ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Խօսքը դարձեալ «Ազատութիւն» ձայնասփիւռի հայկական բաժնի ոչ հայանպաստ հաղորդումների մասին է:
Մեր յիշողութեան մէջ դեռ թարմ են մնում «Մեր Հայրենիք» հիմներգի մասին «Ազատութիւն» ձայնասփիւռի հաղորդումներում հնչած յայտարարութիւնները, երբ Հայաստանի պետական շրջանակների կողմից դեռ որեւէ պաշտօնական արտայայտութիւն չկատարուած, ձայնասփիւռի հայ հաղորդավարը, մեր Հայրենիքը ուղարկում էր «պատմութէան գիրկը»:
Մեր յիշողութեան մէջ դարձեալ թարմ են մնում 2007 թուականի խորհրդարանական ընտրութիւնների առիթով ձայնասփիւռի Մայիսի 12ի հաղորդումը, ուր հաղորդավարուհին «ջարդ», «սպանդ», «մասսայական ծեծկռտուք» բառերով էր անդրադառնում ընտրատեղամասերից մէկում, ձայնասփիւռի պնդմամբ, դաշնակցականների ու հանրապետականների միջեւ ծագած մի ինչ-որ վէճի:
Նմանտիպ հաղորդումների շարքը երկար է «Ազատութիւն» ձայնասփիւռի հայկական բաժնի արխիւում, որոնցից նորագոյնը պիտի համարել ձայնասփիւռի աշխատակիցների պատրաստած նոր տեսահաղորդումները՝ Թուրքիայում անօրինական կարգավիճակով ապրող հայերի մասին: Այդ տեսահաղորդումները նորերս են աւելացուել ձայնասփիւռի կայքէջի վրայ, ակնյայտօրէն, ի հետեւանս Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլային մրցախաղի առիթով նախագահ Սերժ Սարգսեանի Բուրսա կատարած այցելութեան:
Տեսահաղորդումներից մէկում, որը կրում է «Եկեղեցին՝ ստամբուլահայերի հաւաքատեղի» վերնագիրը, «Ազատութիւն» ձայնասփիւռը ներկայացնում է Հայաստանից անօրինական ճանապարհով Ստամբուլ արտագաղթած տատիկի տարիքով տիկին Արուսին, որը յայտարարում է. «ես 12 տարի է, որ էստեղ (Ստամբուլում) եմ ու թուրքի տուն եմ աշխատում: Իրենք մեր նկատմամբ շատ լաւ են: Մեծատառով մարդիկ են: Այդչափ կարամ (կարող եմ) ասեմ: Պետութիւնը մեզ հետ շատ լաւ ա: Եթէ ինձ ու քեզ բռնի ոստիկանը եւ իմանայ դու այլազգ ես, իսկ ես հայ եմ, ինձ բաց ա թողում: Դէ, չկայ ըտենց, որ ես պրոբլեմ (դժուարութիւն) ունենամ: Առաջ ինձ Աստուած ա պահում, երկրորդը՝ իրենք, ոստիկանները: Մեզ շատ լաւ են վերաբերւում»:
Մի ուրիշ տատիկ, որին «Ազատութիւն» ձայնասփիւռի աշխատակիցը նկարահանել է Ստամբուլի հայոց եկեղեցում, խօսելով Հայաստանից Թուրքիա արտագաղթելու իր դրդապատճառների մասին, ասում է. «այնպիսի վիճակ էր (Հայաստանում), որ ոչ թէ ապրելու, այլ մեռնելու համար խորհեցինք, թէ մեռնենք, ինչպէ՞ս պիտի մեզ յուղարկաւորեն: Ամենամատչելի ճանապարհը այստեղն (Թուրքիայ) էր, որ կարող էի 100 դոլարով հասնել»: Տատիկի ժպտերես դէմքից կարելի է կռահել, որ նա այժմ իրեն ուրախ ու հանգիստ է զգում «թուրքական դրախտում»:
Իսկ Ստամբուլում հաստատուած վանաձորցի Սրբուհին ասում է. «երբ որ գրքի փող չէիր կարում տայիր էրէխուն՝ դպրոցի համար, հագուստ չէիր կարողանում առնէիր, տան էղածն էիր վաճառքի հանում ապրելու համար… ի՞նչ պիտի անէիր… միակ ելքը… Աստծուն փառք, որ էս երկիրն էլ մեզ ընդունեց, տեղ տուեց, աշխատեցինք, ու կարողանում եմ իմ աղջկայ հոգսերը հոգամ Հայաստանում՝ ուսման հետ կապուած»:
Ահագնացողն այն է, որ սահմանները դեռ չբացուած, այս կարգի տեսահաղորդումները ի՞նչ անդրադարձ ու ազդեցութիւն կարող են ունենալ ամէնօրեայ մեծ դժուարութիւններ դիմակայող մեր այն հայրենակիցների վրայ, որոնց թւում է նաեւ Արարատ քաղաքի բնակիչ իմ բարեկամը, որը իր տանը օրական միայն մէկ ժամ կարող է օգտուել ջրի հոսանքից եւ փաստօրէն ինքն ու իր բազմանդամ ընտանիքը օրուայ 23 ժամերին զրկուած են ապրուստի ամենատարրական կարիքը համարուող ջրից…: Արդեօք նա չի՞ մտածելու, որ ինքն էլ իր կնոջ ու երեխաների ձեռքը բռնած, մեկնի «թուրքական դրախտ»: Չէ՞, որ ամէն ինչ շատ լաւ է այնտեղ: «Ազատութիւն» ձայնասփիւռից այդպէս էին ասում Ստամբուլ փախած վանաձորցի Սրբուհին, տիկին Արուսն ու ժպիտը երեսին՝ միւս տատիկը…:
Ինչպէս վկայում են հայրենի լրագրողներից շատերը, «Ազատութիւն» ձայնասփիւռի հաղորդումները լայն տարածում ունեն երկրով մէկ: Ամենահեռաւոր շրջաններում, ուր մարդիկ զուրկ են հեռուստատեսային եւ համացանցային լրատուական հնարաւորութիւններից, ձայնասփիւռը ամենամատչելի միջոցն է հանդիսանում իրազեկ դառնալու երկրի եւ ընդհանրապէս աշխարհի անցուդարձից: Նրանց համար արտասահմանեան ձայնասփիւռային հաղորդումները ազատ ու անկաշկանդ աշխարհի հաւաստի խօսքերի հնչեղութիւն ունեն, որից դժբախտաբար նրանք զուրկ են հայրենի երկրում տիրող գրաքննական իրավիճակի հետեւանքով: Նման պայմաններում, արտասահմանեան ձայնասփիւռների հաղորդումները յաճախ վերածւում են վնասակար գովազդների, ինչի արդիւնքում տեղացի շարքային եւ պարզամիտ ունկնդիրներից շատ ու շատերը, որոնք հայրենի երկրի իշխանութիւնների վարած ազգավնաս քաղաքականութեան հետեւանքով յայտնուել են տնտեսական անտանելի վիճակում, լքում են իրենց բնակավայրը, բռնում արտագաղթի ճամբան եւ հետեւելով տիկին Արուսի ու վանաձորցի Սրբուհու օրինակին, կեանքի նոր հորիզոններ են փնտռում հարեւան Թուրքիայում՝ առանց խորանալու յետագայ հետեւանքների մասին: Ի՞նչ կարիք կայ հաղորդումներ պատրաստելու տիկին Արուսների նման անձանց մասին: Ի՞նչ կարիք կայ թուրքերին որպէս «մեծատառով մարդիկ» ներկայացնելու: Պարզ ունկնդիրը երբեք էլ չի մտածում, որ դա տիկին Արուսի ասածն էր: Նրա համար, այդ խօսքը հաղորդւում էր «Ազատութիւն» ձայնասփիւռից: Եւ անկեղծ ասած, զրկանքներում ապրող ունկնդիրը հաւատում է դրան: Իսկ արդեօք «Ազատութիւն» ձայնասփիւռի թուրքերէնով հեռարձակուող հաղորդումներում հայերին էլ փոխադարձաբար, ներկայացնո՞ւմ են որպէս, մեծատառ մարդիկ: Չեմ կարծում:
Մեր համեստ ունկնդիրներից շատ ու շատերը երեւի չգիտեն, որ 28 լեզուներով, որոնց թւում հայերէնով հաղորդումներ հեռարձակող «Ազատութիւն» ձայնասփիւռը ղեկավարւում է «հաղորդումների վարչութիւն» (Broadcasting Board of Governors) անուամբ ամերիկեան կազմակերպութեան կողմից, որի գլխաւոր անդամներից է Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարար Հիլարի Քլինթընը, նա, ով ինչպէս տեսանք, կարեւոր դերակատարութիւն ունեցաւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցով արձանագրութիւնների ստորագրման գործընթացում եւ ուղղակիօրէն ճնշում գործադրեց երկու կողմերի, ակնյայտօրէն Հայաստանի ապիկար արտաքին գործոց նախարարի վրայ, որպէսզի անպայմանօրէն Հոկտեմբերի 10ին, Ցիւրիխում ստորագրուէին արձանագրութիւնները: Ի դէպ, «Ազատութիւն» ձայնասփիւռում տեղադրուած մի այլ տեսահաղորդման մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը լրագրողների առջեւ խօսելով նախագահներ Գիւլի եւ Սարգսեանի միջեւ Բուրսայում տեղի ունեցած հանդիպման մասին ասում է. «Նախագահ Սարգսեանի պատուին տրուեց նաեւ ընթրիք՝ նախագահ Գիւլի կողմից. այս կապակցութեամբ Անկարայից յատուկ բերուել էին ուտեստեղէն, որը պատրաստել էր նախագահ Գիւլի կինը: Այս ժեստով, նախագահ Գիւլը ցանկանում էր յատուկ ջերմութիւն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելութեանը»: Այս արտայայտութիւններն անելիս, արդեօք Նալբանդեանի յիշո՞ւմ էր, որ նոյն Աբդուլլահ Գիւլը ուղիղ երկու տարի առաջ, 2007 թուականի Հոկտեմբերի 11ին, բուռն կերպով դատապարտում էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցով Կոնգրէսի արտաքին գործերի յանձնաժողովի ընդունած բանաձեւը: Տիկին Գիւլի տաք ճաշով ջերմութիւն հաղորդուե՞ց ու մոռացուե՞ց ամէն ինչ:
Ինչպէս նշել էի անցեալում, «Ազատութիւն» ձայնասփիւռը հիմնականում ֆինանսաւորւում է ամերիկեան հարկատուներից գանձուող գումարներով: Հետեւաբար, ամերիկեան հարկատուները, որոնց թւում ամերիկահայութիւնը, իրաւունք ունեն իրենց նկատողութիւնն ու բողոքն արձանագրելու այս կամ այն լեզուով հեռարձակուող հաղորդումների վերաբերեալ: Ելնելով այդ իրաւունքից, դարձեալ, իմ բողոքն եմ արձանագրում եւ յորդորում, որ լրագրական առաւել պատասխանատուութիւն ու հաւասարակշռութիւն ցուցաբերուի ձայնասփիւռի հաղորդումների նկատմամբ:
Գլէնդէլ
20 Հոկտեմբերի, 2009 թ.