ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
2009թ. Յունիսի 11ին լրանում է հայոց նորագոյն պատմութեան քաղաքական մեծագոյն դէմքերից մէկին՝ Վահան Քարտաշեանի մահուան 75ամեայ տարելիցը: Մարդ, որի անունն այսօր քչերին է յայտնի, սակայն որի նուիրումն հայրենատիրութեան գաղափարին եւ որի վաստակը հայոց պահանջատիրութեան գործում անգերազանցելի է առ այսօր:
Վահան Քարտաշեանն այն մարդն է, որին մենք մեծապէս պարտական ենք Միացեալ Նահանգների Սենատում (ծերակուտական-Խմբ.) հայութեան առ այսօր տարած մեծագոյն, թերեւս միակ, յաղթանակի համար: Վահան Քարտաշեանն այն մարդն է, որին յաջողուել է համախմբել ամերիկեան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդէմ ամերիկա-թուրքական 1924թ. Օգոստոսի 6ին Լոզանում կնքուած պայմանագրի, ըստ այդմ, անխաթար պահել, աւելին վերահաստատել, հայոց պահանջատիրութեան հիմքը հանդիսացող ԱՄՆի նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը:
Վահան Քարտաշեանը ծնուել է Կեսարիայում, 1883թ. Դեկտեմբերի 1ին: Նրա հայրն էր հաջի Նազար աղա Քարտաշեանը, մայրը՝ Մարիամ Գալայճեանը: Քարտաշեան ընտանիքն ունէր երկու որդի՝ Կարապետ եւ Վահան, եւ մէկ դուստր՝ Հրանոյշ: Հայկական դպրոցում նախնական կրթութիւնը ստանալուց յետոյ, Վահանը մէկ տասնամեակ (1890-1900թթ.) ուսանում է սբ. Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (LUniversite de St. Basil), ապա երկու տարի (1900-1902թթ.) տեղի ամերիկեան վարժարանում (Talas American College):
Վահան Քարտաշեանը 1902թ. տեղափոխւում է Միացեալ Նահանգներ, ուր 1904-1908թթ. իրաւագիտութիւն է ուսանում Եէլի (Yale) համալսարանում: Այդ ընթացքում նա խորամուխ է լինում ամերիկեան հասարակական կեանքի մէջ, գրում է հարիւրաւոր յօդուածներ, հրապարակում է երկու գիրք՝ «XX դարի Օսմանեան կայսրութիւնը» (The Ottoman Empire of the Twentieth Century) եւ «Թուրքական հարեմի իրական կեանքը» (Actual life in Turkish Harem):
1907թ. Մայիսի 15ին ամուսնանում է կանանց իրաւունքների առաջամարտիկ Քորնելիա Ալեքսանդր Հոլըբի (Cornelia Alexander Holub) հետ: Ուսումն աւարտելուց յետոյ, նա 1909թ. ընդգրկւում է Նիւ Եորքի իրաւաբանների ընկերակցութեան մէջ եւ սկսում մասնաւոր իրաւաբանական գործունէութիւն: Դա հէնց այն տարիներն էին, երբ Օսմանեան կայսրութեան մէջ տեղի էին ունեցել հեղաբեկիչ իրադարձութիւններ: Ազատութեան, հաւասարութեան եւ եղբայրութեան բարձրագոչ եւ խիստ գայթակղիչ կարգախօսով իշխանութեան էին եկել Երիտասարդ թուրքերը:
Սա այն ժամանակահատուածն էր, երբ հայերը հերթական անգամ հաւատում էին, որ թուրքերը փոխուել են եւ նրանք այլեւս «այն թուրքերը» չեն: Ուստի Քարտաշեանը 1911թ. ընդունում է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանութեան խորհրդականի եւ Նիւ Եորքի թուրքական հիւպատոսութեան իրաւախորհրդատուի պաշտօնը:
Սակայն, երբ 1915թ. կէսերին Ամերիկա են հասնում հայոց ջարդերի եւ աքսորների մասին առաջին լուրերը, նա թուրքական պետութեան ներկայացուցչի երեսին է շպրտում Օսմանեան կայսրութեան կողմից իր ստացած բոլոր շքանշաններն ու ամբողջութեամբ զինուորագրւում է տարաբախտ հայրենիքին օգնելու գործին: Այդ պահից Քարտաշեանն այլեւս նոր մարդ էր՝ հայրենատիրութեան մարտիկ եւ ազգի նուիրեալ:
1915թ. հայերը Միհրան Սվազլիի (Սվազլեան) գլխաւորութեամբ ստեղծում են Հայոց ազգային միութիւնը (Armenian National Union): Միութիւնը Նիւ Եորքում հաստատում է Մամուլի հայկական գրասենեակ (Armenian Press Bureau), որի գործադիր տնօրէնն ու թողարկուող հիմնական նիւթերի հեղինակն է դառնում Վահան Քարտաշեանը: Նա նաեւ ամէն շաբաթ մեկնում էր Վաշինգտօն, ուր բազմաթիւ հանդիպումներ էր ունենում ազդեցիկ անձանց հետ:
Երբ 1918թ. Մայիս 28ին հայոց ընդարձակ հայրենիքի մի փոքր հատուածի վրայ հռչակւում է հայոց նորանկախ պետականութիւնը, Քարտաշեանն իր ողջ ջանքերը նպատակամղում է ԱՄՆի կողմից հայոց պետութեան ճանաչմանը եւ իր բազմաչարչար երկրին ամերիկեան օգնութեան յատկացմանը: Ըստ այդմ, 1918թ. Դեկտեմբերին հիմնում է Հայաստանի անկախութեան ամերիկեան յանձնախումբը (American Committee for the Independence of Armenia – ACIA). Կազմակերպութիւնն ունէր 72 հոգիանոց ընդհանուր խորհուրդ եւ առաջնորդւում էր 9 հոգիանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆի նախկին դեսպան æէյմս æերարը (James Gerard): Ընդհանուր խորհրդի պատւոյ նախագահն էր ԱՄՆի Գերագոյն դատարանի նախկին անդամ եւ ապագայ պետքարտուղար (արտաքին գործոց նախարար-Խմբ.) Չարլզ Էւանս Հիւզը (Charles Evans Hughes): Սա մի աննախադէպ հզօր կազմակերպութիւն էր, որի բոլոր անդամները, բացի Քարտաշեանից, բնիկ ամերիկացիներ էին: Կազմակերպութիւնն իր շարքերում ունէր նախկին եւ գործող օրէնսդիրներ, նախարարներ, դեսպաններ, ռեկտորներ եւ 21 նահանգապետ: Կազմակերպութիւնը 13 նահանգում ունէր 23 մասնաճիւղ:
Այդ ժամանակահատուածում Քարտաշեանի եւ նրա գործընկերների գործունէութեան ամենամեծ արդիւնքն անտարակոյս 1920թ. Ապրիլի 23ին ԱՄՆի կողմից Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն էր: Սա առանձնապէս յիշատակելի է, քանի որ ԱՄՆը այդպէս էլ երբեք չճանաչեց Վրաստանի եւ Ադրբեջանի առաջին հանրապետութիւնների անկախութիւնը: Շօշափելի արդիւնք պէտք է համարել նաեւ ամերիկեան տարբեր գործակալութիւնների միջոցով Հայաստանի Հանրապետութեանը 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնութեան յատկացմանն ու աւելի քան 11 միլիոն դոլար արտօնեալ վարկի տրամադրմանն էապէս նպաստելը:
1920-23թթ. հայոց նորագոյն պատմութեան ամենամեծ ձեռքբերումների եւ ամենամեծ կորուստների տարիներն են: Սրանք այն տարիներն էին, երբ մի կողմից միջազգային հանրութիւնը Վիլսոնի իրաւարար վճռով ճանաչեց ու ամրագրեց հայերի իրենց բնօրրան-հայրենիքի հիւսիս-արեւելեան հատուածի վրայ պետութիւն ունենալու իրաւունքը, միւս կողմից երկու անօրէն եւ միջազգային ճանաչում չունեցող վարչախմբերի գրկախառնումը խեղդեց հայոց անկախ պետականութիւնը: Մի կողմից հնչում էին հայերին տուած խոստուներին եւ իրաւական պարտաւորութիւններին հաւատարիմ մնալու հաւաստիացումները, միւս կողմից տեղի էր ունենում դրանց սքօղուած եւ անսքօղ ուրացումը: Այդ ծանր քաղաքական զարգացումները վհատութեան շեմին էին հասցրել շատերին, շատերն էին հրաժարուել իրենց գաղափարներից, շատերն էին անցել հակառակ ճամբարը:
Եւ ահա այս դժուարագոյն պայմաններում, Վահան Քարտաշեանի երկարամեայ հայրենանուէր գործունէութիւնն արձանագրում է մեծագոյն արդիւնքը: Նրան յաջողւում է կանխել Լոզանում Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ 1923թ Օգոստոսի 6ին կնքած երկկողմ պայմանագրի ընդունումն ԱՄՆի սենատում: Քայլ, որը վերահաստատելով ԱՄՆի նախագահ Վուդրօ Վիլսոնի հայ-թուրքական սահմանին վերաբերող վճռի վաւերականութիւնը, հետագայ սերունդներին՝ այսինքն մեզ հնարաւորութիւն է ընձեռել հայրենիքի համար մեր իրաւունքների պայքարի զինանոցում ունենալ միջազգային իրաւունքի վրայ խարսխուած անբեկանելի մի կռուան:
Ըստ ամերիկեան սահմանադրութեան, ցանկացած պայմանագիր ուժի մէջ մտնելու համար պէտք է արժանանայ Սենատի հաւանութեանը: Երբ 1924թ. Մայիսի 3ին վերոյիշեալ թուրք-ամերիկեան պայմանագիրը մուտք է գործում Սենատ, Քարտաշեանը ձեւաւորում է «Ընդդէմ Լոզանի պայմանագրի ամերիկեան յանձնախումբը» (American Committee Opposed to the Lausanne Treaty ACOLT). յանձնախմբի նպատական էր Սենատում պայմանագրի ընդունումը կանխելով գոնէ իրաւական դաշտում կենդանի պահել Հայաստանի Հանրապետութեան իրաւունքները: Քանի որ Միացեալ Նահանգներում դեռ թարմ էին թուրքերի կողմից հայերի ջարդերի պատմութիւնների յիշողութիւնները, պայմանագրի քննարկումն ու քուէարկումը յետաձգւում է գրեթէ երեք տարի:
Այդ ժամանակահատուածում Քարտաշեանը գրեթէ միայնակ, սեփական միջոցներով անում է անկարելին՝ հարիւրաւոր նամակներով, գրութիւններով, ելոյթներով, հրապարակումներով ամերիկեան քաղաքական շրջանակներում վառ է պահում հայոց իրաւունքները: 1926թ. հրատարակում է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան եւ Հայաստանը» (The Lausanne Treaty, Turkey and Armenia) ժողովածուն: Այդ գրքում փայլուն կերպով ի մի են բերուած բոլոր իրաւական հիմնաւորումները, քաղաքական պարտաւորութիւնները եւ բարոյական յանձնառութիւններն ընդդէմ Լոզանի թուրք-ամերիկեան պայմանագրի: Արդիւնքը կատարեալ էր:
1927թ. Յունուարի 18ին Սենատը մերժում է իր հաւանութիւնը տալ յիշեալ պայմանագրին: Աւելին, որպէս մերժման հիմնական պատճառ, նշւում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի չկատարումը: Պայմանագիրը Սենատում եւս մի քանի տարի առկախ մնալուց յետոյ 1934 Յունուարի 16ին ետ է ուղարկւում նախագահական պալատ: Վահան Քարտաշեանն իրականացրել էր իր կեանքի մեծագոյն առաքելութիւնը՝ իր հայրենիքի համար ապահովել էր հայրենատիրութեան պայքարի իրաւական խարիսխը:
Նա այլեւս կարող էր աւարտել երկրային ուղին:
Մի քանի ամիս յետոյ՝ 1934թ. Յունիսի 11ին, 51 տարեկանում դադարում է բաբախել մեծ հայրենասէր, գործընկերների բնութագրմամբ «միայնակ խաչակիր» (lone crusader) Վահան Քարտաշեանի սիրտը: Մահանում է հայրենատիրութեան գաղափարի առաջամարտիկը, որի գործունէութեան արդիւնքն անժամանացելի ու անգերազանցելի է, իսկ նուիրումն հայրենիքին՝ անմնացորդ:
Իր քաղաքական գործունէութեան սկզբում լինելով ժամանակի ամենահարուստ հայերից մէկը, գրեթէ երկու տասնամեակ տեւած պայքարից յետոյ, նա անգամ թաղման փող չունէր: Նիւ Եորքի հայերի հանգանակած գումարով նրան համեստօրէն հողին են յանձնում: Լոնգ Այլընդի «Սիդըր գրով» գերեզմանատանը (Cedar Grove Cemetery, Long Island):
Այսպէս է աւարտւում մեր ժողովրդի նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից մէկի կեանքը:
5 Յունիսի, 2009թ.
Յ.Գ. 2008թ. Մայիսին լինելով Նիւ Եորքում, ուզում էի այցելել մեծ հայրենսէր Վահան Քարտաշեանի գերեզմանին, սակայն ապարդիւն: Պարզուեց, որ նրա գերեզմանն անգամ չի պահպանուել, քանի որ տասնամեակներ շարունակ այցելու չի ունեցել:
Այսօրուայ մեր համընդգրկուն եւ խորացող ճգնաժամն ունի բազմաթիւ մեծ ու փոքր պատճառներ: Վստահաբար պատճառներից մէկը հայրենիքի նուիրեալների ուրացումն է ու կեղծ հերոսների կռապաշտութիւնը: Երեւանի երկու մեծագոյն փողոցներն անուանակոչել ենք ուրիշի բանակի մարշալի ու ծովակալի անուններով, կանգնեցրել ենք նրանց ամպագոռգոռ արձանները եւ դեռ սպասում ենք, որ մատաղ սերունդը հաւատարմօրէն ծառայի մայր հայրենիքին եւ չփնտռի օտարին ծառայելու միջոցով սեփական հայրենիքում փառքի արժանանալու ճամբան:
Very informative article. Thank you!
եթէ մենք ուզենք որ նոր մատաղ սերունդը հաւատարմօրէն ծառայի մայր հայրենիքին
պետք է որ նրա գերեզմանն գտնել եթէ աշխատանք տարուի.