«Առաւօտ» թերթի աշխատակից Աշոտ Յակոբեան ստորագրած է հետեւեալ գրութիւնը՝ թերթի երէկուան թիւին մէջ:
Փրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 51,168 քիլոկրամ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինեանը WBC/WBA/IBF վարկածներով գօտիները նուաճած Աւստրալիա վերադառնալուց յետոյ, ցանկանում էր անպայման գալ Հայաստան եւ անձամբ յարգել 1988 թուականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի յիշատակը: Ու եկաւ:
Դեկտեմբերի 6ին Վիկն իր մարզիչ Վազգէն Բադալեանի եւ մտերիմ ընկերների հետ, որոնք նաեւ նրա թիմի անդամներն են ու բոլոր մենամարտերի ժամանակ իրենց ներկայութեամբ ոգեւորում են բռնցքամարտիկին (նրանց հետ էր նաեւ տողերիս հեղինակը), այցելեց Սպիտակ եւ Վանաձոր: Սպիտակում նա ծաղկեպսակ դրեց թիւ 3 դպրոցում բացուած՝ երկրաշարժին զոհ գնացած ուսուցիչների եւ աշակերտների յիշատակը յաւերժացնող խաչքարին: Այնուհետեւ, քաղաքապետ Գագիկ Սահակեանի ուղեկցութեամբ, այցելեց ամրանն իր անուամբ բացուած բռնցքամարտի մարզադահլիճ, որի ամբողջական նորոգումն ու կահաւորումն իրականացրել է ԱԺ պատգամաւոր Արկադի Համբարձումեանը: Վերջինս հովանաւորել էր նաեւ Քրիստիան Միխարեսի հետ գօտիների միաւորման մենամարտին Վիկի նախապատրաստութիւնը: Վախթանգը հանդիպեց պատանի բռնցքամարտիկներին եւ Աւստրալիայից յատուկ նրանց համար բերած բարձրորակ ձեռնոցներ, պաշտպանիչ սաղաւարտներ նուիրեց: Իսկ նրա մարզիչ Վազգէն Բադալեանը ցանկութիւն յայտնեց ժամանակ առ ժամանակ անձամբ գալ այստեղ եւ իր փորձը հաղորդել ինչպէս պատանի մարզիկներին, այնպէս էլ՝ մարզիչներին:
Սպիտակից ճանապարհը մեզ տարաւ Վանաձոր, որի կենտրոնական հրապարակում հազարաւոր մարզասէրներ սպասում էին իրենց անուանի համաքաղաքացու հետ կազմակերպուած մեծարման հանդիսութեանը: Վանաձորի քաղաքապետարանը սկզբում ծրագրել էր լեգենդար (առասպելական-խմբ.) մարզիկին մեծարել ճոխ շոու- ծրագրով, երգ-երաժշտութեամբ: Սակայն, հաշուի առնելով, որ յաջորդ օրը դեկտեմբերի 7ն է, հրաժարուել էր այդ գաղափարից: Հնչեցին հպարտութեան բազմաթիւ խօսքեր, իսկ արարողութեան աւարտից յետոյ Վանաձորի քաղաքապետ Սամուէլ Դարբինեանն առաջարկեց տեղի հիմնարկ- ձեռնարկութիւնների, գործարարների եւ բոլոր ցանկացողների աջակցութեամբ հիմնել «Վախթանգ Դարչինեան հիմնադրամ», որտեղ կուտակուող միջոցները կը նպատակաուղղուեն քաղաքում եւ շրջակայ գիւղերում ֆիզիքական կուլտուրայի (մարմնակրթութեան-Խմբ.) եւ սպորտի (մարզանքի-Խմբ.) ոլորտում առկայ հոգսերը լուծելուն:
Երեկոյեան, արդէն Երեւանում՝ «Մոսկուա» կինոթատրոնում, Վախթանգ Դարչինեանի մեծարման երեկոյ էր կազմակերպել «Նիգ-ապարան» հայրենակցական միութիւնը: Ողջունելով Վիկին՝ հայրենակցական միութեան պատուաւոր նախագահ, ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանն ասաց. «Մենք հպարտանալու շատ բան ունենք յատկապէս սպորտի բնագաւառում: Այսօր մենք հաւաքուել ենք, որպէսզի մէկտեղենք մեր խանդավառութիւնը եւ մեր յաղթանակը կրող Վախթանգին ասենք շնորհակալութիւն… Այսօր եւ խանդավառութեան օր է, եւ սգոյ՝ կապուած Սպիտակի երկրաշարժի տարելիցի հետ: Կեանքն այսպէս է կառուցուած՝ սկիզբ եւ վերջ: Եւ, փառք Աստծոյ, որ վերջի հետ մենք մշտապէս սկիզբ ենք ունենում, որի շնորհիւ էլ հայ ազգը գոյատեւել է… Այսօր մենք կեանքը շարունակում ենք յաղթանակներով, նաեւ Վախթանգ Դարչինեանի յաղթանակով: «Նիգ-ապարան» հայրենակցական միութեան որոշմամբ Վախթանգը պարգեւատրւում է յատուկ յուշամետալով, որը շնորհւում է եզակի մարդկանց»: Իսկ նոյն միութեան անդամ, «Տիգրան Մեծ» հրատարակչութեան տնօրէն Վրէժ Մարկոսեանի անունից Վախթանգին յանձնուեց մի ինքնատիպ պարգեւ՝ սառցից պատրաստուած խորհրդանշական հսկայական ձեռնոց:
Դիպուկ էր Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի խօսքը: «Այս օրերին հայ ժողովուրդը երկու հակասական զգացողութիւններով է լցուած: Մի կողմից նշում ենք երկրաշարժի անմեղ զոհերի 20րդ տարելիցը, միւս կողմից՝ հիանում, հպարտանում, սքանչանում այն երիտասարդներով, որոնք մեր երկրին ու ժողովրդին այսքան ուրախութիւն եւ ջերմութիւն են պարգեւում: Վիկի յաղթանակները, կարծում եմ, հինգ խնդիր են լուծում: Առաջին՝ հայն ու Հայաստանը ճանաչելի են դառնում աշխարհին, երբ փողփողում է մեր եռագոյնը եւ հնչում օրհներգը: Երկրորդ՝ պատիւ եւ հեղինակութիւն է բերում մեր ժողովրդին: Երրորդ՝ Վիկը օրինակ է մեր երիտասարդութեան համար՝ պայքարի, յամառութեան եւ ամենագլխաւորը՝ յաղթանակի օրինակ: Չորրորդ՝ մեր սպորտային պատմութիւնում ոսկէ տառերով նոր էջ է գրւում այս փառաւոր յաղթանակների առթիւ: Եւ հինգերորդ, որն ինձ համար շատ կարեւոր է որպէս Սփիւռքի նախարարի, Վիկի յաղթանակները ոգեւորում, շունչ են հաղորդում Սփիւռքին, Սփիւռքի երիտասարդութեանը, մարդկանց, որոնց մի մասը գուցէ հեռացել է հայ արմատից, հայութիւնից, բայց Վախթանգի յաղթանակները ոգեւորում են նրանց, վերադարձնում դէպի հայրենիք, դէպի Հայաստան եւ դէպի իր ակունքը: Նորից շնորհակալութիւն քեզ, Վիկ»: