Չաւախքում այս շաբաթ մեծ հանդիսաւորութեամբ բացուեց հերթական երիտասարդական կենտրոնը։ Այն իրականացաւ Հայ օգնութեան միութեան Չաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախմբի միջոցով, Ամերիկայի Արեւմտեան շրջանի ՀՕՄի «Չաւախք» հիմնադրամի օժանդակութեամբ։ Հայ երիտասարդական կենտրոն Չաւախքում առաջին անգամ բացուել է Ախալցխայում շուրջ մէկ տարի առաջ, եւ այժմ արդէն այն լիարժէք ծառայում է իր նպատակին՝ օժանդակելով ջաւախահայ երիտասարդութեան հայապահպան գործունէութեանը։
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՒԱՔԱՏԵՂԻ
ՀՕՄի Չաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսեանը հայ երիտասարդական կենտրոնի բացման արարողութեան ժամանակ շնորհաւորելով ջաւախահայերին՝ նշեց, որ կենտրոնը դառնալու է հայ երիտասարդութեան համախմբման, հայապահպան գաղափարների տարածման, հայրենասիրութեան դաստիարակութեան հաւաքատեղի։
Ըստ նրա՝ Չաւախքի օժանդակութեան ընդհանուր ծրագրի բաղադրիչներից մէկը երիտասարդական կենտրոնների ստեղծումն է. «Յանձնախումբը նպատակադրուել է այսպիսի կենտրոններ ունենալ Չաւախքի տարբեր շրջաններում։
«Մէկ տարի առաջ նմանատիպ կենտրոն բացեցինք Ախալցխայում, որը ծառայեց իր նպատակին եւ այսօր շատ աշխոյժ գործում է։ Փոկայում արդէն իսկ պատրաստ է երիտասարդական կենտրոնը, պարզապէս եղանակային պայմաններից ելնելով՝ այժմ չենք կարող այնտեղ լինել։
«Հերթական կենտրոնը կը բացուի Նինոծմինդայում։ Երիտասարդական կենտրոններ հիմնելով՝ նպատակ ունենք մեր երտասարդութեանը կապել այս հողին, դաստիարակել հայրենասիրութեամբ, ընդհանրապէս հաղորդակից դարձնել բարձր արհեստագիտութեանը, հնարաւորութիւն տալ օգտուելու հաղորդակցման ժամանակակից բոլոր միջոցներից, միաժամանակ իրենց ազատ ժամանակը աշխոյժ ու բովանդակալից անցկացնել։ Կարծում եմ, որ մենք մեր նպատակին կը հասնենք»։
Նա յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց երիտասարդական կենտրոնների ստեղծման գաղափարն առաջարկողներին, հովանաւորներին, այն պատասխանատուներին, ովքեր կազմակերպել են կարեւորագոյն այդ աշխատանքը, շինարարներին, ովքեր հոգատար վերաբերմունքով կարողացան մի քանի ամսում աւարտին հասցնել շէնքի կառուցումը։
Ամերիկայի Արեւմտեան շրջանի Հայ օգնութեան միութեան եւ «Չաւախք» հիմնադրամի անունից ջաւախահայերին ողջունեց Հայկուշ Քոհլըրը՝ համարելով, որ ՀՕՄի մարդասիրական եւ բարեսիրական ծառայութիւններում պատմական օրերից մէկն է այս երիտասարդական կենտրոնի բացումը։
«Տարիուկէս առաջ բացեցինք Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնը, որը երիտասարդութեան հաւաքավայրն է՝ օժտուած համակարգչային ցանցով, գրադարանով, այլ յարմարաւէտ պայմաններով. նպատակ ունէինք հայ երիտասարդներին համախմբել, ընձեռել շփուելու հնարաւորութիւն աշխարհի իրենց տարեկից երիտասարդների հետ», ասաց Հ. Քոհլըրը, ում խօսքերով՝ ՀՕՄի ոչ միայն Ամերիկայի Արեւմտեան յանձնախումբը, այլեւ բոլոր շրջանների յանձնախմբերը ջաւախահայութեան հարցը համարում են իրենց օրակարգային առաջնահերթ խնդիրը։
Նրա հաւաստմամբ՝ ՀՕՄի «Չաւախք» յանձնախմբի ժրաջան ու մեծ նուիրումով սկսած աշխատանքն այդքանով չի ամփոփւում.
«Խոստանում ենք յանձնախմբի այլ ծրագրերի շարքում նոյնանման կենտրոններ բացել Չաւախքի տարբեր շրջաններում, քանի որ հայապահպանութեան հարցը այստեղ համարում ենք հրատապ։
«Բոլոր միջոցառումներն իրագործելի են դառնում մեր հասութաբեր ձեռնարկումների միջոցով, որոնց աշխուժացման համար մենք միշտ նոր գումարներ հայթայթելու ծրագրեր ենք կազմում։ Դրամահաւաքի աշխատանքներին մասնակցում են նաեւ մեր արեւմտեան շրջանի բոլոր ազգային վարժարանների աշակերտները։ Մատաղ սերնդին մենք այս կերպ հաղորդակից ենք դարձնում Չաւախքի իրենց տարեկից երտասարդների կեանքին ու կենցաղին»։
Հ. Քոհլերը քաջատեղեակ է ջաւախահայութեան մտահոգութիւններին։ Իրեն նոյնպէս մտահոգում է հայաթափման վտանգն իր բազմաթիւ դրսեւորումներով, իրենք իրազեկ են տիրող տնտեսական ճգնաժամային վիճակին, ուստի, նրա հաւաստմամբ, ՀՕՄի «Չաւախք» հիմնադրամի գործունէութիւնը պիտի շարունակուի առաւել թափով, շնորհիւ մեր ազգասէր, նուիրատու ժողովրդի, առանց որի հայանպաստ ծրագրերի՝ այսպիսի ձեռնարկների իրականացումն անհնար կը լինի։
ՀՕՄի Չաւախքի գրասենեակի ատենապետուհի Սեդա Մելքումեանն իր հերթին համոզմունք յայտնեց, որ կենտրոնը կը կարողանայ դառնալ երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման վայր. «Յոյս ունեմ, որ կենտրոնը կը կարողանայ հաւաքել Ախալքալաքի շրջանի ե՛ւ հեռաւոր գիւղերի, ե՛ւ քաղաքի երիտասարդներին՝ նրանց համար լինելով կրթամշակութային զարգացման կենտրոն»։
Արեւմտեան Ամերիկայից մեր հայրենակից Աւետիք Իզմիրլեանը եւս ողջունեց ՀՕՄի «Չաւախք» հիմնադրամի այս նախաձեռնութիւնը, որովհետեւ՝ «Շէնքն իրօք պիտի լինի հաւաքատեղի ջաւախահայ երտասարդների համար, որպէսզի նրանք իրենց գործունէութիւնը ծաւալեն։ Երկու օր շարունակ այստեղ ենք։ Եղել ենք գիւղերում, ականատես եղել մարդկանց դժուար առօրեային, գիտենք մի շարք դժուարութիւնների մասին։ Հետեւողական պիտի լինենք, որ կարողանանք պայքարել ու ապրել այս հողում»։
Կենտրոնին յարատեւութիւն մաղթեց Ախալքալաքի հոգեւոր հովիւ Սամուէլ քահանայ Թորոսեանը. «Շատ ուրախ ենք երիտասարդական կենտրոնի բացման առիթով։ Չաւախահայութիւնն 90 տոկոսով գործազուրկ է, չկան աշխատատեղեր, եղածի դէպքում էլ վրաց լեզուի չիմացութիւնը խոչընդոտում է դրանք զբաղեցնելուն։ Երիտասարդների համար այս կենտրոնը զբաղմունքի լաւ միջոց է։
«Վստահ ենք, որ ինչպէս եկեղեցին, այս կենտրոնն էլ հայանպաստ գործունէութիւն կը ծաւալի Չաւախքում»։
Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնի տնօրէն Նայիրի Մնացականեանը կենտրոնի առաքելութիւնը հիմնականում համարում է երիտասարդութեանը մէկ ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբելը, պատանիների եւ երիտասարդների շրջանում հայրենանուէր աշխատանքներ ծաւալելը։
«Կենտրոնը զբաղուելու է դաստիարակչական գործունէութեամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծմամբ, հայ մշակոյթի դասաւանդմամբ։ Ախալցխայի կենտրոնը շատ լաւ գործում է, իր շուրջն է համախմբել երիտասարդներին։ Կարծում եմ՝ մենք եւս կը յաջողենք», ասաց Ն. Մնացականեանը՝ ջաւախահայ երիտասարդների ամենամեծ խնդիրը համարելով աշխատատեղերի բացակայութիւնը, դրանով պայմանաւորուած՝ երիտասարդների արտագաղթը։
Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ
Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնի բացման ընթացքում ականատես եղանք ջաւախահայերի հերթական հայանպաստ, կարելի է ասել՝ եղած պայմաններում հերոսական գործին. աշուղ Ալիկ Քսպոյեանը երեք ամիս է՝ աշուղական համոյթ է հիմնել եւ շուրջ քառասուն սան ունի, ովքեր չնայած կարճ ժամանակահատուածին ու պարապմունքների համար դժուարին պայմաններին՝ հոյակապ երգում են մեր ազգային, աշուղական երգերն ու հայերէն ստեղծագործութիւններով հիացնում բոլորին։
«Շատ վատ պայմաններում ենք գործում, ՀՕՄն է միայն դաշնամուր նուիրել մեզ, եւ եթէ թէկուզ մի փոքր օգնութիւն լինի, շատ բանի կը հասնենք, քանի որ մեր սաները տաղանդաշատ են», վստահեցնում է Ա. Քսպոյեանը։
Հայաստանից Չաւախք մշակութային միջոցառումների գրեթէ բացակայութեան մասին է խօսում Ախալքալաքի քաղաքային լիազօր Արարատ Քամալեանը. «Այդպիսի նախաձեռնութիւնների կարիքը մեզանում շատ է զգացւում։ Չաւախքին յուզում է նաեւ լեզուի հարցը, որպէսզի հայ մանուկը խօսի հայերէն, այլապէս, եթէ կորցրինք մեր լեզուն, կը կորցնենք մեր ամէն ինչը։
«Չաւախքում իրավիճակն ինչ-որ չափով հանդարտ է։ Ամէն ինչ կախուած է նրանից, թէ ինչ ընթացք կ’ունենայ 2008ի Յունուարի 5ին Վրաստանի նախագահական ընտրութիւնը», ասում է Ա. Քամալեանը՝ ներկայացնելով, որ այնուամենայնիւ, շրջանում որոշակի աշխատանքներ կատարուել են Վրաստանի իշխանութիւնների կողմից. «Օրինակ՝ ճանապարհների շինարարութիւնը, փողոցների լուսաւորումը, շուտով կազ կը մատակարարուի, որը մինչ այս երբեւէ չի եղել։
«Չնայած սրան՝ Չաւախքը հայաթափւում է, ներդրումների կարիք կայ։
Ապրուստի միջոց չունենալով՝ մարդիկ մեկնում են արտագնայ աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան»։
Ըստ նրա՝ Չաւախքի մօտ 30 տոկոսն արդէն հայաթափուել է։ Հիմա Ախալքալաքում մօտ 40 հազար հայ կայ, ընդհանուր Չաւախքում՝ շուրջ 70 հազար, մինչդեռ մի տասը տարի առաջ աւելի քան 130 հազար էր հայերի թիւը։ Արտագաղթի պատճառը ընկերային իրավիճակն է. հնարաւորութիւն չկայ ապրելու, նաեւ չեն զգում հարկաւոր աջակցութիւնը հայրենիքից։
Շարունակելով ներկայացնել իրավիճակը՝ Ա. Քամալեանը նշեց, որ դասագրքերի կարիքը ինչ-որ չափով լուծւում է, բայց հազուադէպ մշակութային, մարզական միջոցառումները հոգեբանօրէն ճնշուածութիւն են առաջացնում տեղացիների շրջանում։
«Անհրաժեշտ է աւելացնել դրանց թիւը։ Կենտրոնի բացումը, օրինակ, հսկայական օգնութիւն է Չաւախքին. երիտասարդները կը զբաղուեն, կը կտրուեն փողոցից։ Իմ մեծագոյն ցանկութիւնն է, որ գայ ժամանակ, երբ Չաւախքն էլ իր հերթին օգնի մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր ծայրերում», այսպիսին է Ա. Քամալեանի ցանկութիւնը։
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ
Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով ընտրուած Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Համլէթ Մովսիսեանին հանդիպեցինք իր աշխատասենեակում, քանի որ, ինչպէս ողջ Վրաստանում, այստեղ եւս նախապատրաստւում են նախագահական ընտրութիւններին։ Հ. Մովսիսեանը սատարում է գործող իշխանութիւններին՝ ի դէմս Միխայէլ Սահակաշւիլու՝ հանդիսանալով նրա նախընտրական շտաբի պետը Ախալքալաքում։
«Մեր ակնկալիքները նախագահական ընտրութիւններից մեծ են։ Ես չգիտեմ՝ այս ընտրութիւններն ինչպէս կ’անդրադառնան ջաւախահայութեան վիճակի վրայ, եթէ չընտրուի Սահակաշւիլին, քանի որ պարզ չի լինի, թէ ինչպիսի ընթացք կը ստանան արդէն սկսուած աշխատանքները, պայմանաւորուածութիւնները։
«Մեր ժողովրդի ամենացաւալի հարցերից մէկը աշխատատեղերի բացակայութիւնն է, որովհետեւ Չաւախքում չկան գործարաններ, ձեռնարկութիւններ։ Մեր ժողովրդի զբաղուածութիւնը եկող տարի որոշակիօրէն կը լուծուի շինարարութեան բնագաւառում նրանց ներգրաւելով։
«Վրաստանի իշխանութիւնն այժմ արդէն սկսել է կազի շինարարութիւնը, եւ յոյս ունենք, որ մինչեւ եկող տարուայ Հոկտեմբեր տարածաշրջանը կազ կ’ունենայ, իսկ այդ աշխատանքներում մեր հայրենակիցները կ’ընդգրկուեն», ասաց պատգամաւորը։
Նրա ներկայացմամբ՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Վրաստանում հազարամեակի զարգացման ծրագրի շրջանակներում սկսուել է մեծ ճանապարհաշինարարութիւն Սամցխէ-Չաւախեթի տարածքում, զուգահեռաբար շինարարութիւն է սկսուելու Թիֆլիս-Ծալկա-Նինոծմինդա հատուածում, նաեւ կը վերակառուցուի Նինոծմինդա-Աշոցք ճանապարհը։
Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել, որ շինարարական աշխատանքներին ջաւախահայերը մասնակցեն, քանի որ այսօր 25-40 տարեկան աշխատուժը Չաւախքի տարածքում մեծ տոկոս է կազմում։
«Խնդիրն այն է, որ ձեռնարկութիւններ չկան, մարդիկ պիտի շինարարութեամբ զբաղուեն, քանի որ կլիմայական պայմաններից կախուած, երբ ութ ամիս ձմեռ է, հիմնականում անասնապահութեամբ ու հողագործութեամբ են զբաղւում։ Այս տարի, ի դէպ, կարտոֆիլի լաւ բերք է ստացուել, որը լաւ կը լինէր՝ Հայաստանի շուկաներում եւս սպառուէր։ Ցանկալի է, որ մաքսազերծումը ցածր արժէք ունենայ, որ շահաւէտ լինի տարհանումը։
«Մենք համագործակցում ենք նաեւ հասարակական, քաղաքական կազմակերպութիւնների հետ, եթէ, ի հարկէ, տեսնում ենք առողջ մտածելակերպ, ընդհանուր եւ ազգային շահերի արծարծում նրանց կողմից։ Ի վերջոյ, Վրաստանի Հանրապետութիւնում գործող սահմանադրութեան շրջանակներում պիտի մեր հարցերը բարձրացնենք, որպէսզի չվնասենք ո՛չ մեր ազգային շահերին, ոչ էլ Վրաստանի։
«Վերջերս խնդիր ենք ունեցել՝ կապուած վրաց լեզուի հետ, քանի որ քննութիւն յանձնելով՝ հայկական դպրոցների տնօրէնները առայժմ լաւ չեն տիրապետում վրացերէնին։ Մենք այդ հարցը բարձրացրինք խորհրդարանում եւ կառավարութիւնում, արդիւնքում համաձայնութիւն ստացանք քննութիւնը յետաձգելու, որպէսզի մեր տնօրէնները ժամանակ ունենան լիարժէք տիրապետելու վրացերէնին, որն այս երկրի պետական լեզուն է», ասում է Հ. Մովսիսեանը՝ հաւատացնելով, որ հայկական դպրոցների փակման վտանգ այստեղ չկայ, եւ բոլոր դպրոցները ֆինանսաւորւում են պետութեան կողմից։ Ինչպէս այս տարի, յաջորդ տարի եւս պետութիւնը դպրոցների վերանորոգման եւ կառուցման ծրագիր կ’իրականացնի։
«Այս տարի մենք երեք նոր դպրոց ենք կառուցել՝ Կոթելիա գիւղի միջնակարգ դպրոցը, Հոքամի ու Բուռնաշեթ գիւղերում՝ բոլոր յարմարութիւններով։ Այս տարի վերանորոգուել է շուրջ վեց դպրոց՝ Թումանեանի անուանը, Դեմիրճեանի անուանը եւ այլն։ Այս տարուայ Դեկտեմբերի մէկից բարձրացւում է ուսուցիչների աշխատավարձը՝ միջին աշխատավարձը կը կազմի 200 լարի՝ 40,000 դրամ։ Միաժամանակ, բուժապահովագրում է իրագործւում, որ ուսուցիչները բուժուեն անվճար։
«Վրաստանի խորհրդարանում բազմիցս բարձրացնում ենք հարցեր, որոնք երբեմն սպառիչ պատասխան են ստանում, երբեմն՝ ոչ։
«Այս չորս տարիների ընթացքում որոշ լաւ գործեր, անտարակոյս, իրականացուել են։ Ցաւալի մի հարց կայ, սակայն, կապուած Վրաստան-Ռուսաստան յարաբերութիւնների հետ, քանի որ մեր քաղաքացիներից շատերը հիմնականում արտագնայ աշխատանքի են մեկնում, բայց հիմա, երբ վիզային համակարգը ներդրուեց Ռուսաստանի կողմից, դժուարացաւ մեր հայրենակիցների տեղաշարժը», պատմում է Վրաստանի հայազգի պատգամաւորը, ով իր քաղաքական դիրքորոշումը մեկնաբանում է այսպէս. «Վրաստանում աշխոյժ քաղաքական գործունէութիւն է ծաւալւում։
«Եթէ ընդամէնը մի քանի ամիս առաջ պաշտօնները թողած նախարարները անցնում են ընդդիմութեան կողմը, ես նրանց չեմ համարում իրական ընդդիմութիւն։ Նրանք այն մարդիկ էին, ովքեր պատասխանատու էին երկրի համար, զբաղեցնում էին բարձր պաշտօններ, իսկ պաշտօնից զրկուելուց յետոյ նոր միայն քննադատում են. թող մինչ այդ վարուէին այդպէս»։
Նշենք, որ ի լրումն ասածի՝ Հ. Մովսիսեանը ուրախութեամբ փաստեց, որ Չաւախքում այս տարի ծնունդների աճի միտում է նկատուել։
ՀԱՅԵՐԷՆԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ ՇՐՉԱՆՈՒՄ
Ախալքալաքի քաղաքապետական խորհրդի նախագահ Խաչատուր Այվազեանը իրենց կարեւորագոյն ձեռքբերումներից մէկը համարում է Ախալքալաք-Ախալցխա ճանապարհահատուածի վերանորոգումը, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Տնտեսական խնդիրները ներկայացնելով՝ նա ասաց, որ իրենց հողերի 30 տոկոսն է ջրւում, քանի որ չկան ջրի մղիչներ։
«Եթէ այդպիսիք լինեն, Չաւախքում նորից կ’աւելացնենք մշակելի հողերի տարածքները, նաեւ աշխատատեղեր կ’ապահովենք։ 2008 թուականին գիւղատնտեսական հողերը ջրելու համար ջրի մղիչներ կը տեղադրուեն։
«Մեր տեղական ամավարկում եկող տարուանից տարեցների համար ունենք սննդի օգնութեան յատուկ ծրագիր։ Ներկայումս միանուագ օգնութիւն ենք տալիս, չնայած՝ դրա ծաւալը փոքր է։
«Այս տարի Չաւախքում իւրաքանչիւր ընտանիքի՝ ամէն մի ծխի, տալիս ենք մի պարկ ալիւր եւ հինգ խորանարդ մեթր վառելափայտ։
«Շատ ուրախ եմ ՀՕՄի բարեգործական գործունէութեան համար, այն իրօք մեծ ծաւալի օգնութիւններ է ցուցաբերում մեզ ոչ միայն երիտասարդական, այլեւ առողջապահութեան ոլորտում»։
Քաղաքապետարանը ցանկանում է հայոց լեզուն Չաւախքում երկրորդ պետական լեզուն դարձնել։
Այդ նպատակով բազմաթիւ հանդիպումներ են ունենում Վրաստանում գործող լեզուի, մշակութային հարցերով զբաղուող կառավարական ու ոչ կառավարական կազմակերպութիւնների հետ, որպէսզի համատեղ կազմուի համապատասխան ծրագիր եւ ներկայացուի միջազգային կազմակերպութիւններին։
Յ.Գ.- Չաւախահայերն առանձնանում են իրենց տոկունութեամբ, ազգային գիտակցութեան բարձր մակարդակով, յանուն հայապահպանութեան պայքարի աննկուն կամքով ու տոկունութեամբ։ Դաժան բնակլիմայական պայմաններում կոփուած՝ նրանք ունեն ուժեղ բնաւորութիւն ու կարեւոր սկզբունքներ՝ հայրենասիրութիւնը վեր է ամէն ինչից ու պիտի կառչեն հայրենի հողին՝ անկախ ցանկացած խոչընդոտից։ Նրանց պարզապէս հայրենիքի աջակցութիւնն է պէտք, գիտակցումը, որ իրենք մենակ չեն։ Ու կարճ ժամանակ անց այս մարդիկ իրօք իրենք կարող են շատ հարցերում օգնել Սփիւռքի մեր հայրենակիցներին։