
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ*
Շուրջ մէկ տարի է, յաճախում եմ «Արարատ» առողջապահական կենտրոն։ Հէնց առաջին օրուանից ինձ գերեց եւ հետաքրքրեց Յովսէփ Խամթրաշեանի եւ Լուսինէ Ֆէսչեանի (նրանց յետոյ միացաւ Աննա Պետրոսեանը) ջերմեռանդ աշխատանքը։ Բացի նրանից, որ Յովսէփը գերազանց նուագում ու երգում է, ամէն օր Լուսինէի հետ մտածում են, թէ ինչ նոր թեմայով պէտք է խօսեն այցելուների հետ։ Այդ թեմաները շատ բազմազան են եւ այցելուների մօտ մեծ հետաքրքրուածութիւն են առաջացնում, որովհետեւ նրանք այդ թեմաների քննարկման ժամանակ նաեւ սովորում են, տեղեկանում, խորանում շատ հարցերում։ Եւ ամենակարեւորը՝ ամէն մէկը ցանկանում է իր մասնակցութիւնը ներկայացնի այդ քննարկումներին։

Քննարկումներից յետոյ, Յովսէփը, Լուսինէն ու Աննան աշխատում են այցելուներին միշտ զբաղուած պահել։ Առաւօտեան մարզանքից յետոյ, օրուայ ընթացքում, Յովսէփի, Լուսինէի եւ Աննայի միջոցով անցկացւում են զանազան խաղեր, որոնց ժամանակ յաճախորդներից ոչ մէկն իրեն անտեսուած չի համարում։ Բոլորի նկատմամբ անաչառ, բարեացակամ վերաբերմունք է ցուցաբերւում։ Խաղերի ժամանակ էլ յաղթողները ստանում են փոքրիկ նուէրներ, որն աւելի է հետաքրքրացնում ու խթանում, որ խաղերն անցնեն ջերմ, բարեկամական մթնոլորտում։
Շատ յաճախակի՝ տօնական օրերին կամ հանրայայտ մարդկանց յոբելեանական տարեթուերին, կազմակերպւում են փոքրիկ թատերական ներկայացումներ, որոնց մասնակիցները հէնց այցելուներն են։ Իսկ գլխաւոր դերերում Յովսէփն ու Լուսինէն։ Ամէն թատերական ներկայացման ժամանակ դերերով զբաղուած են լինում շուրջ 10 հոգի։
Վերջերս մեծ շուքով նշուեց Halloween տօնը, որի մասնակիցներն իսկական դիմակահանդէս նուիրեցին այցելուներին։ Դիմակաւորուածները ե՛ւ այցելուներն էին, ե՛ւ սպասարկող անձնակազմից մի քանի հոգի։


Առանձնակի ջերմութեամբ նշուեց նաեւ Վետերանների տօնը։ Հայաստանի զինուորական ուժերի ներկայացուցիչը, պահեստազօրի սպան՝ այս տողերի հեղինակը, ներկայացաւ համազգեստով, որով մեծ աշխուժութիւն առաջացրեց այցելուների, սպասարկող անձնակազմի եւ ղեկավարութեան միջեւ։
«Արարատ» կենտրոնում անցկացուող ժամերն այնպէս աննկատ, արագ ու բովանդակալից է անցնում, որ ժամանակի գոյութիւնը չես զգում։ Օրուայ ընթացքում Յովսէփ Խամթրաշեանի եւ Աննա Պետրոսեանի գերազանց կատարմամբ հնչում են շատ հանրայայտ երգեր ու պարեղանակներ։ Երգում են նաեւ այցելուները, որոնց մէջ աչքի է ընկնում Կոկոն (Գրիգոր Գրիգորը)։
Հարկ եմ համարում նշել, որ սպասարկող անձնակազմն էլ է շատ բարեհամբիւր։ Նրանք, կարծես, աշխատում են իրենց հայրերի կամ մայրերի համար։ Բոլորի նկատմամբ ուշադիր են ու հոգատար։
Իսկ ղեկավարութեան անդամների մասնակցութիւնն առօրեայ կեանքում համարեայ չի նկատւում, որովհետեւ նրանք էլ իրենց գործն այնպէս աննկատ են կատարում, որպէսզի այցելուների մօտ չառաջանայ անտեսուածութիւն։ Այցելուները միշտ գտնւում են բժշկական հսկողութեան ներքոյ։
Եթէ, նոյնիսկ, որոշակի անհամաձայնութիւն կամ վէճ է ծագում այցելուների մօտ, վարչական ղեկավար Մայքըլ Մենեջեանը, ծրագրային տնօրէն Մարգարիտա Մարուքեանն անմիջապէս իրենց խորհուրդներով եւ միջամտութեամբ կանխում են վէճը կամ անհամաձայնութիւնը։
«Արարատ» կենտրոնում իր կարեւոր դերն ունի նաեւ այցելուների տեղափոխման հարցերը համակարգող Այիդա Մեհրաբեանը, ով ամէն տեղ է։ Ուշադրութիւնից ոչինչ չի վրիպում։ Ձգտում է այցելուներին սիրաշահի իր խորհուրդներով եւ աշխուժութեամբ։ Այցելուների կողմից Մեհրաբեանը շատ յարգուած է ու գնահատուած։
«Արարատ» առողջապահական կենտրոնի տնօրինութիւնը հմտօրէն իրականացնում է Լոս Անջելեսի հայ համայնքում յարգուած Պերճ Կարապետեանը, վարչական ղեկավարն է Մայքըլ Մենեջեանը, իսկ կենտրոնի ծրագրային տնօրէնն է Մարգարիտա Մարուքեանը։
Կենտրոն հայերից բացի այցելում են նաեւ իրանցիներ, ովքեր իրենց բոլորովին խորթ չեն զգում։
Կարող ենք վստահօրէն ասել, որ «Արարատ» առողջապահական կենտրոնը մի բազմանդամ ընտանիք է, որի անդամները մեծ հաճոյքով են այցելում կենտրոն՝ ժամ առաջ տեսնելու իրենց սեղանակիցներին, անձնակազմին, փոխանակուելու պաշտօնական լուրերով ու այլ նորութիւններով։
Այցելէք «Արարատ» առողջապահական կենտրոն։ Դուք կը մերուէք այդ ընտանիքին եւ ձեր օրերը շատ աննկատ ու բովանդակալից կ՛անցնեն, դուք կը գտնուէք բժշկական մշտական հսկողութեան ներքոյ։
* Լրագրողների միջազգային միութեան անդամ