
«Մենք ենք Գիւմրին» նախաձեռնութիւնը տասը տարի շարունակ հնարաւորութիւն է ընձեռում գիւմրեցի հարիւրաւոր երիտասարդների անվճար օգտուելու բազմաբնոյթ ծագրերից, որոնք նպաստում են տարբեր ուղղութիւններով նրանց առաջընթացին: Դա հնարաւոր է դառնում Միացեալ Նահանգներում բարերարների շնորհիւ, ովքեր վերահաստատեցին իրենց նուիրումը ծրագրին՝ Նոյեմբերի 7ին կայացած «Մենք ենք Գիւմրին» նախաձեռնութեան ամէնամեայ ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում հանգանակուած 20 հազար դոլարը հնարաւորութիւն կը տայ շարունակելու երիտասարդների զարգացման ծրագրերը:

Ողջոյնի խօսքում, միջոցառման հանդիսավար Նազելի Խոդաբախշը երախտագիտութիւն յայտնեց բարերար համայնքին: «Այս հաւաքը հաւաքական քայլ մըն է մեր երիտասարդութեան համար աւելի լուսաւոր ապագայ ապահովելու ուղղութեամբ: Այս երեկոյ իւրաքանչիւր ներդրում խորհրդանշում է մեծ ներդրում Գիւմրու երիտասարդ մտքերի կրթութեան եւ հզօրացման գործում», նշեց Խոդաբաշխը: Նա յայտնեց, որ այս տարուայ դրամահաւաք ձեռնարկի առանցքում էին՝ Գիւմրիի Շիրվանեան Երիտասարդական կենտրոնի ծրագրերը, մասնաւորապէս ամէն տարի անցկացուող ամառային ճամբարի ընդլայնումն ու Մինա Շիրվանեանի անուան կրթաթոշակային ծրագրին աջակցութիւնը:


Երեկոյի ընթացքում ներկայացուեցին կենտրոնի կողմից առաջարկուող բազմազան ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք հասանելի են իւրաքանչիւր երեխայի եւ նշուեց յատկապէս Արցախից բռնի տեղահանուած պատանիների համար նաեւ հոգեբանական նախաձեռնութիւնների մասին: Տեսանիւթերում ելոյթ ունեցան նաեւ Մինա Շիրվանեանի անուան կրթաթոշակի շահառուները: Ամէն տարի, որոշակի քանակով ուսանողների հնարաւորութիւն է ընձեռւում կրթութիւնը շարունակել Շիրակի մարզի տարբեր բարձրագոյն կրթօջախներում: Այս երիտասարդներն էլ, կամաւոր հիմունքներով աշխատում եւ իրենց գիտելիքներն են փոխանցում Շիրվանեան կենտրոնի պատանիներին:
ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անդամ Արմէն Կ. Յովհաննիսեանն իր երախտագիտութիւնը յայտնեց հիւրերին եւ նուիրատուներին՝ անմնացորդ աջակցութեան համար, ընդգծեց «Մենք ենք Գիւմրին» ծրագրի առանցքային դերն ու ազդեցութիւնը եւ կարեւորեց այն անհատների անգնահատելի ներդրումը, ովքեր ստեղծել են նախադէպներ, դիմել են զոհաբերութիւնների, եւ ոգեշնչել են սերունդներին աշխատելու ընդհանուր նպատակների ուղղութեամբ:
Ձեռնարկին ներկայ էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէի, Հայ Մշակութային հիմնարկութեան, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական վարչութեան, Համազգայինի եւ ՀԵԴի Պատանեկանի Կենտրոնական խորհրդի, ինչպէս նաեւ՝ տեղական Հայ Մշակութային հիմնարկութիւնների տարբեր մասնաճիւղերի ներկայացուցիչներ, ցուցադրելով միասնական ճակատ՝ կրթութեան եւ համայնքի զարգացման գործի համար:
Միջոցառումն անցաւ ջերմ միջավայրում, որտեղ հարիւրից աւելի հաւաքուածները ուրախութեամբ ծանօթացան նախաձեռնութեան ընթացիկ յաջողութիւններին: Ձեռնարկի գեղարուեստական յայտագրում ելոյթ ունեցաւ սիրուած երաժիշտ Արա Տապանճեանն իր քառեակով՝ սիրելի մեղեդիներով ջերմացնելով մթնոլորտը: