ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Թուրք-ադրբեջանական լարուածութիւնը վերլուծում է փորձագէտ Սեդաթ Լաչիները
Հայաստան-Թուրքիա, այսպէս կոչուած, մերձեցմանը Բաքուն արձագանգեց բուռն հակազդեցութեամբ: Դա լարուածութիւն առաջ բերեց Թուրքիա-ադրբեջան յարաբերութիւններում: Վարչապետ Էրդողանի վերջին այցելութիւնն Ադրբեջան, որքան էլ թիւրիմացութիւնների վերացման նպատակ հետապնդէր, հազիւ թէ նպաստի թուրք-ադրբեջանական լարուածութեան վերացմանը, որովհետեւ Թուրքիայի հայկական սահմանի բացման հարցն ընդամէնը պատճառաբանութիւն է:
Այլ կերպ, Թուրքիա-ադրբեջան լարուածութիւնն ունի աւելի հիմնարար պատճառներ, քան Հայաստանի հետ սահմանն է, եւ դրանք բազմազան են: Վերջին օրերին անդրադարձել (ենք-Խմբ.) «մէկ ազգ, երկու պետութեան» յարաբերութիւնների լարուածութեանը: Անդրադարձել էին նաեւ թուրքական կենտրոնական թերթերը: Մայիսի 14ի համարում անդրադառնում է «Ենի աքտուել» շաբաթաթերթը, դիմելով Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային կենտրոնի USAKի տնօրէն դոցենտ Սեդաթ Լաչիների կարծիքին: Լաչիների պատասխանները ուշագրաւ են, յատկապէս լարուածութեան պատճառները Թուրքիայի տեսանկիւնից գնահատելու առումով: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում հարցազրոյցը կրճատ տարբերակով ուշադրութեան ներկայացնել.
(ՀԱՐՑՈՒՄ-Խմբ.) ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելութեան եւ նրա Ապրիլի 24ի ուղերձի նախօրեակին, երբ յայտարարուեց, որ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների նորմալացման ճանապարհին առաջխաղացում է արձանագրուել, իսկոյն սառնութիւն մտաւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարուեց մասնակցել Ստամբուլում հրաւիրուած «քաղաքակրթութիւնների դաշինք» միջազգային երկրորդ ֆորումի աշխատանքներին: Թէեւ Անկարան բազմիցս վերահաստատեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն ադրբեջանական մամուլում հրապարակուեցին Թուրքիայի դէմ յօդուածներ: Ադրբեջանցի պատգամաւորներն Անկարայում անդրկուլիսեան աշխատանքներ կատարեցին: Դուք դա պայմանաւորեցիք «էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպութեան հետ Ադրբեջանի առնչութեամբ: Չէ՞ք մանրամասնի:
(ՍԵԴԱԹ ԼԱՉԻՆԵՐ-Խմբ.) Ադրբեջանի հետ լարուածութեան պատճառներից մէկը Թուրքիա-Հայաստան հանդիպումներն են ու մերձեցումը: Ազերիները գիտէին Հայաստանի հետ Թուրքիայի շփումները: Հայերի հետ հանդիպում են նաեւ իրենք: Հետեւաբար Բաքուի մտավախութեան բուն պատճառը (Հայաստան-Թուրքիա) գործընթացում ԱՄՆի եւ Ռուսաստանի ներգրաւումն է: Ադրբեջանական վարչակազմը, մտածելով, որ Թուրքիան չի կարող դիմադրել ճնշումներին, սկսեց խաղեր յօրինել եւ խաղալ կամ չափազանցուած հակազդեցութիւն ցուցաբերել, թէ Թուրքիան մեզ թիկունքից է հարուածում: Դրանով փորձ արուեց հասարակական կարգի ճնշմանը ենթարկելու Թուրքիային:
Երկրորդ պատճառը Ռուսաստան-Վրաստան պատերազմն է: Պատերազմի ընթացքում Վրաստանում ռմբակոծուեցին երկաթուղին ու Բաքու-Թբիլիսի-æէյհան նաւթամուղը: Համոզուած եմ, որ խողովակաշարի վրայ PKKի յարձակումը ռուսներն են կազմակերպել: Ստեղծուած իրավիճակում Ադրբեջանը զգաց, որ գործը չի կարելի առաջ տանել սոսկ Թուրքիայի եւ Վրաստանի հետ համերաշխութեան միջոցով, անհրաժեշտ համարեց գործընթացին Ռուսաստանի ներգրաւումը: Ի դէպ, վրաստանեան պատերազմը յստակ ցոյց էր տուել, որ Կովկասում ԱՄՆ-ն ի վիճակի չէ թիրախին պաշտպանել յարձակումներից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա ոչ միայն չկարողացաւ պաշտպանել, այլեւ հակադարձ ազդանշաններ արձակեց պատերազմի օրերին:
Երբ ռմբակոծւում էր Վրաստանը, վարչապետ Էրդողանը «Կովկասի կայունութեան եւ համագործակցութեան պլատֆորմի» առաջարկ արեց Ռուսաստանին, ընդ որում՝ առանց Եւրոպայի եւ ԱՄՆի մասնակցութեան:
Պլատֆորմի առաջարկը կատարեալ չափազանցութիւն էր եւ մեծ վնաս տուեց Թուրքիայի միջազգային հեղինակութեանը: Ադրբեջանը հասկացաւ հետեւեալը. «Ռուսաստանի յարձակման դէպքում Թուրքիայից օգուտ չկայ, ԱՄՆ-ն չի պաշտպանի, իսկ Եւրոմիութիւնը գրեթէ ռուսամէտ դիրքորոշում կը ցուցաբերի»: Ելնելով այս ամէնից, Բաքուն որոշեց փոխել կողմնորոշումը: Նախագահ Ալիեւն օրերս գնաց Մոսկուա եւ համաձայնագիր ստորագրեց: Ռուս-վրացական պատերազմից դասեր քաղեց նաեւ Երեւանը: Պատերազմի օրերին ապրանքների արտահանումն ու ներմուծումը կանգ առան Հայաստանում: Այսինքն, Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում դարձաւ աւելի վճռական, իսկ Ադրբեջանը յանգեց «միայն Թուրքիայով չի կարելի առաջ գնալ, անհրաժեշտ է գործընթացին Ռուսաստանի ներգրաւուածութիւնը» եզրակացութեանը: Կովկասն այլեւս առաջուանը չէ: Դա Թուրքիան չհասկացաւ, բայց Ռուսաստանը իսկոյն նկատեց: Նա Վրաստանը մասնատեց երեք մասի: Ճանաչէք երկուսի, այսինքն՝ Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի անկախութիւնը, Հայաստանն արդէն նրա ձեռքում է, քաղաքական եւ տնտեսական միջոցառումներ է ձեռնարկում, որ իր ձեռքերի մէջ վերցնի նաեւ Ադրբեջանին:
Հակառակ դրան, Ադրբեջանը Թուրքիայի դէմ քարոզարշաւ է ծաւալում: Փոխնախագահ Ալի Հասանովի եւ մարզպետների խորհրդակցութիւնում ընդունուեց երկրում թուրքական ձեռնարկութիւնները աստիճանաբար փակելու որոշում: Թուրքերէնն ու թուրքական սերիալները դուրս են մղւում ադրբեջանական հեռուստաէկրանից: Որոշ հիմնարկներում ռուսերէնն օտար լեզու չի համարւում, սակայն թուրքերէնը, որը հասկանալի է ժողովրդին, օտար լեզու է: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարութեանը:
Երրորդ պատճառը «էրգենեքոնի» դերն է: Թուրքիայում «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան կառավարութեանը յարձակումների թիրախ դարձրած թերթերն ու հեռուստաընկերութիւնները նոյն անունով նոյն գործունէութիւնն են ծաւալում նաեւ Ադրբեջանում: Բացի դրանից, կան մեծ ու փոքր բազմաթիւ խմբաւորումներ: Ինչպէս յստակ արտայայտուել է «էրգենեքոնի» մեղադրականում, այս կազմակերպութեան ղեկավարներից գեներալ Վելի Քիւչուքն այնտեղ բուռն գործունէութիւն էր ծաւալել: Աւելին, թուրքական խորքային պետութիւնը յեղաշրջման փորձ էր կատարել Ադրբեջանում (նկատի ունի 1995ի Մարտի փորձը): «էրգենեքոնը» շատ լուրջ եւ շատ հզօր մասնաճիւղ ունի Ադրբեջանում: Ուժեղ է նաեւ «էրգենեքոնի» Հիւսիսային Կիպրոսի թեւը, սակայն հզօրութեամբ երկրորդը ադրբեջանական թեւն է: «էրգենեքոնը» ռուսաստանեան թեւ էլ ունի: Թուրք-ադրբեջանական լարուածութիւնում Ռուսաստանը մեծապէս օգտուել է «էրգենեքոնի» ծառայութիւններից եւ Մոսկուան մոբիլիզացրել (զօրաշարժի ենթարկած-Խմբ.) է «էրգենեքոնի» ադրբեջանական մասնաճիւղի բոլոր անդամներին:
«Ազգ»