Արա Նռանեանը վերջերս Լոս Անճելըսում գտնուեց՝ մասնակցելու ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կողմից կազմակերպուած Սեպտեմբեր 18-19ին կայանալիք «Դրամատիրութիւնն Ու Նրա Դէմ Պայքարի Միջոցները» քննարկող գիտաժողովին: Առիթը օգտագործելով, «Ասպարէզ»ի աշխատակից Ժուլիէթ Դաւթեանը իր հետ վարեց հարցազրոյց, որի բովանդակութիւնը ստորեւ կը ներկայացնենք ընթերցողին:
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Ինչպէս ե՞ն Հայաստանի ներկայ տնտեսական պայմանները:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- 1994-2008 թուականներին Հայաստանի Հանրապետութիւնում արձանագրուել է տնտեսական աճ, ընդ որում՝ 2001-2007 թուականներին երկնիշ ցուցանիշով: Սակայն վերջին տարիների տնտեսական աճն հիմնուած է եղել շինարարութեան վրայ, իսկ աճի աղբիւր են եղել Հայաստան մտնող մասնաւոր դրամական փոխանցումները: Շինարարութեան աճը կազմել է մինչեւ 40 տոկոս, այնինչ արդիւնաբերութեան կամ գիւղատնտեսութեան ոլորտներում կա՛մ աճ ընդհանրապէս չի եղել, կամ այն արձանագրուել է աննշան չափով: Ինչ վերաբերում է մասնաւոր փոխանցումներին, ապա դրանք կազմել են համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) մօտ 25 տոկոսը: Խիստ մտահոգութեան առարկայ է երկրի առեւտրային հաշուեկշիռը: 2008 թուականին ներմուծումը գերազանցում էր արտահանումը աւելի քան չորս անգամ: Ներմուծումը կազմել է մօտ 4.4 միլիարդ դրամ՝ արտահանման մէկ միլիարդի դիմաց: Յատկանշական է, որ արտահանման մօտ 70 տոկոսը հումք է՝ քարեր եւ մետաղներ:
Այս ցուցանիշներից ակնայտ է, որ մեր տնտեսութիւնն արդէն ունէր լուրջ խնդիրներ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ աւելի սրեց եւ բացայայտեց տնտեսական քաղաքականութեան բացթողումները:
Աւելի քան 30 տոկոսով նուազեցին մասնաւոր փոխանցումները, միջազգային շուկայում անկում ապրեցին պղնձի եւ մոլիբդենի գները, ամբողջութեամբ կանգնեց շինարարութիւնը՝ անկումը կազմեց աւելի քան 55 տոկոս: Եւ եթէ նախկինում մենք հպարտանում էինք ռեկորդային (մրցանշային -Խ.) տնտեսական աճով, ապա ճգնաժամի արդիւնքում գրանցեցինք աննախադէպ անկում: 2009 թուականի առաջին 8 ամիսների տնտեսական անկումը կազմում է 18.4 տոկոս:
Ժ.Դ.- Որոնք ե՞ն սփիւռքահայութեան ուղարկած դրամական օգնութիւնների ազդեցութիւնները Հայաստանի տնտեսութեան վրայ:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Աշխարհում շատ են երկրներ, որոնց տնտեսութեան մէջ բաւական մեծ դեր են խաղում մասնաւոր փոխանցումները, սակայն Հայաստանի տնտեսութեան համար դրանք խաղում են որոշիչ դեր, քանի որ բացի հումք արտահանողից մենք վերածուել ենք նաեւ աշխատոյժ արտահանող երկրի: Աւանդական սփիւռքի, անկախութեան առաջին տարիներին հայրենիքը լքած քաղաքացիների, ինչպէս նաեւ տարեկան 80-100 հազար աշխատանքի գաղթողների կողմից Հայաստան ուղարկուող գումարները միայն պաշտօնական տուեալներով կազմում են մօտ 2.5 միլիարդ: Եւ կարելի է ասել, որ այդ գումարով փաստացի փակուել է մեր առեւտրային բացը (դեֆիսիդը): Երբ 2009 թուականին դադարեց արտահանումը եւ նուազեցին մասնաւոր փոխանցումները, Հայաստանն ի վիճակի չեղաւ սպասարկել իր արտաքին առեւտուրը: Առաջացաւ տարադրամի բաց (դեֆիսիդ), որի արդիւնքում Կենտրոնական բանկը ստիպուած եղաւ իրականացնել Մարտի 3ի «գործողութիւնը», երբ հայկական դրամը մի քանի րոպէում արժեքազրկուեց 20 տոկոսով՝ մէկ ԱՄՆ դոլարը 305ից հասնելով 370 դրամի: Թէեւ արտաքին փոխանցումները լուրջ օգնութիւն էին մեր տնտեսութեանը, նրանք նաեւ ունեցան իրենց բացասական դերը: Հայաստանի կառավարութիւնը փաստացի խրախուսում էր ներմուծումը, ցածր արժէքով հաւաքելով բնակչութեան տարադրամը եւ ֆինանսաւորելով մենաշնորհների տնտեսական գործունէութիւնը: Կառավարութեանը թւում էր, որ մասնաւոր փոխանցումները շարունակուելու են յաւէրժ: Հայաստանում չզարգացուեց եւ չպաշտպանուեց տեղական արտադրութիւնը, հայրենական ընկերութիւնները, զարգացում ապրեց օտարամոլութիւնը, իրականացուեց լուրջ ճնշում ներմուծող ընկերութիւնների կողմից տեղական արտադրողների նկատմամբ:
Ժ.Դ.- Որո՞նք են եղել անցեալ 19 տարիների տնտեսական օրէնքների թողած բացասական երեւոյթները:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Ինքնին լուրջ վերանայման կարիք է զգում տնտեսական քաղաքականութեան ամբողջ գաղափարախօսութիւնը: Նէոլիբերալ (նոր-ազատական – Խ.) գաղափարախօսութիւնը զարգացած արդիւնաբերական երկրից վերածեց Հայաստանը կապիտալիստական աշխարհի պերիֆերիայի (եզրամաս – Խ.): Պետութիւնը օտարուեց տնտեսական քաղաքականութիւնից, բնակչութեան եւ տնտեսվարողի հոգսերից: Հայաստանում ձեւաւորուեց թոյլ դիմադրողականութեամբ տնտեսական համակարգ եւ համապատասխան հասարակական յարաբերութիւններ: Նշելով ճշգրիտ խնդիրներ, կարելի է յիշատակել արհեստականօրէն հարուստ խաւի ձեւաւորումը եւ պետական սեփականութեան փոշիացումը, մենաշնորհային տնտեսական համակարգի ձեւաւորումը, փաստացի ներմուծման խրախուսումը, պետութեան կողմից ակնյայտօրէն իրականացուող բնակչութեան ցածր եկամտի քաղաքականութիւնը, որի արդիւնքում հազարաւոր հայեր լքեցին հայրենիքը, արդիւնաբերութեան կազմալուծումը եւ պետական պաշտօնեաների վերահսկողութեան տակ գտնուող գործարքների կողմից այլ գործարարների ճնշումը, տնտեսութեան որեւէ կարգաւորիչ մեխանիզմի բացակայութիւնը: Յատուկ ուզում եմ նշել Հայաստանի կողմից բոլոր ռազմավարական նշանակութեան ոլորտների մասնաւորեցումը եւ յանձնումը օտարերկրեայ կազմակերպութիւններին, որը զգալի չափով թուլացրեց մեր տնտեսական անվտանգութեան մակարդակը:
Կարող է թուալ, որ սրանք բացառապէս տնտեսական խնդիրներ են, սակայն իրականում հէնց այս մթնոլորտում եւ այս յարաբերութիւնների պայմաններում ձեւաւորուեց հասարակութիւն՝ նոր արժէքային համակարգով: Սա այնպիսի արժէքային համակարգ է, որն ամէն ինչ դիտարկում է բացառապէս գործարքային եւ անձնական շահի տեսանկիւնից: Ձեւաւորուեցին այնպիսի հասարակական յարաբերութիւններ, որոնք հնարաւոր դարձրեցին նաեւ վերջին քաղաքական զարգացումները:
Ժ.Դ.- Որո՞նք են եղել թողած դրական երեւոյթները:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Միանշանակ է, որ տնտեսութեան կազմալուծումից յետոյ 1990ական թուականների վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրուել սպասարկման ոլորտի զարգացման եւ ենթակառուցուածքների վերականգնման գործում: Կառուցուել են ճանապարհներ, վերանորոգուել են կրթօջախներ, բարձրացել է բնակչութեան կենսամակարդակը: Հայաստանը գտաւ շրջափակման պայմաններում զարգանալու հնարաւորութիւն: Որոշ չափով լուծուեցին փոխադրամիջոցի, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, սպառողական շուկայի համալրման խնդիրները եւ այլն: Կառավարական շրջանները նաեւ յաճախ սիրում են մատնանշել մակրո-տնտեսական (մեծատնտեսական – Խ.) կայունութիւնը, ցածր սղաճն ու բանկային համակարգի կայունութիւնը, երկնիշ տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ճգնաժամը ցոյց տուեց այդ նուաճումների վիճարկելի լինելու հանգամանքը:
Նաեւ չպէտք է մոռանանք այն արժէքը, որը վճարել ենք այդ յաջողութիւնների համար: Եւ նաեւ չմոռանանք, որ այդ յաջողութիւնները բերել են նաեւ այնպիսի տնտեսական համակարգի ձեւաւորմանը, որտեղ շատ բարձր է մենաշնորհման աստիճանը, որտեղ առկայ է մեծ տարբերութիւն աղքատների եւ հարուստների միջեւ: Անկասկած, մենք ունեցել ենք տնտեսութեան վերականգնման շրջան, սակայն այն վաղուց աւարտուել է եւ մենք դեռեւս մի քանի տարի առաջ պէտք է շրջադարձ կատարէինք մեր տնտեսական քաղաքականութիւնում՝ տնտեսութեան ենթակառուցուածքների եւ շինարարութեան զարգացումից դէպի արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան խրախուսում:
Ժ.Դ.- Ի՞նչ տեսակ տնտեսական օրէնսդրութիւն պէտք է կառավարութիւնը կիրառի Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու համար:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Այսօր շատ է խօսւում հայ-թուրքական սահմանի բացման հնարաւոր հետեւանքների մասին: Ես ուզում եմ կոչ անել մեր թուրքասէր հայրենակիցներին, կառավարութեան ներկայացուցիչներին, ուսումնասիրել Թուրքիայի օրինակը: Այսօր ակնյայտ է, որ մեր նէոլիբերալ մօտեցումներով մենք չենք կարող աշխարհին ներկայանալ որպէս մրցունակ եւ հզօր տնտեսութիւն ունեցող պետութիւն: Անհրաժեշտ է նախ եւ առաջ տնտեսական գաղափարախօսութեան փոփոխութիւն՝ կեղծ նէոլիբերալ կաղապարուած տնտեսական քաղաքականութիւնից անցում կատարելով դէպի ազգային տնտեսութեան ձեւաւորում: Այս առումով մեզ համար ուսանելի կը լինի բոլոր այն երկրների փորձը, որոնք վարել են եւ շարունակում են վարել արդիւնաբերական քաղաքականութիւն, իրականացնում յստակ քայլեր հայրենական արտադրութեան խրախուսման, աշխատատեղերի ստեղծման, երկրում թողարկուող ապրանքների եւ մատուցուող ծառայութիւնների մրցունակութեան բարձրացման ուղղութեամբ: Տնտեսական գաղափարախօսութեան փոփոխութիւնը իր հետ կը բերի նաեւ այն անհրաժեշտ օրէնսդրական փոփոխութիւնները, որոնք կը նպաստեն նոր տնտեսական համակարգի ձեւաւորմանը: Ես ուզում եմ յիշատակել նաեւ արտաքին տնտեսական յարաբերութիւնները: Դա մի ոլորտ է, որն ամբողջութեամբ այսօր անտեսուած է: Այնինչ պետութիւնը մեծ ծաւալի աշխատանք ունի կատարելու ինչպէս բազմակողմանի, այնպէս էլ երկկողմանի տնտեսական յարաբերութիւնների փիլիսոփայութեան վերանայման եւ արտաքին տնտեսական գործունէութիւնը որպէս մեր տնտեսական առաջընթացի լուրջ գործօն դարձնելու համար:
Ժ.Դ.- Ի՞նչ պէտք է անել Հայաստանում աղքատութիւնը նուազեցնելու համար:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Աղքատութեան նուազեցման ուղղութեամբ մինչ օրս իրականացուող քաղաքականութիւնը հիմնուած է եղել այն թէզի վրայ, որ Հայաստանում լինելու է հաստատուն տնտեսական աճ, որը յանգեցնելով բիւջէի մեծացմանը, թոյլ կը տայ պետութեանը լրացուցիչ միջոցներ ուղղել աղքատ խաւերի աջակցութեան ուղղութեամբ: Այս ճանապարհը ցոյց տուեց, որ բոլորովին էլ չի յանգեցնում աղքատութեան վերացմանը: Մեր խորին համոզմամբ աղքատութեան վերացման առաջին եւ կարեւորագոյն նախապայմանը աշխատատեղերի ստեղծումն է: Միայն աշխատանքով եւ արժանապատիւ վարձատրութեամբ, այլ ո՛չ թէ նպաստներով է հնարաւոր լուծել բնակչութեան սոցիալական խնդիրը: Իսկ նպաստների համակարգը պէտք է ծառայի իսկապէս այն քաղաքացիներին, այն ընտանիքներին, որոնք իսկապէս ունեն դրա կարիքը եւ ի վիճակի չեն իրենց աշխատանքով վաստակել անհրաժեշտ միջոցներ:
Մենք նաեւ առաջարկում ենք աղքատութեան շեմը հաշուարկել նուազագոյն սպառողական զամբիւղի հիման վրայ: Թէ՛ կենսաթոշակները, թէ նուազագոյն աշխատավարձը սահմանելիս հարկաւոր է առաջնորդուել այդ ուղեցոյցով: Թէեւ ՀՅԴ խմբակցութեան հեղինակած՝ նուազագոյն սպառողական զամբիւղի մասին օրէնքն ընդունուել է Ազգային ժողովի կողմից, կառավարութիւնը չի ցանկանում այն գործադրել, քանի որ այդ օրէնքի գործադրումը ցոյց կը տայ Հայաստանի Հանրապետութիւնում աղքատութեան իրական ծաւալները, որոնք շատ աւելի մեծ են, քան ներկայացնում են պաշտօնական աղբիւրները:
Աղքատութեան նուազեցման յաջորդ կարեւորագոյն քայլը մենք դիտարկում ենք միասնական աշխատավարձի քաղաքականութեան գործադրումը: Այս ոլորտում այսօր լուրջ բացթողումներ կան, իսկ տարիներ շարունակ կառավարութեան կողմից վարուած ցածր եկամտի քաղաքականութեան պատճառով Հայաստանը լքել են բազմաթիւ որակեալ կադրեր: Կառավարութեան մօտեցումն այն է, որ քաղաքացիների եկամտի բարձրացումը կը յանգեցնի տնտեսութեան մրցունակութեան անկմանը: Այս թէզը մեր կողմից մերժւում է: Հէնց այդ քաղաքականութեան պատճառով երկիրը մշտական լքեցին բազմաթիւ ընտանիքներ, իսկ այսօր աշխատանքային արտագաղթը տարեկան կազմում է 80-100 հազար մարդ: Հայ մարդու, հայ աշխատաւորի առաւելութիւնը չպէտք է լինի նրա ցածր աշխատավարձը:
Ժ.Դ.- Ի՞նչ պէտք է անել Երեւանից դուրս տնտեսական իրավիճակը զարգացնելու համար:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Իրականացուող տնտեսական քաղաքականութեամբ փաստացի խրախուսուել է ներմուծումը, իսկ տեղական արտադրութիւնը յայտնուել է ծանր կացութեան մէջ: Բնական է, որ պետական կարգաւորիչ դերի բացակայութեան պայմաններում ամբողջ տնտեսական աշխուժութիւնը պէտք է կենտրոնանար Երեւանում: Ահնրաժեշտ է պետական միջամտութիւնը՝ համապատասխան ուղղորդող միջոցառումներով տնտեսական աշխուժութիւնը տեղափոխել մարզեր: Իսկ դա հնարաւոր է միայն տեղական արտադրութեան պարագայում: Գիւղատնտեսութեան զարգացումը յանգեցնելու է նոր գիտարուեստի (technique) եւ ճարտարարուեստների (technology) կիրառմանը եւ այդ ոլորտում զբաղուած քաղաքացիների թուի նուազեցմանը: Արդիւնքում մարզերում, գիւղական բնակավայրերում էլ աւելի է մեծանալու աշխատոյժի աւելցուկը: Եւ որպէսզի այդ քաղաքացիները նոյնպէս չհամալրեն աշխատանքի մեկնողիների թիւը անհրաժեշտ է զարգացնել գիւղատնտեսական մթերքների վերամշակումը, խթանել սննդի արդիւնաբերութեան ձեռնարկութիւնների հիմնումը շրջաններում:
Նաեւ չպէտք է մոռանալ, որ այսօր շատ ձեռնարկութիւններ Հայաստանում օգտւում են ներմուծուող հումքից, այլ ոչ թէ մեր գիւղատնտեսութեան արտադրանքից: Բաւական է նշել, որ կաթնամթերք արտադրող ընկերութիւններից շատերը ոչ թէ կաթ են մթերում, այլ արտադրում ներմուծուող կաթի փոշուց: Նոյնը կարելի է ասել խաղողագործութեան դէպքում: Ոչ բոլորն են մթերում հայկական խաղող, նրանք յաճախ որպէս հումք օգտագործում են ներմուծուող սպիրտը: Սրանք խնդիրներ են, որոնք կարող են լուծուել միայն կառավարութեան մակարդակով: Ինչպէս տեսնում ենք, խնդիրներն այնքան շատ են, որ պահանջւում է համակարգային եւ ամբողջական լուծում: Ես համոզուած եմ, որ դրանց առաջընթացի պարագայում մենք կունենանք շօշափելի տեղաշարժեր ինչպէս տնտեսութիւնում, այնպէս էլ բնակչութեան եկամուտների մակարդակում:
Ժ.Դ.- Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսութեան սուր անկումը վերջին տարիների ընթացքին կապուա՞ծ է համաշխարհային տնտեսութեան ճգնաժամի հետ, թէ՞ այն անխուսափելի երեւոյթ էր նկատի ունենալով Հայաստանում վարած տնտեսական քաղաքականութիւնը:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Հայաստանն արդէն ունէր լուրջ կառուցուածքային խնդիրներ եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը միայն աւելի սրեց եւ բացայայտեց այն բոլոր թերութիւններն ու խնդիրները, որոնք մենք ունենք: Ճգնաժամը կոտրեց նաեւ մի շարք հեքիաթներ՝ երկնիշ տնտեսական աճի, շինարարութեան ամենակարող ոյժի, դրամի հզօրութեան, մեր տնտեսական կայունութեան, նէոլիբերալիզմի ճշմարտացիութեան: Ճգնաժամը ապացուցեց, որ միայն տեսական մակրո-տնտեսական դատողութիւններով դժուար է ձեւաւորել հզօր տնտեսութիւն: Մենք տեսանք տնտեսութեան գերազատականացման եւ պետութեան կարգաւորիչ դերի բացակայութեան անհեռանկարային լինելը: Մենք ի վերջոյ նաեւ համոզուեցինք, որ պետութեան վախճանի կանխատեսումով առաջնորդուելով մենք կարող ենք կործանել ոչ միայն տնտեսութիւնը, այլն նաեւ պետականութիւնը: Սակայն ամենացաւալին այն է, որ մենք կարծես թէ չենք ցանկանում քաղել անհրաժեշտ դասեր եւ լուրջ ու արմատական կառուցուածքային բարեփոխումներ իրականացնելու փոխարէն պարզապէս ժամանակ ենք փորձում շահել մինչեւ համաշխարհային ճգնաժամի դադարեցումը, որից յետոյ մենք կրկին կը վերադառնանք մենաշնորհների եւ ներմուծման խրախուսմանը, անիմաստ եւ անպտուղ շինարարութեանն ու մասնաւոր փոխանցումներով ապրելուն եւ այլն:
Ժ.Դ.- Ձեր կարծիքով որքանո՞վ է Հայաստանին նպաստում Հայաստանում տիրող քաղաքականութեան ու գործարքային աշխարհի միաւորուած գործելակերպը:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Նէոլիբերալիզմի կողմից հասարակութեան մէջ սերմանւում է այն գաղափարը, որ փողն ու հարստութիւնը գերագոյն արժէքն են, որ իւրաքանչիւր գործողութեան վերջնանպատակը պէտք է լինի սեփական բարեկեցութեան մակարդակի բարձրացումը: Նման տրամադրութիւններով է ձեւաւորուել ներկայիս բիզնես-էլիտան (գործարարներու ընտրանին – Խ.), նման տրամաբանութեամբ են առաջնորդւում իշխող քաղաքական ոյժերը, նման տրամադրութիւնների արդիւնք է հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայիս ընթացքը: Բնական է, որ մենաշնորհների գոյութեան, պետական եւ բիզնես-էլիտայի սերտաճման պայմաններում (ընդ որում հաշուի առէք, որ բիզնես-էլիտա ասելով ես նկատի ունեմ մեր կոմպրադոր բուրժուազիան [միջնորդային քաղքենիութիւնը Խ.], որն երկիրը ծառայեցնում է խոշոր դրամատիրական (կապիտալիստական) կենտրոնների շահերին, իր ձեռքում է պահում ներմուծումն ու սպասարկման ոլորտը) լուրջ հարուած է հասցւում երկրում ամբողջ պետականաշինութեան գործընթացին: Մենք ականատես ենք համատարած ոչ-արհեստավարժութեան եւ նոյնիսկ տգիտութեան, որի պայմաններում նիւթական արժէքներով ապրող մի փոքր վերնախաւը ոյժի դիրքից պարտադրում է մեր քաղաքացիներին կեանքի իրենց կանոնները՝ առանց ազգային արժանապատուութեան, ինքնավստահութեան, հայրենասիրութեան եւ վճռականութեան: Հայաստանը կարիք ունի ոչ թէ պարզապէս մէկ-երկու անձի փոփոխութեան, այլ անհրաժեշտ է արժէքային համակարգի փոփոխութեան տրամաբանութեամբ ամբողջ հասարակական յարաբերութիւնների վերափոխումը՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ երկրի վերնախաւ, նախադպրոցական հաստատութիւններից մինչեւ գիտական-ակադեմիական շրջանակներ, տպագիր եւ էլեկտրոնային զանգուածային լրատուամիջոցներից մինչեւ մտաւորական շերտեր: Հայաստանը կարիք ունի ամբողջապէս նոր հասարակութեան ձեւաւորման: Այս շարքում ես կարեւորում եմ ազգային բուրժուազիայի ձեւաւորումը՝ այն գործարար խաւի ձեւաւորումը, որը կ՛ապրի նախ եւ առաջ պետութեան եւ ազգի հոգսերով եւ գործարքի առաջխաղացման կարեւորագոյն գրաւական կը դիտի պետութեան հզօրացումը: Իսկ պետութիւնն այդ գործարարներին պէտք է լինի գործընկեր եւ աջակից: Սակայն մէկ պայմանով՝ պետութիւնը, լինելով գործընկեր եւ աջակից, չպէտք է միջամտի գործարքի գործերին, իսկ գործարքային հատուածը աջակցելով երկրի հզօրացմանը, չպէտք է խառնուի քաղաքականութեան մէջ: Միայն այս սկզբունքների անշեղ կիրառման եւ քաղաքական եւ գործարքային վերնախաւերի տարանջատման պարագայում կ՛ունենանք բնական աշխատող եւ պատասխանատու իշխանութիւն, հասարակութեան շահերը ներկայացնող խորհրդարան, արդիւնաւէտ գործող կառավարութիւն եւ արդար դատաիրաւական համակարգ:
Ժ.Դ.- Սփիւռքը ինչպէ՞ս է կարող օժանդակել Հայաստանի տնտեսութեան բարգաւաճման: Բաւարար առիթներ տրւո՞ւմ են արտասահմանցիներին տնտեսութեան ոլորտի մէջ ներդրում ունենալու:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Տնտեսական քաղաքականութեան արդի օրինակը որեւէ առիթ չի տալիս լուրջ ներդրողների մասնակցութեան համար: Հայաստանում այդպէս էլ չհիմնադրուեցին միջազգային խոշոր ընկերութիւնների արտահանման ուղղուածութեամբ ստորաբաժանումները։ Հայաստանում դժուար է իրականացնել բնական տնտեսական գործունէութեան համատարած հովանաւորչութեան եւ մենաշնորհների գոյութեան պայմաններ: Հայաստանի փտախտութեան մակարդակը արդէն լուրջ սպառնալիք է ազգային խնդիրներին: Այս պայմաններում դժուարեցուած է թէ՛ սփիւռքահայ, թէ օտարազգի ներդրողների գործունէութիւնը: Այնինչ Հայաստանը կարիք ունի լուրջ աջակցութեան եւ այդ աջակցութիւնը չպէտք է լինի օգնութիւնների եւ նուիրատւութիւնների տեսքով: Սփիւռքն ունի շատ աւելի մեծ ներոյժ: Սակայն այդ ներոյժն օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգուած քաղաքականութիւն, միասնական քաղաքականութիւն, Հայաստանի եւ Սփիւռքի միասնական մօտեցում հիմնարար խնդիրների նկատմամբ:
Սփիւռքը կարող է աջակցել ոչ միայն ներդրումներով, այլ նաեւ ճարտարարուեստներով, հզօր մասնագիտական կադրային բազայով, իր փորձով եւ կապերով: Սակայն ամենակարեւորը ինձ համար դա բարոյական աջակցութիւնն է: Դա այն գիտակցումն է, որ ես ունեմ ոչ միայն 3 միլիոնանոց հայրենի պետութիւն, այլ 10 միլիոն հայութիւն, որոնք մէկ մարդու պէս իրենց ամէն շնչով, մտքով եւ գործողութիւններով ծառայում են մէկ միասնական նպատակին՝ Հայաստանի եւ համայն հայութեան ազգային խնդիրների լուծմանը: Այսօր մեր միասնականութիւնը լուրջ վտանգուած է: Սա մեզ համար փորձութիւն է, որը մենք անպայման պէտք է յաղթահարենք: