«Բելգիայի Հայերի Վեհաժողով»ը բաց նամակ մը յղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ անոր վերջին յայտարարութիւններէն ետք:
Ստորեւ՝ այդ նամակը
«Պարոն վարչապետ,
«Շուէյցարահայ միխումբ գործարարների առջեւ կատարած ձեր յայտարարութիւններից յետոյ մենք ուղղակի ցնցուած ենք եւ չենք կարողանում հասկանալ այդ յայտարարութիւնների տրամաբանութիւնը, իմաստը կամ նպատակը:
«Այս նամակով ցանկանում ենք ձեզ յայտնել մեր խորին մտահոգութիւնը: Ելնելով ﬕնչեւ 2020 թուականը 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ձեր նախկին յայտարարութիւններից` մենք կարծում էինք, որ կասկած չկայ ճշմարտութեան վերաբերեալ, թէ ինչու եւ ով է դրդել ցեղասպանութիւնը: Առաւել եւս, 2020 թուականից յետոյ ձեր յայտարարութիւններից, որոնք, ըստ էութեան, ասում էին, որ ցեղասպանութեան հարցը ոչ թէ ձեր կառավարութեան առաջնահերթութիւնն է, այլ` Սփիւռքի:
«Այդ իրականութիւնը ընդունեցինք ի գիտութիւն` որպէս Հայաստանի Հանրապետութեան ներքին գործ` բխող պետութեան առաջնահերթութիւններից ու բարձր շահերից: Սակայն զարմանալի է, երբ դուք միջամտում էք մի հարցի, որը թողել էիք Սփիւռքի հայեցողութեանը եւ հրապարակաւ տարածում էք մտքէր, որոնք գնում են թուրք- ադրբեջանական ժխտողական պետութիւնների ուղղութեամբ եւ, ի հարկէ, հեռու են որեւէ գիտական կամ պատմական փաստարկներից:
«Ձեր այս յայտարարութիւնը` մտածուած կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր աւելացնում: Չփորձելով խուսափել թեմայի քննարկուﬕց` կարեւոր է չնսեմացնել ցեղասպանութիւն վերապրածների եւ ժառանգների յիշատակը, ինչպէս նաեւ սերունդների` տասնամեակներով արուած ջանքերը, որոնց շնորհիւ մի շարք երկրներ, այդ թւում` Հայաստանը ընդունել են ցեղասպանութեան փաստը:
«Այս յայտարարութիւններով դուք խորապէս վիրաւորում էք ﬔզ` որպէս ցեղասպանութեան ժառանգների, եւ աղաւաղում էք պատմական իրականութիւնը: Մենք չենք յաւակնում ձեզ դասեր տալ, այլ յիշեցնել ձեզ մի քանի փաստերի մասին` ցոյց տալու համար, որ ձեր յայտարարութիւնները ճշմարիտ չեն:
«Յայտարարում էք, որ՝ «Ցեղասպանութեան հարցը 1939 թ.ից առաջ չի բարձրացուել»։ Պէտք է յիշեցնենք, որ առաջին յուշարձանը` «Մեծ Եղեռնի յիշատակին», կանգնեցուել է 1916 թուականին հէնց Պոլիսում: Մեր համայնքի կողմից ընտրուած Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թուականի կանոնադրութեան նախաբանում գրել է «լինելով ցեղասպանութիւնը վերապրածներ…»:
«Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում մինչեւ 1939 թուականը հրատարակուած բազմաթիւ աշխատութիւնների ու յօդուածների մասին: Դուք չպէտք է մոռանաք, որ խօսում էք ոչնչացուած, արմատախիլ արուած, ջարդուած եւ էապէս որբ բնակչութեան մասին, որի նպատակն է գոյատեւել` թոյլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջութեամբ բնաջնջելն էր:
«Դուք սահմանափակւում էք Խորհրդային Միութեան մասին իմացած (ունեցած) ձեր պատկերացումներով եւ մեզ համար զարմանալի հետեւութիւններ էք անում: Նշենք ﬕայն, որ ԽՍՀՄը1915 թուականին դեռ գոյութիւն չունէր: Այն, որ հզօր պետութիւնները փորձում են օգտուել իրադարձութիւններից` իրենց շահերից ելնելով, դա նորութիւն չէ, բայց մենք դէմ ենք Հայոց ցեղասպանութիւնը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը լուծելու համար:
«Ամենակարեւոր հարցերից է, թէ, ի վերջոյ, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետութիւնը կամ հայ ազգը նմանատիպ յայտարարութիւնից:
«Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք յստակեցնել, թէ ի՛նչ նպատակ էք հետապնդում եւ ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանութիւնը»: