ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ, ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ԱՆԴԱՄ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ Ըստ Սարգսեանի՝ Վերաբնակեցման Քաղաքականութիւնը Ձախողած Է
Ծ.Խ.- Արցախի վերաբնակեցման քաղաքականութեան եւ անոր ռազմավարական նշանակութեան մասին Արցախի մեր պաշտօնակից «Ապառաժ»ի ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կայացած է Արցախի մշակոյթի նախկին նախարար, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամաւոր Արմէն Սարգսեանի հետ:
«Այն հողը, որը մենք ազատագրել ենք, լինելով Դաշտային Ղարաբաղի մի մասը՝ իր բերրիութեամբ, որպէս կանոն, գերազանցում է Լեռնային Ղարաբաղի հողերին: Հետեւաբար, Ղարաբաղի հանրապետութեան տնտեսութեան զարգացման իւրովի բանալին դարձեալ գտնւում է վերաբնակեցումն իրականացնելու մէ»ջ:
«ԱՊԱՌԱԺ».- Արցախում վերաբնակեցումը ռազմավարական նշանակութիւն ունեցող խնդիր է: Ի՞նչ էք կարծում, այսօր այդ խնդրին համապատասխան ուշադրութիւն արժանացւո՞ւմ է:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Եթէ մենք փորձում ենք վերլուծել Արցախի ազգային-ազատագրական շարժումը, ապա չեմ հանդիպել մարդու, լինէր դա քաղաքական թէ կուսակցական գործիչ, ով չխօսի ազատագրուած տարածքների ռազմավարական նշանակութեան մասին: Արցախի ազգային-ազատագրական շարժման ժամանակ, Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան հիմնական խնդիրն այս տարածքների ազատագրումն էր: Զարմանալիօրէն, բոլորս ընդունելով, որ այս ազատագրուած տարածքները մեր անվտանգութեան առաջնահերթ խնդիրներից են՝ ազատագրուած տարածքների վերաբնակեցումը մղել ենք երկրորդ պլան: Ազատագրուած տարածքների իմաստը նրա մէջ է, երբ այստեղ կատարւում է վերաբնակեցում: Եթէ մենք ազատագրել ենք այս հողերը ոչ միայն պատմականօրէն, այլեւ անվտանգութեան համար, ուրեմն այս անվտանգութիւնն ամրապնդելու համար նոյնչափ առաջնահերթ խնդիր է վերաբնակեցումը: Երբեմն, մենք փորձում ենք բաժանել այս երկու հարցերն իրարից՝ վերաբնակեցումը դիտելով այլ ուղղութեամբ, որպէս առանձին հարց, տարածքների ազատագրումն՝ առանձին հարց: Սակայն, իրականութեան մէջ երկու հարցերն էլ միախառնուած են եւ երկուսն էլ նոյն նշանակութիւնը ունեն:
Եւ երկրորդ, վերաբնակեցման կարեւոր նշանակութիւնը կայանում է նրանում, որ, փաստօրէն, վերաբնակեցման քաղաքականութիւնը ճիշդ կատարելով՝ մենք մօտաւորապէս 80 տոկոսով լուծում ենք Ղարաբաղի անկախութեան ճանաչման հարցը: Եթէ վերաբնակեցումը դիտում ենք այս շրջածիրէն ներս, առաւել մեծանում է վերաբնակեցման դերը, եւ շատ պարզ է երեւում, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնւում է նաեւ վերաբնակեցման քաղաքականութեան ճիշդ կազմակերպման մէջ:
Վերաբնակեցումը ոչ միայն ռազմավարական մեծ նշանակութիւն ունի, այլեւ ունի տնտեսական նշանակութիւն: Այն հողը, որը մենք ազատագրել ենք, լինելով Դաշտային Ղարաբաղի մի մասը՝ իր բերրիութեամբ, որպէս կանոն, գերազանցում է Լեռնային Ղարաբաղի հողերին: Հետեւաբար, Ղարաբաղի հանրապետութեան տնտեսութեան զարգացման իւրովի բանալին դարձեալ գտնւում է վերաբնակեցումն իրականացնելու մէջ:
Լեռնային Ղարաբաղում նոյնիսկ Խորհրդային միութեան տարիներին գիւղերին պատկանող հողերը, որպէս կանոն, բաժանւում էին երկու մասի: Առաջին՝ գիւղերին էին պատկանում լեռնային գիւղերի շրջակայ հողերը եւ երկրորդ՝ այդ գիւղերին տրւում էին հողեր հարթավայրային շրջանում, որտեղ կամ զբաղւում էին խաղողագործութեամբ կամ ցորեն էին ցանում: Ժամանակին մեր կուսակցութեան կարծիքն է եղել, որ այս հողերը պէտք է տրամադրել այն գիւղերին, որոնք դրա կարիքն ունեն եւ սակաւահող են: Այսօրուան դրութեամբ, ազատագրուած հողերի այն տարածքները, որտեղ արդէն գիւղեր են հիմնուել, եւ այն տարածքները, որտեղ գիւղեր չկան, հիմնականում պատկանում են մասնաւոր մի քանի անձերի, ինչը չի նպաստում անվտանգութեան ժողովրդական համակարգի ձեւաւորման:
Յաջորդ կարեւոր խնդիրը, որին մենք դարձեալ շատ քիչ ուշադրութիւն ենք դարձնում, այն է՝ վերաբնակեցուած տարածքները ռազմական անվտանգութեան տեսակէտից Ղարաբաղը Հայաստանի հետ կապելու համար եւս երկու ճանապարհ է տալիս: Եթէ ուսումնասիրում ենք Հայաստանի առաջին հանրապետութեան քաղաքականութիւնը եւ Ղարաբաղի իշխանութիւնների քաղաքականութիւնը նոյն թուականների կտրուածքով, ապա մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականութեան մէջ ինչ մեծ տեղ է յատկացւում ազատագրուած տարածքների ճանապարհների կառուցմանը: Յատկապէս Հայաստանին ոչ թէ մէկ, այլ մի քանի ճանապարհներով միանալու համար, որ Ղարաբաղը բնականօրէն միահիւսուի Հայաստանի հետ եւ ոչ միայն կապուի Հայաստանի հետ: 1918-20 թուականներին է կառուցուել Քարվաճառ-Սեւան ճանապարհը, որպէսզի Ղարաբաղը հիւսիսային մասով կապուի Հայաստանի շրջանների հետ: Հարաւում Խնձորեսկով էր կապւում, իսկ կեդրոնական հատուածում՝ Բերձորով: Այսինքն, ճանապարհային քաղաքականութեան ռազմավարական նշանակութիւնը դարձեալ վերաբնակեցման քաղաքականութեան մէջ կարծես լրջօրէն չի քննարկւում: Չէ՞ որ այս ճանապարհի կողքի գիւղերի կառուցումով է, որ սկսում է երկրի տնտեսութեան զարգացումը: Յաջորդ կարեւոր կէտերից մէկն այն է, թէ ովքեր են վերաբնակեցւում: Վերաբնակեցւում են մարդիկ, որոնք, որպէս, կանոն փախստականներ են: Մեր կարծիքով շատ լուրջ նշանակութիւն պէտք է ունենար ու կարծում եմ, մեր ձախողումներից մէկն էլ այն է եղել, որ մենք ազատագրական պատերազմից յետոյ չկարողացանք Պաքուի փախստականներին, ովքեր իրենց պապենական գիւղերում տուն չունէին, վերաբնակեցնել ազատագրուած տարածքներում: Եթէ այդ հողերը վերաբնակեցուէին այդ փախստականներով, ապա ստացւում էր, որ այդ հողերը փոխհատուցուել են նրանց: Մենք ռազմավարական այս քաղաքականութիւնը բաց թողեցինք:
«ԱՊԱՌԱԺ».- Իսկ ինչո՞ւ էք այդպէս կարծում:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Որովհետեւ վերաբնակեցումը մենք դիտում ենք մէկ այլ տեսանկիւնից, ուզում էինք հնարաւորինս շատ մարդկանցով բնակեցնել այդ տարածքները: Ոչ թէ գնահատենք այս մարդկանց, որ այս մարդիկ տուն տեղ թողել, եկել են, փորձում են ապրել այնտեղ մշտապէս: Դրա համար մենք պէտք է գնահատէինք այս մարդկանց: Մենք պէտք է ոչ թէ մարդկանց թուի վրայ վազէինք, այլ կարողանայինք մարդկանց նորմալ բնակարաններով ապահովել: Այսինքն, պէտք է գնահատուէին այն մարդիկ, ովքեր վերաբնակուել էին, նրանց համար մշակելով համապատասխան տնտեսական զարգացման ծրագիր, որ, բնակարան տալուց բացի, հնարաւորութիւն ստեղծուէր աշխատատեղ բացել, որպէսզի վերաբնակիչը կարողանար աշխատել: Դրան զուգահեռ, պէտք է սկզբնական շրջանում ռազմավարական կարեւորութեան գիւղեր հիմնադրուէր: Նախօրօք պէտք է շատ բարձր մակարդակով քննարկուէր, թէ ո՛ր գիւղերում պէտք է վերաբնակեցում իրականացուէր: Եւ եթէ չեմ սխալւում, միայն 2008 թուականի Դեկտեմբերին Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուեց վերաբնակեցման խնդիրները: Խնդիրը նրա մէջ է, որ գիւղի հիմնումը սոսկ տեղի վարչակազմի կամ տեղական նշանակութեան ղեկավարի ցանկութիւն պէտք չէ լինէր, կամ այն գիւղացիների ցանկութիւնը, ովքեր եկել էին եւ, իրենց կարծիքով, նպատակայարմար տեղ են գտել վերաբնակեցման համար: Այդ հարցը պէտք է քննարկուէր բոլոր նախարարների կողմից, ընդհուպ մինչեւ պաշտպանութեան նախարարի կողմից՝ որպէս ռազմավարական նշանակութիւն: Եւ պէտք է առաջին հերթին հիմնէին ոչ թէ տարերայնօրէն վերաբնակեցուած փոքրիկ գիւղեր, այլեւ՝ ռազմավարական ծրագրով հաստատուած գիւղեր, որտեղ մարդկանց ապահովում են եւ նորմալ բնակարանով ե՛ւ աշխատատեղով: Այնտեղ, որտեղ խոշոր գիւղ կայ, ապա շրջակայքը արագ լցւում է, որովհետեւ աշխատում է տրանսպորտային կապը, որովհետեւ տուեալ գիւղում կայ մշակոյթի տուն եւ բարձր մակարդակի դպրոց եւ ոչ թէ փոքրիկ գիւղեր, որտեղ մարդիկ տեղափոխուեցին Հայաստանից այն ժամանակ, երբ Հայաստանում տնտեսական դրութիւնը ծանր էր: Տարիների ընթացքում Հայաստանի տնտեսութիւնը զարգանալուն պէս, այն վերաբնակիչները, ովքեր Հայաստանում տուն ունէին, վերադարձան իրենց նախկին բնակութեան վայրերը:
Միեւնոյն ժամանակ մենք հաշուի չառանք Պարսկաստանի ռազմավարական նշանակութիւնը եւ չփորձեցինք վերաբնակեցման քաղաքականութեան մէջ Պարսկաստանի սահմանի մօտ եւս հիմնադրել գիւղեր: Որպէս կանոն, այս ամէնը ծրագրուած չկատարուեց: Ռազմաճակատն ամուր է լինում, երբ թիկունքում բնակչութիւն կայ: Կարծում եմ, ճիշդ չի հաշուարկուել, թէ որտե՛ղ, ի՛նչ գիւղ հիմնուի, որպէսզի ռազմաճակատից որոշ հեռաւորութեան վրայ վերաբնակեցում կատարուի: Սրանք շատ կարեւոր ռազմավարական կէտեր են, ինչը ճիշդ չի հաշուարկուել: Եւ արդիւնքում ունենք այն, ինչ ունենք այսօր:
«ԱՊԱՌԱԺ».- Իսկ ի՞նչ էք կարծում, ի՞նչ ունենք այսօր:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այն, որ վերաբնակեցման քաղաքականութիւնը ձախողուել է, կամ մեղմ ասած, իրեն չի արդարացրել, դա փաստ է: Այսօր վերաբնակեցուող գիւղերում կան տներ, որոնք կիսախարխուլ վիճակում են գտնւում: Այն մարդիկ, ովքեր եկել են Արցախում վերաբնակուելու եւ ինչ յատկացումներ որ եղել են այդ ընտանիքներին, դա այն չի, ինչ մենք պէտք է տայինք իրենց:
Տնտեսութեան զարգացման ծրագրերը տարածաշրջանում նոր-նոր է սկսում կազմուել, ինչը նախկինում չի եղել, որի արդիւնքում մարդկանց պէտք է աշխատանքով ապահովեն: Տարածաշրջանային շուկան տնտեսական իմաստով դեռեւս նոր են սկսում հաշուարկել, թէ ինչ ճիւղերով սկսեն զարգացնել գիւղատնտեսութիւնը, որ կարողանան ունենալ շուկայ: Միայն վերջին տարիներին է, որ Ղարաբաղի նախագահի շուրթերով հնչեց Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան տարածքային ամբողջականութեան խնդիրը, իսկ մինչ այդ, քաղաքական գործիչներ նոյնիսկ ամենաբարձր մակարդակով կատարում էին այնպիսի խօսակցութիւններ, ինչի արդիւնքում վերաբնակիչները չէին հաւատում, որ իրենք տուեալ բնակավայրում ամրագրուած են: