Կեանքում շատ յաճախ ազգին ծառայութիւններ մատուցած անձանց համար փնտռում ենք առիթներ՝ նրանց գործունէութիւնը վերարժեւորելու, ի մի բերելու, հանրութեան ներկայացնելու, դրանով, եւ որպէս վաւերական փաստագրութիւն, յանձնելու այն գալիք սերունդներին:
Ազգային Բարերարուհի: Այս պատուաւոր կոչմանն է արժանացել տիկին Աշխէն Փիլաւճեանը վերջին տասը տարիներին կատարած իր նիւթական եւ բարոյական օժանդակութիւններով՝ հայկական տարբեր կազմակերպութիւններին, միութիւններին, հաստատութիւններին: Դրանք են հանգուցեալ ամուսնու նուիրական ՀՄԸՄ մարզական միութիւնը, Ազգային առաջնորդարանը, իր սիրելի նախակրթարանը, հայ դպրոցը, մանկապարտէզը, ՀՕՄը, Արցախը, Հայ Դատը, Թելեթոնը եւ այլեւայլ անուններ:
Նուիրատուութիւնների ընդհանուր գումարն արդէն հասել է երկարաշունչ թուերի եւ շարունակում է ճանապարհը: Սիրելի ամուսնու կորուստը է՛լ աւելի թափ տուեց այն առաքելութեանը, որ տիկին Աշխէնը սկսել էր հանգուցեալ Ալեքսանի հետ: Տէր եւ տիկին Փիլաւճեանները նիւթական բարեկեցիկ կեանք ունենալուց յետոյ, համաձայնաբար որոշել էին զայն բաժնեկցել ազգի հետ: Երկուստէք տքնաջան աշխատանքով էին նրանք հասել այդ վիճակին:
***
Ո՞վ էր Ալեքսան Փիլաւճեանը:
Քիլիսցի Սարգիս Աղա եւ Նազիրէ (Պայրամեան) Փիլաւճեանների անդրանիկ որդին, 1922 թուին ծնուած այս երիտասարդը Հալէպի ՀՄԸՄի 40-50ական թուականների ֆութպոլի աստղն էր այն փայլուն շրջանում, երբ խումբը տիրանում էր Սիրիայի ախոյանութեան տիտղոսին: Դա այն սերունդն էր, որ իր մարզական խաղերով յոյս ու հաւատք, խինդ էր ներշնչում գաղթական հայութեան: Յաճախ մրցումներին ներկայ եղող մեծ քրոջ՝ Ալիսի վկայութեամբ, նրա խաղաձեւն էր նետել գնդակը գլխով եւ տարածուել գետնին: Խումբը Ալեքսանի հետ եօթը անգամ դարձել էր երկրի ախոյեան: Սակայն նա այդ փառքով չէր տարուել. ստացել էր իր նախնական կրթութիւնը Հայկազեան վարժարանում, երկրորդական ուսումը՝ Ճիզուիտների ֆրանսիական քոլէճում: Ունէր մաթեմատիկայի երկրորդ պաքալորիայի վկայական: Դասաւանդում էր անգլերէն, ֆրանսերէն, մաթեմատիկա՝ տարբեր վարժարաններում: Զբաղւում էր նաեւ երկրագործութեամբ: Վերջապէս լումայափոխութիւնը դառնում է հիմնական այն գործը, որի միջոցով հասնում է նիւթական բարձունքների: Ու ՀՄԸՄի «Բարձրացիր-Բարձրացուր» նշանաբանը որդեգրում է Փիլաւճեան զոյգը. «բարձրացիր» անձնական գործով եւ «բարձրացուր» քո ազգին:
***
Ո՞վ է Աշխէն Փիլաւճեանը:
Զոյգի առաքելութիւնը շարունակողը, ամուսնու հաւատարիմ կողակիցը, որի մասին է հիմնականում մեր գրութիւնը: Տիկին Աշխէնը ասում է. «Իմ հայրս հնչակեան էր, կրթութիւնս հնչակեան, բայց երբ Ալեքսանին հետ ամուսնացայ՝ դարձայ ամուսինիս հաւատարիմ հետեւորդը: Անոր ճամբան դարձաւ իմ ճամբան, անոր ցաւը՝ իմ ցաւս…»: Այս սկզբունքով էլ նա ապրել եւ ապրում է կեանքը:
Աշխէն Հելուաճեան-Փիլաւճեանը ծնուել է Հալէպում, 1932 թուի Դեկտեմբերի 15ին: Այդ օրը Ս. Յակոբի անուանակոչութեան աւանդական տօնն էր, եւ եթէ նորածինը լինէր տղայ, ապա պիտի կոչուէր Յակոբ, որ Մեծ հօր անունն էր: Մեծ հայրը՝ Յակոբ Հելուաճեանը, պետական գանձապահ էր (սանտըք էմինի) եւ յարգուած անձնաւորութիւն: Հայկական աւանդական տօներին պաշտօնակից գործընկերները գալիս էին շնորհաւորութեան: Պիտի գային ձիերով, որոնց համար երկու օր առաջուանից բերւում էր խուրցկերը: Ըստ թրքական սովորութեան, կարող էին գիշերելու պատեհութիւն ունենալ: Հայրը՝ Կիրակոս Հելուաճեանը, ծնուել է Սիւրիհիսարում, բանաստեղծ Մուշեղ Իշխանի հայրենակիցն ու ազգականը: Եղել է հնչակեան կուսակցութեան անդամ, որի հետեւանքով հալածուել է եւ բանտարկուել: Բանտից փախուստ տալուց յետոյ միացել է լեգէոնական կամաւորների բանակին եւ մեկնել՝ Դամասկոս: Աշխատել է որպէս հաշուապահ մի վաճառականի մօտ: Չգիտէր ո՞ւր է ընտանիքը՝ հայրը, մայրը, երկու եղբայրները եւ քոյրը: Գաղթականութեան շրջանն է: Փողոցում պատահաբար հանդիպում է եղբօրը: Մի շատ պարզ նախադասութիւն, որ ցոյց է տալիս մեր պարտադիր գաղթի ճանապարհը՝ Թուրքիայից դէպի սիրիական անապատներ: Կարօտալի գրկախառնում, արցունքներ, իմանում է ընտանիքի Յունաստանում լինելը, որից յետոյ բոլորը միանում են Հալէպում:
Կիրակոս Հելուաճեանը սկսում է աշխատել ֆրանսիացիների մօտ, գրասենեակում: Եղբայրը նոյն տեղում մի այլ պաշտօնի էր: Կիրակոսը գործի բերումով մի քանի անգամ գործուղւում է Ճարապլուս (Սիրիա), որտեղ հանդիպում է իր ապագայ կեանքի ընկերուհուն՝ օրիորդ Վիքթորեա Կիզիրեանին: Վիքթորեան ծնուել էր Էսքիշեհիրում: Մօրեղբայրներից մէկը եղել է Իսկենդերունի կայարանապետը, դրա համար էլ գաղթական չեն եղել: Ընտանիքը Էսքիշեհիրից փոխադրւում է Իսկենդերուն: Վիքթորեան ունէր երկու եղբայր եւ մէկ քոյր: Տղաները աւարտում են Պոլսի գերմանական քոլէճը: Քոյրը այրիանում է 18 տարեկանում, որի ամուսինը մահանում է թրքական բանակում՝ թողնելով մի տղայ զաւակ: Մի հետաքրքիր դրուագ. այրի մօրաքոյրը ամուսնանում է ջուր կրող փաստաբանի հետ, տեղափոխւում են Ճարապլուս: Ամուսինը դառնում է տեղի հայկական դպրոցի տնօրէնը: Այստեղ էր պաշտօնավարում տիկին Աղաւնի Ֆստգճեանը, որ հետագայում լինում է Հալէպի Կրթասիրաց վարժարանի մանկապարտիզպանուհին, ուր ուսուցիչ պիտի լինէր օրիորդ Աշխէն Հելուաճեանը:
Ամուսնացել էին Կիրակոսը եւ Վիքթորեան: Ծնուել էր Աշխէնը, իսկ եօթը տարիներ յետոյ՝ Սոնան: Կիրակոս Հելուաճեանի ֆրանսացիների մօտ ունեցած դիրքը առիթ էր ընծայում նրան օգտակար լինելու իր հայրենակիցներին: Դրանց թւում էին Սարգիս աղա Փիլաւճեանը եւ նրա աներձագ Յովհաննէս Պայրամեանը: Վերջիններս մատակարարում էին ֆրանսական բանակի ձիերի կերը՝ խուրձը: Պարոն Կիրակոսը ստեղծում էր նրանց համար գործը աւելի շահաբեր դարձնելու պայմաններ: Ճակատագիրը չգիտէր, որ այս ընտանիքները հետագայում պիտի լինէին խնամիներ:
***
1946ին ֆրանսացիները թողնում են Հալէպը, որի հետեւանքով պրն. Կիրակոսը կորցնում է գործը: Մեծացել էին աղջիկները: Շրջանաւարտ էին դարձել Կիլիկեան վարժարանից՝ պարոն Երուանդ Պապայեանի տնօրէնութեան օրօք: Յաճախում էին ֆրանսական Ժան Տարք դպրոցը: Աշխէնը դաշնամուրի դասեր էր վերցնում կաթողիկէ քոյրերից (մասէորներից): Սակայն պէտք էր դիմագրաւել կեանքի դժուարութիւններին: Հակառակ ունեցած երաժշտական ընդունակութիւններին, նա դադարեցնում է դաշնամուրի դասերը: Թողնում է դպրոցը եւ սկսում է աշխատել ընտանիքին օգնելու համար: Քոյրը շարունակում էր ուսումը: Աշխէնը աշխատում է որպէս ուսուցչուհի Կրթասիրաց վարժարանում (տնօրէնն էր Գրիգոր Պողարեանը): Տիկին Վիքթորեան սկսում է տանը կարել յաճախորդների համար: Պարոն Կիրակոսը Հ.Բ.Ը.Միութեան ակումբում ստանձնում է հաշուապահի պաշտօնը: Հայ ընտանիքներին բնորոշ երեւոյթներ, երբ լուռ ու մունջ, սեփական քրտինքով, համբերութեամբ եւ պատուով կարողանում են դուրս գալ իրավիճակներից:
Օրիորդ Աշխէնը պաշտօնավարում է վեց տարիներ: ՀԲԸՄի ակումբը ունէր Օրիորդաց միութիւն, ուր նա անդամ էր եւ կատարում էր իր պարտաւորութիւնները:
Դասաւանդում էր ֆրանսերէն, թուաբանութիւն, գիտական նիւթեր Հայ Կաթողիկէ Քոյրերի վարժարանում: Անցնում էին տարիները, գեղատես եւ աչքառու օրիորդը ստանում էր ամուսնութեան առաջարկներ: Թեկնածուների թւում էր նաեւ Ալեքսանը: Ասպետական արտաքինով մարզիկը կարողանում է գրաւել օրիորդի սիրտը: Մնում էին ընտանիքները, որ, ինչպէս արդէն նշեցինք, ճանաչում էին իրար: 1955 թուի Դեկտեմբերի 5ին կազմւում է տէր եւ տիկին Ալեքսան եւ Աշխէն Փիլաւճեան զոյգը: Նորապսակները ամուսնական մեղրամիսը անցկացնում են Պէյրութում: 1956 թուականին լոյս աշխարհ պիտի գար անդրանիկ զաւակը՝ Վահրիճը: Ընտանիքի հայր Ալեքսանը արդէն լծուել էր սովորելու իր նոր գործը՝ լումայափոխութիւնը, որը դարձաւ հետագայ յաջողութիւնների բանալին: 1959ին ծնւում է երկրորդ որդին՝ Բեգլարը: Երեխաների ծննդավայրն էր Հալէպ, Կիւլպէնկեան մայրանոց, բժիշկը՝ Օսֆալտ Հրեշտակեան: Ոչ պատահականօրէն, այլ նպատակադրուած նշում ենք այս բոլոր մանրամասնութիւնները, որոնք Հալէպ քաղաքի իւրայատկութիւններն են: Որեւէ մէկի համար, որ ապրել է այնտեղ կամ հետաքրքրուել է քաղաքի պատմութեամբ, դրանք յուշեր արթնացնող պատկերներ են:
***
Ընտանիքը արդէն կազմաւորուել էր: Ալեքսանի լումայափոխութեան գործը ընթանում էր մեծ թափով, որ սակայն դժուարանում էր այդ երկրի պայմաններում: 1969 թուականին տեղափոխւում են Պէյրութ: Գեղատեսիլ Լիբանանում դարձեալ շարունակւում են յաջողութիւնները: Այս անգամ էլ քաղաքական պատերազմը տեղահան է անում Փիլաւճեան ընտանիքին, եւ 1979 թուին վերջնականապէս փոխադրւում են Միացեալ Նահանգներ, Լոս Անճելըս:
Բնակութիւն են հաստատում Սանթա Մոնիքա քաղաքում: Նոյն տարում պոլսահայ ընկերներով Downtown-ում հիմնում է St. Vincent Jewelry Center ոսկերչական կեդրոնը, որի տարողութիւնը հասնում է համաշխարհային չափանիշների: Յաջորդող տարիներին ամուսնանում են Վահրիճը՝ Սօսիի հետ եւ Բեգլարը՝ Վերայի: Իւրաքանչիւրն ունենում են երկու մանչեր:
***
Մինչ տէր եւ տիկին Ալեքսան եւ Աշխէն Փիլաւճեանները շարունակում էին իրենց բարոյական եւ նիւթական օժանդակութիւնները ազգային տարբեր կառոյցներին, մէկ մասը նոյնիսկ անանուն, կեանքը մնում էր կեանք իր խստութիւններով: 1999 թուի Դեկտեմբերի 22ն էր այն որոշուած թուականը, երբ այս աշխարհին հրաժեշտ պիտի տար Ալեքսանը: Ազգային թաղում բառը քիչ էր բնորոշելու այն յուղարկաւորութիւնը, որ կատարուել էր Ալեքսանի համար: Ժողովուրդը հատուցում էր արժանաւորին: Իսկ ո՞ւր էր Աշխէնը այդ ծանր վայրկեաններին: Երկար տարիներ, ժպիտը դէմքին, իր ամուսնուն թէ՛ առողջ, թէ՛ հիւանդ օրերին ծառայած հաւատարիմ կողակիցը զինուել էր մի նոր ուժով. շարունակւում էր կեանքը եւ Ալեքսանի յիշատակը վառ պիտի մնար միայն ու միայն իր գործերի շարունակութեամբ: Տիկին Աշխէն Փիլաւճեանը այն աստիճանին էր հասցնելու այդ գործը, որի համար արժանի էր լինելու ստանալ Ազգային բարերարուհու կոչումը: Իրար էին յաջորդում ազգին կատարուած նուիրատուութիւնները. ՀՄԸՄի Նաւասարդեան 25րդ խաղերի պատուոյ նախագահութիւն, մասնակցութիւն Ազգային առաջնորդարանի շէնքի հիմնադրամին, Սրբոց Նահատակաց ՀՕՄի Աշխէն Փիլաւճեան մանկամսուրի հիմնական վերանորոգում, Աշխէն Փիլաւճեան դպրոցաշինութեան հիմնադրամ, նախագահութիւն Հալէպի Կիլիկեան վարժարանի 80ամեակի եւ 85ամեակի տօնակատարութիւններին: Շարունակում է մասնակցել Ազգային առաջնորդարանի շէնքի համալրմանը՝ Ս. Աշխէն եւ Ս. Տրդատ մատուռի կառուցմամբ: Որպէս ժրաջան ՀՕՄուհի Կարս մասնաճիւղի անդամակցութեամբ՝ տիկին Փիլաւճեան օգտագործում է միութեան նեցուկ լինելու բոլոր առիթները: Հայ Դատը ե՛ւս, իր բոլոր ծանրութեամբ եւ կարեւորութեամբ միշտ նրա ուշադրութեան կեդրոնում է: Միացեալ Նահանգներից հեռու, նա հասնում է Լիբանան՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւն, Սիրիա՝ Նաւասարդեան խաղեր, Կիլիկեան ճեմարան, Կրթասիրաց վարժարան, Հայաստան՝ Հայկական հիմնադրամ, ՀՕՄ, Շուշիի դպրոց, Արցախի ֆոնտ եւ ետ Միացեալ Նահանգներ՝ իր սիրասուն զաւակներին, հարսերին եւ թոռներին: Նա ան մայրն է, որի կեանքը պայմանաւորուած է իր զաւակներով: Չնայած իր բոլոր ինքնուրոյն գործունէութեանը, տիկին Աշխէնի համար սրբութիւն է իր ընտանիքը: Այսպիսին են մեր նահապետական մայրերը, որոնց շնորհիւ պահպանուել են մեր ընտանիքները: Աշխէն Փիլաւճեան տիկինը, մայրը, մեծ մայրը եւ Ազգային բարերարուհին միասնաբար զետեղուել են միեւնոյն անձին մէջ, եւ նա չի կարող պատկերացնել իրեն, առանց դրանցից որեւէ մէկի: Ընտանիքը չունի վարձատրութիւններ, կոչումներ, դա բնութիւնն է եւ քո անձն է: Իսկ ազգը երախտապարտ է իր նուիրեալներին: Բազմաթիւ են Աշխէն Փիլաւճեանին ուղղուած շնորհակալական նամակները, ցուցատախտակները, յուշամետալները, գնահատագրերը, որոնց դափնեպսակն են հանդիսանում Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ի կողմից շնորհուած Սրբատառ կոնդակ եւ Ասպետի շքանշանը՝ 2003 թուին, իսկ 2005 թուին շնորհուած Սրբատառ կոնդակ եւ Իշխանի կարգի շքանշանը:
***
Որպէս եզրափակում մեր գրութեան, ուզում ենք մէջ բերել տարիներ առաջ Փիլաւճեան ընտանիքին գրուած մի նամակ.
Սիրելի՛ Ալեքսան եւ Աշխէն,
Նախ Փիլաւճեա՛ն որդի հարազատներ՝ Բեգլար եւ Վահրիճ, Փիլաւճեա՛ն ազնիւ հարսեր, Փիլաւճեա՛ն քաղցր թոռնիկներ, բարեւ եւ շնորհակալութիւն՝ ձեր բոլորի՛ն ալ: Արդէն երեք ամիսներ անցած են այն յիշատակելի օրէն, երբ վերստին իրարու հանդիպեցանք ձեր տունէն ներս, այս անգամ՝ այս հեռաւոր ափերուն վրայ կառուցուած, առաւե՛լ շքեղ, եւ սակայն մի՛շտ հայօրէն շնչող:
Չէ՛, սիրելինե՛ր, չեմ մոռցած ձեզ: Աշխէնը կրնայ վկայել, որ ես եղած եմ այն տղան, եւ կը շարունակեմ այդպէս մնալ, որ չի մոռնար իրեն մատուցուած գաւաթ մը ջուրը եւ զայն մատռուակողը, ու՜ր մնաց «հաւով փիլաւ»ը, զոր պատանի որբութեան շրջանին ճաշակեցի Աշխէնի ծնողական տան մէջ, վանեցի վարժապետի մը հետ:
Սիրելինե՛ր, 10 Փետրուարի Երկուշաբթին ինծի համար անմոռանալի պիտի մնայ: Այդ ի՜նչ ճոխ սեղան էր, որ բացած էիք սակաւակերիս համար: Խեղճ Աշխէնը յոգնութեան ի՛նչ գին վճարեց անոր համար:
Պատուելու համար ձեր հարազատը՝ շրջապատած էիք զինք յարգարժան սեղանակիցներով, սրբազան ու վարդապետ, եւ դեռ արուեստագէտ ու արուեստագիտուհիներով՝ այնքա՛ն սիրելի ինծի:
Թերեւս նկատեցիք, որ այդ իրիկուն ես ընդհանրապէս լուռ մնացի: Հոն էի եւ հոն չէի: Կը լսէի իւրաքանչիւրդ, աչքերով կը վայելէի ամէն մէկուդ ներկայութիւնը, եւ սակայն կը լսէի այլ ձայներ՝ հեռու անցեալէ մը եկող, նստած էի նաեւ այլ մարդերու հետ, որոնք մեզի հետ չէին եւ էին. կÿակնարկեմ Աշխէնի մօր, Կիրակոս հայրիկին, վաղամեռիկ քրոջ:
Եւ դեռ՝ մեր երէկին, երբ պատանի էինք ու երիտասարդ:
Գիտե՞ս, Ալեքսա՛ն, դուն եղած ես ոտնագնդակի սիրահարիս համար իրաւ կուռք մը (idole): Եւ այդ իրիկուն ես քեզ կը տեսնէի առաւելաբար քու ա՛յդ պատկերով, հասակիդ հորիզոնական ամբո՛ղջ ձգուածութեամբ, գլխով վանելու համար թշնամիին կողմէ ուժգնօրէն հարուածուած գնդակը՝ քու սիրած ՀՄԸՄիդ սահմաններէն հեռու:
Սիրելի՛ս, ինծի համար յուզիչ վայրկեաններ եղան, երբ տեսակ մը ձեռքես բռնած՝ պտտցուցիր զիս տանդ բոլոր բաժանմունքներուն մէջ: Յաջորդ առաւօտ ալ իջանք քաղաք եւ այցելեցինք չորս շէնքերդ, զորս վարձու տուած ես հարիւրաւոր ոսկերիչներու: Հայ եղբայրներուս յաջողութիւնը կÿուրախացնէ զիս…
Կը սիրեմ ապրիլ անցեալս՝ ներկայի՛ս միացուցած, ճոխացնելու համար այս վերջինը, եւ այս երկուքով՝ պրկելո՛ւ համար իմ ալ ճիգը դէպի մեր հաւաքական ապագան…
Կը համբուրեմ ձեզ բոլորդ, մեծ ու պզտիկ:
Բարեւներ 10 Փետրուարի միւս սեղանակիցներուս:
Սիրով՝ Եդուարդ Էլոյեան
Մոնթրէալ, 12 Մայիս, 1997
***
Այսօր Աշխէն Փիլաւճեանը շարունակում է իր գործունէութիւնը նոյն եռանդով, նոյն կորովով: Տարիներ առաջ, Ալեքսանի կենդանութեան օրօք կատարուածը նոյնութեամբ շարունակում է Աշխէնը, իր ընտանիքով, առանց ամուսնու, բայց նրա ոգիով եւ յիշատակով: Առողջ եւ երկար կեանք մեր յարգելի տիկին Աշխէն Փիլաւճեանին: Թող նրա կատարած ներդրումները ծառայեն իրենց նպատակին, եւ թող հայ ժողովուրդը հասնի իր իղձերին եւ երազներին: