ՋԱՆԻԲԷԿ ՋԱՆԻԲԷԿԵԱՆ-ԿՈՇԵՑԻ
Արդարեւ, հեղինակի հերթական գրքերի շարքը, ի բարեբախտութիւն ընթերցողի՝ մի նորն է յաւելուել…
Միայն թէ, ընտրուած «Ուղղիչ տուն»ը քիչ աւելի ու քիչ պակաս առնչուողիս էութեան մէջ չէր կարող ծնել այն համոզումը, թէ ինչ որ լաւ սպասելիքներ են յառնելու։ Եւ ի հարկէ, այս անգամ ցաւօք սրտի, Խորէն Արամունին, չուզելով իսկ, բայց յոյժ կարեւոր է համարել՝ բացել կեանքի այն դժնդակ եօթանասունամեակի երես-էջը՝ որից երբեմնի ահով-դողով ապրող մարդկանց հոգիները, թէեւ համայնավարների ճիրաններից ի վերջոյ ազատուել են, բայց տակաւին շորշոփը մնում է…
Ասել է թէ, այդօրինակ դրոշմակիր իմ հոգում, ու ոչ միայն, դժկամութեան զգացողութիւն է յառնում, երբ շապիկի երեսի նկարը՝ Լենինն է…
Եւ դեռ լաւ է, որ չի փորձում հենց ու հենց չի կարող վերստին՝ մատ-տնկոցի անել…
Անշուշտ, թէեւ անհնարին, բայց այնուամենայնիւ, քիչ անտեղեակները կը զարմանան, թէ միթէ՞ հեղինակը շատ սիրելուց է «Լենին Պապի» նկարը դրել, գրքամէջ էլ չէ ու հենց շապիկի երեսին… բայց արի ու տես իւրօրինակ մօտեցումը նոյնպէս իր գիրն ունի՝ ի սկզբանէ, մինչեւ իսկ մեռնել եւ հողով ծածկուելու չարժանացողի չարութիւնը այնքան քստմնելի է եղել, յատկապէս հայութեան բախտն ու ճակատագիրն խեղելու հարցում… որ արդարացի է գտել՝ յաւիտեանս յաւիտենից մնայ մեղադրեալ…
Այո՜, անգամ, թէ ներողամիտ հայը չանիծի էլ, բայց գոնէ չմտահանել, թէ ի բարութիւն մարդու՝ ինչեր կարող էին լինել ու չէին իրականացուել…
Արդարեւ, գրքի շապիկաերեսի (հողով չծածկուած գիւռբագիւռի) երեսը տեսնել չուզող ընթերցողը, մէկն էլ ես, իրօք, ինքնաբերաբար չէ, որ տառապանքի վերանորումն է կատարում։ Սակայն ներողամիտ մնալով եմ Խորէն Արամունի գրողի տառապանքագիրը կարդում, երբ մարդը չէր ուզի այդ ցաւով լի իրականութեանը առնչուած լինել…
Այն էլ ի տարբերութիւն մեզ, երբ ժամանակի հետ ստիպուած սովորել էինք յարմարուելով «սկսուել…», բայց նա չորս դար շարունակաբար սերնդափոխն անող օտարուածների հոգսաբեռներ շալակն առած էր, հայրենիք եկել եւ միանգամից, իրօք, նրա բոլոր երանելի երազանքները ընկել էին զնդանի տակ… ճզմուե՜լ…
Եւ բնականաբար տառապանքից է յառնել այն թուքն ու մուրը, որ մէկն էլ ինքը լինի ու լղոզի Լենինի երեսին…
Ոչ էլ անհաւանական է, որ քիչ գտնելով է ներկայացնում համամարդկային դատ-դատաստանի:
Եւ դառնամ ու վկայեմ, թէ Խորէն Արամունուն բաժին ընկած «ազատութեան» շրջանակը որքան էլ նեղ, բայց այդօրինակ ազատութիւնից ինձ աւելի դժուարինն է հասել այնքանով, որ «Ուղղիչ տան» մէջ բանտափակոցում մնացել եմ տասը տարի… Ու ինքս ինձանից բռնիչով պատառներ եմ պոկրտել, ներկայացրել ամէնեցուն, բայց ամբողջութեան մէջ խորանալուց սարսափել եմ… յանուն որի՝ պարտական մնամ հեղինակին, երբ ի զօրու է եղել լռութիւն խզել ու ասել, թէ համայն խորհրդային կայսրութիւնը «Ուղղիչ տուն» էր… եւ ուր՝ արդարամտութիւնը շղթայուած էր մնում:
Միով բանիւ, պատմութեան էջում դաջուած եօթանասունամեայ գիրը վերծանելիս, իրօք արդարամտութիւն ասած բաներ կրողները՝ հենց չխելագարուած խելամիտ ամբոխներն էին, որոնք համբերանքի չիբուխ ծխելու գնով են երկնել ազատագրուած հայրենեայց այս նոր ու լուսաւոր օրը, որից հեղինակն ու ես՝ շտապել ենք… եւ օտարուելուց յետոյ է, որ վերստին յոյս ենք սնում մի նոր վերադարձի:
Այո, մի նոր վերադարձի համոզիչ նպատակ հետապնդել է ինքնին, երբ Խորէն Արամունին ոչ իր մեղքով, բայց այնուամենայնիւ, թանկը կորցնողի ափսոսանքով է փաստում, որ արտագաղթելով Ամերիկա եւ մանկութեան ընկերոջը հանդիպած լինելու ուրախութեանը չվայելած՝ վրայ է տալիս մի նոր տխուր իրականութիւն, երբ ոչ միայն «Ուղղիչ տուն»ը իրեն էր փոխել, այլեւ՝ Ամերիկան էր իր խաղը խաղացել եւ հային վանել հայից… հայութիւնից… հայրենիքի՜ց…
Նոյնիսկ մանկութեան ոսկէ գոտիներն են գզգզուել ու այն ովկիանոսն է կլլել…
Ահա այսօրինակ ողջամիտ փաստագրումների գիրը ընթերցելիս, համոզուած եմ, որ հեղինակը նպատակային է անցեալի երեսից, մի քիչ էլ բրտօրէն է քօղը ետ տալիս, որ ներկայի գիր գրող արդարամիտների կանչն ու գիրը տեղ հասնի:
Եւ հաւատալ յուսալով Խորէն Արամունի գրչակից ընկերոջս ասեմ՝ շնորհակալութիւն, որ այսքան մանրամասնօրէն մանրամասնելդ ծառայում է իր նպատակին, որ մեր թոռները երբեւէ չսխալուեն ու չփորձեն վերստին երգել, թէ՝ «Լենին պապին մեր նման սիրուն մանուկ է եղել… երգել ու պարել…»։
Ասել է, թէ զգուշութիւնը լաւ բան համարելով է, որ հեղինակը ոչ միայն իրեն, այլեւ ինձ ու իմ պէսներին է մխիթարում։