ԹԻՖԼԻՍ, «Հետք».- Երեքշաբթի օր Թիֆլիսի Վերաքննիչ դատարանին մէջ տեղի ունեցաւ «Միասնական æաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալեանի գործով դատալսումը: Դատարանը մերժեց Չախալեաններու փաստաբաններուն բոլոր միջնորդութիւնները: Դատական նիստը յետաձգուեցաւ մինչեւ Սեպտեմբեր 18:
Դատական նիստին ընթացքին Վահան Չախալեան հանդէս եկած է յայտարարութեամբ մը, որով դատապարտած է վրացական իշխանութիւնները իր եւ իր ընտանիքին դէմ քաղաքական հաշուեյարդար կատարելու համար:
Ստորեւ կը հրատարակենք Չախալեանի յայտարարութիւնը, որուն գրաւոր պատճէնը վրացի դատաւորը մերժած է ընդունիլ:
«2009թ. Ապրիլի 7ին Ախալցխայի առաջին ատեանի դատարանն իր խայտառակ դատավճռով աւարտեց իմ հօր, եղբօրը եւ իմ նկատմամբ տարուող խայտառակ դատավարութիւնը:
Իշխանութիւնների կողմից իմ ազգականների եւ իմ դէմ թխած շինծու գործն իր տրամաբանական աւարտին հասցնելու նպատակով, Ախալցխայի դատարանը ստիպուած էր դիմել աղաղակող խախտումների: Մասնաւորապէս՝
– Մերժեց պաշտպանական կողմի գրեթէ բոլոր միջնորդութիւնները, այդ թւում՝ իբր իմ տանը եւ իմ կողմից ղեկավարուող կազմակերպութեան գրասենեակում յայտաբերուած զէնք-զինամթերքը հետքաբանական փորձաքննութեան ենթարկելու միջնորդութիւնը:
– Հրաժարուեց ապահովել գործով ներգրաւուած բոլոր վկաների ներկայութիւնը, ինչպէս նաեւ կանչել եւ հարցաքննել Ախալքալաքի ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանին եւ նրա որդուն, որոնք ակտիւ դեր են խաղացել իմ դէմ թխուած գործի մի դրուագներից մէկում:
– Չապահովեց անգամ դատական գործընթացի քիչ թէ շատ պատշաճ թարգմանութիւնը հայերէնի:
Իրենց նախանշուած սցենարով (բեմագրութեամբ-Խմբ.) դատավարութիւնը տանելու համար, իշխանութիւնները կատարեցին հետեւեալ քայլերը.
– Տեղափոխեցին դատավարութիւնը Ախալցխա, թէեւ գործն ընդ-դատութեան կարգով պէտք է լսուէր Ախալքալաքում:
– Չորս ու կէս ամիս անօրինական կալանքի տակ պահեցին իմ կրտսեր եղբօրը:
– Ահաբեկեցին իմ ընկերներին եւ համախոհներին:
– Խախտելով օրէնքը՝ զրկեցին ինձ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապեանի ծառայութիւններից, իսկ երբ պաշտպանական կազմը բողոքարկեց այդ որոշումը, փոխեցին օրէնքը՝ ընդհանրապէս հանելով օտարերկրեայ փաստաբանի Վրաստանում դատապաշտպանութեան իրականացումը թոյլատրող դրոյթը:
Վերոնշալ բոլոր քայլերը անառարկելիօրէն ապացուցում են, որ այս դատավարութիւնը լոկ իշխանութիւնների պատուէրով իրականացուող դատավարական խեղկատակութիւն է, որով իշխանութիւնները փորձում են գոնէ ինչ որ կերպով քօղարկել իմ նկատմամբ իրականացուող քաղաքական հաշուեյարդարը: Մեղադրանքների շինծու բնոյթը եւ ապացոյցների բացակայութիւնը ապացուցւում է թէկուզ նրանով, որ անգամ իշխանութիւնների կամակատար դատարանը իր վճռի մէջ ստիպուած էր առաջադրուած մեղադրանքների մի քանիսից հրաժարուել, իսկ միւսները՝ վերաձեւակերպել: Օրինակ, «Զանգուածային անկարգութիւնների կազմակերպում» մեղադրանքը փոխարինուեց «Հանրային կարգը խախտող զանգուածային միջոցառումների կազմակերպմամբ եւ մասնակցութեամբ»:
2009թ. Մարտին ես բաց նամակով դիմել էի Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, որտեղ նրան կոչ էի անում երկխօսութեան միջոցով լուծել ջաւախքահայութեան առջեւ ծառացած խնդիրները, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել: …Գուցէ, ինձ 10 տարուայ ազատազրկման դատապարտելը, բանտում ծեծի ենթարկելը, ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու նպատակով օրէնք փոխելը՝ այդ բաց նամակի իւրօրինակ պատասխա՞նն էր…
Սակայն, անկախ բոլոր հալածանքներից, ես շարունակելու եմ պահանջել, որպէսզի իմ նկատմամբ վերականգնուի արդարութիւնը:
Ես պահանջել եմ նախկինում եւ այսօր էլ պահանջում եմ անմեղ ճանաչել իմ հօրը, կրտսեր եղբօրը եւ ինձ, դադարեցնել իմ ազգականների եւ ընկերների նկատմամբ բոլոր հալածանքները, կասեցնել քրէական գործերը, վերադարձնել բռնագրաւուած գոյքը, փոխհատուցել անօրինական գործողութիւնների հետեւանքով առաջացած վնասները:
Ես պահանջել եւ պահանջում եմ իշխանութիւններից կասեցնել իրենց խտրական քաղաքականութիւնը æաւախքում եւ իրական ու գործուն քայլեր ձեռնարկել ջաւախքահայութեանը յուզող խնդիրներին լուծում տալու ուղղութեամբ:
Այսօր բոլորի համար այլեւս պարզ է, որ ինձ դատելու իրական պատճառը ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած իմ գործունէութիւնն է: Այստեղ, դատարանի այս դահլիճում, յանձինս ինձ, իշխանութիւնները դատում են ամբողջ ջաւախքահայութեանը՝ գործնականում ցոյց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը ոչ միայն երկրում բնակուող ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների, այլ, անգամ, մարդու իրաւունքների տարրական նորմերի եւ ժողովրդավարական արժէքների նկատմամբ: Մնում է, որ իրենք իսկ՝ իշխանութիւններն իրենց մէջ ուժ գտնեն այդ իրողութիւնը պարզ գիտակցելու համար: