Ինչպէս հաղորդած էինք, Հայաստանի մէջ տեղի ունենալիք նախագահական ընտրութիւններուն առիթով մոսկուաբնակ աւելի քան 200 հայ մտաւորականներ Յունուար 25ին բաց նամակ մը հրապարակած են ռուսական «Նեզաւիսիմայա կազեթա» թերթին մէջ։ Նամակին մէջ անոնք կը զօրակցին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանի թեկնածութեան։
Ստորեւ՝ նամակին բովանդակութիւնը.-
Հայաստանը նախագահ է ընտրում։ Եւ մենք՝ Ռուսաստանում ապրող հայերիս մեծաթիւ համայնքը, նրա հետ ընտրում ենք, ցաւօք, մտովի, քանի որ չունենք ձայնի իրաւունք։ Ի դէպ, նորընտիր նախագահը, հարկ է, որ այլ խնդիրների թւում, խորհէր նաեւ այս հարցի մասին, ինչը փոխշահաւէտ համագործակցութեան մեծ հեռանկարներ կը բացէր։
Որտեղ էլ ապրելիս լինենք, մեզ համար դժուար է կտրուել Հայաստանից. մենք հպարտանում ենք նրա յաջողութիւններով, տխրում անյաջողութիւններից, նրա հետ վհատւում եւ կրկին յուսադրւում, որ լաւ կը լինի։ Դա էլ երեւի հէնց ազգի գոյատեւման քոտն է։
Եւ նախագահի ընտրութիւնը, ինչպէս նաեւ՝ կաթողիկոսի ընտրութիւնը, աստիճանաբար դառնում են համահայկական երեւոյթ։ Աստիճանաբար, որովհետեւ կաթողիկոսի ընտրութիւնը, ի տարբերութիւն նախագահի ընտրութեան, մշտապէս եղել է համահայկական հարց։
Հայաստանը, բազում դարեր զրկուած լինելով պետականութիւնից, արդարացիօրէն պետութեան աստիճանի բարձրացրեց եկեղեցին, որը միշտ մեծ դեր է խաղացել ամբողջ ազգի միաւորման գործում։ Այսօրուայ Հայաստանի նախագահի դերը զգալիօրէն մեծացել է եւ սկսել է վերաբերուել տարբեր երկրներում ապրող բոլոր հայերին։
Այդ կապակցութեամբ Ռուսաստանում ապրող հայերի համայնքի անունից երախտագիտութիւն ենք յայտնում Հայաստանի կառավարութեանը՝ Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականութեան համար, որի շնորհիւ մենք չենք ամաչում ռուսական հողում։
Մենք, ոմանք՝ աղմուկով ու զգացմունքայնօրէն, ոմանք՝ լուռ խորհերով, վերլուծում ենք, համադրում, կանխատեսումներ անում եւ յանգում եզրակացութեան, որ Հայաստանի կառավարութեան փոխխօսնակ, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի թեկնածութիւնը առաջադրուած է ժամանակի պահանջով, հայ ժողովրդի մշակոյթի բարձր մակարդակով եւ քաղաքական հասունութեամբ։ Յատկապէս գրաւիչ է այն, որ Յովհաննիսեանը գիտնականների, մտաւորականների ընտանիքից է եւ, որ ամենագլխաւորն է, ազնիւ է, խելացի, կրթուած, տիրապետում է օտար լեզուների, կարողանում է հասանելի եւ գեղեցիկ արտայայտել իր մտքերը, սրամիտ է, քաղաքական իրավիճակներին տալիս է փաստարկուած գնահատականներ եւ միշտ աշխատում է կառուցել երկրի ապագան, նայում է առաջ։
Նախընտրական պայքարի ընթացքում Վահան Յովհաննիսեանն իր ելոյթներում չի իջնում քաղաքական մրցակիցների, նոյնիսկ առաջին նախագահի (որը աշխարհին զարմացրեց՝ ժողովրդավարութեան ձեւաւորման առաջին օրերին կասեցնելով Հ.Յ.Դ. կուսակցութեան գործունէութիւնը՝ նրան մղելով ընդյատակ, իսկ կուսակցութեան անդամներին՝ վանդակաճաղերից այն կողմ) հասցէին ուղղուած փոխադարձ վիրաւորանքների, յանդիմանանքների մակարդակին։
Վահան Յովհաննիսեանը համարում է, որ պայքարը պէտք է ընթանայ համակարգերի եւ ոչ թէ որոշակի անհատների միջեւ։ Եւ պէտք է ոչ միայն պայքարել, այլեւ՝ կարողանալ ապրել համաձայնութեան մէջ։ Հ.Յ.Դ. կուսակցութիւնը շարունակելու է համագործակցել Հ.Հ.Կ.ի՝ երկրի առաջատար կուսակցութիւններից մէկի հետ՝ ինչ արդիւնքներով էլ որ աւարտուեն ընտրութիւնները, թէեւ քաղաքական ուղղութեան շատ հարցերում Հ.Հ.Կ.ն եւ Հ.Յ.Դ.ն ունեն տարբեր հայեացքներ։
Հ.Յ.Դաշնակցութիւնը աւելի քան հարիւր տարի (117) եղել է տարբեր սերնդի հայերի «թաքուն սէրը»։ Նրա մասին խորհրդային տատիկներն ու պապիկները շշուկով էին պատմում իրենց թոռնիկներին, երբ կուսակցութիւնը գաղթեց արտասահման, կիսաձայն երգում էին նրա խրոխտ երգերը հայրենիքին ու ժողովրդին հաւատարմութեան, նուիրումի, ազատութեան ու անկախութեան համար պայքարի մասին։
Յետխորհրդային շրջանում կուսակցութիւնը վերադարձաւ հայրենիք՝ իր հրայրքոտ արիւնը ներարկելով Լեռնային Ղարաբաղի անկախութեան մարտիկների շարքերին, նոր սերունդների սրտերը նուաճեց իր անշահախնդրութեամբ եւ խիզախութեամբ, խնդրայարոյց իրավիճակները բաց, միասնաբար, հաւաքաբար լուծելու կարողութեամբ։ Հէնց սա է պէտք այսօր Հայաստանին. անշահախնդրութիւն, ազնիւ վերաբերմունք ժողովրդի հանդէպ եւ գիտակցումը այն բանի, որ նախագահը ծառայում է ժողովրդի շահերին, այլ ոչ թէ հակառակը։
Ինչպէս արդարացիօրէն նկատեց Վ. Յովհաննիսեանը, մենատիրութիւնը՝ ինչպէս տնտեսութեան, այնպէս էլ քաղաքականութեան մէջ, կործանիչ է եւ ծանրօրէն անդրադառնում է մարդկանց ճակատագրի վրայ։ Այդ վտանգաւոր ճանապարհով է արդէն գնում Հայաստանի իշխանութիւնը։
Ժամանակն է, որ Հայաստանը վերածուի արդիական քաղաքակիրթ պետութեան, առաւել եւս, որ, ինչպէս ցոյց տուեց պատմութիւնը, Հայաստանը կարողանում է արժանապատուօրէն դիմակայել ժամանակի յեղակործանումները, առանց խուճապի եւ ջղագարութեան յաղթահարել փորձութիւնները, համապատասխան ելքեր գտնել նոյնիսկ անելանելի իրավիճակներից, ուր երբեմն իրենց յետեւից տանում են վայ ղեկավարները։
Քաղաքական ուժը, լինելով ժողովրդի կենսագրութեան մի մասը, պէտք է միշտ պահպանի պատշաճութեան սահմանները, ունենայ անաղարտ վարկանիշ, քանզի քաղաքական իշխանութեան կենսագրութիւնը ժողովրդի կենսագրութիւնն է։ Հ.Յ.Դ.ն երիտասարդների կուսակցութիւն է, նա միշտ երիտասարդ է, խիզախ ու անշահախնդիր, վկան՝ նախնեաց մարտական ոգին։
Հայաստանը չի դադարում առաջինը լինել գիտութեան, ճարտարապետութեան, շինարարութեան ոլորտներում, անկախութեան համար պայքարում, Ռուսաստանին իր անօրինակ նուիրումով։ Հայաստանը քաղաքական առումով գրագէտ պաշտպանեց Ղարաբաղի ժողովրդի անկախութեան պայքարը, իր դռները հիւրընկալօրէն բացեց Լեռնային Ղարաբաղում ապրող տաղանդաւոր հայրենակիցների առաջ՝ պիզնէսի, քաղաքականութեան, գիտութեան, արուեստի բնագաւառներում։
Թող այսօր էլ հայ ժողովուրդը ցոյց տայ իր քաղաքական հասունութիւնը, վարքուբարքը, ներքին պահանջը՝ իր ձայնը տալով Վահան Յովհաննիսեանին։ Հայաստանը միշտ արդիական է, կարողանում է զգալ կեանքի պահանջներն ու համապատասխանել դրանց։
Երկրի զարգացման տարբեր ժամանակաշրջաններում ժողովուրդն ընտրում է համապատասխան ղեկավարի. երբեմն պէտք է խորամանկութիւն ու ճարպկութիւն, երբեմն՝ ուժ եւ արիութիւն, իսկ այսօր Հայաստանը կարիք ունի ազատ, որեւէ օրինական ու անօրինական կառոյցների առաջ չպարտադրուած նախագահի։ Այդ առումով Վահան Յովհաննիսեանի թեկնածութիւնը առաւել նախընտրելի է։ Նա ոչ ոքի ոչինչ պարտք չէ, բացի իր ժողովրդից։
Վ. Յովհաննիսեանը մի մարդ է, որը կ՚ընդունուի ցանկացած քաղաքական ընկերակցութեան կողմից, ինչպէս Արեւմուտքում, այնպէս էլ Արեւելքում՝ իբրեւ հաւասարազօր գործընկեր, հզօր, բարգաւաճող պետութեան ղեկավար։
Իրենց ձայնը տալ Վահան Յովհաննիսեանին. սա ամենատրամաբանականն է, որ կարող են այսօր անել Հայաստանի քաղաքացիները յանուն սեփական բարեկեցութեան, կայունութեան, յանուն առանց ցնցումների կեանքի եւ, իրօք, իրաւական պետութեան ստեղծման։ Հարկաւոր է սովորել չխախտել օրէնքը։ Վարչարարական որոշումների իրականացում. ահա իսկական ազատութիւնը։ Վահան Յովհաննիսեանի բոլոր ելոյթներում հնչում է յատկապէս այս միտքը՝ իրաւական պետութեան եւ իշխանութեան ու իրաւունքի միջեւ հաշուեկշռուած յարաբերութեան ստեղծում։
Մեր կարծիքով ազատութիւնը սեփական կամայականութեան յաղթահարումն է։ Մի մարդու ազատութիւնը վերջանում է այնտեղ, որտեղ սկսւում է միւսի ազատութիւնը։
Ազատութիւնը պահանջում է, որ ոչինչ բաց չթողնուի, իսկական ազատութիւնը գիտակցում է իր սահմանները։ Ազատութիւնը ամենաթողութիւն չէ, անիշխանութիւն չէ, ինքնակամութիւն չէ, անխոհեմութիւն չէ, այն արտացոլում եւ ցոյց է տալիս իւրաքանչիւր մարդու վերաբերմունքը միւսի, հասարակութեան հանդէպ եւ հասարակութեան վերաբերմունքը՝ մարդու հանդէպ։ Ազատութիւնը օրէնքների պահպանումն է։ «Սահմանափակումը անխուսափելի է, ու հէնց դա եւ ոչ այլ ինչ է ազատութեան պայմանը» (Ա. Քամիւ)։
Վահան Յովհաննիսեանի գլխաւորած պետական իշխանութիւնը ժողովրդին կը բերի անձի իրական ազատութիւն, ստեղծագործելու ազատութիւն, ընտրութեան, խօսքի ազատութիւն։
Բաւական է քրքրել անցեալը, կռուել եւ զոհուել։ Ժամանակն է աշխատելու, հարստանալու եւ աճեցնելու հայերի երջանիկ սերունդ։ Մի ոչ պակաս կարեւոր փաստ եւս, որ խօսում է Վ. Յովհաննիսեանի օգտին. Հ. Յ. Դ.ն կարողանում է համագործակցել, յարգել ուրիշի կարծիքը, կարողանում է աշխատել համաձայնական կառավարութեան կազմում, կարողանում է պարտադրել յարգել իրեն, նոյնիսկ՝ ընդդիմախօսին, ինչը կայունութեան եւ միմեանց հանդէպ յարգալից վերաբերմունքի երաշխիք է։