պատկանեն Ատրպէյճանից հայ փախստականներին, իսկ Հայաստանը, ամէն ինչից զատ, պէտք է բանակցութիւններ սկսի Լեռնային Ղարաբաղի հետ ԼՂՀի ճանաչման հարցի շուրջ։
«Չէ» մասնիկի հետ կապուած խորհրդաւոր պատմութիւնը կարող է նաեւ նշանակել, որ միջնորդները չեն ցանկանում ուշադրութիւնը կենտրոնացնել կարգաւորման հարցում ՀՀ նախագահի այն թեկնածուների՝ այդ կարգի մօտեցումների վրայ, ում դիրքորոշումը չի համընկնում, այսպէս կոչուած, շրջանակային համաձայնագրում նշուած սկզբունքների հետ, բայց, ամէն դէպքում, ձգտում են Հայաստանի ապագայ նախագահին կանգնեցնել կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին ստորագրուած փաստաթղթի առկայութեան փաստի առաջ։
Իսկ այդ սկզբունքները, դատելով բազմաթիւ տեղեկատուական հոսքերից, ենթադրում են, մի կողմից, ղարաբաղեան զօրքերի դուրսբերում ԼՂՀի շուրջ շրջաններից եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում այնտեղ, միւս կողմից՝ Ատրպէյճանի համաձայնութիւնը Լեռնային Ղարաբաղում ԼՂ կարգավիճակի հարցով լրացուցիչ հանրաքուէ անցկացնելու համար։
Միջնորդների նման կեցուածքը ուրիշ կերպ, քան սադրիչ՝ չես անուանի։ Նրանք առաջին տարին չէ, որ կոչեր են հնչեցնում ռազմաշունչ յայտարարութիւններով հանդէս գալը դադարեցնելու, ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու մասին։ Այդ կոչերի մասնայատուկ հասցէատերը յայտնի է՝ Ատրպէյճանը, սակայն համանախագահների յայտարարութիւններում նա չի նշւում, ըստ այդմ էլ՝ դրանք ականջաթող է անում ու շարունակում իրենն անել՝ հակահայկական քարոզչութիւն հրահրել իր երկրում եւ միջազգային ատեաններում։
Ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր տարիներին Պաքուն երբեւէ չի պատժուել կրակի դադարեցման մասին պայմանաւորուածութիւնները, իսկ հետագայում՝ փաստաթղթօրէն ամրագրուած կրակի դադարեցման դրութիւնը բազմիցս խախտելու համար։ Միջազգային կազմակերպութիւններն անգամ չեն կարողանում Ատրպէյճանին ստիպել Նախիջեւանի տարածք թողնել հայկական յուշարձանների վիճակի փաստահաւաք առաքելութիւններին։
Այդ իրավիճակում Հայաստանի կողմից որեւէ համաձայնագրի (թէկուզ՝ շրջանակային) ստորագրումն անասելի յիմարութիւն կը լինի։ Եթէ միջնորդներն այդքան ցանկանում են ապահովել խաղաղ գործընթացը Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահական ընտրութիւններից յետոյ, թող պատրաստեն կողմերի համապատասխան պարտաւորութիւններով փաստաթուղթն այդ առնչութեամբ։ Կարող են նաեւ կողմերին պարտաւորեցնել չվերսկսել ռազմական գործողութիւնները եւ շարունակել խաղաղ գործընթացը։
Իսկ Ատրպէյճանի կողմից բացայայտ թշնամական գործողութիւնների պայմաններում Հայաստանին աւելի լուրջ փաստաթղթեր ստորագրել ստիպելն աւելի շատ նման է Հայաստանին միակողմանի, ըստ էութեան՝ զիջումներ պարտադրելու եւ հակամարտութիւնը թէժ փուլ տեղափոխելու ձգտման։ Աւելին՝ ստեղծուած իրավիճակը յիշեցնում է 1996թ. ԵԱՀԿ տխրահռչակ լիզպոնեան գագաթաժողովը, երբ Հայաստանի նախագահին ստիպում էին հայկական կողմի համար անընդունելի փաստաթուղթ ստորագրել։
Ճիշդ է, Լիզպոն-96ը տեղի ունեցաւ նոյն թուականին Հայաստանում կայացած նախագահական ընտրութիւններից յետոյ, որոնք միջազգային դիտորդները ճանաչեցին «ազատ, բայց անարդար»։ Կարծում ենք՝ այն ժամանակ միջազգային հանրութիւնը Վազգէն Մանուկեանի յաղթանակը չճանաչեց միայն այն պատճառով, որ Լիզպոնում նրան պէտք էր Հայաստանի թուլացած, ընտրութիւններին «չհամապատասխանող» նախագահ։
Այդ առումով Մատրիտ-2007ը շատ է յիշեցնում Լիզպոն-96ը։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: