
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳԱՒԱՌԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ ԴՈԿՏՈՐ ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Los Angeles County Department of Mental Health
Eastern European/Middle Eastern Subcommittee
Լոս Անջելեսի հրդեհները, ինչպէս այլ բնական աղէտներ, ազդում են ինչպէս անմիջականօրէն տուժածների, նաեւ՝ ընդհանուր համայնքի հոգեկան առողջութեան վրայ: Անկախ նրանից, ինչպէս է աղէտն ազդել՝ սեփականութեան կորուստի տեսքով, անսպասելիօրէն տարհանուելու, հրդեհի հնարաւոր վերսկսման հետ կապուած անորոշութեան, կամ ծխի՝ առողջութեան վրայ ազդեցութեամբ, աղէտները կարող են հոգեկան առողջութեան հետ կապուած խնդիրներ առաջացնել: «Հոգեկան առողջութեանը վնասը կարող է արտայայտուել դէպքից օրեր, շաբաթներ կ’ամ նոյնիսկ ամիսներ անց, եւ տեւել երկար: Ոմանք կարող են նոյնիսկ չհասկանալ, որ գործ ունեն հոգեկան առողջութեան խանգարումների հետ: Աղէտի ժամանակ եւ յաջորդող շրջանում ի յայտ եկած զգացողութիւնները, ինչպիսիք են՝ չափազանց անհանգստութիւնը, մշտական լարուածութիւնը, շփոթմունքը, քնի խանգարումը, ընկճախտին բնորոշ այլ ախտանիշներ, ինչպէս նաեւ մարմնի տարբեր մասերում ցաւերը, կենտրոնանալու հետ կապուած խնդիրները բնական արձագանգ են աղէտին», նշում է Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքի Արեւելեան Եւրոպայի եւ Միջին Արեւելքի բաժնի դարմանատնային (կլինիկական) հոգեբան, դոկտոր Աննա Եարալեանը:
«Ասպարէզ»ի հետ զրոյցում նա մանրամասնում է հոգեկան առողջութեան խանգարումներին բնորոշ ախտանիշները, առաջարկում յաղթահարման ձեւեր եւ միջոցներ, որ ներառում է նաեւ Լոս Անջելեսի Հոգեկան առողջութեան բաժանմունքի՝ աղէտից տուժածների համար աջակցութիւն ծրագրերը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Բնական աղէտների ժամանակ, ինչպիսին էին Լոս Անջելեսի հրդեհները, ի՞նչ արձագանգ է բնորոշ տուժածներին, ինչպէ՞ս է այն արտայայտւում:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Բնական աղէտների ժամանակ, հոգեբանական առումով առաջին զգացողութիւնը, որ տուժածն ունենում է՝ ապահովութեան կորուստի զգացումն է: Ինչպէս ականատես եղանք Լոս Անջելեսի հրդեհների դէպքում, շատ մարդիկ կորցրեցին հարազատի, կենդանու, տուն, որտեղ շատ անգամ ապրել էին սերնդէ սերունդ, կորցրեցին ունեցուածքը, ընտանիքին պատկանող յատուկ նշանակութեան իրեր: Նման կորուստներն անձի մօտ յաճախ յանգեցնում են հոգեբանական, մտային եւ վարքային տարատեսակ արձագանգների: Առաջինը մտային արձագանգն է, որ արտայայտւում է տարբեր կերպ, օրինակ, անձը կարող է ունենալ շփոթուածութիւն, գիշերային մղձաւանջներ, շատ անգամ՝ կենտրոնանալու խնդիր, ինչի հետեւանքով դժուարութիւններ կարող են առաջանալ ամէնօրեայ գործողութիւններում կողմնորոշուելու հարցում: Բնորոշ է նաեւ լարուածութիւնը, անհանգստութիւնը՝ յատկապէս ապագայի հանդէպ, օրինակ, թէ ինչ պէտք է անի յաջորդիւ, ի՞նչ է սպասւում: Արձագանգները լինում են նաեւ ֆիզիկական, հոգեֆիզիկական, օրինակ՝ հնարաւոր են յիշողութեան, տեսողութեան, տեղաշարժման խնդիրներ, երբեմն՝ կրծքավանդակում ցաւեր, սրտի արագ բաբախիւն, շնչակտուր լինելու զգացում, թուլութիւն, գլխապտոյտ, սիրտխառնոց, գլխացաւեր կամ այլ մարմնային ցաւեր, դողէրոցք կամ քրտնարտադրութիւն:
Աղէտի ընթացքում եւ յաջորդող արտակարգ իրավիճակներում անձի մօտ կարող է նկատուել նաեւ մեղքի զգացում, մեղադրանքների հնչեցում՝ ինչին ականատես եղանք հրդեհների ընթացքում, թէ ինչպէս շատ մարդիկ բարկացած էին եւ մեղադրում էին տեղական կառավարութեանը՝ բաւարար քանակի հրշէջներ չունենալու, իրավիճակը ոչ-բաւարար կերպով կառավարելու համար: Հնարաւոր է նաեւ վախի զգացում, լարուածութիւն, ընկճախտ այն մտքերից, որ կարող էին գուցէ իրենք էլ հրդեհը կասեցնել, սակայն ձախողեցին, յուսահատութեան զգացումներ: Նշածս հետեւանքները կարող են արտայայտուել տարբեր կերպ, օրինակ, անձը կարող է դիւրագրգիռ դառնալ՝ բղաւել, վիճաբանել, եւ այլ: Շատ անգամ, ցաւը մեղմելու համար կարող են դիմել ալկոհոլի, ծխախոտի չարաշահման, երբեմն էլ՝ թմրանիւթերի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որոնք են ընդհանուր մտաւոր եւ վարքագծային խանգարումները, որ կարող են ի յայտ գալ արտակարգ իրավիճակներում: Ինչպէ՞ս պէտք է դիմակայել:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Բնական աղէտների ժամանակ ի յայտ է գալիս կորստի եւ վշտի զգացում: Լոս Անջելեսի հրդեհների դէպքում էլ, տարատեսակ կորուստներից բացի, նաեւ խախտուեց մարդկանց առօրեայ կենսակերպը: Այս ամէնը բազմաթիւ վախերի տեղի է տալիս, յատկապէս, երբ կեանքի բնականոն ընթացքը դուրս է գալիս անձի վերահսկողութիւնից, ապագայի հարցում բազմաթիւ առաջնային հարցեր են առաջանում, օրինակ, թէ ո՞ւմ պէտք է դիմել, ի՞նչ պէտք է անել: Այս իրավիճակը կորստի եւ վշտի, ցաւի զգացումներ, ընկճախտ, հոգեբանական տարատեսակ խանգարումներ կարող է առաջացնել: Նման դէպքերում կարեւոր է մասնագէտի դիմել. հոգեբանները, հոգեբոյժներն օգնում են, որ տուժած անձիք արտայայտուեն, խօսեն իրենց կորուստների մասին: Մասնագէտները ստեղծում են ապահով միջավայր եւ օգնում են տուժածին հասկանալ, որ նման զգացումները բնական են, միաժամանակ՝ օգնում են գտնել լուծումներ: Շատ անգամ, մասնագէտները նաեւ մարտահրաւէր են նետում բացասական մտածելակերպին, եւ սա շատ կարեւոր է, քանզի մարդիկ, վախից ու անհանգստութիւնից աւելի բացասական են սկսում մտածել, եւ մենք օգնում ենք տեսնել, թէ իրենց վախը որքանով է մօտ ճշմարտութեանը, ցոյց ենք տալիս իրականութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արտակարգ իրավիճակներում երեխաները համարւում են ամենախոցելի խումբը: Ի՞նչ հիմնական խնդիրներ կարող են առաջանալ, եւ ինչպէ՞ս պէտք է վարուել երեխաների հետ աղէտի ժամանակ եւ յաջորդող շրջանում:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Աղէտից տուժող ամենախոցելի խումբը երեխաներն են: Նրանց առաջին զգացումը վախն է, երբ նրանց առօրեայ կենսակերպը խախտւում է, եւ անապահովութեան զգացումը առաջացնում է վախ, անհանգստութիւն: Այս դէպքում, նրանց համար օրինակ են ծնողները, որոնցից երեխան փորձում է հասկանալ, թէ ինչ է կատարւում, ծնողն ինչ զգացումներ ունի, եւ ըստ այդմ խաղաղուել կամ անհանգստանալ: Այս պատճառով, ծնողների համար շատ կարեւոր է գիտակցել, որ իրենց արձագանգը, զգացումները փոխանցւում են երեխաներին: Շատ յաճախ երեխաները նաեւ հեռուստատեսութիւնից, ընկերային հարթակներից ստանում են նորութիւներ, ինչն աւելացնում է նրանց անհանգստութիւններն ու լարուածութիւնը:
Արտակարգ իրավիճակներում, պէտք է օգնել, որ երեխան իրեն ապահով զգայ, խօսել երեխայի հետ, հարցեր տալ եւ առիթ ստեղծել նրանց համար արտայայտուելու վախերի, անհանգստութիւնների մասին: Կարեւոր է տեղեակ լինել, որ երեխաներն իրենց զգացումները, յոյզերը երբեմն չեն կարողանում խօսքով արտայայտել, եւ դրանք արտայայտւում են ֆիզիկական ձեւերով՝ երեխան բողոքում է մարմնի տարբեր մասերում ցաւերից, մեկուսանում է: Պէտք է ուշադրութիւն դարձնել երեխաների վարքին, արարքներին, եւ ժամանակ տրամադրել համբերութեամբ հասկանալու նրանց: Անհրաժեշտ է նաեւ, որ ծնողները կարողանան երեխաների առօրեայ կենսագործունէութիւնն ապահովել՝ սնուելու, քնելու, դպրոց յաճախելու հարցը լուծել, հաւաստիացնել, որ նրանց կողքին են: Յորդորում եմ ծնողներին տեղեկացուած լինել, եւ արտակարգ իրավիճակներում լաւագոյնս օգնել իրենց երեխաներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր հրդեհների հետեւանքով հոգեկան առողջութեան խնդիրներ են ձեռք բերել, յաղթահարման ի՞նչ խորհուրդներ կը տաք:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Յաղթահարման բազմապիսի ձեւեր կան, որ մարդիկ հոգեպէս խաղաղուեն ու հանգիստ զգան իրենց: Հիմնականում, անհրաժեշտ է կիրառել առօրեայ առողջ սովորութիւններն ու պահպանել կեանքի ռեժիմը (կարգը)՝ ժամանակին եւ առողջ սնուել, ժամանակին քնել, մարմնամարզութեամբ զբաղուել, շնչառական վարժութիւններ անել, մեդիտացիայով (մտախոհութեամբ) զբաղուել, հանգիստ երաժշտութիւն լսել: Կարեւոր է նաեւ պարբերաբար դադար վերցնել հեռուստացոյցից եւ չհետեւել լուրերին: Փոխարէնը, խրախուսւում է խօսել ընտանիքի անդամների, բարեկամների ու ընկերների հետ: Որոշ դէպքերում էլ՝ դիմել մասնագիտական օգնութեան:
Հոգեպէս աւելի լաւ զգալու համար, առաջին հերթին խորհուրդ կը տայի գիտակցել, որ աղէտի պատճառով առաջացած տարաբնոյթ զգացողութիւնները, ինչպիսիք են լարուածութիւնը, շփոթուած լինելը, անհանգստութիւնը, մարմնի ցաւերը, ընկճախտը, ինքնամեկուսացման փափագը, եւ այլ, բնական արձագանգ են իրավիճակին: Շատ կարեւոր է, ընդունել իրականութիւնն ու խօսել զգացումների մասին, արտայայտուել, եւ այդ ժամանակ անձն անգիտակցաբար կը հասկանայ, թէ ինչ է իր հետ կատարւում, վերահսկում կ՛ունենայ այդ զգացմունքների նկատմամբ, եւ չի վախենայ բացասական կամ խոցելի զգացումներից:
Աղէտից տուժած մարդկանց նաեւ խորհուրդ կը տամ լինել պատրաստուած, տեղեկացուած, ծրագրել յետագայ քայլերը, օրինակ, եթէ տունը կորցրել են՝ պարզել, թէ որտե՞ղ եւ ո՞ւմ հետ են մնալու, օգնութեան համար ո՞ւմ են դիմելու: Սա օգնում է, որ մարդիկ հոգեպէս իրենց աւելի հանգիստ զգան: Աջակցութեան համար շատ կարեւոր է դիմել ընտանիքի անդամներին, ընկերներին, նաեւ՝ համայնքի կազմակերպութիւններին, եկեղեցուն: Որպէս քրիստոնեայ, հայ ազգին հաւատը շատ անգամ օգնել է յաղթահարել դժուարին իրավիճակներ, վերապրել եւ շարունակել:
Օգտագործէ՛ք կառավարութեան կողմից առաջարկուող տարբեր ծրագրերը, այս դէպքում՝ աղէտից տուժածների համար, որ ներառում է նաեւ հոգեբանական եւ հոգեբուժական օգնութիւնը: Լոս Անջելեսի Հոգեկան առողջութեան բաժանմունքի ներքոյ գործում են շատ հայախօս հոգեբաններ: Զանգահարելով, համապատասխան հեռախօսահամարներին՝ 1-800-854-7771 եւ 1-800-985-5990, կարող էք պահանջել հայախօս հոգեբանների, սոցիալական աշխատողների (ընկերային ծառայողների) եւ վարչութեան հետ համագործակցող բուժհաստատութիւններում գործող մասնագէտների օգնութիւնը: