

Լեարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն համարւում է 21րդ դարի ոչ վիրուսային (ժահրային) համաճարակ: Ճարպային լեարդը յայտնի է նաեւ որպէս լեարդի ստէատոզ: Դա տեղի է ունենում, երբ ճարպը կուտակւում է լեարդում: Լեարդում փոքր քանակութեամբ ճարպի առկայութիւնը բնական է, բայց չափից շատը կարող է առողջական խնդիր դառնալ:
Լեարդը ձեր մարմնի երկրորդ ամենամեծ օրգանն է: Այն տարրալուծում է ճարպը, կարգաւորում արեան մէջ շաքարի մակարդակը, կարեւոր դեր է խաղում օրգանիզմում էնզիմների (բնախմորի) արտադրութեան եւ կարեւոր վիտամինների (կենսանիւթերու), հանքանիւթերի եւ գլիկոգենի պահպանման գործում: Ոչ մի այլ օրգան չի կարող փոխարինել լեարդին: Ինչ էլ ուտենք կամ խմենք՝ անցնում է լեարդով: Ահա թէ ինչու է այս օրգանն ամենաշատը տուժում մեր վնասակար սննդակարգի պատճառով:
Արեան բարձր ճնշումը, յոգնածութիւնը, խօլեստերինի բարձր մակարդակը միայն մի քանիսն են այն նշաններից, որոնք յուշում են, որ լեարդը գերծանրաբեռնուած է, իսկ ճարպերի նիւթափոխանակութիւնը՝ խախտուած: Չափից շատ ճարպը կարող է առաջացնել լեարդի բորբոքում, որը կարող է առաջացնել սպիներ: Ծանր դէպքերում, այս սպիացումը կարող է յանգեցնել լեարդի անբաւարարութեան: Այս հիւանդութիւնը յաճախ կոչւում է լուռ հիւանդութիւն, քանի որ դրա նախանշանները հազուադէպ են ակնյայտ լինում: Հիւանդութեան զարգացման ընթացքում է, որ նախանշանները նկատելի կը լինեն, օրինակ՝ թուլութիւն, ախորժակի կորուստ եւ կենտրոնացման խնդիրներ:
Երբ ճարպային լեարդը զարգանում է այն մարդու մօտ, ով շատ ալկոհոլ է խմում, այն յայտնի է որպէս ալկոհոլային ճարպային լեարդի հիւանդութիւն (AFLD): Հիւանդութիւնը կարող է զարգանալ առանց ալկոհոլի օգտագործման` որպէս ոչ ալկոհոլային ճարպային լեարդի հիւանդութիւն (NAFLD):
Աշխարհի բնակչութեան 25-30 տոկոսը տառապում է լեարդի ոչ ալկոհոլային ճարպային հիւանդութիւններով, այսինքն` ամէն չորրորդը տառապում է այս հիւանդութեամբ:
Լեարդի ճարպակալման առաւել տարածուած պատճառներն են աւելորդ քաշը, շաքարախտը, արեան բարձր ճնշումը եւ ամենակարեւորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշդ սնուցումը եւ անբաւարար ֆիզիկական աշխուժութիւնը: Հիւանդութիւնն առաւել յաճախակի հանդիպում է 45 տարեկանից յետոյ:
Լեարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ է տրւում օրական սնուել 3-4 անգամ, խուսափել նաեւ ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնուել ուշ ժամերին եւ վարել ֆիզիկական աշխուժ կենսակերպ: