ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- Ստորեւ կը ներկայացնենք «Առաւօտ» օրաթերթի Չորեքշաբթի օրուան թիւով հրապարակուած սոյն տեղեկագրութիւնը՝ Յուլիսին կայանալիք Վախթանգ Դարչինեան-Ճոզէֆ Աքրեկօ մրցամարտին մասին:
«Արդէն մէկ շաբաթից աւելի է, ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն (ախոյեան-Խմբ.) Վախթանգ Դարչինեանը գտնւում է Ամերիկայում եւ նախապատրաստւում է իր համար արդէն երրորդ՝ թեթեւագոյն քաշային կարգում չեմպիոնական գօտի նուաճելուն: Նա ձեռնոց է նետել IBF-ի վարկածով գործող չեմպիոն, կանացի æոզէֆ Ագբեկոյին: Նրանց միջեւ մենամարտը կայանալու է Յուլիսի 11ին՝ Ֆլորիդայի նահանգի Սանրայզ քաղաքում: Մարտի պրոումոթերներն են (քարոզչութիւնը ստանձնողները-Խմբ.) հանրայայտ Դօն Քինգը եւ Գերի Շոուն: Ապագայ այդ մարտի մասին Շոուն լրատուամիջոցներին յայտարարել է. «Վիկ մրրիկը թափ է հաւաքում եւ երբ նա Յուլիսի 11ին կը յարձակուի Ֆլորիդայի վրայ, դա ամենաբարձր կարգի մրրիկ կը լինի: æոզէֆ Ագբեկոն կը խեղդուի արեւադարձային փոթորիկի ճնշման տակ, եւ Վիկը կը վերացնի նրան»:
Վախթանգը Սիդնիյից Լաս Վեգաս է ժամանել Յունիսի 4ին եւ գրեթէ մէկ ամիս մարզուելու է «Tacco’s Boxing Gym» մարզասրահում: «Ես նոր եմ սկսել յարմարուել տեղի եղանակին: Այստեղ չափից աւելի շոգ է: Ես ժամանել եմ զով Սիդնիյից: Բայց արդէն գրեթէ յարմարուել եմ: Մօտ մէկ շաբաթ յետոյ ես գերազանց մարզավիճակում եւ մարտին պատրաստ կը լինեմ: Նախապատրաստութիւնս գերազանց է ընթանում: Մարզումային մարտեր սկսել եմ անցկացնել Յունիսի 10ից: Սիդնիյում յատուկ ուշադրութիւն էի դարձնում ուժային վարժութիւններին, ծանրութիւններ բարձրացնելուն, իսկ հիմա՝ մարզումային մարտերին եւ դիմացկունութեան բարձրացմանը», Վախթանգին մէջբերում են լրատուամիջոցները:
Վիկի թիմը գերադասել է այս անգամ հիւրանոցից հրաժարուել եւ մասնաւոր տուն է վարձել, որպէսզի բնակութեան եւ մարզումային պայմանները առաւելագոյնս համապատասխանեն Սիդնիյում նրա տանը եղածին: «Ամէն բան գերազանց է ընթանում, պլանի համաձայն: Մէկ ամիս յետոյ ես պատրաստ կը լինեմ 110 տոկոսով: Այդ տղան (նկատի ունի Ագբեկոյին) չափից շատ է խօսում: Նա ասել է, իբր ինքն ինձ համար չափազանց մեծ է, իսկ ես՝ փոքր: Եւ յայտարարել, թէ՝ ինձ ետ իմ նախկին քաշային կարգ կ՛ուղարկի: Բայց երբ ես ծեծեմ նրան, իր պատիժը կը ստանայ արած արտայայտութիւնների համար: Նա մեծ տարբերութիւն կը տեսնի իմ եւ նախորդների միջեւ, ում հետ մենամարտել է: Ես նրան «նոկաուտի» կ՛ենթարկեմ: Առաջին իսկ «ռաունդից» հանգիստ չեմ տայ: Սկզբում կը պատժեմ, յետոյ նոկաուտ կ՛անեմ: Ես բռնցքամարտի սիրահարներին հետաքրքիր, դիտարժան մարտ եւ իսկապէս գեղեցիկ նոկաուտ կը հրամցնեմ», եզրափակել է աշխարհի բացարձակ չեմպիոնը»: