Ատրպէյճանը յայտարարում է, որ արտահանուող ուժանիւթից ստացուած եկամուտները ուղղելու է բանակի հզօրացմանը եւ եթէ բանակցութիւնները շարունակեն արդիւնքներ չտալ, ապա հակամարտութիւնը լուծելու է ռազմական ճանապարհով: Սա, անկասակած, շատ վտանգաւոր միտում է, անկախ այն բանից, թէ նոր պատերազմում ով է լինելու յաղթողը: Քանի դեռ Ատրպէյճանը մտքում ունի կարգաւորման ռազմական ուղին, նա դժուար թէ գնայ փոխզիջումների:
Ակնյայտօրէն, Ատրպէյճանը տնտեսական աճի կշռոյթով առաջ է անցել Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Ատրպէյճանը հնարաւորութիւն ունի կտրուկ զարգացնել իր տնտեսութիւնը, տնտեսական զարգացումը վերածել ռազմականի, եւ այս առումով՝ նա պատրաստ չէ բանակցութիւնների ու փոխզիջումների՝ յուսով, որ ժամանակն աշխատում է ի՛ր օգտին: Ատրպէյճանը բացարձակապէս հետաքրքրուած չէ հարցի այսօրուայ կարգաւորումով, քանի որ կարգաւորումը տեղափոխել է տնտեսական եւ սպառազինութիւնների մրցավածքի դաշտ: Քարիւղի բարձր գները համաշխարհային շուկայում աւելի են ատրպէյճանցիներին տրամադրում չմտածել հնարաւորինս շուտ հարցի կարգաւորման մասին: 2007ի տասը ամիսներին Ատրպէյճանն արդիւնահանել է շուրջ 34.5 միլիոն թոն քարիւղ: Սպասւում է, որ 2008-2012 թթ. Ատրպէյճանի համար կը լինեն նաւթատոլարների ամենամեծ հոսքի տարիներ, երբ երկիրը կ’արդիւնահանի աւելի քան 300 միլիոն թոն քարիւղ:
Սակայն տնտեսական եւ ռազմական առաւելութիւնը դեռեւս բաւարար պայման չէ պատերազմում յաղթելու համար: Եթէ այդպէս լինէր, ապա Ատրպէյճանը կը յաղթէր 1991-1994 թթ. պատերազմում: Բայց ոչ միայն չյաղթեց, այլ կորցրեց ամբողջական վերահսկողութիւնը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ յարակից շրջանների վրայ, որոնց ընդհանուր տարածքը մօտ երկու անգամ գերազանցում է նախկին ԼՂԻՄի տարածքը:
Ժամանակի առումով շատ կարեւոր է ժողովրդավարացման, հետեւաբար՝ ընկերային արդարութեան խնդիրը: Եթէ Լեռնային Ղարաբաղը աւելի ժողովրդավար է, քան Ատրպէյճանը, ապա դժուար է ժողովրդավարական միաւորը դնել ոչ ժողովրդավար երկրի կազմում: Ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքների յարգումը, օրէնքի գերակայութիւնը այն գործիքներն են, որոնց ճիշդ օգտագործման դէպքում հայկական երկու պետութիւնները հնարաւորութիւն ունեն դառնալ «ժողովրդավարութեան ովասիս» կովկաս-կասպեան-միջինասիական տարածաշրջանում: Ի դէպ, 90ական թթ. սկզբներին, երբ Վրաստանը եւ Ատրպէյճանը ապրում էին մնայուն յեղաշրջումների ու խռովութիւնների, ներքին անհանգստութիւնների փուլ, իսկ Միջին Ասիայում հաստատւում էին թուրքմէնպաշիներն ու քարիմովները, Հայաստանը ընկալւում էր «կայունութեան եւ ժողովրդավարութեան ովասիս»: Ցաւօք, դա տեւեց կարճ, մինչեւ 1994թ. Դեկտեմբեր, երբ իշխանութիւնների որոշումով փակուեց Հ.Յ.Դ.ն, փակուեցին նաեւ աւելի քան 10 լրատուամիջոցներ, սկսուեցին բռնութիւններ եւ հալածանքներ դաշնակցական գործիչների նկատմամբ:
Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանին ակնյայտօրէն զիջում են ժողովրդագրական ցուցանիշներով: Վերջին 80 տարիներին Լեռնային Ղարաբաղում այնքան սակաւ հայ բնակչութիւն չի եղել, որքան այսօր է: Եթէ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին յաջողուի իրականացնել վերաբնակեցման քաղաքականութիւն, ապա այդ դէպքում մենք կարող ենք ունենալ փոխզիջումների չգանալու լուրջ կռուաններ: Եթէ հայկական երկու հանրապետութիւնները ի վիճակի լինեն մի քանի հարիւր հազար մարդ վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղում եւ յարակից տարածքներում, միջազգային հանրութեանը գործով ապացուցեն, որ դա կենսատարածք է, ապա բանակցային սեղանի շուրջ մեր դիրքերը կ’ամրանան:
Ի՞նչ առաջարկութիւն է այսօր դրուած բանակցութիւնների սեղանին: Ռուսական մամուլը, մասնաւորապէս հեղինակաւոր եւ ազդեցիկ «Քոմերսանթ» օրաթերթը տպագրել է այդ առաջարկները: Հայաստանի արտգործնախարարը յայտարարել է, որ Մատրիտում ներկայացուած փաստաթղթում նոր սկզբունքներ չկան: «Նոյն փաստաթուղթն է, ինչ երկու տարի է մօտաւորապէս արդէն սեղանի վրայ է: Պարզապէս փաստաթղթում այն հարցերի շուրջ, որ դեռեւս չկայ համաձայնութիւն, համանախագահողները կողմերին ներկայացրել են իրենց տարբերակը: Սա է միակ նորութիւնը այդ փաստաթղթում», ասել է Վարդան Օսկանեանը:
Քի Ուեսթի ձախողումից յետոյ համանախագահները 2005թ. Օգոստոսին Ռուսաստանի Քազան քաղաքում նախագահներ Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի քննարկմանն են ներկայացրել երկուսուկէս-երեք էջանոց մի փաստաթուղթ, որում նշուած են կարգաւորման հիմնական սկզբունքները: Եւ ահա այդ փաստաթուղթը տարբեր խմբագրումներով, արդէն աւելի քան երկու տարի, ինչպէս հաստատում է Օսկանեանը, սեղանի վրայ է: Աւելին, այդ սկզբունքները ոչ թէ համանախագահներ են ներկայացրել, այլ մշակել են Օսկանեանը եւ նրա ատրպէյճանցի գործընկեր Էլմար Մամէտեարովը «փրակեան գործընթացի» շրջանակներում՝ Մինսքի խմբի համանախագահների օգնութեամբ:
Եւ միջնորդների, եւ հակամարտութեան կողմերի համար ակնյայտ է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը չափազանց դժուար լուծելի է: Առաջին հերթին այդ դժուարութիւնը կարգավիճակն է, քանի որ Ատրպէյճանը չի պատկերացնում եւ հոգեբանօրէն չի կարող հրաժարուել Լեռնային Ղարաբաղից, այդ պատճառով՝ համաձայն է միայն լայն ինքնավարութեանը: Բայց Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը երբեք չեն կարող համաձայնուել վերադարձ անցեալին: Ու քանի որ կարգավիճակի հարցում կողմերի դիրքորոշումները անհամատեղելի են, ԵԱՀԿ Մինսքի խմբի օգնութեամբ Հայաստանը եւ Ատրպէյճանը կարգավիճակի հարցում գտան փոխզիջումը, այն է՝ յետաձգուած հանրաքուէն: Այսինքն՝ հանրաքուէով է որոշւում, թէ ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը, բայց այդ հանրաքուէն անցկացւում է հետագայում:
Երկու կողմն էլ այս տարբերակը կարող են համարել իրենց համար ընդունելի եւ իրենց ժողովուրդներին ներկայացնել որպէս ձեռքբերում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի է այն առումով, որ Ատրպէյճանը համաձայնւում է հանրաքուէի գաղափարի հետ, այսինքն՝ ընդունում է, որ հանրաքուէով Լեռնային Ղարաբաղը կարող է հռչակել իր անկախութիւնը կամ միանալ Հայաստանին: Ատրպէյճանի համար եւս ընդունելի է, քանի որ հանրաքուէն անց է կացուելու ապագայում, 15-20 տարի յետոյ, իսկ մինչ այդ ստանում է ղարաբաղեան ուժերի վերահսկողութեան տակ գտնուող բոլոր շրջանները, բացի Լաչինի միջանցքից:
Ռուսական «Քոմերսանթ» օրաթերթը, վկայակոչելով դիւանագիտական անանուն աղբիւրների, գրել է, որ միջնորդների կողմից ներկայացուած առաջարկների համաձայն, առաջին փուլում հայկական ուժերը դուրս են բերւում Լեռնային Ղարաբաղի յարակից հինգ շրջաններից, եւ այնտեղ տեղակայւում են միջազգային խաղաղապահ ուժեր: Խաղաղ համաձայնագրի երաշխաւորութիւնը դրւում է ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի վրայ: Հայկական ուժերը դուրս են բերւում նաեւ Քէլբաջարից, որտեղ հաստատւում է միջազգային կառավարում ԵԱՀԿ հովանու ներքոյ, հետագայ տարիներին շրջանն ամբողջութեամբ անցնելու է Ատրպէյճանին: Քէլբաջարում բնակուող հայերը պէտք է հեռանան Հայաստան, որից յետոյ այնտեղ են վերադառնում ատրպէյճանցի տեղահանուածները: Միջնորդների կողմից ներկայացուած առաջարկով Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միմեանց կապւում են Լաչինի միջանցքով, բացի այդ, ըստ «Քոմերսանթ»ի, Հայաստանի տարածքով վերաբացւում է Ատրպէյճանի ցամաքային կապը Նախիջեւանի հետ:
Ոչ հայկական եւ ոչ էլ ատրպեճանական կողմը չի հերքել ռուսական մամուլի եւ ընդհանրապէս բոլոր այն հրապարակումները, որոնցում ներկայացւում է Մինսքի խմբի առաջարկների բովանդակութիւնը: Այսպիսով, Երեւանին եւ Պաքուին է ներկայացուել կարգաւորման սկզբունքների փաստաթուղթ, որով հայկական ուժերը դուրս են բերւում Լեռնային Ղարաբաղին յարակից վեց շրջաններից, բացառութեամբ՝ Լաչինի նեղ միջանցքի, դրա դիմաց՝ Լեռնային Ղարաբաղին ապագայում տրւում է ինքնորոշուելու իրաւունք՝ հանրաքուէի ճանապարհով: Սակայն յայտնի չէ, թէ երբ է այդ հանրաքուէն անցկացուելու եւ ընդհանրապէս անցկացուելու է՞, թէ ոչ: Եւ ահա այս առաջարկին սկզբունքօրէն կողմ է պաշտօնական Երեւանը:
Մատրիտում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի Նոյեմբերի 29ի իր ելոյթում Օսկանեանը ասել է, որ Հայաստանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ հանդիպումների արդիւնքում հակամարտութեան կողմերին ներկայացուել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն «արդար է, հաւասարակշռուած ու նախնական համաձայնութեան համար հիմք կարող է ծառայել»: «Այս փաստաթուղթը հիմնարար խնդրին է անդրադառնում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեանը՝ ինքնորոշման միջոցով, ինչպէս նաեւ փախստականների ու տարածքների խնդրին, որոնք ծագել են այդ ինքնորոշման պայքարի արդիւնքում», ասել է Օսկանեանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերկէյ Լաւրովը Մատրիտում լրագրողներին ասել է, որ «նոր առաջարկները իրենց մէջ ներառում են վերջին տարիներին Պաքուի եւ Երեւանի միջեւ դրական ամբողջ պայմանաւորուածութիւնները, այդ առաջարկները արդարացի են եւ առարկայական»: «Մինչ օրս ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւնները առաջին անգամ հաւաքուել են մէկ փաստաթղթում: Մենք կարծում ենք, որ այն լրացուցիչ քայլերը, որոնք կողմերը դեռ պէտք է կատարեն լիակատար կարգաւորման հասնելու համար, զգալիօրէն կը հեշտանան տուեալ փաստաթղթի առկայութեամբ», ասել է արտգործնախարար Լաւրովը:
Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Մէթիու Պրայզան աւելացրել է, որ հակամարտութեան կողմերին առաջարկուել է փոխզիջումային լուծում: «Մենք կողմերին առաջարկեցինք մի շարք պահեր՝ հիմնական համաձայնութեան շրջանակներում: Յուսով ենք, որ երկու նախագահները շաբաթներ կամ ամիսներ անց՝ մինչեւ նախագահական ընտրութիւնները Հայաստանում եւ Ատրպէյճանում, կը կարողանան լուծել այդ հարցերը: Մենք ուզում ենք, որպէսզի նրանք մինչեւ ընտրարշաւների սկսուելը համաձայնութեան գան հիմնարար սկզբունքների շուրջ», ասել է Պրայզան:
Այսպիսով, ղարաբաղեան կարգաւորման միջազգային միջնորդները առաջին անգամ վերջին ինը տարիներին, հակամարտութեան կողմներին ներկայացրել են գրաւոր, պաշտօնական փաստաթուղթ եւ ձգտում են հասնելու նրան, որ Ռոպերթ Քոչարեանը եւ Իլհամ Ալիեւը իրենց համաձայնութիւնը տան այդ փաստաթղթին, որպէսզի Հայաստանում եւ Ատրպէյճանում նախագահական ընտրութիւններից յետոյ նոր ղեկավարները չհրաժարուեն այն աշխատանքից, որ համատեղ ձեռք է բերուել «փրակեան գործընթացի» արդիւնքում՝ վերջին երեք տարիների ընթացքում: