
«Դասաւանդի՛ր Հայաստան»ը ներկայացնում է իր Tech4Armenia նախաձեռնութիւնը, որն ուղղուած է Հայաստանի դպրոցներում բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) առարկաների ուսուցիչների աճող պակասը յաղթահարելուն։ Այս խնդիրը խոչընդոտում է ինչպէս ոլորտ տաղանդների հոսքին, այնպէս էլ սահմանափակում է մեր երկրում արդի արհեստագիտութեան ոլորտի աճի եւ ընդլայնման հնարաւորութիւնները։
Վերջին տուեալների համաձայն՝ Հայաստանում, յատկապէս գիւղական համայնքներում, ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների խիստ ընդգծուած պակաս կայ։ Հայաստանի մարզային դպրոցներում (շուրջ 1150) գրանցուած է մօտ 700 թափուր ուսուցչական հաստիք, որից 40 տոկոսը՝ ԲՏՃՄ առարկաներից։ 2015ից սկսած՝ «Դասաւանդի՛ր Հայաստան»ը մարզային դպրոցներում տեղակայել է 442 ուսուցիչ-առաջնորդ, որոնցից 71ը ներկայումս մասնակցում են հիմնադրամի երկամեայ ուսուցիչների առաջնորդութեան ծրագրին՝ համալրելով առկայ թափուր հաստիքների 10 տոկոսը։ Ուսուցիչների այս պակասի հետեւանքով մեծ թուով աշակերտներ աւարտում են դպրոցը սահմանափակ կամ գրեթէ բացակայող գիտելիքներով, ինչը խստօրէն սահմանափակում է տաղանդների հոսքը դէպի Հայաստանի զարգացման համար առաջնահերթ համարուող արհեստագիտութեան ոլորտ։
TECH4ARMENIA ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ
Tech4Armenia-ն նորարարական համագործակցութեան ձեւաչափ է, որը միաւորում է հասարակական եւ առաջատար արհեստագիտութեան ընկերութիւնների ջանքերը՝ լուծելու ԲՏՉՄ ուսուցիչների պակասի ճգնաժամը։ Այս ծրագրի շրջանակներում ոլորտի մասնագէտները հնարաւորութիւն են ստանում իրենց աշխատաժամանակի մի մասը յատկացնել «Դասաւանդի՛ր Հայաստան»ի գործընկեր դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների դասաւանդմանը։ Աշխատակիցները շարունակում են պահպանել իրենց հիմնական աշխատանքը՝ միաժամանակ նպաստելով կրթութեան զարգացմանը՝ ոգեշնչելով եւ պատրաստելով արդի արհեստագիտութեան ոլորտի տաղանդների յաջորդ սերունդը։
Ուսուցման որակի նկատմամբ մեր ունեցած բարձր պատասխանատուութեան շրջանակներում «Դասաւանդի՛ր Հայաստան»ը երաշխաւորում է, որ իր ծրագրերին մասնակցող բոլոր մասնագէտները դպրոցներ գործուղուելուց առաջ անցնեն 30 կրեդիտով (դասաւանդութեան վարկ) այլընտրանքային մանկավարժական վկայագրում՝ վաւերացուած ՀՀ ԿԳՄՍՆի կողմից։ Բոլոր ուսուցիչները վերապատրաստւում են «Դասաւանդի՛ր Հայաստան»ի Ուսուցիչների առաջնորդութեան ակադեմիայում՝ ստանալով պետութեան կողմից հաւաստագրուած կրեդիտներ, ինչը եւս մէկ անգամ ընդգծում է մեր պարտաւորութիւնը՝ ապահովելու ուսուցման որակը եւ ուսուցիչների պատրաստուածութիւնը։
Ուսուցչական գործունէութիւնից զատ՝ Tech4Armenia-ի մասնակիցները նաեւ իրականացնում են համայնքային զարգացման ծրագրեր։ Այս մասնագէտները յաճախ նախաձեռնում են նաեւ արտադասարանային ծրագրեր, որոնք կենտրոնացած են ծրագրաւորման եւ այլ նորարարական արհեստագիտութեանց գործնական ուսուցման վրայ՝ աշակերտներին ապահովելով 21րդ դարի աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտութիւններով։ Այս նախագծերը ոչ միայն հարստացնում են դասարանական ուսուցման գործընթացը, այլեւ հնարաւորութիւն են տալիս աշակերտներին աշխատել ժամանակակից գործիքների հետ՝ խթանելով ԲՏՃՄ առարկաների եւ ոլորտի նկատմամբ հետաքրքրութիւնը։
«Այս նախաձեռնութիւնը երկարաժամկէտ մտածողութեան արդիւնք է», ասում է «Դասաւանդի՛ր Հայաստան»ի հիմնադիր եւ գործադիր տնօրէն Լարիսա Յովհաննիսեանը։
Ծրագիրը մեկնարկել է 2022ին։ «Դասաւանդի՛ր Հայաստան»ը նպատակ ունի ընդլայնել Tech4Armenia-ն՝ այն դարձնելով համապետական շարժում, որպէսզի Հայաստանի բոլոր աշակերտները, անկախ գտնուելու վայրից, հասանելիութիւն ունենան որակեալ ԲՏՃՄ կրթութեան։
(Հաղորդագրութիւնը՝ «Դասաւանդի՛ր Հայաստան»էն)