Արցախի քաղաքացիները Միջազգային Քրէական դատարանի դատախազին ներկայացուցին հետեւեալ դիմումը.
«Մենք` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս եւ այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով` սկսել 2020 թուականի Սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների քննութիւնը:
«Ինչպէս յայտնի է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութեան) ժողովրդի դէմ 2020 թուականի Սեպտեմբերի 27ից մինչեւ 2023 թուականի Հոկտեմբերի 4ը իրականացուած լայնածաւալ ռազմական ագրեսիայի (յարձակումի) հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիքական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպուած եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգութիւնը հաշուըւում է մի քանի հազարամեակ: Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրաւուած է Ադրբեջանի զինուած ագրեսիայի (յարձակման), 10ամսեայ պաշարման, էթնիկ (ցեղային) զտումների եւ այլ ցեղասպան գործողութիւնների արդիւնքում:
«2020 թուականի Սեպտեմբերի 27ից Նոյեմբերի 9ը տեղի ունեցած 44օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ յայտարարութիւն, համաձայն որի Ղարաբաղ մտցուեցին ռուսական զօրքեր` որպէս խաղաղ բնակչութեան անվտանգութեան եւ Լաչինի միջանցքի` Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունէութեան երաշխաւոր:
«Չնայած օրէնսդրութեան համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում` ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կազմով, Ռուսաստանը միակողմանիօրէն ներմուծեց զօրքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատեաններում: Ռուսական զօրքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, այդ թւում` ՄԱԿի, ԵՈՆԵՍԿՕի, ԵԱՀԿի, ինչը թոյլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների իրաւունքների խախտումները եւ ցեղասպան գործողութիւնները:
«Խաղաղ բնակիչները, ովքեր լքել էին Ղարաբաղը 2020 թուականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի օկուպացուած (գրաւուած) Ղարաբաղ` ռուսական զօրքերի, անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխիքների ներքոյ, ով հրապարակայնօրէն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգութիւնը: նաեւ գուցէ նշենք էլի Պուտինի խօսքը` ղարաբաղցիները Ղարաբաղում կ՛ապրեն արժանապատուօրէն 2023 թուականի Սեպտեմբերի 19ի ագրեսիան եւ հայ բնակչութեան տեղահանութիւնը նոյնպէս իրականացուեց ռուսական զօրքերի ներկայութեամբ: Խաղաղ բնակիչները մնացին շրջափակուած Լեռնային Ղարաբաղում առանց միջազգային անվտանգութեան երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին տորպեդահարել (թորփիլահարել) էր: Ռուսական զօրքերը նպաստեցին ղարաբաղեան զինուած ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանութեան իրենց իրաւունքը:
«Այս ամէնը յանգեցրեց խաղաղ բնակչութեան բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թւում` երեխաների, կոլեկտիւ (հաւաքական) եւ մասնաւոր գոյքի կորստին, գերեզմանների եւ հազարամեայ պատմական ժառանգութեան կորստին:
«Փաստերի հաստատման առաքելութիւնը, որն իրականացուել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds-ի կողմից, հաստատել է, որ կան բաւարար ապացոյցներ եզրակացնելու, որ ադրբեջանական իշխանութիւնների եւ զինուորականների կողմից կատարուած գործողութիւնները, ինչպէս նաեւ Առաքելութեան զեկոյցում նշուած այլ արարքները, որը հրապարակուել է «Ինչո՞ւ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են անցագործութիւններ` համաձայն Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութեան, ներառեալ 7րդ յօդուածը (մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ) եւ 8րդ յօդուածը (պատերազմական յանցագործութիւններ), եւ համապատասխանում են բնակչութեան տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը:
«Ադրբեջանի յանցագործութիւնների մասին խօսւում է նաեւ Freedom House միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցներում: Մասնաւորապէս, նշւում է, որ Ադրբեջանը դիտաւորեալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան գոյութիւնը եւ գոյատեւումը: Freedom House-ը հանդէս է եկել մի շարք առաջարկութիւններով, որոնց թւում կազմակերպութիւնն առաջարկում է Միջազգային քրէական դատարանին մանրակրկիտ քննութիւն անցկացնել եւ հնարաւոր քրէական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ կատարուած սարսափելի գործողութիւնների մեղաւորների նկատմամբ: Կազմակերպութիւնը շեշտում է, որ Ադրբեջանի կառավարութիւնը գիտակցաբար եւ համակարգուած կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանում:
https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference
«Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննութիւն եւ գնահատում` միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների խախտումների, մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների առումով, ինչի մասին խօսւում է տարբեր միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների զեկոյցներում:
«1992 թուականին միջազգային հանրութիւնը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ տարաձայնութիւնների առկայութիւնը` ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը: Հայաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան հարցի շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնուելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը կ՛որոշուի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքոյ խաղաղ կոնֆերանսում (խորհրդաժողովին): Երկու պետութիւններն էլ միջազգային պարտաւորութիւն ստանձնեցին հարցը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով:
«Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ` 1991-94թթ., երկրորդ անգամ` 2016թ. Ապրիլին, երրորդ անգամ` 2020թ. Սեպտեմբեր-Նոյեմբերին, եւ, վերջապէս, չորրորդ անգամ` 2023թ. Սեպտեմբերի 19-20ին:
«2022թ. Դեկտեմբերի 12ին սկսուած 10ամսեայ շրջափակման ընթացքում ադրբեջանական ուժերը համակարգուած կերպով ահաբեկում էին հայ բնակչութեանը. Մենք` հայերս, ենթարկւում էինք դաժան հոգեբանական ճնշման.
«-Ադրբեջանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող գազը, կտրեց ելեկտրահաղորդման գծերը` հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր ինտերնետի (համացանցի) մալուխները: Այս բոլոր հաղորդակցութեան միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր: Այսպիսով, հիւանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցւում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, ելեկտրաէներգիա ստանալու համար օգտագործւում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթէ ցամաքեց:
«- Ադրբեջանցիները սպառնում էին հայերին ֆիզիքական հաշուեյարդարով, եթէ մենք` հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան տեքստերով աուդիօ (ձայնային) ձայնագրութիւններ բնակավայրերի մօտակայքում:
«- Արձանագրուել են բազմաթիւ յարձակումներ քաղաքացիական անձանց վրայ, կրակահերթեր հայ ֆերմերների (երկրագործներու) ուղղութեամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում: Այս գործողութիւնները յանգեցրին զոհերի խաղաղ բնակչութեան շրջանում եւ անհնար դարձրին գիւղատնտեսութեամբ զբաղուելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը: Յաճախ նրանք թոյլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահաւաքի սեզոնին (եղանակին) գնդակոծում էին դաշտերը` թոյլ չտալով հաւաքել բերքը:
«- Արձանագրուել են ենթակառուցուածքների ծառայութիւնների աշխատակիցների սպանութիւններ, օրինակ` ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղուող ջրտնտեսութեան աշխատակիցների սպանութեան եւ վիրաւորման դէպքեր: Նաեւ կրակ է բացուել ոստիկանական մեքենայի վրայ եւ սպաննուել են հայ ոստիկաններ:
«- Բազմիցս ադրբեջանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հէնց Լաչինի միջանցքում` ապօրինի հսկիչ կէտում` նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ: Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանայ անօդաչուների եւ պայթող արկերի ձայները:
«Այս ամբողջ կամայականութիւնը հովանաւորւում է Ադրբեջանի ղեկավարութեան կողմից: Ադրբեջանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչութեան համար: Հայերի դէմ վերջին ագրեսիան` 2023 թուականի Սեպտեմբերի 19ին, դարձաւ Ադրբեջանի յանցագործութիւնների գագաթնակէտը: Բնակավայրերը կտրուեցին շրջկենտրոններից, շրջանները` կենտրոնից` Ստեփանակերտից, կապը խզուեց:
«Հայերի բռնի տեղահանումից յետոյ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը պլանաւորուած (ծրագրուած) կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը:
«Հայկական պատմական յուշարձանները կա՛մ ոչնչացւում են եւ ջնջւում երկրի երեսից, կա՛մ իւրացւում:
«Միջազգային դատարանները, այդ թւում` ՄԱԿի Միջազգային դատարանը, բազմիցս պարտաւորեցրել են Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից յետոյ` ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գոյքն ու մշակութային ժառանգութիւնը:
«Ադրբեջանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործութեամբ, այլ նաեւ իր յայտարարութիւններով, այդ թւում` հայերի նկատմամբ ատելութեան հռետորաբանութեամբ:
«Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար յիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ` կատարել Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները: Նման պահանջների բացակայութիւնը տպաւորութիւն է ստեղծում, թէ հայերը 2020 թուականի պատերազմից յետոյ վերադարձել են Ադրբեջանի երաշխիքներով` ինտեգրուելու (համարկուելու) նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտաւորութիւնները:
«Յարգելի Դատախազ,
«Հաշուի առնելով յանցագործութիւնների մասշտաբն ու լրջութիւնը, կան հիմնաւոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարուել են գործողութիւններ, որոնք ընկնում են Միջազգային քրէական դատարանի իրաւասութեան տակ, այդ թւում` պատերազմական յանցագործութիւններ եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ:
«Խնդրում ենք Ձեզ, պարոն Դատախազ, ներկայացուած տեղեկատուութեան հիման վրայ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների պաշտօնական քննութիւն: Ձեր միջամտութիւնը կարող է դառնալ վճռորոշ քայլ` ճշմարտութիւնը եւ արդարութիւնը հաստատելու, մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու եւ ապագայում նման ողբերգութիւնները կանխելու ուղղութեամբ»: