«ԱՍՊԱՐԷԶ.- Յօդուածագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի տեղեկատուական վարչութեան պետն է:
Սոյն թուականի Նոյեմբերի 29ին ԵԱՀԿ Մինսքի խումբը ղարաբաղեան հակամարտութեան կողմերին կոչ է արել աւարտին հասցնել բանակցային գործընթացի առաջին փուլը եւ սկսել խաղաղութեան պայմանագրի նախագծի մշակումը: Այս յայտարարութիւնը հետեւանք է նոյն օրը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից ընդունուած յայտարարութեան, որը նոյնպէս հակամարտութեան կողմերին կոչ է անում մասնայատուկ քայլեր ձեռնարկել հակամարտութեան փոխզիջումային տարբերակ մշակելու ուղղութեամբ:
Թւում է, թէ հակամարտութեան կարգաւորման գործընթացն, իրօք, թեւակոխել է գործնական փուլ, սակայն որոշ երեւոյթներ թոյլ են տալիս ասել, որ այս փուլում դեռեւս վաղ է խօսել հակամարտութեան կարգաւորման հասունութեան մասին:
Ղարաբաղեան հակամարտութեան գործընթացում կարելի է արձանագրել շօշափելի տեղաշարժ միայն այն դէպքում, եթէ առկայ լինեն հետեւեալ պայմանները:
Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը մասնակցում է բանակցային գործընթացին որպէս լիիրաւ կողմ: Եթէ դա տեղի չի ունենում, ապա հակամարտութեան կարգաւորումը դիտարկւում է տարածքային վէճի հարթութիւնում, եւ այս պարագայում Ատրպէյճանը պէտք է պահանջի Արցախի կողմից ազատագրուած տարածքների, ինչպէս նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքների վրայ իր ինքնիշխանութեան վերականգնումը: Ի դէպ, Ատրպէյճանը մինչեւ հիմա առաջնորդւում է հէնց այս սկզբունքով:
Հայաստանն, իր հերթին, այս պարագայում դիտարկւում է որպէս նախայարձակ (ագրեսոր), եւ առաւելագոյնը, ինչին նա կարող է հասնել, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի յարգումն է անորոշ ապագայում՝ միաժամանակ պարտաւորուելով վերադարձնել ազատագրուած տարածքները: Պարզ է, որ գործընթացների նման զարգացումը չի բխում ինչպէս հայկական երկու պետութիւնների, այնպէս էլ համայն հայութեան կենսական շահերից: Տարածքների վերադարձը նոյնիսկ հետագայում որեւէ կարգավիճակի ակնկալիքով ինքնըստինքեան նշանակում է Արցախի կործանումը մօտ ապագայում, իսկ Հայաստանինը՝ քիչ աւելի ուշ: Օրինակ, եթէ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցնի Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որտեղ սկիզբ են առնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ջրային պաշարների 85 տոկոսը եւ Հայաստանի Արփա ու Որոտան գետերը, որոնք հանդիսանում են Սեւանայ լճի փրկութեան միակ աղբիւրը, իսկ Սեւանն իր հերթին կազմում է Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը, ապա Ատրպէյճանի ձեռքին կը յայտնուի մի լծակ, որով նա հնարաւորութիւն կը ստանայ վնասակար ազդեցութիւն գործել եւ մշտական սարսափի մէջ պահել հայկական պետութիւնը: Իսկ եթէ կործանւում է Արցախը՝ կտրուելով Մայր Հայաստանի հետ սահման ունենալուց, ապա դա անմիջապէս կ’անդրադառնայ համայն հայութեան ճակատագրի վրայ, որն, ի թիւս այլ հետեւանքների, իր ինքնագիտակցութեան մէջ վերջնականապէս կ’ամրագրի զոհի կերպարը, ինչի վերացման գործում առանցքային դեր է խաղացել արցախեան յաղթական շարժումը:
Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան անտեսումը կարգաւորման գործընթացում գործնականում անհնար է դարձնում որեւէ որոշման ընդունման եւ, յատկապէս, իրականացման հնարաւորութիւնը:
Երկրորդ հիմնական պայմանը՝ դա Ատրպէյճանի պատրաստակամութիւնն է փոխզիջումային տարբերակի ընդունման հարցում: Այստեղ նոյնպէս որեւէ առաջխաղացում չկայ: Դրա հիմնական պատճառը Ատրպէյճանի իւրայատկութիւնն է, որը կայանում է նրանում, որ ատրպէյճանցիները երիտասարդ ժողովուրդ են (ատրպէյճանցիները՝ որպէս ազգ, առաջին անգամ ի յայտ են եկել 1936թ.) եւ այդ ազգի ձեւաւորումը կրել է արհեստական բնոյթ ու հանդիսանում էր աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանք: Բանն այն է, որ Խորհրդային Միութեան իշխանութիւնները ակնկալելով Գերմանիայի հետ մօտակայ պատերազմի հաւանականութիւնը եւ Գերմանիա-Թուրքիա աւանդական ջերմ յարաբերութիւնները, որոշել էին Կովկասում բնակուող թուրքալեզու ցեղերի շրջանում թուլացնել Թուրքիայի հաւանական ազդեցութիւնը, ձեւաւորել մի նոր ազգ ատրպէյճանցի անունով եւ նրանց շուրջ համախմբել ինչպէս թուրքալեզու, այնպէս էլ իրանալեզու, կովկասալեզու ազգերը: Նրանք նպատակ ունէին ձեւաւորել մի ժողովուրդ, որն իրեն կը տարանջատի օսման թուրքերից: Սակայն ատրպեճանական ժողովրդի ձեւաւորումը դեռեւս չի աւարտուել եւ որոշ ոչ թուրքալեզու ժողովուրդներ, օրինակ, կովկասալեզու լեզգիները, որոնք բնակւում են Ատրպէյճանի հիւսիսում, եւ հարաւում բնակուող իրանալեզու թաթերը ոչ միայն չեն դարձել ատրպէյճանցի, այլեւ մշտապէս ձգտում են ինքնիշխանութեան:
Հետեւաբար, եթէ Ատրպէյճանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը կամ նոյնիսկ համաձայնում է նրան տրամադրել ինքնավարութիւն (որը մեր ժողովրդի համար, ի հարկէ, անընդունելի է), ապա վերոյիշեալ ժողովուրդները կարող են պահանջել նոյնը, իսկ սա արդէն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ատրպեճանական պետութեան համար՝ ընդհուպ մինչեւ նրա վերացումը, որովհետեւ ոչ թուրքալեզու բնակչութիւնը Ատրպէյճանի բնակչութեան կէսից աւելին է: Պարզ է, որ նման զարգացմանը դէմ է նաեւ Թուրքիան, որը Ատրպէյճանի միջոցով ակնկալում է մտնել Կենտրոնական Ասիա՝ իր դարաւոր փանթուրքական իղձերը իրականացնելու համար: Այս ենթաթեքսթում Ատրպէյճանի համար միակ ընդունելի տարբերակը Ղարաբաղն է առանց հայերի:
Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման համար յաջորդ կարեւոր նախադրեալը գերտէրութիւնների շահերի համընկնումն է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում: Նման միտում ոչ միայն բացակայում է, այլ ընդահակառակը, վերջին զարգացումները ցոյց են տալիս, որ գերտէրութիւնների միջեւ յամառ պայքար է գնում Կովկասի տարածաշրջանում: Այս իրավիճակում իրատեսական չէ ակնկալել որեւէ համաձայնեցուած մօտեցում:
Եզրափակելով վերոնշեալը՝ պէտք է նշենք, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նախադրեալների բացակայութիւնը ամենեւին չի նշանակում, որ Արցախի եւ Հայաստանի զարգացման համար ստեղծուել են անբարենպաստ պայմաններ: Ընդհակառակը, որքան էլ տարօրինակ հնչի, սակայն ստեղծուած իրավիճակը հանդիսանում է այն կարեւոր խթանը, որը միաւորում է համայն հայութեան ջանքերը մէկ ընդհանուր յաղթական գաղափարի շուրջ: Հետեւաբար, մենք պէտք է շարունակենք ուժեղացնել հայոց պետականութիւնը, մասնաւորպէս, նրա արցախեան հատուածը, որի առանցքային բաղադրամասերից է Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան հետագայ զօրացումը: Միայն դրանում է մեր յուսալի ապագայի գրաւականը: