«Ռատար Արմինիա»ն Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Անի Բադալեանին հարցուց վերջին օրերուն Ատրպէյճանէն, մասնաւորաբար երկրի նախագահին եւ գլխաւոր դատախազին կողմէ մեկնաբանութիւններուն մասին, ըստ որոնց, իբր թէ Հայաստան հրաժարած է անհետ կորսուած անձերուն մասին տեղեկութիւն տրամադրել. Բադալեան պատասխանեց՝ ըսելով. «Հայաստանը մշտապէս շահագրգռուած է եղել հումանիտար (մարդասիրական) բոլոր խնդիրների, այդ թւում` անյայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով: Հարկ է ընդգծել, որ 90ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անյայտ կորածներ: Հաշուի առնելով խնդրի մարդասիրական կողմը` հայկական կողմը միակողմանիօրէն իրականացրել է ադրբեջանցի անյայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղուած աշխատանքներ եւ պատրաստակամութիւն է յայտնել համագործակցել խնդրի հասցէագրման ուղղութեամբ: Աւելին, այդ թւում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցութեան արդիւնքում ադրբեջանական կողմին նախորդիւ փոխանցուել են թէ՛ անյայտ կորած համարուող անձանց մասունքներ, թէ՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկայ յստակ տեղեկութիւններ: Անյայտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամութեան մասին է վկայում այն փաստը, որ հայկական կողմը համաձայնութիւն էր յայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովների ձեւաչափով 2024 թուականի Մայիսին նախատեսուած հանդիպման առաջարկին: Այդ հանդիպումը, ցաւօք, չկայացաւ ադրբեջանական կողմի մերժման պատճառով: Ադրբեջանի ռազմական յարձակումների հետեւանքով բազմաթիւ մարդիկ ենթարկուել են նաեւ բռնի անհետացման: Կան բազմաթիւ վկայութիւններ, այդ թւում` տեսանիւթեր եւ ձայնագրութիւններ, որոնք հաստատում են այս մարդկանց գերեվարումը: Չնայած այս ակնյայտ ապացոյցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը եւ չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մարդու իրաւունքների միջազգային կառոյցների հետ: Դրա վառ օրինակներից է ՄԱԿ մարդու իրաւունքների բարձր յանձնակատարի գրասենեակի կայքէջում 2024 թուականի Սեպտեմբերի 27ին հրապարակուած նամակը, որը վերաբերում է 2020 թուականի Հոկտեմբերի 21ին Զանգիլանում Ադրբեջանի զինուած ուժերի կողմից գերեվարուած եւ բռնի անհետացած 23 հայ զինծառայողների եւ 1 քաղաքացիական անձի դէպքին»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.