ԱՐԱ ՊԱՊԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՈՒՆԿՆԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
Ներկայումս Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է բախտորոշ ճամբաբաժանի առջեւ: Մեր հետագայ քայլերից է կախուած, թէ մեզ համար ինչպիսին կը լինեն յառաջիկայ տարիները՝ կորուստների, թէ ձեռքբերումների: Մեր առջեւ ծառացել է առկայ մարտահրաւէրները չէզոքացնելու եւ դրանք դրականօրէն յեղաշրջելու հրամայականը:
Քանի որ Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ հայ ժողովրդի հաւաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է եւ մշտապէս զիջելու է, Թուրքիայի ու Ատրպէյճանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայութեան ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլեւ ունի շօշափելի առաւելութիւն:
Այսինքն, անհրաժեշտ է հայ-թուրքական յարաբերութիւնները տեղափոխել իրաւական դաշտ եւ այդ յարաբերութիւններում առկայ բոլոր խնդիրներին տալ իրաւական լուծումներ եւ ձեւակերպումներ:
Ըստ այդմ, իմ ելոյթը վերաբերելու է մեր լսումների հարցաշարում ընդգրկուած երկու հիմնահարցի եւ նրանց քննութեանն ըստ միջազգային իրաւունքի.
1.- Հայ-թուրքական իրաւապայմանագրային յարաբերութիւններին,
2.- Հայ-թուրքական իրաւական (de jure) սահմանին:
Նախ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրը:
Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի ուխտի երկրորդ յօդուածը «պայմանագիր» հասկացութիւնը բնորոշում է հետեւեալ կերպ.- «Պայմանագիր» նշանակում է պետութիւնների միջեւ գրաւոր կերպով կնքուած եւ միջազգային իրաւունքով կառավարուող միջազգային համաձայնութիւն»: Իսկ ըստ ՄԱԿի Միջազգային հանրային իրաւունքի ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնութիւններ են միջազգային իրաւունքի ենթակաների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխութեան են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրաւունքներն ու պարտաւորութիւնները»: Այսինքն, պայմանագրի օրինականութեան համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից իւրաքանչիւրը լինի միջազգային իրաւունքի ենթակայ, այսինքն՝ մեր դէպքում լինի միջազգայնօրէն ճանաչուած պետութեան օրինական կառավարութեան լիազօր ներկայացուցիչ եւ նրա գործունէութիւնը առնուազն չհակասի միջազգային իրաւունքին:
Այս տեսանկիւնից էլ, ժամանակագրական կարգով, անդրադառնանք բոլոր այն հինգ պայմանգրերին, որոնք վերաբերում են հայ-թուրքական սահմանին, յստակեցնենք իրաւապայմանագրային վիճակը եւ որոշենք այդ պայմանագրերից իւրաքանչիւրի կարգավիճակն ըստ միջազգային իրաւունքի:
Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ մինչեւ խաղաղութեան վերջնական հաստատումը Միջին Արեւելքում, այսինքն 1918-1923թթ., հայ-թուրքական սահմանին վերաբերող կնքուած պայմանագրերը հետեւեալներն են. Սեւրի պայմանագիրը (10 Օգոստոսի, 1920թ.), Ալեքսանդրապոլի պայմանագիրը (3 Դեկտեմբերի, 1920թ.), Մոսկուայի պայմանագիրը (16 Մարտի, 1921թ.), Կարսի պայմանագիրը (13 Հոկտեմբերի, 1921թ.) եւ Լօզանի պայմանագիրը (24 Յուլիսի, 1923թ.): Այս շարքից երկուսին՝ Մոսկուայի պայմանագրին եւ Լօզանի պայմանագրին, Հայաստանը մաս չի կազմել, հետեւաբար Հայաստանի համար այն սկզբունքօրէն չի կարող ստեղծել իրաւական հետեւանքներ, սակայն հաշուի առնելով, որ այդ պայմանագրերը վերաբերում են նաեւ հայ-թուրքական սահմանին, կամ գոնէ այդպէս են մտածում շատերը, ապա կ’անդրադառնանք նաեւ դրանց:
1.- Ժամանակագրական առումով առաջին պայմանագիրը Սեւրի պայմանագիրն է՝ կնքուած 1920թ. Օգոստոսի 10ին:
Քանի որ սոյն պայմանագրի մասին աւելի հանգամանալից խօսելու ենք մեր զեկոյցի վերջում, ուստի առայժմ ընդամէնը մի քանի խօսք: Սեւրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական եւ ճանաչուած իշխանութիւններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանուած կարգի, ընթացել են երկարատեւ բանակցութիւններ եւ Օսմանեան կայսրութեան անունից պայմանագիրը ստորագրել է լիազօր պատուիրակութիւնը: Սեւրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վաւերացման (հետեւաբար մնում է ոչ կատարեալ (unperfected), սակայն այն նաեւ երբեւէ չեղեալ չի յայտարարուել (հետեւաբար մնում է օրինական փաստաթուղթ, որը ուժի մէջ չի մտել (legal document not in force):
2.- Ժամանակագրական առումով յաջորդ պայմանագիրը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է՝ կնքուած 1920թ. Դեկտեմբերի 3ին, շեշտում եմ՝ Դեկտեմբերի 3ին:
Սա սովետահայ պատմագրութեան ամենասիրելի թեմաներից մէկն էր, քանի որ հնարաւորութիւն էր տալիս Դաշնակցութեանը մեղադրել դաւաճանութեան մէջ, իսկ պոլշեւիկներին ներկայացնել որպէս ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել կամ տալ քաղաքական գնահատականներ: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմագիրը միջազգային իրաւունքի տեսանկիւնից:
Այս տեսանկիւնից Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվաւեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից եւ ոչ մէկը չի ունեցել դրա իրաւասութիւնը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդէն իշխանութիւն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռեւս իշխանութիւն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ ակնյայտօրէն գերազանցել են իրենց իրաւասութիւնները:
Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաեւ այն պատճառով, որ ստորագրուել է միջազգային իրաւունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացայայտ սպառնալիքով եւ այն երբեք չի վաւերացուել:
3.- Ժամանակագրական առումով յաջորդ պայմանագիրը Մոսկուայի պայմանագիրն է՝ կնքուած 1921թ. Մարտի 16ին:
Ինչպէս գրուած է Մոսկուայի պայմանագրի նախաբանում, այն կնքուել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան» միջեւ: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցւում է այն ստորագրողների իրաւական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է յստակեցնել նրանցից իւրաքանչիւրի կարգավիճակը 1921թ. Մարտի 16ի դրութեամբ:
Ա.- Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան (ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.ին.
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութիւն» ճանաչուած պետութիւն, հետեւաբար՝ միջազգային իրաւունքի ենթակայ: Բնականաբար նրա կառավարութիւնը չունէր որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւն: ՌՍՖՍՀի, արդէն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. Փետրուարի 1ից՝ Մեծն Բրիտանիայի ճանաչումով: Մինչեւ 1924թ. տեղի ունեցած, այսպէս կոչուած, ճանաչումները, չեն առաջացրել որեւէ իրաւական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչուած երկրներից կամ վարչախմբերից: Որպէսզի ճանաչումն օրինապէս համարուի այդպիսին, այն պէտք է կատարուի իր հերթին օրինականօրէն ճանաչուած միջազգային իրաւունքի ենթակայի կողմից:
Բ.- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.ին.
Ըստ էութեան, սովետական իշխանութեան եւ կառավարութեան վերաբերեալ վերը ասուածը ամբողջովին վերաբերում է, այսպէս կոչուած, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկուայի պայմանագիրը: Յիշարժան է, որ անգամ քեմալականները իրենք որեւէ յաւակնութիւն չունէին օրինական իշխանութիւնների առկայութեան դէպքում իրենց համարելու Թուրքիայի լիազօր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թէ Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարութեան անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչուող կառոյցի նախագահութեան՝ այսպէս կոչուած «կառավարութեան» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1921թ.ին իր կարգավիճակով հասարակական կազմակերպութիւն էր (NGO) եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամաւորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ: Նախկին պաշտօնեաներ միաւորող կազմակերպութիւններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թւում նաեւ Հայաստանում, սակայն նրանցից եւ ոչ մէկը չի հանդիսացել եւ չի հանդիսանում միջազգային իրաւունքի ենթակայ՝ հետեւաբար իրաւունք չունի միջպետական պայմանագիր կնքել երկրի անունից: Մուսթաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրաւական հիմք չունէր միջազգային յարաբերութիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը: Աներկբայօրէն, առնուազն մինչեւ 1922թ.ի Նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմէտ Զ.ի մեկնումը Թուրքիայից, համաձայն Օսմանեան կայսրութեան գործող սահմանադրութեան, վերջինիս կառավարութեանն էին վերապահուած միջազգային յարաբերութիւնների մէջ մտնելու լիազօրութիւնները, միայն սուլթանը կարող էր լիազօրել որեւէ անձի՝ գործելու երկրի անունից:
(Շար. 1)
(*) ԽՄԲ.- Խորագիրը մեզմէ: