ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ*

Աշխարհագրական դիրքով, բուլղար ժողովրդի քաղաքական իղձերով եւ թուրքերի հանդէպ ունեցած հակակրանքով պայմանաւորուած, Բուլղարիան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար հանդիսացել է կարեւոր յենակէտ Կոստանդնուպոլիս եւ այնտեղից Երկիր անցնելու ու ազգային-ազատագրական պայքարն առաջ մղելու համար: Գտնուելով Կ. Պոլսին կից, Երկրին մօտիկ, միաժամանակ Եւրոպայում՝ նրա դիրքը բացառիկ էր յեղափոխական գործի համար: Կարեւոր էին նաեւ Բուլղարիայի ծովային հաղորդակցութեան հնարաւորութիւնները Տրապիզոնի, Բաթումի եւ Զմիւռնիայի հետ:
Աշխարհագրական եւ քաղաքական առանձնայատկութիւնները պատճառ են դարձել, որ ՀՅ Դաշնակցութիւնը շատ վաղուց արմատներ նետեր Բուլղարիայում: Նախընթաց շրջանում Բուլղարիայում թուրքերի վարած հալածական քաղաքականութիւնը փաստօրէն նպաստել էր, որ բուլղար ժողովուրդը եւ նրա իրարայաջորդ կառավարութիւնները ոչ միայն բարեացակամ վերաբերուէին հայ յեղափոխական շարժմանը, այլեւ երբեմն ուղղակի կամ անուղղակի կարեւոր օժանդակութիւն ցուցաբերէին:
ՀՅԴ-Ի ՄՈՒՏՔԸ ԲՈՒԼՂԱՐԻԱ
Կուսակցական առաքելութեամբ Բուլղարիա ժամանած առաջին դաշնակցական գործիչը Գարեգին Խաժակն (Չաքալեան) էր՝ Բաբա-Գասպար կեղծանունով: Նա 1894ի վերջերին Եամբոլ եւ Սլիւեն քաղաքներում մի շարք հանդիպումներ է ունենում տեղի հայրենասէր ու սրտացաւ հայերի հետ: Սլիւենի հայութեանը ոգեւորելու տեսակէտից բաւական ազդեցիկ է եղել Ամբակում աղայի տանը տեղի ունեցած հաւաքոյթի ժամանակ Գ. Խաժակի հնչեցրած հայրենաշունչ ճառը: Նա այստեղ ներկայացրել է արեւմտահայութեան ծանր վիճակը, Սասունի կոտորածները:
Գ. Խաժակը համոզմունք է յայտնել, որ Օսմանեան կայսրութեան դէմ յեղափոխական պայքարի ելած ժողովուրդներն ազատագրուել են բռնակալութիւնից, ուստի «հայն ալ պիտի թօթափէ ստրկութեան լուծը՝ ազատ եւ անկաշկանդ ապրելու եւ հայ մշակոյթը զարգացնելու համար»: Գարեգին Խաժակը շատ կարճ ժամանակամիջոցում Սլիւեն եւ Ֆիլիպէ (ներկայումս՝ Պլովդիւ) քաղաքներում ձեւաւորում է դաշնակցական բջիջներ, որոնք նոյնիսկ կարողանում են հանգանակութիւն կազմակերպել Սասունի կարօտեալների համար: 1895ին Գ. Խաժակը դաշնակցական խումբ է ստեղծում նաեւ Վառնայում:
1895ի Աշնանը ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն Բուլղարիա է գործուղում Վարդոյին (Վարդ Պատրիկեան): Վարդոն այստեղ զբաղւում էր փամփուշտի տարանցումը կազմակերպելու գործով: Նա եւրոպական երկրներից Արեւմտեան Հայաստանի համար ձեռք բերուած փամփուշտը բուլղարական նաւահանգիստներով ուղարկում էր Կովկաս:
1897ին Կ. Պոլսից Վառնա է անցնում Արշակ Վռամեանը (Օննիկ Դերձակեան) եւ նոյն տարուայ Օգոստոսի 20-22ին կազմակերպում Բուլղարիայի Եամբոլ, Ֆիլիպէ, Բուրգաս, Սլիւեն, Ռուսճուք, Վառնա, Շումլա (Շումեն) քաղաքների դաշնակցական մարմինների առաջին շրջանային ժողովը, որն ընտրում է Բալկանեան Կենտրոնական կոմիտէ:
ՀՅԴ ԿԱՌՈՅՑԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ՝ 1898-1907ԻՆ
Առաջին Շրջանային ժողովից յետոյ, սակայն, Կենտրոնական կոմիտէն չցուցաբերեց ակնկալուող աշխուժութիւնը: 1898ին, ՀՅԴ 2րդ Ընդհանուր ժողովից յետոյ, Ֆիլիպէում հաստատուեց կուսակցութեան առանցքային դէմքերից Ռոստոմը (Ստեփան Զօրեան): Վերջինիս գլխաւոր խնդիրը Դաշնակցութեան տեղի կազմակերպութեան հզօրացումն էր: Ռոստոմի անմիջական նախաձեռնութեամբ «սարքուեցան խառն կամ զուտ դաշնակցական բազմաթիւ լսարաններ, օրիորդաց, տիկնանց եւ երիտասարդներու համար առանձին լսարաններ, յետոյ կազմուեցան երգեցիկ ու թատերասէր երկսեռ խումբերը եւ հետզհետէ զինավարժական-մարմնամարզական խումբերը, առանց հաշուելու զուտ յեղափոխական 3-4 օժանդակ խումբերը, որոնք նոյնպէս այդ ժամանակ կազմուեցան: Այս եղանակաւ քաղաքի գրեթէ բոլոր երիտասարդ ու տրամադրելի ուժերը ներգրաւուեցան, եւ շատ չանցած՝ բոլորը դաշնակցական դարձան»: Այս ընթացքում Ռոստոմն իր կնոջ՝ Եղիսաբեթ Շահնազարեան Զօրեանի հետ Ֆիլիպէում հիմնում է հայկական դպրոց, որտեղ յաճախող հայ մանուկները դաստիարակւում էին հայկական ոգով: Դպրոցը բազմաթիւ հայ ընտանիքների կապեց ՀՅ Դաշնակցութեան հետ:

Ֆիլիպէում Ռոստոմի հայկական դպրոց բանալը իւրատեսակ մեծ յանդգնութիւն էր: Քաղաքում ապրում էր մօտ 1000 տուն հայ ընտանիք:
Ռոստոմի աշակերտուհիներից Պերճուհի Բարսեղեանը այդ կապակցութեամբ հետագայում հետեւեալը պիտի գրէր. «Անհաւատալի աղմուկ մը առաջ բերաւ այդ դպրոցին բացումը: Աղաներու շշմանքին, զարմանքին այդպիսի յանդգնութեան դէմ՝ յաջորդեցին զայրոյթը եւ պայքարը ամէն զէնքերով: Անոնցմէ ոմանք չվարանեցան անգամ տաճիկ հիւպատոսին միջոցաւ պուլկար կառավարութեան դիմելու եւ բողոքելու, որ Ռոստոմի դպրոցին մէջ ռումբեր կը պատրաստուին թիւրք կառավարութեան դէմ: Այնպէս որ պուլկար կառավարութիւնը ձեւական քանի մը խուզարկութիւններ կատարել տուաւ դպրոցին մէջ: Ձեւական, որովհետեւ կառավարական շրջանակները, որոնց մէջ աչքի կը զարնէին մակեդոնական յայտնի գործիչներ, շատ լաւ գիտէին թէ ինչ էր դպրոցին նպատակը»:
Իրականում աղաները մտահոգուած էին, որ հայ միջին եւ ստորին դասի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ուղարկում էին Ռոստոմի դպրոցը: Այլեւս Ֆիլիպէի հայութեան մէջ Ռոստոմն էր հեղինակութիւնը եւ ոչ իրենք: Ռոստոմի շնորհիւ Ֆիլիպէի հայութեան հասարակական-քաղաքական կեանքը եռում էր, կանայք ներգրաւուած էին Կարմիր խաչի, մշակութային ձեռնարկների մէջ, վարժարանը դարձել էր զանազան քննարկումների կենտրոնատեղի:
Մինչեւ 1905 վարժարանի նիւթական կարիքները՝ մօտ 7000 ֆրանկ, հոգացւում էին աշակերտների թոշակների, հիմնադիրների անձնական զոհողութիւնների եւ կովկասցի կրթասէր անձանց նուիրատուութիւնների հաշուին: Վարժարանի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, հիմնականում դաշնակցականներ, աշխատում էին առանց վարձատրութեան: Սակայն 1905-1906ին կովկասեան դէպքերը (հայ-թաթարական զինուած բախումները) խանգարեցին այնտեղից նիւթական աջակցութիւն ստանալուն, եւ վարժարանը յայտնուեց կարիքի մէջ:
Բուլղարիայում Ռոստոմի հաստատուելու պատճառներից մէկն էլ մակեդոնացի յեղափոխականների հետ համագործակցութեան ծրագրերի մշակումն ու իրականացումն էր: Բուլղարահայ դաշնակցականները կապ էին հաստատել Բուլղարիայում գործող մակեդոնական ազգային-ազատագրական շարժման ղեկավարների հետ եւ հիմնել Օսմանեան կայսրութեան դէմ ուղղուած «Հայ-մակեդոնական եղբայրութիւն» դաշինքը: Ռոստոմը, օգտուելով մակեդոնացի յեղափոխականների աջակցութիւնից, կատարելագործեց նաեւ պայթուցիկներ պատրաստելու իր հմտութիւնը, որը յետագայում պիտի շարունակէր Քրիստափոր Միքայէլեանը: Մակեդոնացի յեղափոխականների աջակցութեամբ եւ բուլղարական կառավարութեան «արտօնութեամբ», մի փոքր ուշ ՀՅ Դաշնակցութիւնը նաեւ զինուորական վարժարան բացեց Բուլղարիայում:
Հայ-մակեդոնական համագործակցութիւնը, ցաւօք, նաեւ ողբերգական դրուագներով է յայտնի: Բուլղարիայում հայ յեղափոխականներից մակեդոնացիների հետ սերտ յարաբերութիւններ ունէր Պետրոս Սէրէմճեանը: Վերջինս իր մակեդոնացի ընկերների հետ ստեղծեց 10 հոգուց բաղկացած հայ-մակեդոնական զինեալ խումբ, որը պէտք է Ադրիանապոլսի բանտից ազատէր հայ եւ բուլղար մի քանի բանտարկեալների: Խմբի մէջ էին Պետրոս Սէրէմճեանը, Թաթուլը (Արամ Արամեան), Օննիկ Թորոսեանը, Խաչիկ Ասլանեանը, բուլղարներից՝ Սոկոլովը, Ս. Մերջանովը, Խրիստօ Հաջի Իլիեւը եւ ուրիշներ: Յեղափոխականների խումբը որոշել էր գերի վերցնել Ադրիանապոլսի վալիին եւ փոխանակել խնդրոյ առարկայ բանտարկեալների հետ: Իմանալով վալիի գտնուելու յստակ վայրը, յեղափոխականները հատում են թուրք-բուլղարական սահմանը եւ 1901ի Յուլիսի 6ին անցնում յարձակման: Սակայն, մինչ նրանք հասնում էին, վալին արդէն հեռացել էր, փոխարէնը գերի են վերցնում մի թուրք մեծահարուստի որդուն: Սկսւում է կռիւ, յեղափոխականներից վեցը անհաւասար կռւում զոհւում են, իսկ չորսը՝ Պետրոս Սէրէմճեանը, Օննիկ Թորոսեանը, Ս. Մերջանովը, Խրիստօ Հաջի Իլիեւը գերի են ընկնում: Թուրքական իշխանութիւնները հայ-մակեդոնական համագործակցութիւնը սաղմի մէջ խեղդելու դիտաւորութեամբ որոշում են ամենախիստ պատիժը կիրառել գերի ընկածների նկատմամբ. հայ եւ մակեդոնացի գերի յեղափոխականները 1901ի Նոյեմբերի 27ին (Դեկտեմբերի 9ին) կախաղան են բարձրացւում:



Բուլղարիայից Ռոստոմի հեռանալուց յետոյ այնտեղ ՀՅ Դաշնակցութեան ղեկավար դէմքը դառնում է Վարդոն, ով նոր էր վերադարձել Ժնեւից: Սակայն 1904ին Վարդոյի եւ Կենտրոնական կոմիտէի միւս ընկերների միջեւ անհամաձայնութիւնների պատճառով ձախողումներ են արձանագրւում: Դրանք յետագայում աւելի են խորանում եւ պատճառ դառնում Վարդոյի նկատմամբ կուսակցական պատժական տնօրինման:
1904-1907 թուականները Բուլղարիայում ՀՅԴի գործունէութեան առումով նշանաւոր են մի շարք իրադարձութիւններով՝ Սոֆիայի Ընդհանուր ժողով, Վիտոշի ողբերգութիւն, ՀՅԴ զինուորական դպրոց եւ այլն:
1904ի Փետրուար-Մարտին Սոֆիայում տեղի է ունենում ՀՅԴ 3րդ Ընդհանուր ժողովը, որտեղ որոշւում է մի ցուցական գործողութիւն իրականացնել Կ. Պոլսում: Այդ նպատակով ժողովն ընտրում է նաեւ Ցուցական պատասխանատու մարմին: Այդ մարմնում ընդգրկւում է նաեւ Քրիստափոր Միքայէլեանը, ում համար սուլթան Աբդուլ Համիդ Բ.ի ահաբեկումը գերագոյն նպատակ էր: Բացի Քրիստափորից, մարմնի անդամ ընտրուեցին նաեւ Սաֆոն (Մարտիրոս Մարգարեան), Թորգոմը (Արտաշէս Սերեմճեան), Յովնան Դաւթեանը, Աշոտ Բագրատունին (Կարապետ Եղիկեան, Սեւ Աշոտ): Աշխատանքներում ներգրաւուեցին նաեւ Ռուբինա Արեշեանը (յետագայում՝ Օհանջանեան), Վռամ Քէնտիրեանը (ով յետագայում պիտի նահատակուէր Քրիստափորի հետ), Քրիս Ֆեներճեանը, Գրիգոր Սայեանը (Ջայիլ), օրիորդ Էմիլը, կէս-յոյն, կէս-իտալացի Սիլվիօ Ռիչչին, գերմանուհի Սոֆի Ռիպսը եւ ուրիշներ: Բուլղարիայում Քրիստափորն իր համախոհների հետ ձեռնամուխ եղաւ սուլթանի ահաբեկման նախապատրաստական աշխատանքներին:
1905ի Մարտի 4 (17)ին Սոֆիայից ոչ հեռու, Վիտոշ լեռան լանջին ռումբի վերջին փորձարկման ժամանակ, Քրիստափորը եւ Վռամը զոհւում են: Քրիստափորի նահատակութիւնից յետոյ գործի ղեկավարումը վստահւում է Սաֆոյին: Վերջինիս ղեկավարութեամբ, սուլթանի մահափորձը տեղի է ունենում 1905ի Յուլիսի 21ին: Ցաւօք, Աբդուլ Համիդ Բ.ն ողջ է մնում:
Այս ընթացքում Վառնայում լոյս տեսնող «Շարժում» թերթում Վարդ Պատրիկեանը սկսում է քննադատել Քրիստափորին եւ Ցուցական մարմնի գործունէութիւնը, ինչն, ըստ էութեան, գաղտնապահութեան կոպիտ խախտում էր: 1906ին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանեան ժողովը քննում է նաեւ Վարդոյի հարցը: Վարդոն մեղադրւում էր ոչ միայն կուսակցական մարմիններին հրապարակաւ քննադատելու եւ գաղտնապահութիւնը խախտելու, այլեւ կուսակցութեան նիւթական միջոցները իւրացնելու մէջ: Ժողովը բաւական երկար անդրադարձաւ այս հարցին եւ միաձայնութեամբ որոշեց «գիտակցաբար ու բացարձակօրէն զեղծարարութիւն ընող Իսակ Առվախի Վարդոյի նկատմամբ յեղափոխութեան եւ կազմակերպական կանոններու տրամադրած ամենածանր պատիժը, անոր վաւերացումը յանձնարարելով Ընդհանուր ժողովին կամ Դաշնակցութեան խորհուրդին»:
1907ի Փետրուար-Մայիսին Վիեննայում տեղի ունեցած ՀՅԴ 4րդ Ընդհանուր ժողովն անդրադարձաւ նաեւ «Վարդոյի խնդրին»: Ապրիլի 28ի նիստում, լսելով Վարդոյի գործի համար կազմուած Դատական յանձնաժողովի մանրամասն զեկուցումը, Ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ Վարդոն գիտակցաբար, սեփական կարիքների համար իւրացրել եւ ծախսել է ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէի գումարները՝ ընդհանուրը 12,112 ֆրանկ: Բացի դա, Վարդոն շահագործել է նահատակ ընկերոջ՝ Պետրոս Սեէրէմճեանի յիշատակը, իր խմբագրած «Շարժում» թերթի մէջ Պ. Սէրէմճեանի բանաստեղծութիւնները հրատարակելու նպատակով հանգանակութիւն է կազմակերպել եւ իւրացրել հաւաքուած գումարը: Ժողովը եզրակացրեց, որ «Վարդոն իւր բոլոր անմաքուր գործերը եւ, մանաւանդ, իւր զեղծումները չքմեղելու համար հանրային կարծիքին առջեւ՝ դիմած է ամէն տեսակ անորակելի միջոցներու՝ ջանալով արատաւորել Դաշնակցութիւնը, դաշնակցական ամենամաքուր գործիչները, նկրտելով կասկածի ստուեր ձգել անոնց գործունէութեան վրայ, անուանարկութեան ու խեղաթիւրման հակասական ամէն փորձ ի գործ դնելով իւր թերթին մէջ»: Ելնելով վերոնշեալ ծանրակշիռ եզրակացութիւններից՝ Ընդհանուր ժողովը որոշեց հաստատել ՀՅԴ Բալկանեան Շրջանային ժողովի որոշումը Վարդոյի վերաբերեալ:
Վարդոյի ահաբեկումն իրականացուեց Ռուսճուքում 1907ին, Յակոբի (Կըճի) կողմից:
1905ից Ֆիլիպէում սկսում է հրատարակուել «Ռազմիկ» պարբերականը, որը գաղափարա-քաղաքական լուրջ դերակատարում է ունեցել: Թերթի կայացման գործում առանձնապէս մեծ է խմբագրի՝ Ռուբէն Զարդարեանի ներդրումը: Լինելով լուրջ մտաւորական եւ միաժամանակ քաղաքական անձնաւորութիւն, նա կարեւոր որակ է հաղորդում թերթի հրապարակումներին: Այս հանգամանքը հաշուի առնելով՝ ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէն թերթին ֆինանսական եւ բարոյական մեծ աջակցութիւն է ցուցաբերում: Շրջանի Կենտրոնական կոմիտէն մեծ աշխատանքներ է կատարել «Դրօշակ» եւ «Ռազմիկ» թերթերի հնարաւորինս շատ օրինակներ Երկիր ուղարկելու գործում:
1907ին Բուլղարիայի հայութեան թիւը 13,000 էր, որոնց մէջ դաշնակցականները՝ 1000-1200: Դաշնակցական կառոյցներ կային Ֆիլիպէ, Սոֆիա, Ռուսճուք, Վառնա, Բուրգաս, Սլիւեն քաղաքներում: Այսպիսով, 1905-1907 թուականներին ՀՅԴ Բուլղարիայի կառոյցը բաւական ուժեղ կազմակերպութիւն էր, որը հիմք էր տալիս արեւմտահայ ազգային ազատագրական պայքարում առաւել լուրջ քայլեր ձեռնարկելու:
ՀՅԴ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
1906ին, ՀՅԴ Բալկանների Շրջանային ժողովը որոշեց «պարբերաբար Երկիր մտնելու համար ուժեր պատրաստել, կրթել փափաքողները զինուորական մարզանքով, տալ անոնց մասին տեսական եւ գործնական ծանօթութիւններ, ինչպէս նաեւ յեղափոխական գործունէութեան համար անհրաժեշտ գիտական, քիմիական ուսուցում: Այս նպատակին իրագործման համար հետեւեալ միջոցները խորհեցաւ ժողովը. Կեդրոնական կոմիտէն փափաքող յարմարագոյն եւ վստահելի ընկերները մէկ տեղ հաւաքէ եւ մասնագէտներու միջոցաւ անոնց հարկ եղածը սորվեցնելէ ետքը, անոնց մէկ մասը ղրկէ Երկիր, իսկ միւս մասը ցրուէ Պալքանի մէջ, այս ձեռնարկէն անկախաբար՝ իւրաքանչիւր քաղաքի մէջ կազմուած զինավարժական խումբերու հարկ եղածը սորվեցնող, կրթիչներ ըլլալու նպատակաւ»:
Զինուորական դպրոց-վարժարան բացելու այս որոշումը էապէս բարձրացրեց ՀՅԴ Բուլղարիայի կառոյցի դերակատարումը արեւմտահայ ազգային ազատագրական պայքարում:
Դպրոցի կազմակերպմանը նիւթական մեծ աջակցութիւն էր ցոյց տալու ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն:
ՀՅԴ Բուլղարիայի զինուորական դպրոցի կազմակերպման գործում մեծ է Անդրանիկ Օզանեանի ներդրումը: Ինչպէս յայտնի է, Սասունի 1904ի ապստամբութիւնից յետոյ Անդրանիկն անցնում է Վասպուրական, ապա՝ Ատրպատական, Արեւելեան Հայաստան, այնուհետեւ մեկնում է Ժնեւ, որտեղ կուսակցական մարմինների եւ ընկերների աջակցութեամբ հետեւում է իր քայքայուած առողջութեան վերականգնմանը: Ռոստոմի կարգադրութեամբ, մեծանուն հայդուկապետը Արեւմտեան Եւրոպայում սկսեց զբաղուել ազատամարտի համար զէնքի գնումներով: ՀՅԴ Արեւմտեան Բիւրոն 1906ին Անդրանիկին գործուղեց Բուլղարիա՝ նոյն առաքելութեամբ, ինչպէս նաեւ «մակեդոնացի յեղափոխականներու եւ պուլկար պետական շրջանակներու հետ ՀՅ Դաշնակցութեան կապերը ամրապնդելու համար»:
Անդրանիկին վստահուեց նաեւ ՀՅԴ Բուլղարիայի զինուորական դպրոց-վարժարանի կազմակերպման գործը: Դպրոցը սկզբնապէս նախատեսուած է եղել 12 հոգու համար: Բուլղարները ողջունել են, խոստացել են աջակցել, եթէ հայերը բուլղար-թուրքական պատերազմի դէպքում ապստամբութիւն սկսեն Արեւմտեան Հայաստանում: ՀՅ Դաշնակցութեան բարեկամ մակեդոնացի յեղափոխական Բորիս Սարաֆովի ջանքերով, զինուորական դպրոցը 1906ին տեղակայուեց Բուլղարիայի Դուբնիցայի շրջանի մի վանքի տարածքում՝ թուրք-բուլղարական սահմանի մօտ: Բուլղարական բանակի կապիտան Պօղոս Պօղոսեանը (Պետրոս Սէրէմճեանի հօրեղբօրորդին) ՀՅԴի կողմից նշանակուեց դպրոցի տնօրէն, օգնականն էր Ռաշիդը (Նիկոլա Պանով): 1907ին դպրոցն ունէր մօտ 50 աշակերտ, իւրաքանչիւրի վրայ ամսական ծախսւում էր 100 ֆրանկ: Դասընթացները տեւում էին 10 ամիս: Դպրոցը դրականօրէն ազդեց ՀՅԴի մարտական ուժի որակի բարձրացման վրայ: Դպրոցի սաներից եւ կամաւորներից 1912ին կազմաւորուեց Հայկական վաշտը՝ Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի հրամանատարութեամբ:
Անդրանիկի ներկայութիւնը Բուլղարիայում նաեւ վերաթարմացրեց Ռոստոմի գործունէութեան շրջանում այստեղ ծաւալուած հայ-մակեդոնական յարաբերութիւնները: 1906ի Յունիսին ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյին Անդրանիկի գրած նամակից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Բորիս Սարաֆովին, ով բուլղարական կառավարութեան առջեւ բարձրացրել է հայ-մակեդոնական յեղափոխական գործնական շփում եւ համագործակցութիւն ստեղծելու խնդիրը: Անդրանիկը հանդիպել է նաեւ Բուլղարիայի ռազմական նախարարին, որից ակնկալում էր զինական աջակցութիւն հայկական յեղափոխութեանը: Բուլղարական կառավարութիւնը խոստացել է Արեւմտեան Հայաստանի համար Վիեննայում կամ այլուր պատուիրուած զէնքը բուլղարական մաքսատանը ընդունել առանց մաքսի, իբրեւ մակեդոնական յեղափոխութեան համար նախատեսուած ապրանք, փոխադրել հայերի համար ցանկալի որեւէ բուլղարական նաւահանգիստ, այնտեղից էլ՝ ապահովութեամբ տեղափոխել մէկ այլ ցանկալի նաւահանգիստ: «Զինուորական նախարարութիւնը պատրաստ է մինչեւ 10,000 հոգինոց հայ եւ պուլկար խառն բանակ մը սպառազինել եւ զինուորական շտապի մը հետ դնել իմ հրամանատարութեան տակ, որպէսզի առաջին նաւերով կարող ըլլամ գրաւել սեւծովեան թրքական նաւահանգիստներէն մէկը կամ աւելին», գրում է Անդրանիկը:
Ոգեւորուած բուլղարական կառավարութեան խոստումներից, Անդրանիկն առաջարկում է արագացնել Ընդհանուր ժողովի գումարումը: Ընդհանուր ժողովն արագացնելը կապուած էր նրա հետ, որ Անդրանիկի պայմանաւորուածութիւնները ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէն լուրջ էր համարում՝ դրանց հաղորդելով անյետաձգելի հանգամանքի բնոյթ, եւ պէտք չէր յապաղել գործնական քայլերի անցնելու համար: Այսպիսով, Բուլղարիայում զինուորական դպրոց-վարժարանի բացումը ոչ միայն ցոյց էր տալիս ՀՅԴ կառոյցի հզօրութիւնը Բուլղարիայում, այլեւ վկայում էր հայ-բուլղարական բարձր մակարդակի համագործակցութեան մասին: Այդ համագործակցութեան շրջանակներում բուլղարական կառավարութիւնը օգնում էր հայ յեղափոխականներին զէնք հասցնել Արեւմտեան Հայաստան: Բացի նշուածներից, բազմաթիւ հայորդիներ (որոնց թւում՝ Գարեգին Նժդեհը) հնարաւորութիւն ունեցան ռազմական գիտելիքները հարստացնել Բուլղարիայի Բարձրագոյն Սպայական վարժարանում:
ՀՅԴ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ՝ 1908-1914ին
Բուլղարիայում ՀՅ Դաշնակցութեան 1908-1914ին գործունէութիւնը լեցուն է իրարամերժ իրադարձութիւններով:
Այստեղ շարունակում էր հրատարակուել «Ռազմիկ» թերթը՝ Զարդարեանի խմբագրութեամբ: Սակայն, 1908ի Յուլիսին, օսմանեան սահմանադրութեան հռչակումից յետոյ, Զարդարեանը տեղափոխուեց Կ. Պոլիս՝ իբրեւ ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու մարմնի անդամ: Այստեղ նա պէտք է նաեւ խմբագրեր նորաբաց «Ազատամարտ» օրաթերթը: Բուլղարիայից Կ. Պոլիս անցաւ նաեւ Բարթող Զօրեանը (Ժիրայր): Զարդարեանի Կ. Պոլիս մեկնելուց յետոյ, նիւթական դժուարութիւններ ունեցող «Ռազմիկ»ը առաւել ծանր վիճակի մէջ յայտնուեց: «Ազատամարտ»ի հրատարակումից յետոյ նրա կարեւորութիւնն ընկաւ: Ըստ էութեան, մինչ «Ազատամարտ»ի հրատարակումը «Ռազմիկ»ը Կ. Պոլսի վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդող, Կ. Պոլսում ամենաշատը տարածուող կարեւոր թերթ էր համարւում: 1909ին դադարեցւում է «Ռազմիկ»ի հրատարակումը : Թերթի բոլոր տպագրական պարագաները տեղափոխւում են Կ. Պոլիս՝ «Ազատամարտ»ի խմբագրութիւն:
Օսմանեան սահմանադրութեան հռչակումը եւ թուրք-բուլղարական յարաբերութիւնների ջերմացումը բարդացրին Բուլղարիայում ՀՅ Դաշնակցութեան գործունէութիւնը: Նախընթաց ժամանակաշրջանի բարենպաստ պայմաններն անցեալում էին: Բուլղարական կառավարութիւնն սկսեց խոչընդոտներ եւ դժուարութիւններ յարուցել: Մասնաւորապէս, 25-30 գործուն դաշնակցականների սպառնում էին արտաքսել Բուլղարիայից:
Օսմանեան սահմանադրութեան հռչակած ազատութիւնը մեծապէս ոգեւորեց Բուլղարիայում ապաստանած արեւմտահայ գաղթականութեանը՝ վերադառնալու հայրենի օջախներ: Պանդխտութիւնից Երկիր վերադառնալու շարժում սկսուեց: Ցաւօք, հայրենադարձների ճնշող մեծամասնութիւնը հիասթափութիւն ապրեց, երբ վերադառնալուց յետոյ ոչ միայն տնտեսական ու քաղաքական ազատութիւն չտեսաւ, այլեւ իրավիճակը երբեմն աւելի տխուր էր, քան աբդուլհամիդեան վարչակարգի դժնդակ օրերին:
Չնայած նրան, որ Ադանայի 1909ի կոտորածների արձագանգները բացասական ազդեցութիւն ունեցան Բուլղարիայի դաշնակցական կառոյցի վրայ, այնտեղ շուտով կրկին բիւրեղացաւ զինուած պայքարի գաղափարը: Պատահական չէ, որ այդ օրերին նոյնիսկ զէնք էին տեղափոխում Երկիր:
ՀՅ Դաշնակցութեան Բուլղարիայի կառոյցի վրայ օսմանեան սահմանադրութեան բացասական ազդեցութիւնն աւելի ակնառու դարձաւ 1910-1912ին: ՀՅԴ Բալկանեան կոմիտէի 1910-1911 տարեշրջանի գործունէութեան տեղեկագրից պարզ է դառնում, որ նոյնիսկ առաջ են եկել կուսակցութեան գործունէութիւնն աննպատակայարմար համարող տրամադրութիւններ: Սա հիմնականում պայմանաւորուած է եղել նրանով, որ որոշ դաշնակցականներ բաւարար են համարել օսմանեան սահմանադրութեան հռչակած ազատութիւնը: Այս շրջանում Բուլղարիայում որպէս ՀՅԴ գործիչ աշխատել է Արշակ Իսահակեանը (Ջամալեան):
Բալկանեան պատերազմների տարիներին (1912-1913) կուսակցական-կազմակերպական կեանքը Բուլղարիայում զգալի չափով խաթարուեց: ՀՅԴ Բալկանների ԿԿի դիրքորոշումն անշուշտ պէտք է լինէր ի նպաստ Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրութեան: Պատահական չէր, որ «բացի զինակոչի ենթարկուած պուլկարահպատակ հայ երիտասարդութենէն, կազմակերպուած էր նոյնպէս կամաւորական զօրագունդ»:
Բալկանեան առաջին պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցեց նաեւ Հայկական կամաւորական վաշտը (270 հոգի) Անդրանիկ Օզանեանի եւ Գարեգին Նժդեհի հրամանատարութեամբ: Բուլղարական կառավարութիւնը բարձր գնահատեց Հայկական վաշտի մարտական ծառայութիւնները. շատ ռազմիկներ ու սպաներ կառավարական պարգեւների արժանացան:
Բալկանեան պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցելու նախաձեռնութիւնը թէեւ պաշտօնապէս ազգային-եկեղեցական մարմինների ներքոյ առաջ եկաւ, սակայն. «չէր կրնար այսուհանդերձ, անտես առնուիլ կուսակցական ղեկավարութենէն, մանաւանդ, որ հայկական գունդին գլուխ անցած էին ազգային հերոս Անդրանիկն ու պուլկար Զին. վարժարանէն շրջանաւարտ երիտասարդ սպայ Գարեգին Նժդեհը, մանաւանդ, որ շարժումը մեծ խանդավառութիւն յառաջացուցած էր ժողովրդական զանգուածներու մօտ»:
Հարկ է նշել նաեւ, որ բուլղարական բանակի կազմում պատերազմին մասնակցելը չողջունեցին ինչպէս ՀՅԴ Արեւմտեան Բիւրոն, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանում ու Օսմանեան կայսրութեան այլ վայրերում ապրող հայութիւնը: Դա իւրատեսակ վրէժի պատրուակ էր համարւում թուրքական խուժանի կողմից հերթական նախճիրը գործադրելու համար: «Կը հասկնանք ձեզ թելադրող զգացումները, սակայն Երկրի հայ ժողովուրդի ներկայ տագնապալի կացութիւնը ստիպողաբար կը թելադրէ զգոյշ մնալ այնպիսի քայլերէ, որոնք կրնան գրգռել իսլամ ժողովուրդը: Կամաւոր գրուող մեր հայրենակիցները աւելի օգտակար գործ ըրած կ՛ըլլան եթէ երթան մասնակցելու Երկրի մէջ ինքնապաշտպանութեան գործին», ասուած է ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյի՝ Բալկանեան ԿԿին ուղարկած նամակում: Թուրք-բուլղարական պատերազմում բուլղարահայերի կամաւորութեանը վերապահումով է մօտենում նաեւ Բարթող Զօրեանը, որը ժամանակին գործել էր Բուլղարիայում եւ այդ օրերին Կ. Պոլսում էր կուսակցական պատասխանատու հանգամանքով: Նա ընկերներին կոչ է անում խնայել իրենց անունը եւ թուրքերին աւելորդ չգրգռել Երկրում հայերի դէմ, յատկապէս, որ դիմացը շատ չնչին ակնկալիք կարող էր լինել:
Միւս կողմից էլ «ցնորք կը համարուէր՝ հայութեան ի սպառ բնաջնջումը հետապնդող Թուրքիայէն ակնկալել որեւէ բարեկարգում կամ բարիք»:
Բալկանեան պատերազմների տարիներին բաւական աշխոյժ էին ՀՅԴ Բուլղարիայի կանանց եւ բարեսիրական կազմակերպութիւնները: Օրինակ՝ Ռուսճուքի կանանց «Մարօ» խումբը գործունէութեան կարճ ժամանակաընթացքում 800-900 ֆրանկի օգնութիւն է ապահովել: Եռանդուն են եղել նաեւ Սոֆիայի Կարմիր խաչի ընկերուհիները:
1913ի Հոկտեմբերի 29ից Նոյեմբերի 2ը գումարուած ՀՅԴ Բալկանեան հերթական Շրջանային ժողովը, հաշուի առնելով օսմանեան կառավարութեան՝ հայերին հալածելու հանգամանքը, առաջարկում է կուսակցութեան Արեւմտեան Բիւրոյի կազմը տեղափոխել արտասահման եւ աւելի ազատ ու անկաշկանդ կազմակերպել ինքնապաշտպանութեան գործը:
Հետաքրքիր է Բալկանեան Շրջանային Ժողովի վերաբերմունքը 1914ի Յուլիս-Օգոստոսին տեղի ունեցած ՀՅԴ 8րդ Ընդհանուր ժողովի օրակարգին: Ժողովը կոչ էր անում մի կողմից ամրապնդել սահմանադրական վարչակարգը Օսմանեան կայսրութիւնում, միւս կողմից յորդորում էր թշնամական դիրք չբռնել Ռուսաստանի հանդէպ՝ ռուսներին համոզելով, որ հայ ժողովուրդը հակառուս ձգտումներ չունի եւ հայաշատ, ու շէն Հայաստանի գոյութիւնը բխում է Ռուսաստանի շահերից:
Ինչպէս տեսնում ենք, Առաջին աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանում ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնը մի կողմից ներքաշուած էր Բալկանեան պատերազմների թոհուբոհի մէջ, որն ինքնին հակասական տրամադրութիւններ էր ստեղծում ինչպէս հայութեան տարբեր հատուածների միջեւ, այնպէս էլ կուսակցութեան ներսում, միւս կողմից՝ վերահաս աշխարհամարտի վտանգն իր հնարաւոր սարսափելի հետեւանքներով Բուլղարիայի դաշնակցականներին դրդում էր չէզոքութեան մղել կուսակցութեան ղեկավար մարմիններին:
ՀՅԴ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Առաջին աշխարհամարտը ծանր պարտականութիւններ դրեց ՀՅԴ բալկանեան կառոյցի վրայ: Հերթական անգամ, Բուլղարիան, աներեւակայելի դժուարութիւններ յաղթահարելով, կապող օղակ հանդիսացաւ Կ. Պոլսի, Երկրի, Կովկասի կազմակերպութիւնների եւ արտասահմանի կուսակցական մարմինների միջեւ:
Պատերազմի սկսուելուն պէս ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան շատ անդամներ ու համակիրներ անցան Անդրկովկաս եւ համալրեցին հայկական կամաւորական ջոկատները: Քանի որ Բալկաններում թուրքական լրտեսական ցանցը բաւական տարածուած էր, այս գործը կաշկանդող զգուշութիւն էր պահանջում: ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէն կարողացաւ համոզել Բուլղարիայի եւ Ռումինիայի կառավարութիւններին եւ յաջողեցնել հազարից աւելի կամաւորներ ուղարկել Կովկաս:
1914ի Դեկտեմբերին, ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէն կոչ է անում Բալկանների հայութեանը՝ վեր կանգնել «իր գաղութային սահմանափակ մտահոգութիւններուն շրջանակէն» եւ տեսնել հայութեանն սպառնացող ահեղ աղէտը:
1915ի Փետրուարին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանեան արտահերթ Շրջանային ժողովը որոշում է սահմանափակել կամաւորական շարժմանն իր մասնակցութիւնը եւ չսպառել հայութեան բոլոր ուժերը՝ պատճառաբանելով, որ դա աւելի էր վտանգում արեւմտահայութեան կացութիւնը, քանի որ ռուսները կամաւորական շարժմանը պատշաճ չեն աջակցում: Փաստօրէն, եթէ սկզբնական շրջանում Բուլղարիայում ոգեւորուեցին ռուսական կողմի տուած խոստումներից, ապա պատերազմի ընթացքն ստիպեց վերանայելու նախկին ոգեւորութիւնը եւ վերադասաւորելու ունեցած հնարաւորութիւնների սպառումը:
Պատերազմի տարիներին ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէի միւս կարեւոր ձեռնարկը Սոֆիայում «Հայաստան» թերթի լոյս ընծայումն էր, որը ոչ միայն վեր հանեց շրջանի հայութեանը յուզող խնդիրները, այլեւ անփոխարինելի դեր կատարեց արտերկրի հայութեանը բոլոր կարեւոր իրադարձութիւնների մասին պարբերաբար տեղեկացնելու գործում, որոնք տագնապալի այդ օրերին տեղի էին ունենում Կովկասում, Կ. Պոլսում ու Արեւմտեան Հայաստանում:
ՀՅԴ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ
Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծումից անմիջապէս յետոյ, Դաշնակցութեան Բուլղարիայի կազմակերպութեան գործունէութեան գլխաւոր օրակարգը կրկին հայրենիքն էր:
1918ի Դեկտեմբերի 1ին տեղի ունեցած ՀՅԴ Բուլղարիայի հերթական Շրջանային ժողովն առաջարկում է՝ «Ստեղծել անկախ Հայաստան մը, ազգային ժողովի մը գերիշխանութեամբ, որ լինի իր ձեւով Ռամկավարական Հանրապետութիւն եւ որուն հողային տարածութիւնը պարփակէ պատմական Հայաստանը իր երեք հատուածներով՝ Ռուսական, Պարսկական եւ Թրքական (Փոքր Հայքով եւ Կիլիկիայով միասին)»: Միաժամանակ, ժողովը գտնում էր, որ հաշուի առնելով ուժերի յարաբերակցութիւնը եւ զինադադարից յետոյ օսմանեան զօրքի ներկայութիւնն Արեւմտեան Հայաստանում, դաշնակից ուժերը պէտք է օգնեն ազատագրելու այն: Շատ կարեւոր էր նաեւ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական հոսանքների համագործակցութիւնն ու նրանցից որեւէ մէկին չանտեսելը:
Շրջանային ժողովն անդրադառնում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ իրագործողներին պատժելու խնդրին: Այս կապակցութեամբ յստակ էր ժողովի կայացրած որոշումը. «Դաշնակցութիւնը պէտք է նշանակէ մասնաւոր մարմին մը, որուն նպատակը պիտի ըլլայ ճշդել բոլոր հեղինակները բոլոր այն ոճրագործութեանց, որոնց զոհ գնաց հայ ժողովուրդը: Անհրաժեշտ քննութենէ մը վերջ կուսակցութիւնը պարտաւոր է առանց այլեւայլի, հնարաւոր ամէն միջոցներով տնօրինել անոնց արժանի պատիժը» : Աւելի ուշ, 1919ի աշնանը, Երեւանում գումարուած ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը համապատասխան որոշում կայացրեց այս մասին: Պէտք է ընդգծել նաեւ Առաջին աշխարհամարտի ընթացքում օսմանեան կառավարութեան կողմից հայ ժողովրդին հասցուած նիւթական վնասի հատուցման մասին ժողովի պնդումը:
1919ի Յունիսի 2ին տեղի է ունենում Բալկանների արտակարգ Շրջանային Ժողովը, որը քննում է ՀՅԴ 9րդ Ընդհանուրն Ժողովի օրակարգը: Շրջանային ժողովը 9րդ Ընդհանուր ժողովին առաջարկում է մինչեւ Սահմանադիր ժողովի գումարումը Հայաստանում՝ «ճանչնալ Կովկասեան հանրապետութիւնը իբրեւ կորիզ Հայաստանի» : Առաջարկւում է Սահմանադիր ժողովը գումարել ներգաղթի կազմակերպումից յետոյ, իսկ մինչ այդ, կառավարութեան կազմի մէջ ընդգրկել նաեւ արեւմտահայ հակառակ հոսանքների ներկայացուցիչների՝ նրանց պահանջներին զիջումներ կատարելու համար:
Սահմանադիր ժողովի ընտրութեան համար առաջարկւում է ընտրական հաւասար իրաւունք 20 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար:
Ընդհանուր ժողովին առաջարկւում է լրջօրէն մօտենալ հայրենադարձութեան կազմակերպմանը, հողային հարցին, տնտեսութեան վերականգնմանը:
Այս ժողովը որոշեց վերահրատարակել «Հայաստան» թերթը: Պարբերականը պէտք է ունենար կուսակցական, հայ կեանքի, միջազգային, տեղական, մամուլի տեսութեան, լուրերի, մշակոյթի բաժիններ: Մինչեւ 9րդ Ընդհանուր ժողովի աւարտը, թերթի խմբագիրը լինելու էր Յովհաննէս Դեւեճեանը (Արմէն Սեւան) : «Հայաստան» թերթի հրատարակումը շարունակելու վերաբերեալ որոշում կայացրեց նաեւ 1920ի Օգոստոսի 3-13ին, Սոֆիայում տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 14րդ Շրջանային ժողովը:
Ինչպէս տեսնում ենք, 1918-1920ին ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնը գործում էր Հայաստանի Հանրապետութիւնը կայացնելու, հայ գաղթականներին հայրենիք տեղափոխելու, Ցեղասպանութեան մեղաւորներին պատժելու, հայ ժողովրդին փոխհատուցելու խնդիրները լուծելու ակնկալիքով:
ՀՅԴ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ՝ 1921-1924ԻՆ
Հանրապետութեան անկումից յետոյ, նախկին ղեկավարներից մի քանիսը՝ Գարեգին Նժդեհ, Ռուբէն Դարբինեան, Սիմոն Վրացեան, Ալեքսանդր Խատիսեան եւ ուրիշներ, ժամանակաւորապէս հաստատուեցին Բուլղարիայում:
1921-1925ին ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան հիմնական նպատակը տեղի գաղութի վերակազմակերպումն ու Հայկական Հարցի հետապնդումն էր:
1921ի Օգոստոսի 16-22ին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 15րդ Շրջանային ժողովի եզրակացութեամբ՝ «Հայաստան» թերթը գտնուել է իր բարձրութեան վրայ: Այն Սոֆիայից տեղափոխւում է Ֆիլիպէ: Չնայած ֆինանսական միջոցների սղութեանը եւ շրջանների անբաւարար աջակցութեանը, թերթը կարողանում է լուրջ քարոզչութիւն իրականացնել: Օննիկ Վարդանեանի խմբագրած թերթը մինչեւ 1923 հրատարակւում է եռօրեայ պարբերականութեամբ: Դրանից յետոյ, չնայած նիւթական դժուարութիւններին, որոշւում է «Հայաստան»ը հրատարակել գոնէ որպէս շաբաթաթերթ՝ յետագայում օրաթերթի վերածուելու հարցը պահելով օրակարգում: Այս հարցը մեծապէս պայմանաւորուած էր Կ. Պոլսում դաշնակցական թերթ պահելու հնարաւորութեամբ: Կ. Պոլիսը 1922ի վերջին քեմալականների կողմից գրաւուելուց յետոյ, այնտեղ այս հարցը գործնականում վերացաւ: Նորից «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր դարձաւ Յովհաննէս Դեւեճեանը: Պարբերականը շարունակում էր ներկայացնել ոչ միայն հայ ազգային, այլեւ բուլղարական, ինչպէս նաեւ միջազգային ընկերվարական կեանքը:
Բուլղարիայի դաշնակցական կազմակերպութիւնը մեծապէս օգտակար է եղել Սոֆիայում հիմնուած Հայաստանի հիւպատոսարանին: Վերջինս, ինչպէս առաջին հանրապետութեան օրերին, այնպէս էլ նրա անկումից յետոյ որոշ ժամանակ լրջօրէն զբաղուած էր Բուլղարիայում ապաստանած Հայաստանի քաղաքացիների եւ Մեծ Եղեռնից մազապուրծ արեւմտահայերի հարցերով: Յայտնի է, որ 1921ի Փետրուարեան ապստամբութիւնից յետոյ մեծաթիւ մտաւորականութիւն ստիպուած տարագրուեց Պարսկաստան: ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնն անտարբեր չմնաց նրանց ճակատագրի հանդէպ:
Ֆիլիպէի կոմիտէն տեղի Հայ Օգնութեան Միութեան հետ 30,000 լեւայի օգնութիւն ցոյց տուեց Թաւրիզում ապաստանած հայ մտաւորականներին, ովքեր այդ օրերին գործնականում զրկուած էին ապրուստի տարրական հնարաւորութիւններից:
ՀՅԴ Բուլղարիայի 16րդ Շրջանային ժողովը (1922ի Յունիս-Յուլիս) իւրաքանչիւր կոմիտէի վրայ բարոյական պարտաւորութիւն է դրել Հայաստանից գաղթած ընկերների համար գործ գտնելու: Հարկ է նշել, որ դա յաջողուել է որոշ չափով իրականացնել:
Կարեւորելով Հայաստանի անկախութեան վերականգնման խնդիրը՝ Շրջանային ժողովը քննարկում է նաեւ ազգային միւս կուսակցութիւնների հետ համագործակցութեան հարցը, թէեւ միւսները պատրաստ չէին դրան: Այդուհանդերձ, Կենտրոնական կոմիտէն անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է եղել համագործակցութեան, անշուշտ կուսակցութեան ծրագրից բխող խնդիրների լուծման շուրջ միայն:
Հայաստանի անկախութեան վերականգնման հիմքում Շրջանային ժողովը դնում է Սեւրի պայմանագիրը: Այդ կապակցութեամբ, առաջիկայում գումարուելիք ՀՅԴ 10րդ Ընդհանուր ժողովին հետեւեալ բանաձեւն է յղւում. «Ընդունելով միանգամայն, որ հայ ժողովուրդի գոյութեան եւ զարգացման միակ պայմանը անկախութիւնն է, որ այդ անկախութիւնը կարելի եւ հնարաւոր է միայն հայ ժողովուրդի երկու հատուածներու ամբողջացումով մէկ հողամասի վրայ, որ Սեւրի դաշնագիրը հանդիսաւորապէս նուիրագործած է արդէն անոր Միացեալ եւ Անկախ գոյութեան անհրաժեշտութիւնը, որ այդ դաշնագիրը թէեւ քաղաքական արտաքին պատճառներով ցարդ չէ գործադրուած, եւ սակայն ուրիշ դաշնագրով մըն ալ վերջնականապէս չէ փոխարինուած, Շրջանային ժողովը կ՛որոշէ առաջարկել 10րդ Ընդհանուր ժողովին շարունակել հայ ժողովուրդի դատի լուծումը իբրեւ հիմք ունենալով Սեւրի դաշնագիրը՝ ի հարկին ընդունելով պարտադրուած զիջումները»: Միաժամանակ առաջարկութիւն է արւում պահանջել մեր պատուիրակութիւնից՝ չընդդիմանալ Հայկական տուն ստեղծելու եւրոպական պետութիւնների առաջարկած գաղափարին, միայն թէ հնարաւոր ամէն ինչ անել, որ «այդ տունը ըլլայ ներկայ Հայաստանի սահմանին մօտ նահանգներուն մէջ»: Անկախութեան գաղափարին հաւատարիմ մնալու սկզբունքը պահպանւում է նաեւ յաջորդ Շրջանային ժողովում:
Հետաքրքիր է Խորհրդային Հայաստանի հանդէպ որդեգրելիք դիրքորոշման վերաբերեալ ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան բարձրագոյն ժողովի մօտեցումը. «Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութիւնը, անկախ անոր պարտադրուած ներկայ ռեժիմէն (վարչակազմէն), է եւ կը մնայ միակ հիմքը ապագայ Միացեալ Հայաստանի, որ Հայկական Հարցի վերջնական լուծումը մեծ չափով կապուած է նաեւ Ռուսաստանի հետ, ընդունիլ Հայաստանի խորհրդային ռեժիմի ժամանակաւոր գոյութիւնը իբրեւ փաստ եւ ամէն կերպ աշխատիլ համաձայնութեան գալ Խորհրդային Ռուսաստանի հետ, այդ միջոցով ապահովելու համար Միացեալ եւ Անկախ Հայաստանի իրագործումը»: Ինչպէս տեսնում ենք, խորհրդային իշխանութիւնների մերժած Դաշնակցութեան արտասահմանեան կազմակերպութիւնները անտեսում էին իրենց հանդէպ ցուցաբերուած բացասական վերաբերմունքը եւ ջանքեր գործադրում Խորհրդային Հայաստանի շէնացման համար:
1923ին տեղի ունեցած յաջորդ՝ 17րդ Շրջանային ժողովը նոյնպէս յորդորում է՝ հաշուի առնելով, որ Խորհրդային Հայաստանը հանդիսանալու է ապագայ անկախ Հայաստանի հիմքը, ամէն ինչ անել յանուն Խորհրդային Հայաստանի տնտեսական վերաշինութեան: Նոյն որոշումն ընդունւում է նաեւ 1924ի Ապրիլ-Մայիսին գումարուած 18րդ Շրջանային ժողովում:
ՀՅԴ Բալկանների 17րդ Շրջանային ժողովը յանձնարարում է ԿԿին՝ Բուլղարիայում գործող հայկական միւս կուսակցութիւնների հետ համախորհուրդ ստեղծել Բուլղարահայ ազգային կենտրոնական վարչութիւն՝ Բուլղարիայի օրէնքներին համահունչ: Ցաւօք, դա չի յաջողւում միւս կուսակցութիւնների որդեգրած ապակառուցողական կեցուածքի պատճառով, որը պայմանաւորուած էր Խորհրդային Միութեան թելադրանքով:
Բուլղարիայի ներքաղաքական կեանքում Դաշնակցութիւնը չէզոքութիւն է պահպանում՝ չարգելելով, որ անհատ ընկերներ առնչութիւն ունենան հակադաշնակցական քաղաքականութիւն չունեցող կուսակցութիւնների հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Բուլղարիայում շարունակեց գործել նաեւ 1924ից յետոյ: Մինչեւ Երկրորդ Աշխարհամարտը բաւական աշխոյժ աշխատանքներ են իրականացուել: Սակայն երբ խորհրդային բանակը 1944ի աշնանը մուտք գործեց Բուլղարիա, տեղի կառոյցն անցաւ ընդյատակեայ գործունէութեան: Միայն 1990ից յետոյ, երբ Բուլղարիայում կործանուեց ամբողջատիրական վարչակարգը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը գործունէութիւնը վերականգնելու հնարաւորութիւն ստացաւ:
Այսպիսով, 1894-1924ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բաւական լայնածաւալ գործունէութիւն իրականացրեց Բուլղարիայում: Ստեղծուած նպաստաւոր պայմանները հաշուի առնելով՝ կուսակցութիւնն օգտագործեց բազում հնարաւորութիւններ ուժեղացնելու արեւմտահայ ազգային-ազատագրական պայքարը: Արեւմտեան Հայաստան զէնք-զինամթերք, մարտական եւ կազմակերպական գործիչներ տեղափոխելու առումով Բուլղարիայի դաշնակցական կազմակերպութեան դերն առաւել քան կարեւոր էր: Դաշնակցութեան Բուլղարիայի կառոյցի ջանքերով մեծ օգնութիւն ցուցաբերուեց Ցեղասպանութեան հետեւանքով այնտեղ ապաստանած հայ գաղթականութեանը: Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին մեծ էր պետականութեան կայացմանը ցուցաբերուած աջակցութիւնը: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ էլ, յատկապէս ՀՅԴի շնորհիւ, Բուլղարիայի հայ գաղութը կարողացաւ ինքնակազմակերպուել եւ դիմագրաւել նոր մարտահրաւէրներ:
* Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ