Լոս Անճելըս ոտք դնելուց մօտ երեք ամիս յետոյ, 1994ի Մարտին «Րըկնըթոսիոսի հարցումը» )Յակոբ Պարոնեանը միշտ մեզ հետ է( յօդուածս տարայ «Ասպարէզ»։
Երիտասարդ խմբագիրը իր տարիքին անհամապատասխան սառը լրջութեամբ ընդունեց եւ կարճ ժամանակում տպագրեց այն։ «Ասպարէզ»ը 86 տարեկան էր, ես 56, իսկ ժան Գոսակեանը թւում էր ամենաշատը «Ասպարէզ»ի մէկ երրորդ տարիքն ուներ։ Այսպէս սկսուեց իմ շարունակական գործակցութիւնը «Ասպարէզ»ի, եւ բարեկամութիւնը, հակառակ իմ առաջին տպաւորութեան՝ կատակասէր եւ «հումօրով» խմբագրի հետ, մինչեւ 2002ի սկիզբը։ Մի տարի անց Երեւանում լոյս տեսաւ հրապարակախօսական յօդուածներիս ժողովածուն՝ «Ապագայի յիշողութիւնը» )շուրջ հազար էջ, երկու գրքով(։ Ծաւալի հիմնական մասը «Ասպարէզ»ում տպագրւած յօդուածներն են։ Խմբագիրը չլինէր ժան Գոսակեանը, հազիւ թէ յաջողուէր աշխատել շաբթեշաբաթ՝ արձագանգելով ազգային-հասարակական-քաղաքական կեանքի կարեւոր իրադարձութիւններին եւ ստեղծել այդ երկու գիրքը։ Այդ տարիներին հրապարակախօսութիւնից բացի «Ասպարէզ»ում հանդէս եկայ նաեւ այլ, հիմնականում գրականագիտական յօդուածներով, թարգմանութիւններով՝ Լոս Անճելըսի ռուսական մամուլից։ Երբեք որեւէ գրութիւն չտպագրուեց ուշացումով, բացառութեամբ մէկի, որն այնուամենայնիւ լոյս տեսաւ հինգ ամիս անց։ Բաւական լարուած աշխատանքային վիճակում էի, գրելուն զուգահեռ անընդհատ հրապարակային ու հեռուստատեսային ելոյթներ էլ էի ունենում։
Միշտ որեւէ գրութիւն մշակել եմ մինչեւ վերջին պահը։ Երեւանում խմբագրութիւններն իրենք էին առաջարկում մի անգամ էլ կարդալ շարուածքը թերթի կամ ամսագրի տպագրութիւնից անմիջապէս առաջ։ Հին սովորութեամբ, ամէն անգամ, հերթական յօդուածը «Ասպարէզ»ին յանձնելուց մէկ կամ երկու օր յետոյ յայտնւում էի խմբագրի տեղակալ Պարգեւ Շիրինեանի մօտ, նորից ճշդումներ անելու.
– Էլի եկա՞ր, գնա՛, ոչինչ չպիտի փոխուի,- կես-կատակ, կէս-լուրջ եւ իբր զայրացած, ասում էր արտակարգ բարի, համեստ ու լուսաւոր այդ մարդը։
– Ընդամէնը երեք-չորս, փոքրիկ ուղղում…
– Գնա՛, գնա՛, չեմ տալու,- ասում էր եւ մեկնում,- տե՛ս, վերջին անգամ. էլ չգաս։
Եւ այսպէս շարունակ։ Աշակերտել էր Լեւոն Շանթին եւ Նիկոլ Աղբալեանին, բարեկամացել նրանց հետ եւ հետաքրքիր յուշերի գիրք հրատարակեց, նրանց ու նաեւ Գասպար Իփեկեանի, Ժորժ Սարգիսեանի, Բարսեղ Կանաչեանի, այդ տարիների հայ մշակութային կեանքի մասին։ «Մտերմութեան մէջ վերապրումներ» յուշագրութիւնը գրախօսեցի հաճոյքով, որից ուզում եմ մէջբերել մի հատուած, ընդգծելու, թէ դասական դպրոց անցած գրական պարզ մշակ թուացող անհատներն իսկ ի՜նչ անփոխարինելի արժէք են մեր մշակոյթի համար. «Կարդալով յուշագրութիւնը ասես անսպասելիօրէն ընկնում ես արեւմտահայ վերջին դասականների լեզուաշխարհը։ Ահա աղբիւրի նման վճիտ, ցաւալիօրէն աւելի ու աւելի քիչ հանդիպող արեւմտահայերէն՝ արդի տպագիր խօսքում։ Բանաւորի մասին չխօսենք»։
«Ասպարէզ»ում տպագրուեցին մի քանի յօդուածաշարերս, որոնց թւում, թերթի տասը համարում՝ տասը մասով «Ապագայի յիշողութիւնը»։
– Երկար կը գրես,– անկեղծօրէն դժգոհեցին մի քանիսը։
– Կարդալիս ձանձրանու՞մ էք։
– Բայց կարճ գրէ…
Իսկ ուրիշները, որ բողոքում էին, թէ երբ պիտի աւարտուի այս կամ այն յօդուածաշարը, կամայ ակամայ ստիպեցին որոշ վերջին մասեր տպագրել առանձին վերնագրերով։ Բարդ, քմահաճ, իր տեսակի մէջ բացառիկ երեւոյթ է մեր հայ ընթերցողը–տարբեր երկրներում, տարբեր մտայնութիւններով, ճաշակներով, սովորոյթներով, հասակ նետած, ընդունել-մերժելու, հաւանել-դժգոհելու, որակ-անորակը շփոթելու, միջակութիւններին բարձրացնելու, տաղանդաւորներին անտեսելու հոգեբանութեամբ։ Յաճախ յայտնւում ես տարօրինակ անակնկալների առաջ. «Շատ է գրում», «Երկար է գրում», «Բարդ է գրում», «Օտար բառեր է գործածում» եւ նման արտայայտութիւնները լսում ես մեծ մասամբ երկրորդ բերաններից, եւ մխիթարւում գոնէ, որ կարդացել են )չկարդային չէին խօսի(։ Բայց երբեք չես լսի՝ «Լաւ է գրում» կամ «Վատ է գրում», մի բան, որ կապ չունի երկար ու կարճի հետ )ամենակարճ գրութիւնը երկար է, երբ ձանձրալի է, անհամ, տափակ եւ ամենաերկարը կարճ է, երբ չես յագենում կարդալով(։ Հանգամանքների բերումով դադարում ես գրելէ՝ «Ինչո՞ւ չի գրում»… Էլ չխօսենք անթիւ ու անհամար այն «իմաստունների» մասին, որոնք Այբն ու Բենը կարգին զանազանել չկարողանալով անգամ, իրենց անհասանելի բարձրութիւնից քեզ դասեր են տալիս մտքի ցանկացած բնագաւառի «գիտունութեամբ», վերջում էլ՝ յաղթական ամփոփում.
– Մենք մտաւորականութիւն չունենք…
Կամ էլ, արհամարհանքով.
– Ինչի՞ էք գրում. դրանով ի՞նչ պիտի փոխէք.
– Գրելացաւով չենք տառապում, ստիպուած ենք, մասնագիտութիւն է։
Ինչեր ասես, որ չպատահեցին եւ դեռ կը պատահեն անհաւասար այդ պայքարում։ Ո՞ւմ գլխին ինչ հարուած կը գայ եւ ինչո՞ւ, դժուար է կռահել։ Ազգին անշահախնդիր ծառայող անհատը, խումբը, կազմակերպութիւնը, կուսակցութիւնը կարող է յայտարարուել ազգի թշնամի, իսկ բուն ներքին թշնամին ընդունուել մեծ հայրենասէրի լուսապսակով.
– Արցախը չյանձնենք՝ վատ կ’ապրենք… Մեղրին ծախեցին, փողը գրպանները դրեցին…
Ղարաբաղցիները կերան, կործանեցին Հայաստանը… Հարեւանների հետ բարեկամութիւն անենք, բանակը կրճատենք… Պայքար, պայքար, մինչեւ… Հաագա… Մարտի 1ի միջազգային հետաքննութիւն… Ծախուած մտաւորականներ եւ այլն։
Բայց անվերջանալի «պայքարից» վերադառնանք մեր խմբագրութիւն։
Մի շրջանում Ժան Գոսակեանի դէմ գաղափարական )թեեւ գաղափար չունէին, հիմա էլ չունեն( հակառակորդները երգիծական )չակերտ չեմ դնում, թեեւ արժանի է( արշաւանք սկսեցին։ Ժանը նստած իր սենեակում՝ կարդում ու քահ-քահ ծիծաղում է։
– Ժան, բայց անարդար բաներ են գրում…
– Սպասի՛ր, քո մասին էլ են գրել, ահա…
Նորից կարդում է, միասին ենք ծիծաղում։ Բայց ինձ երգիծողին ես նախապէս, ինչպէս յարկն է, քննադատել եմ, յատկապէս Արցախը յանձնելու իր քարոզների համար։ Մարդը երգիծելու պատճառ ունի։ Իսկ Ժանը միւսներին ի՞նչ է արել, թւում է, անգամ հակառակորդները համակրում են նրան։ Բայց քանի որ խմբագիր է, հաւանաբար, բոլորիս արած-չարածների համար նրանից են ոխ հանում։
Ժան Գոսակեանին փոխարինում է Վաչէ Բրուտեանը։ Եթէ Ժանին կարելի էր այցելել ցանկացած պահի, Վաչէն լարւում է, եթէ նոյնիսկ կէս րոպէում կարելի է պատասխանել եւ ճամփու դնել, ծախսում է մի քանի րոպէ, բացատրելու, թէ առանց նախապէս պայմանաւորուելու ինչո՞ւ չի կարելի այցելել։ Պատճառ կայ։ Խմբագրութեան պատասխանատու աշխատողի իր մշտակայ սովորութեան համաձայն )ի հակադրութիւն «Մեսրոպեանից» ձեւականօրէն ճառողների հին ուղղագրութեանը տիրապետող քչերից մէկը(, ծայրեծայր կարդում, տեսքի է բերում բոլոր նիւթերը, ուստի իրապէս ծիծաղելու, նոյնիսկ ժպտալու ժամանակ չունի։ Գործը հասաւ այնտեղ, ուր որոշ հեղինակներ, դրանց թւում նաեւ ես, կամ առիթից առիթ, կամ դադարեցինք աշխատակցել «Ասպարէզ»ին։ Յամենայն դէպս, երկու տարուց աւելի խմբագրութեան դուռը չեմ բացել, իսկ հետագայում վերադառնալով, տարին ընդամէնը յանձնում էի մի քանի յօդուած, որոնք սովորաբար լոյս էին տեսնում մէկ-երկու ամիս ուշացումով։
Ուշացման այդ բարի աւանդոյթը աւելիով շարունակւում է նոր խմբագրի՝ Աբօ Պողիկեանի գալուց յետոյ։ Բայց Աբօն միշտ զուարթ տրամադրութեան մէջ է, սիրով ընդունում է յօդուածները եւ մոռանում է ուղարկել տպարան։ Զանգում եմ.
– Բարի օր, երկու ամիս անցաւ, երրորդն է սկսւում…
– Եկող շաբաթ, անպայման…- ծիծաղ,- որը՞ պիտի տպէինք,- խմբագրութիւնում մի քանիսը կայ, միւսները պատրաստւում են, յաջորդականութիւնը անհրաժեշտ է պահպանել։
Եկող շաբաթն անցնում է, միւս շաբաթն էլ հետը։ Զանգում եմ.
– Աայ~ա~…- ծիծաղ,- որը՞ պիտի տպէինք…
– Նախորդ շաբաթ էիր խոստացել…
– Եկող Երեքշաբթի… Չորեքշաբթի, անպայման…
Ասենք՝ Մարտի 1ի դէպքերի վերլուծութիւնը լոյս է տեսնում Յուլիսի վերջին )ի հարկէ, յօդուածը, ինքս էլ, յանձնել եմ ուշացումով՝ Մայիսին( բայց ոչինչ, կարդում են եւ շատ չեն դժգոհում, բայց ասում են՝ ժամանակին լոյս տեսնէր, աւելի լաւ կը լինէր։ Երկուսը տպուել էին, երրորդն ու չորրորդը սպասում էին, հինգերորդը աւարտւում էր, վեցերորդը պատրաստւում էր։ Զանգում եմ.
– …Որը՞ պիտի տպէինք…,- ծիծաղ։
– «Նախագահի գլուխ…», «Ասպարէզ»ի հարիւրամեակի առթիւ խօսքը, ի հարկէ կը գրեմ, բայց երեք ամիս յետոյ տպէք…
– Համարժէք պատասխան,- ծիծաղ,- յոբելեա՞ն է, յետաձգել չենք կարող…
– Բնաւորութեան խնդիր է, յետաձգէ՛ք…
Աբօն այնպիսի բնաւորութիւն ունի, որ ոչ կարող ես դժգոհել, ոչ դադարեցնել աշխատակցութիւնը, եւ ամենակարեւորը՝ ամէն դէպքում դրական վերաբերմունքդ չես կարող փոխել։ Բուն փորձանքը հէնց դա է։
Հիմա գրում ու մտածում եմ. «Երեւի նորից մոռանայ տպել, կամ վերնագիրը հարցնի, կամ ասի, թէ երկար է. հիմա թերթում այդքան տեղ չկայ… Եթէ ասի՝ նախորդ անգամուան նման կ’առաջարկեմ տպագրել երկու համարում, ընթերցողը յաջորդ համարն էլ «թող որոնի»։ Բայց ո՛չ. նախորդ անգամ լաւ պատասխան տուեց.
– Սա մէկ,- այսինքն՝ սովորեցնո՞ւմ ես։
«Սա երկո՛ւսն» էլ եղաւ, բայց չերկարացնենք, խմբագրութիւնում գործին յատուկ՝ անպատեհ կրճատում կ’անեն, ընթերցողն էլ կը դժգոհի, թէ հեղինակը երկու հասարակ կտոր իրար կապել չի կարողանում…
– Սա երե՛ք…
«Ասպարէզ»ը դարձաւ հարիւր տարեկան )ակնածանքով նայէք՝ մի դար մշտապէս հրատարակուող քանի՞ հայկական թերթ կայ ասպարէզում(։ Ամէն խմբագրի սովորոյթների, հակումների, հեղինակային ամէն խմբի կարողութիւնների հետ ուրոյն գոյն ու շունչ ստանալով, միշտ պահպանել է հիմնական ուղղութիւնը։ Ազգն ու Հայրենիքը ամէնից վեր դասող գաղափարական պայքարի առաջամարտիկը, յաւերժական հանգստի մեկնած արժանաւոր շատերին է հրաժեշտ տուել։ Մենք էլ կեանքի այդ կատակերգութեան անխուսափելի օրէնքով կը մեկնենք, ինքը կը մնայ։ Կը գան նորերը, ինչպէս Թումանեանն էր ասում՝ լաւերը եւ հարիւրամեայ երիտասարդին կը հասցնեն յաջորդ հարիւրամեակ…
Զանգե՞մ.
– Գոնէ այս մէկը ժամանակին կը տպուի՞, թէ՞…
– Սա չո՛րս…