ԱՍԻԱ ԱՍԱՏՐԵԱՆ
(Լրագրող-բանաստեղծուհի)
Դաշնակցական ֆանատիկ (մոլեռանդ-Խմբ.), հայրենասէր, աթէիստ (անհաւատ-Խմբ.), քաջ պատմաբան (որովհետեւ ապրել է միայն պատմութեան շնչով) Աղասի Իսպիրեանի ընտանիքում է ծնուել բնութեան եւ մարդկութեան մեծ պարգեւ Ներսիկ Իսպիրեանը: Եւ ծնուել է պահելու այդ իւրայատուկ ազգանուան մէջ Տարօնցու առնական իւրայատկութիւնները, ազգային երգը, հայրենասիրութիւնը եւ Տարօնցու արեան հագագը:
Կան մարդիկ, որոնց գործը անջնջելի հետք է թողնում ժամանակի եւ գալիք սերունդների վրայ: Այդ խօսուն դէմքն է Ներսիկ Իսպիրեանը: Դեռ մանկուց, երգելու ժամանակ, նրան լսել էր Լուսինէ Զաքարեանը եւ ապշել. »Այս մանչուկը մեծ երգիչ է դառնալու«: Աշխարհահռչակ արուեստագէտը չէր սխալուել:
Նրա ազգային եւ յեղափոխական երգերով ի յայտ գալը՝ ռատիոյով եւ հեռուստատեսութեամբ, ազգային զարթօնք առաջացրեց երկիւղով քնած հայ ժողովրդի մօտ: Եւ ցնցուեց ազգը: Մունջ տարիների կուտակուած ճիչն էր եւ կարօտը, որ ժողովրդի մօտ կարօտի յուզմունք էր առաջացրել: Սառոյցը հալւում էր, իսկ երիտասարդ երգչի արեան հագագը աներկբայ խիզախ էր:
Եւ երգիչը գտնուեց ԱՄՆում: Եւ նա յայտնուեց այստեղ հայ ազգային եւ հայրենասիրական երգի երկնակամարում՝ առանց հսկողութեան, ազատօրէն ճախրելու իրաւունքով: Եւ նա հայրենասիրութեան եւ ազգային շունչ սփռեց ի լուր աշխարհի հայերին, որոնք իրենց հայրենիքի եւ տառապած ազգի կարօտը արտասուախառն աչքերով եւ ծափողջոյններով գտան իրենց սիրած երգչի մօտ, որի հիմնական շնորհակալութիւնը իր ազգին եւ արարչին իր համեստութիւնն է եւ իր հաւատարմութիւնը սեփական ուրոյն ոճին:
Այո, երջանիկ են այն անհատները, որոնց արուեստը համընկնում է մարդկային հաւիտենական սիրոյ, ազգային եւ հայրենասիրական երգերի հետ: Անկասկած այդ երջանիկներից հազուագիւտը Ներսիկ Իսպիրեանն է:
Իր երգերի հանդէպ պաշտամունքի հասնող սէրը, ինքնօրինակ վարպետութիւնը իր լսողներին նա փոխանցում է կենդանի տաք թրթիռ եւ հայրենասիրական յուզական շունչ: Եւ իր երգերի շունչը մարմնաւորուեց միայն Ներսիկին հասցէագրուած կախարդական ձայնային հնչիւններով եւ ապրումներով:
Արուեստագէտի կատարելութիւնը մարդկանց հոգու հետ ձուլուելն է, որը ստիպում է լսողին՝ խորհելու, հասունանալու եւ իմաստաւորուելու:
Ներսիկ Իսպիրեանի երգերի մէջ առկայ ճչում է պահանջատիրութեան իրաւունքի պոռթկումը՝ թուրքի նկատմամբ: Այո, երգչի ազգային երգերը հայերի մէջ ներձուլում են հայրենասիրութիւն եւ վրէժի անյագ ծարաւ:
Ներսիկ Իսպիրեանը միակներից մէկն է, որ բացի տարազից ու կոստիւմից, ուրիշ կերպ չյայտնուեց արուեստի մէջ:
Այո, Ներսիկ Իսպիրեանը երդուեալ է իր արուեստի մէջ եւ Մոսկուայում, Կրեմլի ամենամեծ դահլիճում, որտեղ ամենադժուար քննավայրն է արուեստագէտի համար, երգիչը հռչակուեց աշխարհի մաշտաբի (ծաւալով-Խմբ.) ՀԱՒԱՍԱՐԸ չունեցող:
Արարիչը Ներսիկ Իսպիրեանին շնորհեց նաեւ մեծ երգահանի շնորհ, որի վերաբերեալ վերջերս մի մեծ համերգասրահում յայտարարուեց փրոֆեսէօր, աշուղական երգիչ Թովմաս Պօղոսեանի կողմից, թէ՝ շուտով երգիչին կը շնորհի աշուղի կոչում: Եւ դա կը լինի այն իսկական տիտղոսը, որին արժանի է երգչի ծառայութիւնը՝ ազգին:
Իսպիրեանները ժառանգական են արարուած: Վստահ գալու է ժամանակ, որ շարունակական հրաշք է լինելու արուեստի մէջ երգչի զաւակը՝ Արաբօ Իսպիրեանը: Իսկ այսօր երգչի անզուգական փայլն է նաեւ նրանից սերուած Աղասի Իսպիրեանը:
Յիշեցնեմ, որ կայ նաեւ մի երիտասարդ բանակ՝ երգիչների մէջ, որ սերում եւ ընդօրինակում է մեծ արուեստագէտին, իսկ երգիչը, համբերատար, փոխանցում է իր ձեռք բերածը:
Այո, սիրելի Ներսիկ, դու դարձար ազգային երգի կոթողը քո ժամանակի մէջ, եւ վստահ դա կը շարունակուի եւ, յանձինս քեզ, յաւերժութեան գիրկը կը գնայ հայի ազգային հուրը եւ շունչը եւ այն արդէն սփռուած է աշխարհով մէկ:
Արուեստագէտի սրբազան պարտքն է հնարաւոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դէպի արուեստը եւ ոչ թէ արուեստը իջեցնել ժողովրդի մակարդակը:
Սիրելի Ներսիկ, դու հայ ազգի հարստութիւնն ես, եւ ես հպարտութեամբ եւ մայրաբար շնորհաւորում եմ քեզ՝ քո ծննդեան օրը՝ բոլորիս սիրելի Մայիս 15ը: