Բոլոր ժամանակների հայկական սիրուած երգերի կատարումով, «Գոհար» երաժշտախմբի ելոյթը Դամասկոսի օփերայի թատրոնում, որ տեղի ունեցաւ Յուլիսի իննին, աննախադէպ էր. Սիրիայի մայրաքաղաքի հայութեան կեանքում հաւակնում է համարուել բոլոր ժամանակների ամենաուրախ եւ ամենահայաշունչ երեկոն:
Դամասկոսը «Գոհար»ի երաժշտական յաղթարշաւի աշխարհագրութեան հերթական կանգառն էր, որից առաջ հայ երգի անաղարտ հնչիւնները գրաւել էին Կիպրոսի, Լիբանանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Քանատայի բեմերն ու դահլիճները:
Պեյրութի «Պիէլ» համերգասրահում 2002ին տեղի ունեցած համերգների բարձր տրամադրութիւնը մինչ օրս յիշւում է լիբանանահայութեան շրջանում, դրա համար էլ Դամասկոսի օփերայի թատրոնում տեղի ունեցած համերգին շտապել էին նաեւ մեծ թուով պէյրութահայեր: Նրանց կողքին էին նաեւ Սիրիայի Լաթաքիա քաղաքից ժամանածներ, ինչպէս նաեւ Յորդանանից ու հեռաւոր Աւստրալիայից՝ «Գոհար»ի համերգով հիանալու համար Սիրիա ժամանած տասնեակ մարդիկ:
«Գոհար»ն այսպիսով, աշխարհի որ անկիւնում էլ լինի, համախմբում է հայութեանը՝ հայ երգի ու հայոց այբուբենի շուրջ: Իսկ «Գոհար»ի համերգներում միահիւսւում են հայ երգը, պարը, այբուբենը, գեղեցիկ մնջախաղն ու նրանց միասնականութիւնն ապահովում է երգերի ինքնատիպ ներկայացումը:
Պէտք էր միայն հիանալ թէ ինչպէ՛ս են ջութակահարուհիները՝ մեներգչուհի Սաթենիկ Սարգսեանի հետ կատարում «æութակ» երգը, որի հեղինակը «Գոհար» երաժշտախմբի գեղարուեստական ղեկավար ու գլխաւոր խմբավար Սեպուհ Աբգարեանն է, ով թողնելով Կիպրոսը, աւելի քան տասը տարի ապրում է Հայաստանում, Գիւմրիում, եւ «Գոհար»ի հետ միասին լծուել է աշխարհով մէկ հայ երգի տարածման սուրբ գործին:
Հայ երգի հանդէպ սրտացաւ ու հոգատար վերաբերմունքը հաւատամք է դարձել լիբանանահայ Խաչատուրեան ընտանիքի համար՝ տիկին Գոհար Խաչատուրեանի գլխաւորութեամբ, որ Դամասկոսի համերգին իր ներկայութեամբ ոգեւորել էր «Գոհար» երաժշտական մեծ ընտանիքի աւելի քան հարիւր յիսուն հոգանոց անդամներին, ովքեր այսօր բացառիկ հնարաւորութիւն ունեն իրենց սիրելի գործով զբաղուելու ու նաեւ տարբեր երկրներում հայկական մշակոյթը ներկայացնելու:
Սեպուհ Աբգարեանի գլխաւորութեամբ «Գոհար» սիմֆոնիկ նուագախումբն ու երգչախումբը, նաեւ մեներգիչները իբրեւ սուրբ մասունք ենք մօտենում հայ երգին ու ներկայացնում են միմիայն անաղարտ կատարումներ:
Դամասկոսի օփերայի թատրոնի աւելի քան 1200անոց դահլիճի տոմսերը սպառել էին առաջին երեք օրերի ընթացքում: Հայ երգով հիացողների թւում էին տարբեր երկրների դեսպաններ, ինչպէս նաեւ Սիրիայի կառավարութեան մի քանի նախարարներ՝ երկրի փոխնախագահ դոկտ. Նաճահ ալ Աթարի գլխաւորութեամբ, որ մինչեւ համերգի վերջը հիացմունքով հետեւեց «Գոհար» երաժշտախմբին, իսկ աւելի ուշ յայտարարեց, որ Դամասկոսը երբեք նման մշակութային հրավառութիւն չէր տեսել ու դժուար էլ, թէ ապագայում հանդիպի «Գոհար»ի նման հրաշալի խմբի:
Համերգով հիացած հանդիսատեսները նշում էին, որ կարօտելու են հայ երգի գոհար կատարումներին ու այսուհետ եւս սպասելու են «Գոհար»ի ելոյթներին:
Դամասկոսի համերգին ներկաները հիացմունքով էին արտայայտւում Լիանա Թեւոսեանի, Հեղինէ Համբարձումեանի, Սամուէլ Գալստեանի, Արսէն Գրիգորեանի, Վազգէն Ղազարեանի հայրենասիրական ու էստրադային կատարումների մասին, որոնք էլ լրացնում են բոլոր ժամանակների հայկական սիրուած երգերի ցանկը: Իսկ Յովհաննէս Այվազեանն այնպէս էր ոգեւորել դահլիճին իր հայրենասիրական կատարումներով, որ նրան ձայնակցում էր ամբողջ դահլիճը՝ մի բռունցք դարձած:
Ներկաների ոգեւորութիւնը գագաթանակէտին հասաւ, երբ «Հայեր, միացէ՛ք»ի կատարման ժամանակ, օփերայի թատրոնի բեմում եւ դահլիճում ծածանուեցին հայոց հպարտ թագաւորութեան՝ Կիլիկիայի դրօշները:
Կազմակերպիչների կողմից ամէն ինչ արուած էր՝ համերգների հայկականութիւնն ապահովելու համար, այդ թւում՝ հայկական այբուբենի լուսային արտացոլման միջոցով, որ բեմում ու դահլիճում երեւում էր «Հայր իմ» ու մի քանի այլ երգերի ժամանակ:
Եւ ինչպէս «Գոհար»ի բոլոր համերգներին, Դամասկոսում եւս բեմի տրամադրութիւնը փոխանցուել էր դահլիճին ու վերջում պարում էր ողջ դահլիճը՝ մէկ միասնականութիւն դարձած:
Դամասկոսի համերգի ժամանակ աշխատում էր տեխնիկական հմուտ անձնակազմ՝ անգլիացի Ռասէլ Կրոսսի եւ գերմանացի Ռալֆ Քեսլէրի գլխաւորութեամբ, որոնց գործը շարունակուելու է նաեւ Սիրիայից մեկնելուց յետոյ: «Գոհար»ի Սիրիայում ունեցած համերգները եւս վերածուելու են խտատեսասկաւառակի եւ իբրեւ հայութեան պահապան հրեշտակներ՝ տարածուելու են աշխարհով մէկ, մուտք գործելով իւրաքանչիւր հայկական ընտանիքի կեանքում:
(Թղթակցութիւն)