ԿԼԷՆՏԷՅԼ.- «Ասպարէզ» տպարան ուղարկելէ ետք ստացանք Լոս Անճելըսի հայկական հիւպատոսարանի կողմէ հրապարակուած յայտարարութիւնը Երկուշաբթի եւ Երեքշաբթի օրերուն կատարուած ձերբակալութիւններու առնչութեամբ:
Ստորեւ կը հրատարակենք սոյն հաղորդագրութիւնը ամբողջութեամբ.
Լոս – Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան յայտարարութիւնը
Հիւպատոսութիւնն ի գիտութիւն է ընդունել ԱՄՆ դատախազութեան Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենեակի յայտարարութիւնը, որտեղ նշւում է անօրինական գործունէութիւն կատարելու մեղադրանքով Լոս-անջելեսում բնակուող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:
Մենք պատրաստ ենք սերտօրէն համագործակցել ԱՄՆ իրաւապահ մարմինների հետ` շահագրգռուած լինելով յարուցուած քրէական գործի հանգամանքների շուտափոյթ բացայայտման մէջ: Հիւպատոսութիւնը ակնկալում է առաւել մանրամասն տեղեկատուութիւն ստանալ ամերիկեան կողմից գործում առկայ փաստերի` մասնաւորապէս մեղադրուող անձանց կողմից հիւպատոսութեան պաշտօնական փաստաթղթերի կեղծման վերաբերեալ:
Ինչ վերաբերում է Լոս-անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան մեղադրուող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումեանը 2002թ.ից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում, իսկ 2003 թ. ազատուել է ԱԳՆ համակարգում աշխատանքից եւ մշտական բնակութիւն հաստատել Ամն-ում:
ԱՄՆ քաղաքացի Յակոբ Յովհաննիսեանը հիւպատոութեան տեխնիկական անձնակազմի անդամ է եղել եւ ազատուել է աշխատանքից 2007 թ: