Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան «Նիուզուիք» ամերիկեան թերթին մէջ հրապարակած է յօդուած մը՝ «Ստիպէք Ատրպէյճանին Ազատ Արձակել Հայ Քաղբանտարկեալներին COP29-ին Ընդառաջ» խարագիրով:
«Ժամանակը կարճ է. ԱՄՆն, Եւրամիութիւնը, ժողովրդավարական կազմակերպութիւնները պէտք է առաջնորդութիւն ստանձնեն՝ օգտագործելով COP-29-ը որպէս լծակ՝ պահանջելու ազատ արձակել հայ բանտարկեալներին: Ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացուած (փտած) եւ ագրեսիւ ռեժիմներից (յարձակողապաշտ վարչակարգերէն) մէկն է: Այսպիսով, որպէս 1998-2008թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար, որը տասնամեակներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան շուրջ բանակցութիւններ վարելով՝ ԱՄՆի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի աջակցութեամբ, աշխարհին կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ շտկելու իր ուղին: Ադրբեջանը խաղաղութիւն չի փնտռում իր հարեւանների, այդ թւում՝ Հայաստանի հետ: Եթէ Ադրբեջանն իսկապէս հաւատարիմ լինէր խաղաղութեանը, ապա կը դադարէր ջնջել հայկական մշակութային եւ պատմական ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում, կը հրաժարուէր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական յաւակնութիւններից, կը հեշտացնէր Լեռնային Ղարաբաղի տեղահանուած բնակչութեան վերադարձն իրենց նախնիների հայրենիք եւ անյապաղ ազատ կ՛արձակէր Արցախի նախկին ղեկավարութեանը՝ քաղբանտարկեալների, որոնց պատանդառել է մէկ տարի առաջ», իր յօդուածին մէջ գրած է Օսկանեան: