ԻՐԱՒԱՊԱՀՆԵՐՆ
ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ՉԵՆ
Սրա վկայութիւնը երկու օրերի ընթացքում տեղի ունեցած մի քանի սպանութիւններն են:
Հոկտեմբերի 24-26ն ընկած ժամանակահատուածում, ասել է թէ՝ ընդամէնը 3 օրուայ ընթացքում, Հայաստանում սպանուել է առնուազն 5 եւ վիրաւորուել 6 մարդ: Դէպքերից երկուսը տեղի են ունեցել Երեւանում՝ «Ծղօտներ» ռեստորանի (ճաշարանի-Խ) մօտ եւ Կոմիտասի պողոտայի բակերից մէկում, երկուսը՝ Լոռու մարզում՝ Ստեփանաւան եւ Սպիտակ քաղաքներում: Այս չորսից առնուազն երկու դէպքերը, որոնք արձանագրուել են Ստեփանաւանում եւ Երեւանի Արաբկիր համայնքում, նոյնքան արիւնալի նախապատմութիւն են ունեցել:
Բայց այս ամէնը՝ հերթով:
ՍՊԻՏԱԿՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է
4 ՄԱՐԴ
Սա այն «Դոմիկն» է, որտեղ սպանուել են այս շքեղ «ինոմարկաների» տէրերից երկուսը:
Ըստ պաշտօնական տեղեկատուութեան, Հոկտեմբերի 24ին, ժամը 20:50ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Կենտրոնական աւտոկայանի տարածքում, Սպանդարեան փողոցում տեղակայուած վակոն-տնակում, անյայտ անձանց կողմից իրենց ուղղութեամբ արձակուած հրազինային կրակոցներից տեղում սպանուել են Սպիտակ քաղաքի բնակիչներ Ստեօպա Դիլբարեանը, Վարուժան Մարտիրոսեանը, Նշան Դանիէլեանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Կարապետ Միսկարեանը: Ստացած հրազինային մարմնական բազմաթիւ վնասուածքներից Ս. Դիլբարեանը եւ Կ. Միսկարեանը տեղում են մահացել, իսկ Վ. Մարտիրոսեանն ու Ն. Դանիէլեանը՝ հիւանդանոց տեղափոխուելու ճանապարհին: Տնակում եղած Գարուշ Մարութեանը մարմնական ծանր վնասուածքով տեղափոխուել է հիւանդանոց: Դէպքի վայրից զննութեամբ յայտնաբերուել եւ առգրաւուել է «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 6 պարկուճ, 9 մմ տ/չ 1 գնդակ եւ ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 4 գնդակ:
«Առաւօտ»ի աղբիւրների փոխանցմամբ, սպանութիւն կատարող անձը եղել է դիմակաւորուած, սպանութիւնը եղել է պատուիրուած եւ իրականացուել է, ըստ ամենայնի, վարձու մարդասպանի կողմից: Սպանուողներից մէկը՝ Վարուժան Մարտիրոսեանը, մեր տեղեկութիւններով, «քրէական հեղինակութիւն» է եւ Սպիտակում յայտնի է «աղունիկի Դաւօ» անունով: Ի դէպ, ըստ Սպիտակում շրջանառուող տեղեկութիւնների, սպանուողները եղել են Հայաստանի ԱԺ անկուսակցական պատգամաւոր, «Դերժաւա» ընկերութեան նախագահ Արկադի Համբարձումեանին մօտիկ համարուող մարդիկ: Սպանուողներից երկուսին պատկանող 30 ՍՏ 999 համարանիշով «ճիփ»ն ու 99 ՕՕ 997 «Մերսետես» բրաբուսը ոստիկանների՝ դէպքի վայր ժամանելուց յետոյ էլ առժամանակ կանգնած էին հէնց այն տնակի մօտ, որտեղ կատարուել է սպանութիւնը:
ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱԼՈՒ ԱՐԴԻՒՆՔԸ
Ստեփանաւանի Քաղաքապետն Ու Իր «Դրախտը»
Հոկտեմբերի 24ին, ժամը 22:30ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գիւղի տարածքում գտնուող «Դրախտ» ռեստորանում Արծրուն Յակոբեանը՝ «բոյով Ալիկ», Արթուր Աղաջանեանը եւ Արմէն Գրիգորեանը վիճաբանութեան մէջ են մտել Ստեփանաւանի քաղաքապետ, «Քոթօ» մականունով Սարգիս Ղարաքեշիշեանի հետ, որի ընթացքում վերջինս ձախ ուսագօտու եւ ձախ այտի մասերում ստացել է կտրած-ծակած, իսկ վերոյիշեալ երեք անձինք՝ հրազինային վնասուածքներ. Արծրուն Յակոբեանը՝ որովայնի մասում, Արթուր Աղաջանեանը եւ Արմէն Գրիգորեանը՝ ոտքի հատուածներում: Դէպքի վայրից յայտնաբերուել եւ առգրաւուել է 9 մմ տ/չ փամփուշտի 4 պարկուճ: Ու թէեւ, ըստ ոստիկանութեան տարածած տեղեկատուութեան, սոյն միջադէպի առնչութեամբ նախաքննութիւն է ընթանում եւ դէպքի մանրամասներն էլ դեռ պարզւում են, այդուհանդերձ, Հոկտեմբերի 25ին, Հայաստանի Գլխաւոր դատախազութիւնը շտապել է ներկայացնել կատարուածի իր վարկածը: Ըստ այդմ, Ստեփանաւանի քաղաքապետ Ս. Ղարաքեշիշեանը իրեն ամրակցուած «վիկինգ» տեսակի ՄՌ 02446-02090 համարի ատրճանակից յիշեալ երեք անձանց վրայ կրակել է նրանցից եւ «միւսների յարձակումներից պաշտպանուելու նպատակով»: Թէ ինչո՛ւ է Գլխաւոր դատախազութիւնը որոշել իր հովանու տակ առնել քաղաքապետին՝ հասկանալի է. նա հանրապետական է եւ առաւել քան լաւ յարաբերութիւններ ունի տեղի իրաւապահների հետ, նաեւ՝ Լոռու մարզի դատախազի հետ: Բայց այստեղ մի նրբութիւն կայ: Բանն այն է, որ այս քաղաքապետը նոյն զէնքով էլի մի յանցագործութիւն էր կատարել դեռ 2005թ. Մայիսի 26ին: Այդ օրը նոյն «Դրախտ» օբյեկտում եւ նոյն, ի դէպ, նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարեանի կողմից նուիրուած «վիկինգ» տեսակի ատրճանակի խզակոթով 7 հարուած էր հասցրել Ստեփանաւանի բնակիչ Վարուժան Մովսիսեանի գլխին ու նաեւ մէկ կրակոց էր արձակել նրա ոտքին: Միջադէպին վկայ էր եղել «Դրախտ»ի բուֆետչիկ Ռոպերթ Նաւասարդեանը, որը կատարուած յանցագործութիւնը վերցրել էր իր վրայ եւ դատապարտուել էր ու «պայմանականով» ազատ արձակուել, իսկ այդ դէպքի առնչութեամբ յարուցուած քրգործի նիւթերի որեւէ դրուագով քաղաքապետն ընդհանրապէս չէր անցել՝ շնորհիւ իր բարձրաստիճան պաշտօնեայ հովանաւորների: Քաղաքապետին քրէական պատասխանատուութեան չենթարկելու եւ նրա կատարած յանցագործութիւնը պարտակելու նոյնպիսի միտումներ կան նաեւ այսօր, եւ դրանք բխում են հէնց Գլխաւոր դատախազութեան տարածած վերոյիշեալ հաղորդագրութիւնից:
«Դրախտում» տեղի ունեցած յանցագործութեան այլ վարկած մեզ ներկայացրին Ստեփանաւանում: Ըստ այդմ, յանցագործութիւնը նախապատմութիւն է ունեցել: Այսպէս, Հոկտեմբերի 19ին Ստեփանաւանում քաղաքապետի ընտրութիւններ էին, որոնց ընթացքում գործող քաղաքապետի հետ կար մրցակցող եւս մէկ թեկնածու՝ անկուսակցական Սերեօժա Առաքէլեանը: Հոկտեմբերի 24ին քաղաքապետ Ս. Ղարաքեշիշեանին պատկանող «Դրախտ» ռեստորանում տեղի ունեցած միջադէպի միւս եւ հրազինային վնասուածքներ ստացած երեք անձինք եղել են Սերեօժա Առաքէլեանի կողմնակիցները: Ընտրութիւններից յետոյ վերընտրուած քաղաքապետը մի կերուխումի ժամանակ յայտարարել էր, թէ բոլոր նրանք, ովքեր իր կողքին չեն եղել, իր անձնական թշնամիներն են, եւ ինքը դեռ նրանց ցոյց կը տայ: Քաղաքապետը ընտրութիւններից յետոյ մասամբ կատարել էր իր «խոստումը»՝ աշխատանքից ազատելով Ս. Առաքէլեանին ընտրութիւնների ժամանակ պաշտպանած, քաղաքի մշակոյթի տան տնօրէն Լիանա Աղաջանեանին, ով Արթուր Աղաջանեանի կինն է, նաեւ մի քանի ուսուցիչների, այդ թւում՝ Լորետա Յարութիւնեանին եւ Հայարփի Թովմասեանին: Իսկ Հոկտեմբերի 24ին, երբ նոյն թեկնածուի թիմի ներկայացուցիչներ Արծրուն Յակոբեանը, Արթուր Աղաջանեանը՝ «բոյով Ալիկ», եւ Արմէն Գրիգորեանը գնացել են «Դրախտ» ռեստորան ճաշելու, եւ պատուէրներ են տուել, ռեստորանի աշխատակիցը յայտարարել է, թէ «շէֆը»՝ քաղաքապետ Ղարաքեշիշեանը, յանձնարարել է, որ՝ «դրանց համար հաց չգցել»:
Ա. Յակոբեանը, Ա. Աղաջանեանն ու Ա. Գրիգորեանը մօտեցել են այդ պահին ռեստորանում ինչ-որ մէկի ուղեկցութեամբ գտնուող Ս. Ղարաքեշիշեանին՝ պարզելու, թէ ի՛նչ է նշանակում իր յանձնարարականը: Վերջիններիս եւ քաղաքապետի միջեւ լեզուակռիւ է սկսուել, որի ժամանակ Ս. Ղարաքեշիշեանը պիջակի տակից հանել է ատրճանակն ու կրակել Արծրուն Յակոբեանի վրայ: Նրա կողքին եղած Ա. Գրիգորեան տեսնելով գետնին տապալուած ընկերոջը՝ վազել է «պուֆեթի» կողմն ու դանակ վերցրած վերադարձել՝ հարուածելով քաղաքապետի ուսագօտուն եւ այտին, քաղաքապետը եւս երկու կրակոց է հասցրել արձակել՝ վիրաւորելով Ա. Յակոբեանին եւ Ա. Գրիգորեանին:
Նոյն օրը, աւելի ուշ, արդէն Ստեփանաւանի հիւանդանոց, որտեղ տեղափոխուել էին վիրաւորները, 37 ՕԼ 777 համարանիշի սպիտակ «Նիւայով» յայտնուել է քաղաքապետի եղբայրը, որը քաղաքապետարանի սոցապ բաժնի պետն է, եւ զէնքը ձեռքին սպառնացել է բոլորին սպանել: Նրան վնասազերծել է «Դրախտի» պուֆետչիկ Սամուէլ Մելիքսէթեանը եւ զէնքը խլել քաղաքապետի եղբօր ձեռքից: Մեր տեղեկութիւններով, քաղաքապետին դանակով հարուածած Արմէն Գրիգորեանը, որը եւս գտնւում է հիւանդանոցում, երէկ ձերբակալուել է, իսկ քաղաքապետը տեղափոխուել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՎԵՆԴԷՏԱ
Անցեալ Տարի Արաբկիրում Սպանուել Էր Սայաթ Դաւթեանը
Հայաստանի Գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը յայտարարել է, թէ Հոկտեմբերի 26ին Արաբկիր համայնքում, Կոմիտասի պողոտայի թիւ 48/Ա շէնքի բակում տեղի ունեցած սպանութիւնը վրիժառութեան, ինքնադատաստանի՝ վենդէտայի արդիւնք է, եւ անմիջական կապ ունի 2007ի Նոյեմբերի 8ին նոյն համայնքում, շուկայի մօտ տեղի ունեցած մէկ այլ՝ Հայաստանի որսորդմիութեան նախագահ, ԲՀԿ անդամ Սայաթ Դաւթեանի սպանութեան հետ: Յիշեցնենք, որ այդ օրը Ս. Դաւթեանը սպանուել էր Կոմիտասի շուկայի մօտ, գլխին արձակուած երեք, այդ թւում՝ ստուգողական կրակոցների արդիւնքում: Հայաստանի ոստիկանութեան տուեալներով, մինչեւ սպանութիւնը Ս. Դաւթեանի եւ մարդասպանի միջեւ վիճաբանութիւն էր եղել: Յայտնի էր այն «BMW» մակնիշի աւտոմեքենայի պետհամարանիշը, որում եղել էին յանցագործները՝ երեք հոգի: Նոյեմբերի 12ին, սակայն, ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութիւն էր ներկայացել Վալերի Բաբայեան անունով մէկը եւ յայտնել, որ այդ սպանութիւնը ինքն է կատարել, միւս յանցագործները մինչ օրս էլ ի յայտ չեն բերուել:
Իսկ անցեալ Կիրակի, օրը ցերեկով՝ ժամը 14:35ին, վերը նշուած վայրում անյայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «վազ-2121» մակնիշի աւտոմեքենայի ուղղութեամբ, եւ սպանել 1965թ. ծնուած Հրաչեայ Մաթեւոսեանին, ապա մարդասպաններից մէկը իջել եւ ստուգողական կրակ է արձակել նրա վրայ: Միջադէպի արդիւնքում հրազինային վնասուածք է ստացել նաեւ մեքենայի ղեկին եղած 22ամեայ Յարութիւնը, որը տեղափոխուել է Միքայէլեանի անուան վիրաբուժութեան ինստիտուտ:
Դէպքի վայրից զննութեամբ յայտնաբերուել եւ առգրաւուել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ եւ 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ եւ 2 գնդակ: Զաւեշտականն այն է, որ գլխաւոր դատախազը տեղի ունեցածը, իր ասելով՝ վենդէտան, բացատրել է մեր ժողովրդի «մենթալիտետով», բայց ո՛չ կատարուող սպանութիւնների չբացայայտման, դրանք եւ մեղաւորներին հէ՛նց իրաւապահների կողմից պարտակելու հանգամանքով:
Միւս կողմից, հարց է ծագում, թէ այդ ինչպէ՞ս է պատահել, որ Ս. Դաւթեանի սպանութեան հետ կապուող եւ վրէժխնդրութեան հողի վրայ կատարուած այս սպանութեան հեղինակը որսորդմիութեան նախկին նախագահի սպանութեան համար, ըստ էութեան, մեղաւոր է համարել մի մարդու՝ սպանուած Հրաչեայ Մաթեւոսեանին, ինչի մասին պատկան մարմինները տեղեակ չեն եղել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ
«Առաւօտ», Հոկտ. 28, 2008