ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, Շաբաթ, 10 Հոկտեմբերի առաւօտուն, ուղերձով դիմած է հայ ժողովուրդին, բացատրելով իր դիրքորոշումները ստորագրութեանց մէջ տեղ գտած որոշ դրոյթներու վերաբերեալ:
Նախագահի ուղերձի մէջ կարելի է նկատել արձանագրութեանց դէմ պայքարողներու մտավախութիւնները հանգստացնելու փորձը:
Ստորեւ կը հրատարակենք սոյն ուղերձի բնագիրը ամբողջութեամբ.
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայութեան ուշադրութեան կենտրոնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացը, մասնաւորապէս նախաստորագրուած երկու արձանագրութիւններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակաւ քննարկելու մեր կոչին արագօրէն արձագանգեցին հայ ժողովրդի բոլոր հատուածներն ու շերտերը եւ ներգրաւուեցին դրա շուրջ ծաւալուող բանավէճերին: Վերջին ամիսներին Հայաստանի եւ հայութեան առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի նոր` հզօր ալիք բարձրացաւ:
Քննութեան առարկայ են դառնում նաեւ հայ-թուրքական բանակցութիւնների հետ կապ չունեցող, բայց համայն հայութեանը յուզող բազմաթիւ հարցեր: Այս գործընթացն ընդհանրական առիթ ու խթան հանդիսացաւ նոր` շահագրգիռ քննարկում ծաւալելու Հայաստանի եւ հայութեան տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայութեան ներկայի ու ապագայի մասին: Արդիւնքում, ողջ աշխարհը տեսաւ ու հասկացաւ, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եւ թող ոչ ոք չտեսնելու չտայ, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների` հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զաւակներով: Եւ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, մեր քոյրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստութիւնը ներկայացնելով որպէս Հայաստանի Հանրապետութեանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը բազմիցս է առնչուել բարդագոյն իրավիճակներում խելամիտ ելք գտնելու հրամայականին: Յաջողութիւն ու առաջընթաց է գրանցուել միայն ժամանակի մարտահրաւէրներն իրատեսօրէն գնահատելու եւ դրանց համարժէք քայլեր ձեռնարկելու դէպքում: Այսօր էլ մենք գտնւում ենք նման հանգրուանում: Պետականութեան կայացումն ու ամրապնդումը մեր հաւաքական ինքնութիւնից պահանջում է համարժէք մտածողութիւն ու գործելակերպ:
Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մէջ դնել յարաբերութիւնները մի երկրի հետ, որտեղ Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականութիւն է իրականացուել: Ցեղասպանութեան վէրքը չի սպիանում: Եւ մեր նահատակների յիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականութիւն, հզօր ու բարգաւաճող երկիր, ողջ հայութեան երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այդ ճանապարհի կարեւոր քայլերից մէկը մենք համարում ենք բոլոր հարեւանների, այդ թւում Թուրքիայի հետ բնականոն կապերի հաստատումը:
Անկախութիւնը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայացնելու կամք ու վճռականութիւն, պահանջում է իրատեսութիւն ու հեռանկարին միտուած հետեւողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ընտրել եմ պատմական պահի պատասխանատուութեան խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հաւատով:
Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրաժեշտութիւնը չէ այսօր տարակարծութիւնների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախութիւնը ծնւում է ստորագրուող արձանագրութիւնների մի քանի դրոյթների տարակերպ մեկնաբանութիւններից ու Թուրքիայի հանդէպ պատմական անվստահութիւնից:
Իրատեսօրէն գնահատելով այս հանգամանքները, համոզուած լինելով ձեռնարկուած քայլերի անհրաժեշտութեան ու ճշմարտացիութեան մէջ` պնդում եմ.
1. Ցանկացած յարաբերութիւն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանութեան իրողութիւնը: Այն յայտնի փաստ է եւ պէտք է ճանաչուի ու դատապարտուի ողջ առաջադէմ մարդկութեան կողմից: Միջկառավարական յանձնաժողովի համապատասխան ենթայանձնաժողովը պատմաբանների յանձնաժողով չէ,
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում,
3. Այս յարաբերութիւնները որեւէ ձեւով չեն առնչւում ու չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ, որն անկախ ու ինքնուրոյն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան հարցը որպէս Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչութիւն ունեցող յիշատակում,
4. Թուրքիայի կողմից արձանագրութիւնների վաւերացման ձգձգումը կամ վաւերացման հնարաւոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժէք վերաբերմունքին կ’արժանանայ: Այս արձանագրութիւններով Հայաստանը միակողմանիօրէն չի ստանձնում որեւէ պարտաւորութիւն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրութիւնները երկու երկրների միջեւ բնականոն յարաբերութիւններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթէ Թուրքիան խելամիտ ժամկէտում չվաւերացնի այս արձանագրութիւնները եւ դրանից յետոյ սահմանուած ժամկէտում չկատարի դրանց բոլոր դրոյթները կամ դրանք խախտի յետագայում, ապա Հայաստանն առանց յապաղելու կը ձեռնարկի միջազգային իրաւունքին համապատասխան համարժէք քայլեր:
Դիմելով ձեզ, սիրելի՛ բարեկամներ, առանձնակի կարեւորութեամբ ընդգծում եմ. այսօր առաւել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանութիւն է պէտք, մեր հաւաքական ինքնութիւնը պետական կեանքին հասու դարձնելու կարողութիւն է պէտք: Սա է ապագայի մեր ճանապարհը:
Արձանագրութիւնների ստորագրումից յետոյ սկսուելու են դրանց վաւերացման եւ իրականացման փուլերը: Բոլոր մտահոգութիւնները, հնարաւոր վտանգները, որոնք այնքան լիուլի հնչեցուեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշուի են առնուելու, եւ մենք պէտք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում: Այսօր ես աւելի քան վստահ եմ, որ կը կարողանանք: Ու միասին ենք անելու, ողջ հայութեամբ: Մենք այսօր նոյնը չենք, ինչպէս ընդամէնը ամիսներ առաջ: Սա այլեւս փաստ է:
Ես հաւատում եմ մեր ժողովրդի իմաստնութեանը: Ես հաւատում եմ, որ միասին ենք մեր սերունդներին շէն ու խաղաղ հայրենիք ժառանգելու: Վստահաբար այդպէս էլ լինելու է:
Աստուած մեզ պահապան: