ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Նախորդ շաբաթ՝ Օգոստոսի 8ին, Աթէնքում իր մահկանացուն կնքեց երգիչ-երգահան Արամ Տիգրանը (Մելիքեան): Ծնուած լինելով (1934թ.) Սիրիայի հիւսիսում գտնուող Քամիշլի քրդաբնակ շրջանում, ապա գրեթէ երկու տասնամեակ (1966-1995թթ.) ապրելով Հայաստանում՝ նա իր մէջ խտացրել էր հայկական, արաբական, քրդական եւ թուրքական երաժշտական մշակոյթների որոշակի շերտերը: Արամ Տիգրանը, թերեւս, քրդական երաժշտութեան ամենայայտնի կատարողն էր:
Սակայն իմ խօսքը նրա երաժշտութեան մասին չէ: Առաւել եւս չեմ հանդիսացել եւ չեմ հանդիսանում նման երաժշտութեան երկրպագուն: Նրա մահը կամ աւելի ճիշդ՝ յուղարկաւորութեան հետ կապուած խնդիրները, մէկ անգամ եւս բացայայտեցին «քաղաքակրթուած Թուրքիայի» բուն էութիւնը:
Արամ Տիգրան մահուանից առաջ ցանկութիւն էր յայտնել յուղարկաւորուելու իր նախնիների քաղաք Դիարբեքիրի հայոց գերեզմանատանը: Հարազատներն, ըստ կարգի, դիմել էին Թուրքիայի արտգործնախարարութեանը՝ համապատասխան արտօնութիւն ստանալու համար: Թւում էր՝ ի՞նչ խնդիր կարող է լինել: Իւրաքանչիւր տարի հարիւր հազարաւոր մարդիկ են յուղարկաւորւում ոչ իրենց քաղաքացիութեան երկրներում: Տարին առնուազն մի քանի տասնեակ Ռուսաստանի, ԱՄՆի, Կանադայի, Վրաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են յուղարկաւորւում Հայաստանում: Բնականաբար, տարբեր երկրներում թոյլտուութիւն ստանալու կարգը տարբեր է, սակայն առաջնայինը ոստիկանական եւ բժշկական թղթերն են, ապա նաեւ համապատասխան վճարումները:
Թուրքիայի պարագայում պար-զուեց, որ օտարահպատակին Թուրքիայում յուղարկաւորելու համար անհրաժեշտ է կառավարութեան որոշում: Առաջին հայեացքից անհեթեթ եւ տարօրինակ կարգ: Սակայն միայն առաջին հայեացքից: Ըստ էութեան, սա կարգ է, որի նպատակն է կանխել արտաքսուած միլիոնաւոր հայերի, յոյների, ասորիների ժառանգներից ոմանց վերադարձն իրենց հայրենիք՝ մինչեւիսկ նրանց մահուանից յետոյ: Նախ մարդկանց զրկեցին հայրենի հողում ապրելու իրաւունքից, հիմա էլ զրկում են հայրենի հողում հանգչելու հնարաւորութիւնից:
Ուզում եմ յիշեցնել, որ Թուրքիան այն երկիրն է, ուր 1943ին Հիտլերի համաձայնութեամբ, Բերլինից Ստամբուլ բերուեց եւ պետական արարողակարգով հողին յանձնուեց թուրքական դատարանի կողմից յանցագործ ճանաչուած եւ մահուան դատապարտուած Մեհմէդ Թալէաթի աճիւնը:
Ի դէպ, Օգոստոսի 12ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Բէշիր Աթալայ յայտարարեց, որ մերժուել է Արամ Տիգրանի հարազատների հայցադիմումը: Արամ Տիգրան թաղուելու է Պրուքսէլում:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ՝
«Մոտուս Վիւենտ»
կեդրոնի ղեկավար