13 Յունուար 1990ին, Պաքու մէջ սկսան եւ մէկ շաբաթ շարունակուեցան քաղաքի հայ բնակչութեան` նախօրօք ծրագրուած եւ կազմակերպուած ջարդերը:
Ջարդարար ատրպէյճանցի ամբոխը` կառավարութեան խրախուսումով եւ թոյլտուութեամբ, նախապէս ճշդուած հասցէներով յարձակեցաւ հայերուն վրայ: Հարիւրաւոր հայեր ենթարկուեցան ծեծի կողոպտուեցան եւ սպաննուեցան, կը գրէ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը՝ Պաքուի ջարդերուն 35րդ տարելիցին առիթով:
«Ջարդերի ժամանակ սպաննուած հայերի յստակ թիւը յայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարիւրի: Բաքւում, որտեղ 1988 թուականի դրութեամբ ապրում էր աւելի քան 200 հազար հայ, 1990 թուականի ջարդերից յետոյ այլեւս հայ չմնաց:
«1990 թուականի Յունուարի 13-19ը Բաքւում իրականացուեց հայ բնակչութեան կոտորած եւ տեղահանութիւն, որի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցութիւնն ու իշխանութեան մարմինները գործում էին համատեղ:
«Յունուարի 13ի Բաքուի բազմահազարանոց հանրահաւաքից յետոյ ցուցարարները, «Եթէ ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կը սարքենք», «Հայե՛ր, դո՛ւրս», «Մահ հայերին» հակահայկական կարգախօսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր: Ականատեսների վկայութիւններով` ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքեւ էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին եւ կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում եւ տանջամահ էր անում: «Ես տեսայ, թէ ինչպէս 9րդ յարկից մի կնոջ ցած նետեցին», հետագայում վկայելու էր ադրբեջանցի յայտնի քաղփախստական եւ քաղաքագէտ Արիֆ Եունուսովը:
«Ես անձամբ վկայ էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հաւաքուած ամբոխը նրանց վրայ բենզին լցրեց եւ այրեց, իսկ երկու հարիւր մետր հեռւում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զօրքերի 400-500 զինուորներ, որոնք մեքենայով, մօտ 20 մետր հեռաւորութեամբ, անցան այդ ածխացած դիակների մօտով: Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը», օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը:
«Ջարդերի արդէն երրորդ օրը` 1990 թուականի Յունուարի 15ի համարում «Լոս Անջելես Թայմս»ը գրում է. «Տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպէս երիտասարդներ, այնպէս էլ ծերէր, ենթարկւում էին յարձակման եւ յաճախ սպաննւում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահուան դատավճիռ էր»:
«Փաստերը թաքցնելու եւ դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստոյգ չէ Բաքւում սպաննուած եւ ջարդերի հետեւանքով մահացած հայերի թիւը:
«Նրանք (հայերը – Խմբ.) տարհանուեցին Բաքուից 1990 թուականի Յունուարին` իրենց դէմ ծրագրուած ջարդերից յետոյ», յետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թուականի Փետրուարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով յանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:
«ԽՍՀՄ ղեկավարութիւնը որեւէ քայլ չձեռնարկեց Բաքուի հայ բնակչութեանը պաշտպանելու համար: Բաքւում արտակարգ դրութիւն յայտարարուեց միայն Յունուարի 19ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխանութեան գոյութեանը:
«1990 թուականի Բաքուի հայկական ջարդերն իրենց դաժանութեամբ ոչնչով չէին զիջում 1988 թուականի սումգայիթեան ոճրագործութեանը: Խաղաղ բնակչութեան դէմ յանցագործութիւնները կրկնուեցին նաեւ Արցախում` 2023 թուականին: Քաղաքակիրթ ներկայացող Բաքուի ձեռագիրը նոյնն էր ե՛ւ 20րդ դարասկզբին, ե՛ւ 20րդ դարավերջին, ե՛ւ 21րդ դարում», կը գրէ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը: