ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ
Առանց տարիքային տարբերութեան, կարելի է ասել, թէ այս օրերում որեւէ հաւաքոյթի կամ ընկերային, ընտանեկան նոյնիսկ միութենական-ազգային-հասարակական աշխատանքների շրջանակների զրոյցների գլխաւոր նիւթն է՝ ներկայ համաշխարհային եւ նամանաւանդ Միացեալ Նահանգներում տիրող տնտեսական տագնապը, սղութիւնը, անգործութիւնը, աշխատանքային-ֆինանսական-գործարքային անապահովութիւնները, որոնց ի հետեւանք զգացւում են եւ դեռ սպասւում են շատ աւելի փոփոխութիւններ ժողովուրդի անձնական, ինչպէս նաեւ համընդհանուր հասարակական կեանքում:
Շատ յաճախ լսւում է այն կարծիքը, ուր թւում է թէ Միացեալ Նահանգների ֆինանսական անկման եւ ներկայ անապահով եւ ոչ բարենպաստ կեանքի պարագաների պատճառ են հանդիսացել Միացեալ Նահանգներ ներգաղթածները, որոնք չարաշահել են համակարգը եւ ագահաբար օգտուել այս երկրի ընծայած բարիքներից: Չէ՞ որ Միացեալ Նահանգները միշտ եղել էր այն երկիրն, ուր աշխարհի տարբեր անկիւններից գալիս էին վայելելու շուկայական համակարգի բարիքները, ուր սահմաններ չկային, ուր միայն անձնական յառաջդիմութեան ձգտումն էր տուեալ անձի ֆինանսական յաջողութեան գաղտնիքը, ուր շուկան էր որոշում եւ թելադրում տնտեսութիւնը, նրա զարկն ու անկումը: Շուկան, ուր տէր ու տիրական էին անձերն ու նրանց ագահամոլութիւնները:
Տարիներ շարունակ Միացեալ Նահանգների կապիտալիստական (դրամատիրական-Խմբ.) համակարգը իր հետ եւ իր մէջ պարունակել էր շուկայական հովանաւորութեան կոյր հաւատքը կամ սին երեւակայութիւնը, այն որ՝ «շուկան» ինքնիրմով «ի վերջոյ» ամէն բան կը կարգաւորի, որ շարունակ ելք ու մուտքը կը ստեղծի այն անիւը, որը կը կարողանայ յաւերժօրէն քայլեցնել երկիրն ու նրա տնտեսութիւնը: Իրականութեան մէջ երկրի ֆինանսական ճգնաժամի եւ դրան յաջորդող կապիտալիստական համակարգի անկման ամենավառ տուեալներն ու դրդապատճառները կարող են համարուել ոչ թէ ներգաղթողների հոսքն ու անհաշիւ նպաստների բաշխումը, այլ՝ բնակարանների գիների անկումը, սպառողի մտահոգութիւնն ու անապահովութեան զգացումը, աշխատավարձերի եւ առօրեայ ապրուստը չբաւարարող շուկայում տիրող գների անհամեմատելիութիւնը, իրարու յաջորդող հսկաների, ինչպէս՝ «Ճի.Էմ.» ինքնաշարժի ընկերութեան սնանկացումը եւ «քրետիթ» կարտերի օգտագործման աճը:
1989ի սովետական համայնավար համակարգի փլուզման հետեւանքով, թւում էր, թէ կապիտալիզմը ամենաապահով եւ ամենազօրեղ տարբերակն էր: Երկրագունդի տարբեր անկիւններից երկիրներ բացեցին իրենց դռները, խափանեցին ամէն տեսակի արգելքներ ու պատնէշներ, զարկ տուին առեւտուրին ու ձգտեցին նմանուել այս փրկարար ու հրաշագործ համակարգին: Եւ երկար ժամանակ ստեղծուեց ու ժողովուրդներն էլ ապրեցին այսպէս երազային մի համակարգում, որը թւում էր անվերջանալի է լինելու ու միայն կարող է յառաջդիմել: Թւում էր այնտեղ ետդարձ չկար:
Եւ այսպիսով, անձնական անսահման շահամոլութիւնները, անհաշիւ պարտքերը, ոչ բաւարար դրամագլուխներով գործարքների սկսելն ու աշխատացնելը, պատրաստուած ու կանխորոշուած օրէնսդրութիւնների բացակայութիւնն էին, որոնք ծայր տուին Միացեալ Նահանգների համակարգին շղթայուած լինելով՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ստեղծմանը:
Իսկ այսօր բնակարանների գների անկումը, սպառողի մտահոգութիւնն ու անապահովութեան զգացումը, աշխատավարձերի եւ առօրեայ ապրուստը չբաւարարող շուկայում տիրող գների անհամեմատելիութիւնը, իրարու յաջորդող հսկայ ընկերութիւնների ու դրամատների սնանկացումը դարձել են համաշխարհային տագնապ եւ ոչ միայն Միացեալ Նահանգներին իւրայատուկ մի երեւոյթ:
Այս մտածումներին որպէս հետեւանք, հարց է ծագում. ո՞րն է այս սին հաւատքից փրկուելու տարբերակը, եթէ ոչ՝ շուկայի փոխարէն ժողովուրդների տիրապետումը իրենց կեանքի ու ապագայի վրայ, որը հիմքն ու իմաստն է ընկերվարութեան: Այս համակարգում ժողովուրդը միասնաբար գտնում է իր փրկութեան ուղին: Սակայն քսաներորդ դարի ամենակարկառուն պատմական փաստերից էին ընկերվարութեան յաջողութիւններն ու ձախողութիւնները: Միջին եւ Արեւելեան Եւրոպական շատ երկիրներ լքելով՝ ընկերվար համակարգը ապաստան գտաւ կապիտալիստական եւ շուկայական համակարգում:
Իսկ միւս կողմից, Շուէդիայում, որը յաջողակ օրինակն է ընկերվար համակարգի, տասնիններորդ դարում գիւղատնտեսութիւնը փոխարինեց ճարտարարուեստով: Իսկ ճարտարուեստը ինքնին կապիտալիզմի պարգեւն էր նորաստեղծ Շուկայական տնտեսութեան:
Այս բոլորից յիտոյ ի՞նչ է սպասւում կապիտալիզմին, համաշխարհային տնտեսութեանն ու Միացեալ Նահանգներին: Այդ միամիտ ենթադրութիւնը, թէ՝ գաղթականներն են այս տնտեսական անկման պատճառը, հէնց այդպէս էլ մնալու է միամիտ եւ անհիմն: Բայց կարելի՞ է ենթադրել, որ ընկերվարութիւնը պիտի փոխարինի ներկայ շուկայական կապիտալիստ համակարգին: Արդեօ՞ք կապիտալիզմի ամենաթանկագին պարգեւ՝ ճարտարարուեստին պիտի յաջորդի վերջերս ժողովրդականութիւն գտած արեւային/Կանաչ շուկան: Արդեօ՞ք կարելի է գտնել մի համաշխարհային լուծում այս համաշխարհային խնդրին: Արդեօ՞ք ստիպուած ենք լինելու կառչած մնալ շուկայի տիրակալութեանը եւ թոյլ տալ, որ շուկան մեր կեանքի ու ապրուստի բախտորոշը դառնայ: Արդեօ՞ք ժողովուրդը պիտի դառնայ մեր տնտեսութեան ղեկավարը: Արդեօ՞ք կարելի պիտի լինի գտնել մի նոր տարբերակ՝ այս երկու համակարգերի միջինը: Արդեօ՞ք…
“«քրետիթ» կարտ” = վարկատոմս