Արուեստագէտ, մանկավարժ, դասախօս, գրաքննադատ Անահիտ Արամունիի հմայքը երիտասարդական շրջանակներու մէջ ակներեւ է: Գաղտնի հմայք մըն է, որ հնարաւորութիւն կու տայ իրեն՝ երիտասարդները մղել կարդալու, գրելու հայերէն, նոյնիսկ դեր վերցնելու թատերախաղի մէջ, մէկ խօսքով կապ մը ունենալու հայկական իրականութեան, արուեստին, մշակոյթին հետ: Ատոր համար այս հարցումը ուղղեցինք իրեն:
Պատասխանը՝ Անահիտ Արամունիէն.-
Բաւական դրական՝ պէտք է ասեմ:
Գիտենք, որ հազուադէպ են եղել ժամանակներ, երբ սերունդը իրեն յաջորդող սերնդին տեսել է ամբողջապէս դրական լոյսի տակ: Ըստ հին սերնդի, նոր սերունդը միշտ ատակ է եղել կործանելու հնի կառուցածը, սպանելու հօրը, որից եւ գոյացել է յաւերժ պայքարը հնի եւ նորի՝ հօր եւ որդու միջեւ: Թէ՛ որդին է փորձել, սպանել է հօրը, թէ՛ հայրը որդուն: Այդ պայքարում մեծ մասամբ մեղադրուել է որդին, երբ իրականում հայրը (հին սերունդը) կրել է մեղքի առաւել մեծ բաժինը: Եթէ հայրը նոյնիսկ չի էլ սպանել որդուն, ապա մեծ հաւանականութեամբ մերժել է նրան, որը սպանութիւնից ոչ այնքան հեռու մի արարք է: Հօր կողմից որդուն մերժումը բուռն է եղել եթէ խրամատը իր եւ որդու միջեւ եղել է խորը, իսկ որդու հայրասպանութիւնը աւելի յաճախ կրել է բանաստեղծական, վիպապաշտական բնոյթ:
Մեր օրերի հին կամ միջին սերունդը ապրում է տարօրինակ (գուցէ եւ ո՛չ այնքան տարօրինակ) հակասականութեան մէջ. մի կողմից տեսնում ու ճանաչում է կեանքի գիտա-տնտեսական ոլորտում զգալի աճ արձանագրած նոր սերնդին, գնահատում նրա ձեռքբերումները, հետեւաբար եւ յարգում է նրան, միւս կողմից ի զօրու չէ խորապէս ընկալելու նրան: Նոր սերնդի իւրաքանչիւր կեցուածք՝ դրական թէ բացասական, հին սերնդի մէջ առաջացնում է վախի, թերարժէքութեան զգացում: Յաճախ կարելի է լսել ծնողին, որ զաւակի հետ բուռն վէճի ժամանակ ասում է, «Ի՞նչ է, կարծում ես՝ մենք չե՞նք հասկանում, յիմա՞ր ենք»:
Ա՛յլ է խնդիրը մերօրեայ նոր սերնդի, որը որոշակիօրէն տարբերւում է իր նախորդող սերնդներից գործնականութեան իր ուրոյն ու բարդ բնոյթով: Մերօրեայ սերնդի առջեւ վաղ տարիքից առատօրէն բաց են եղել տեղեկատուական աշխարհի բոլոր դռները: Այդ դռները բաց անող բանալին նրան աւելի հասու է եղել, քան իր ծնողին: Նոր սերունդը զինուել է կարեւոր ու անկարեւոր բազմազան տեղեկութիւններով եւ յանկարծ գլուխ է բարձրացրել որպէս ամենագիտակ: Հետեւաբար նոր սերնդի մօտ առաջացել է մի տեսակ գերակայութեան զգացում հնի նկատմամբ, ի ՜ նչ փոյթ, որ նրա գիտակութիւնը ունի փորձառութեան ընդամէնը աննշան հէնք: Այսպիսով, հազարամեակներ շարունակ ընդունուած հայր եւ որդի յարաբերակցութեան եւ գիտակցական յարաբերականութեան մէջ առաջացել է եւս մի բեկում: Զաւակը այս անգամ ոչ միայն դժգոհ է, որ ծնողը ունակ չէ ըմբռնելու իր հոգեբանական աշխարհը, այլ նաեւ մտածում է, որ ցանկութեան դէպքում էլ ծնողը ի զօրու չի լինելու հասկանալու իրեն:
Հին սերնդի հաւանական թերարժէքութեան վախը, եւ նոր սերնդի՝ մեծերի կողմից չհասկացուելու բարդոյթը դիւրութեամբ կարող են երկու սերունդների միջեւ ստեղծել սառը պատերազմի կացութիւն, որից դուրս գալու միակ միջոցը կարող է լինել սառնարիւնութիւնը: Սառնարիւնութիւն, կամ գուցէ աւելի լաւ է ասել՝ տրամաբանութիւն պարտաւոր է ցուցադրել առաւելապէս հին սերունդը, երկու պարզ պատճառով. առաջին՝ որովհետեւ հին-միջին սերունդը ճամբայ կտրած սերունդն է, ուստի եւ ծանօթ են նրան ճանապարհների խորդուբորդները, ապա՝ որովհետեւ (յուսանք) փորձառութիւնից մղուած հին սերունդն է, որ զինուած է այդ անհրաժեշտ սառնարիւնութեամբ: Խրամատներ քանդելու, հիմնահարցեր լուծելու պատասխանատուութիւնը հիմնականում նոր սերնդի վրայ թողնելը անարդար լինելուց աւելի՝ պարտութեան գրաւական է՝ երկուստեք պարտութեան:
Այստեղ կայ նաեւ մէկ այլ բարդութիւն. հին կամ միջին սերունդը երբեմն նոր սերնդի հետ խնդիրներ լուծելու համար դիմում է դասական, աւելի հեշտ միջոցի. դա քարոզ-խրատի միջոցն է, որը աւելի յաճախ ինքնաբաւարարման, ինքնագոհացման բնոյթ ունի, քան արդիւնաւէտ արարքի: Երբեմն մարդուն թւում է, թէ սեփական փորձը բաւական է, որ զաւակը գիտակցի կեանքի ճիշտն ու սխալը, բարին ու չարը, երբ յաճախ այդ փորձը իրե՛ն իսկ չի բաւարարում։ Եթէ բաւարարէր, աշխարհը պէտք է որ վաղուց, շատ վաղուց կատարելութեան հասած լինէր, չէ՞ որ հասարակական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ ոլորտներում որոշումներ կայացնում են հին-միջին սերունդի ներկայացուցիչները՝ փորձառուները: Նաեւ չպէտք է մոռանալ, որ նոր սերունդը ժամանակի ամբողջովին ա՛յլ ըմբռնում ունի, որ ո՛չ թէ հօր ու մօր յայտնի՝ զաւակների հետ ժամանակ չանցկացնելու խնդիրն է, այլ պահի, րոպէի օրուայ նրա կողմից տրուած գնահատականի տարբերութիւնը: Եթէ ծնողը ցանկանում է աշխատանքից յետոյ տուն գալ, ոտքերը մեկնել բազմոցին ու խրատել զաւակին, պէտք է յիշի, որ զաւակի համար այդ պահերը յաւիտենական կարող են թուալ: Նա սրտատրոփ սպասում է միանալու իր միւս՝ վիրտուալ աշխարհին, որը նոյնպէս խիստ արագ ընթացք ունի: Ուրեմն ծնողի երկար, սառն ու տաք խրատներն ու բացատրութիւնները հնարաւոր է, որ ունենան միանգամայն այլ, անախորժ արդիւնք: Ուրեմն, «Մենք ձեր տարիքում, էհէ՜՜ …» խօսքերը կարող են դառնալ նեարդայնացնող կամ լաւագոյն դէպքում հնչել վասն ոչնչի:
Եթէ քարոզ եւ խրատ բառերին աւելացնենք նաեւ խորհրդատուութիւն բառը, ապա գուցէ կարողանանք խնդիրը մասամբ հեշտացնել: Քարոզի եւ խրատի դէպքում գործողութիւնը ինքնանպատակ է. այն արձագանգ-պատասխան չէ որեւէ հարցման կամ հայցումի: Խորհրդատուութիւնը հիմնականում տեղի ունենալիք արարքին է ուղղուած եւ հետեւանք է հարցման: Ուրեմն հարկաւոր է խորհրդատուութեան ձեւեր մշակել, որոնք պիտի անպայման լինեն նոր սերնդին հասկանալի լեզուով:
Քարոզ-խրատ-խորհրդատուութիւնից առաւել էական է լսելը: Լսելու, յատկապէս ճիշտ, ակտիւօրէն լսելու եւ արձանգանգելու գործողութիւնը կարող է դառնալ խնդիրների ու գերխնդիրների լուծման լաւագոյն միջոց, որը նաեւ համարւում է հին սերնդի կողմից գործադրուող դժուարագոյն միջոցը: Այստեղ հոգեբանութիւն չէ որ բանեցնում ենք, այլ ընդամէնը նշում ենք, լսելու բազմիցս ապացուցուած եւ ամէն օր կրկին ապացուցուող արդիւնաւէտութիւնը:
Մերօրեայ սերնդափոխութեան եւ անցեալի միջեւ կայ նաեւ մէկ այլ հետաքրքրական տարբերութիւն: Այսօրուայ միջին սերունդը, որը սերում է 1950-ական կամ 60-ականներից երբեմն կարող է զարմանալ, թէ ինչո՞ւ քաղաքական ըմբոստութիւն կամ զգօնութիւն չի ցուցաբերում նոր սերունդը: Միջին սերնդի հայրն էլ, ինքն էլ եղել են որեւէ յեղափոխութեան մասնակից, ուղեկից կամ հետեւորդ: Նոր սերունդը աւելի գործնապաշտ է: Նա դպրոցում պատմութեան ու հասարակագիտութեան դասագրքերից, կամ ծնողներից սովորել է յեղափոխութիւնների սնանկութեան մասին եւ կարող է անարդարութեան դէմ պարզ, արդար ըմբոստացումն էլ շփոթել յեղափոխութեան հետ, ուստի եւ դժուարին իրավիճակներից դուրս գալու այլ, հաւանաբար աւելի գործնական միջոցներ է փնտրում: Երիտասարդութեան համար մեր օրերի ամենագրաւիչ՝ «փոփոխութիւն» քաղաքական լոզունգը նոյնիսկ զուգակցւում է մանրակրկիտ գործնական առաջարկութիւններով:
Ուրեմն նոր սերնդին հասկանալու եւ գնահատելու համար ամէնից առաջ հարկաւոր է ցուցաբերել խստագոյն զսպուածութիւն եւ համբերութիւն, առանց միեւնոյնը միեւնոյն չափով սպասելու նրանից: Հին կամ միջին սերնդի առաւելութիւնը իր ունեցած փորձառութեան մէջ է, որը եւ պիտի գործադրուի լաւագոյնս՝ լաւագոյնս հասկանալու համար նոր սերնդին: